Arpine Miqayelyan

Մտքի էվոլյուցիա

Կեսգիշեր էր: Հյուրասենյակում մնացել էինք ես ու պապան: Բոլորը քնած էին: Իրականում, ծանր աշխատանքային օր ունենալուց հետո պապան էլ էր բազկաթոռին քնել: Չուզեցի արթնացնել ու որոշեցի ծածկոց գցել վրան, մեկ էլ.

-Չէ՜, գալիս եմ:

Բարձրացանք վերև, պառկեցի, հեռախոսիս ձայնն ինչպես միշտ անջատեցի, որ հաջորդ օրը մոռանամ միացնել ու բաց թողնեմ տասնյակ զանգեր ու միշտ լսեմ «էդ հեռախոսդ ինչի՞ համար ա» արտահայտությունը: Բայց ամեն դեպքում արեցի էնպես, ոնց միշտ եմ անում: Փողոցի լամպի լույսն ընկնում էր ուղիղ աչքերիս մեջ. էլի վարագույրը մի կողմ էին տարել: Մեկ էլ էդ լույսի պես ու լույսի արագությամբ գլխիս մեջ ընկան հիշողություններ ու սկսեցին դասավորվել փոքրից մեծ. հիշեցի ինձ ու վարքագիծս տարբեր տարիքներում: Չգիտեմ՝ ինչպես կոչել․ մտածողության, բարության, գիտակցության կամ գուցե հասունության փուլեր:

Արի քեզ պատմեմ մտքերիս մասին, ձեռքդ բռնեմ ու բարձրանանք իմ տարիքային աստիճաններով:

Երբ փոքր էի, ծայրահեղ եսասեր երեխա էի: Խանութի ամենասիրուն տիկնիկն ուզում էի ու իր ճակատագիրը պարզ էր մամայիս համար։ Բերում էի տուն ու շատ կարճ ժամանակ անց տիկնիկ չկար, ու էդպես՝ միշտ: Երեխա էի, չէի հասկանում, որ դժվար վաստակած գումարով գնված նվերին գոնե պիտի լավ վերաբերվեմ, չէ՞ որ պարտադրել եմ, որ գնեն ինձ համար, իսկ եթե չգնեին, երևի մազերս կպոկեի տանը, պոկելուց հետո էլ երևի կլացեի ու կպահանջեի, որ կպցնեն մազերս, ոնց անում էի, երբ իմ կամքին հակառակ կտրում էին մազերս: Ինչևէ, գիտեմ, որ հեչ լավը չեմ եղել:

-Մա՛մ, քո տեղը լինեի՝ ինձ չէի պահի,- ասում եմ ես, իսկ մաման ժպտում է ուղղակի, որովհետև ինձ շատ է սիրում՝ անկախ ամեն ինչից:

Հետո մեծացա, բայց էն «էծանալու» պահը չէ: Դարձա հանգիստ, հավասարակշիռ երեխա (դե, էլի երեխա էի դեռ): Ես չէի ստիպում, որ ամեն օր ինձ համար պաղպաղակ գնեին, արդեն գիտակցում էի, որ գումարը գրպանի մանրաթելերից չի առաջանում ու որ պետք է հասկանալ: Երբ ինչ-որ ցանկությունս մերժվում էր, ժպտում էի մամայիս՝ հիմար կապրիզների փոխարեն:

Միշտ ընկերներիս հետ էի, բայց չէի զգում՝ ինչ է ընկերությունը: Երբ ընկերներիցս մեկին մի բան էր լինում, ինչ-որ անհասկանալի բաներ էի մտածում: Այ, օրինակ միշտ ինձ էի մեղադրում, եթե կողքինս տխուր էր, եթե անգամ հենց ինքն էր մեղավոր իր տխուր լինելու համար, բայց անընդհատ քեզ մեղավոր զգալն ու անընդհատ էդ բեռից ճկվելը ճիշտ չի, չէ՞: Չգիտեմ, երևի լող էի տալիս բարության, պաթետիկության ավազանում, բայց դե դա չի բարությունը:

Մենք ամեն օր փոխվում ենք, չէ՞, ամեն օր նոր մտքեր ենք ունենում, նոր «բարի լույս» ենք ասում աշխարհին: Հիմա շատ բան է փոխվել, դա բնական է, հիմա շատ բաների այլ աչքով եմ նայում ու այլ կերպ եմ ընկալում: Հիմա ես չեմ ապրում որպես մեկի ընկեր, մեկի քույր, մեկի աղջիկ ու էդպես շարունակ: Ես գիտեմ, որ մեկն եմ ու եթե մեղավոր եմ, դա էլ գիտեմ. ես ընդունում եմ սխալս ու սովորում եմ դրանից: Ես գիտեմ, որ առանձնին անհատականություն եմ ու ունեմ իմ իրավունքները՝ ինչպես մյուսները: Գիտեմ, որ պետք է շատ սեր ունենա մարդ իր մեջ, որ չչարանա ու չատի որևէ մեկին. էդպես էլ փորձում եմ անել (մեկ-մեկ շեղվում եմ):

Ու գիտեմ, որ առայժմ իմ էս տարիքն եմ սիրում ու հասունությանս էս մակարդակը: Նաև գիտեմ, որ էսքան պատմածիս մեջ գոնե մի տեղ քեզ գտել ես: Բայց աչքերս արդեն փակվում են ու ուզում եմ էսօրվա «բարի գիշերը» մաղթել: Վաղը արի թեյ խմենք միասին, մեխակով ու դարչինով կպատրաստեմ, հետո էլ կհիշեցնես, որ հեռախոսիս ձայնը միացնեմ, թե չէ հաստատ մոռանալու եմ: