lilit vardanyan

Նամակ, որը չի հասնի հասցեատիրոջը

Բարև, սիրելի՛ Վեներիկ,

Արդեն յոթ տարի է՝ գնացել ես Ֆրանսիա: Այդ յոթ տարվա ընթացքում շատ բան է փոխվել: Ձեր այգու ծիրանենին աճել է, տերևները թափվել են, և ձյուն է եկել: Բակը արդեն ասֆալտապատ է:

Իսկ հիշո՞ւմ ես Սյուզիին: Նա արդեն մեծացել է: Ես երբեմն հիշեցնում եմ իրեն քո մասին, բայց նա չի հիշում: Այն ժամանակ նա մեկ տարեկան հազիվ լիներ:

Իսկ մեր ընկերուհի Սյուզին գնաց, բայց երբեմն վերադառնում է: Նա էլ է մեծացել, բայց չի փոխվել:

Երևանում էլ շատ փոփոխություններ են եղել: Կասկադն է փոխվել՝ արձանները շատացել են: Երևանում արդեն կա Հյուսիսային պողոտան: Իսկ Ազատության հրապարակում ոչինչ չի փոխվել, միայն ավելացել են հեծանվորդներ, անվաչմշկորդներ, սքեյթերներ:

Ուզում եմ, որ վերադառնաս: Հաստատ շատ նորություններ կիմանաս, կտեսնես այն վայրերը, որտեղ եղել ես, բայց արդեն չես հիշում…

Իսկ եթե մի պահ պատկերացնեիր քո կյանքը Երևանում… Երևի մենք կսովորեինք նույն դպրոցում, նույն դասարանում…

Ես չեմ հիշում, թե երբ եմ ծանոթացել քեզ հետ: Չեմ հիշում նաև, թե ինչպես ընկերացանք, ինչպես դարձանք մտերիմ ընկերուհիներ:

Հիշում եմ, թե ինչպես էինք իրար հետ խաղում: Իսկ հիշո՞ւմ ես պահմտոցի խաղալու մեր գաղտնի թաքստոցները, հիշո՞ւմ ես, որ ես տանը դաս էի անում, իսկ դու ինձ կանչում էիր բակ:

Ես ամենալավը հիշում եմ մեր ընկերության վերջին շաբաթը (թեկուզ մենք հիմա էլ ենք ընկերներ), երբ դու գնացիր Ֆրանսիա ու դեռ չես վերադարձել:

Գիտե՞ս, մինչև հիմա պահում եմ քո տված հուշանվերը: Մենք հենց այդպես էլ անվանեցինք այն՝ հուշանվեր: Հուսով եմ, դու էլ իմ նվիրած հուշանվերն ես պահում:

Ես թևնոց էի գործել քո գնալուց մի շաբաթ առաջ, որպեսզի հասցնեմ ավարտել:

Գիտե՞ս, քո ուղարկած թևնոցն ու վզնոցը հասան ինձ: Դրանք նույնպես ինձ մոտ են:

Ես քեզ դեռևս համարում եմ իմ առաջին ընկերուհին, առաջին մտերիմ ընկերուհին: Հուսով եմ, որ դու նույնպես այդպես ես մտածում:

Իմ կարծիքով, այսքան տարիներ անց քեզ մոտ էլ շատ բաներ են փոխվել, մի փոքր էլ դու պատմիր այն մասին, թե ինչ է փոխվել այս յոթ տարվա ընթացքում:

Իսկ ձեր մոտ եղանակն ինչպե՞ս է: Ո՞ր դասարանում ես սովորում: Ինչպե՞ս ես սովորում: Տատիկդ ինչպե՞ս է: Փոքր եղբայրդ խոսո՞ւմ է հայերեն:

Սպասում եմ քո նամակներին:

Քո մտերիմ ընկերուհի՝ Լիլիթ