gohar hakobyan (ararat)

Նորից նույնը, նորից ուրիշ

Սեպտեմբերյան բա՛րև, ընկե՛րս: Հուսով եմ՝ դու էլ ինձ նման ուրախ ես, որ վերջապես նորից դպրոց ենք գնում: Ես ուրախ եմ, որ ամեն առավոտ մոխրագույն երանգ ստացող երկնքին բարև եմ ասելու: Ամեն օր վաղ եմ արթնանալու, բայց մեկ է՝ ուշանալու եմ:

Վերջին շրջանում ահավոր շոգի պատճառով ես շատ էի կարոտում աշունը: Հիմա կմտածես՝ երևի չեմ սիրում աշունը, բայց չէ, սիրում եմ: Չէ՞ որ աշունը սկիզբ է, նոր բանի սկիզբ:
Մի պահ պատկերացրու, որ ժամերով կարող ես քայլել փողոցով, զգալ տերևների խշշոցը կամ սենյակում նստել, տաք թեյ խմել, դիտել ամենասիրելի մուլտֆիլմն ու լսել, թե ոնց է անձրևը թակում պատուհանը: Հը՜մ, հավե՜ս:
Այսօր ուզում եմ քեզ պատմել տպավորություններիս մասին: Հիշո՞ւմ ես՝ ասել էի, որ շատ եմ կարոտել դպրոցս: Գիտե՞ս, երեկ, երբ դպրոց մտա, զգացի, որ ամեն ինչ նույնն էր:
Հա, նույն աղմկոտ միջանցքները, ուսուցիչների նույն բարի դեմքերը, նույն արտահայտությունները. «Լավ անցկացրի՞ք արձակուրդները», «Այսօր դաս չեմ հանձնարարում, բայց մյուս ժամից կլրջանաք ու կսկսեք սովորել», «Բան չմնաց, երեխեք, լավ սովորեք, արդեն մեծ եք»:
Ես էս ամեն ինչն էի կարոտում:
Հիմա համոզված կարող եմ ասել, որ դպրոցական տարիներից լավ բան չկա: Այն մաքրությունն ու պարզությունը, որ կա այդ տարիների մեջ, դու ոչ մի տեղ չես գտնի, ընկերս:
Երբ մի պահ հետ ես նայում, այ, հենց այդ ժամանակ հասկանում ես, թե ոնց մեծացար, երբ կողքիդ կանգնած են փոքրիկ, աչքերը լայն բացած մարդուկներ, որոնք արդեն աշակերտ են: Ու հիմա սրտի թրթիռով ես նայում կրտսեր ու ավագ սերունդներին:
Ամուր պահենք այս տարիները: