Նայելով ազատության աչքերին

Չգիտեմ՝ որտեղից է պետք սկսել պատմել, բայց ամեն դեպքում պետք է, որովհետև հիմա դա միակն է, որ ես կարող եմ անել՝ էսպես տանը փակված, ընկերներիս հետ միասին մտքով կռիվ տալու ու էսօր նրանց կողքին չլինելուս համար լաց լինելու փոխարեն:

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Ես քաղաքացիական ակտիվություն երբեք չեմ ունեցել, բայց էս պահից սկսած էլ չեմ կարող նույնն ասել, չեմ կարող, որովհետև երեկ ու դրա նախորդ օրը ես դուրս եկա փողոց՝ հաղթահարելով իմ մեջ հազար  վախ ու սկզբունք, դուրս եկա, որովհետև ընկերներս էին էնտեղ, ու ես չգիտեի՝ ոնց էի վաղը նայելու նրանց աչքերին:

Դրա համար էլ հիմա, անկախ մեզ կոտրելու բոլոր փորձերից, ես ասում եմ էլի իմ ընկերներին, որ իրենք հաղթել են՝ նախևառաջ ինձ «հեղափոխելով», ու ես ամենից շատ իրենց ու մեր բոլորի ներսում ապրող էդ հաղթողին եմ սիրում:

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Երկու օր առաջ Ֆրանսիայի հրապարակում մարդիկ էնքան ջերմ էին, ու երեկոն էնքան էր խաղաղ, որ ոչ մեկս չէր մտածում  պայթուցիկների, ջրցանների ու զրահապատ մեքենաների մասին կամ էլ գուցե չէր ուզում մտածել… Էդպես խաղաղ էլ սկսվել էր ամեն ինչ: Բայց երեկ ամեն տեսակ զենքի ու կռվի արանքում, քաղաքացիական հագուստով ոստիկանների ու իրենց նմանների բազմանդամ շարասյուների մեջտեղում, շատ բաներ փոխվեցին: Մեր կողքին, մեր աչքի առաջ, մեր մեջ:

Բայց մարդիկ էլի մնացին նույնը՝ իրար հաց բաժանող, մեկը մյուսին ջուր հասցնող, ծանոթ-անծանոթի համար լաց լինող… Իսկ կյանքը սովորաբար արցունքի միջից լրիվ այլ է երևում:

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Երեկ առավոտյան, երբ մետրոյով մի կերպ հասա Երիտասարդական, առաջին անգամ հասկացա էդ կայարանի անվանման արժեքը, որովհետև դուրս  գալով քաղաք՝ էդ նույն երիտասարդությունը ինքն իրենով փակեց միանգամից չորս խաչմերուկ՝ վտանգելով իրեն, կողքինին, բայց գիտակցությամբ, որ իր պայքարն ազնիվ է, ու Հայաստանը նախևառաջ հենց ինքն է:

Հայաստանը ծնողներից գաղտնի ցույցի դուրս եկած Մոնիկան է, Հասիկը, Նանեն, նրանց տագնապած հայացքներն ու իմ ուժեղ ձեռքսեղմումներին դիմանալն է:

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Հայաստանը գետնին նստող ուսանողներս ենք՝ ուժասպառ քայլելուց, արևից, քաղցից:

Հայաստանը էդ պահերին մեզ ուտելիք առաջարկող մարդիկ են, ու «ապրեք, երեխե՛ք ջան» կանչող ծերերը:

Հայաստանը այ էդ ծերերն են, որ առողջական խնդիրներով ու ձեռնափայտով գալիս են՝ տեր կանգնելու իրենց իրավունքին:

Հայաստանը Հայարփիի ազնիվ գաղափարներն են:

Հայաստանը «Քաղաքացու երգ»-ը, «Քայլ արա», «Մենք ժպտում ենք» երգերն են ու դրանք անգիր իմացող մարդիկ:

Հայաստանը ցույցի դուրս եկած դասախոսներն են, ցույցի հետ քայլող մանկահասակ երեխաներն ու շները:

Հայաստանը Բաղրամյանի թեժ պահերին աղջիկների համար ճանապարհ բացող երիտասարդներն են:

Հայաստանը Ռուբենի, Մհերի, Կարենի, Դավիթի պես երիտասարդներն են:

Հայաստանը կողքիցս չհեռացող Մարիամն է, որ վազքի մեջ էլի անունս էր կանչում:

Հայաստանը Աստղն ու իր քույրն են, որ պայթյունից հետո էլ որոշում են մինչև վերջին մարդը չլքել Բաղրամյանը:

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Լուսանկարը՝ Լիլիթ Կարապետյանի

Հայաստանը էդ ընթացքում իրար հերթ չտալով ինձ զանգող մարդիկ են:

Հայաստանը Անահիտն է, որ Սարյանի այգում թաց աչքերով գրկում ու հանգստացնում է ինձ:

Հայաստանը Դիանն ու իր ընկերներն են՝ ուժեղ ու կարեկցող:

Հայաստանը իմ կուրսն է՝ միասնական բոլոր բոլորից:

Իրար առանց ճանաչելու սիրող ու առանց առիթ ժպտացող մարդիկ են՝ ազատության, պայքարի ու հաղթանակի ոգով:

Էն ազատության, որի աչքերին պետք է համարձակ նայել, և որին պետք է պարզապես մինչև վերջ հավատալ ժպիտով: