Նամակ Ձմեռ պապիկին

Բարև Սիրելի Ձմեռ պապ, Ես Մարինեն եմ։ Վաղուց չէի գրել քեզ։ Մեծացել եմ, երևի…

Սիրելի Ձմեռ պապ, նախ և առաջ ուզում եմ քեզ շնորհակալություն հայտնել 2018 թվականին ինձ պարգևած երջանիկ պահերի և ապրումների համար։ 2018 թվականը ինձ համար մեծ ձեռքբերումների տարի էր։ Ամենակարևոր ձեռքբերումներիցս են ընկերներս։ Մարդիկ, ովքեր կողքիս են եղել թե՛ ուրախության, և թե՛ տխրության պահերին։ Օգնության ձեռք են մեկնել ցանկացած իրավիճակում։ Նաև շնորհակալ եմ այն մարդկանց համար, ովքեր իրենց կամքից անկախ սովորեցրին լինել ավելի ուժեղ, ավելի համառ և ավելի դիմադրող կյանքի փորձություններին։ Շնորհակալ եմ, քանզի այն, ինչ տվեց և սովորեցրեց 2018 թվականը, ուղղակի անգնահատելի էր։

Սիրելի Ձմեռ պապ, ես խնդրում եմ, որ 2019 թվականին փոխես աշխարհը դեպի լավը, քանի որ երկրի լավն ու բարին շնչահեղձ են լինում չարության և դաժանության բաժակում։ Այնպես արա, որ մարդիկ գտնեն իրենց կյանքի լույսն ու ջերմությունը։ Թող այս տարին մարդկանց համար լինի 365 նոր հնարավորությունների ուղի։

Սիրելի Ձմեռ պապ, Ամանորի գիշերը քո ճերմակ մորուքը ձյուն դարձրու և թափվող փաթիլներով բուժիր աշխարհի վերքերը։ Ուզում եմ, որ աշխարհի բոլոր արցունքները լինեն միայն երջանկությունից։ Այնպես արա, որ մարդիկ չսպասեն, թե հաջողությունը երբ է իրենց գտնելու, այլ իրենք գտնեն նրան։ Ուզում եմ, որ մարդիկ հասկանան, որ կյանքը չափազանց կարճ է ամենակարևոր խոսքերը չասելու համար։ Ասեն իրենց սիրելիներին և հարազատներին, որ սիրում են նրանց, քանզի հենց նրանց հանդեպ են ավելի ուշադիր, վախենալով կորցնելուց։

Սիրելի Ձմեռ պապ, երկրի վրա երջանիկ պահերը անկթարթ են թվում։ Այնպես արա, որ երջանիկ պահերին մարդիկ կարողանան կանգնեցնել ժամացույցի սլաքները։

Ես ուզում եմ, որ մեր մոլորակը դառնա ոսկեգանգուր տղայի` «Փոքրիկ Իշխանի» երազած աշխարհը։

Սիրելի Ձմեռ պապ, այսքանով ավարտում եմ նամակս և հավատում, որ այն գնում է հեռավոր Լապլանդիա` աշխարհը փոխելու։