Մնաս բարով, թախի՛ծ, և բարե՜ւ, թախի՛ծ…

Սերը, ակնթարթային անհոգությունը, պատանեկական մտքերը, այն, ինչը մնում է այդ ամենից հետո, սխալները, հուսահատությունը, տխրությունը…Բաներ, որոնց մասին քչերս ենք բարձրաձայնում կամ գրում, բայց բոլորս էլ, անշուշտ, ինչ-որ ժամանակ ապրում ենք այդ:

Ֆրանսիացի արձակագիր Ֆրանսուազ Սագանի «Բարև, թախիծ» վեպը պատմում է տասնութամյա մի աղջկա մասին, ում առաջ կյանքը դնում է բազում խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է ոչ միայն մտավոր, այլև բարոյական ուժերի լարում: Եվ այդ լարման մեջ աղջիկը, ապրելով հոր հետ, միև նույն ժամանակ ապրում է մենակ:

Գիրքը, չնայած իր փոքր ծավալին և  թեթև  տրամադրությանը, բավականին ընդգրկուն է իմաստային առումով, և  նրանից, իհարկե, կարելի է վերցնել ուսանելին, անհրաժեշտը:  Օրինակ՝ այն, որ 17-18 տարեկանը, որքան մոտ է չափահասությանը, նույնքան անկայուն ու անկանխատեսելի է, և  երբևէ պետք չէ անուշադրության մատնել ապրումները, որ նա տանում է իր ներսում: Կամ էլ այն, որ սերը իրարից անկախ զգացմունքների հաջորդական շղթա չէ միայն, և  չնայած բոլոր երջանիկ րոպեներին, մի օր ստիպում է մտածես՝ այն, ինչ զգում ես, իսկապե՞ս սեր է թե՞…

Առհասարակ ցանկացած գիրք էլ ունի այդ անհրաժեշտ կորիզը, պարզապես միշտ պետք է իմանալ՝ ինչ կարդալ, երբ կարդալ և ինչպես կարդալ:

Գլխավոր հերոսուհին՝ Սեսիլը, ապրում է քսաներորդ դարի փարիզյան կյանքի անհոգ թոհուբոհի մեջ, և ամենաթանկը, որ նա ունի, հայրն է՝ որքան նման, նույնքան տարբեր իրենից: Վերջինս էլ, րոպեական ուրախություններ որոնելով տարբեր ֆրանսուհիների մեջ, հաճախ  չի նկատում իր երիտասարդ աղջկա ապրումները: Քայլ առ քայլ հասունացնելով ընթացքը՝ հեղինակը ի վերջո հանգում է ամենաանսպասելիին. տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում, և  թե ում մեղքով, որոշումը ընթերցողինն է:

***

Այս անծանոթ զգացմունքը, որ մեղմ ձանձրույթով հալածում է ինձ, ես վարանում եմ կնքել գեղեցիկ և  հանդիսավոր անունով՝ թախիծ: Դա այնպիսի համակործան և  այնպիսի եսասեր զգացմունք է, որ նրանից ամաչում եմ, մինչդեռ թախիծը ես միշտ հարգել եմ:

Ցանկանում էի, որ ինձ շոյեին, մխիթարեին, ինքս ինձ հետ հաշտեցնեին:

Ուրիշի թերություններին հեշտությամբ ես հաշտվում, երբ դրանք շտկելը քո պարտքը չես համարում:

Քանզի բոլորս էլ ձգտում ենք մի բանի՝ դուր գալ մյուսներին: Մինչև այսօր էլ չգիտեմ, թե ինչ է թաքնված նվաճելու այդ ձգտման մեջ. կենսական ուժերի գերառատությո՞ւն, նկատված լինելու ցանկությո՞ւն, թե՞ ինքդ քեզ վստահ լինելու, զորեղ զգալու մի թաքուն, անխոստովանելի կարիք:

Տարօրինակ է՝ ճակատագիրը սիրում է մեզ ներկայանալ շատ սովորական և անարժան տեսքով:

Նա ինքն իրեն ժպտաց հայելու մեջ, ինչպես ժպտում ենք մեկին, որին լքելու ենք: