Angelina Karapetyan

Նոր առարկան ու առավելությունները

Մեկ տարի մեծացածի, որոշ չափով լուրջ ու մի քիչ էլ խենթ քայլեր ձեռնարկողի կարգավիճակում դասամիջոցն էինք վայելում, երբ ուսուցչուհիներից մեկը մտավ դասարան.

-Երեխե՛ք, լավ լուր ունեմ:

-Այսօր շո՞ւտ ենք տուն գնալու,- պատասխանին սպասելով՝ հարցրեց դասընկերներիցս մեկը:

-Նոր առարկա ենք անցնելու:

-Ա՜, իբր մեր անցածները քիչ էր, հիմա էլ նոր առարկա, տնայիններ, թեմատիկներ, ռեֆերատներ:

Թերևս միայն առաջին վայրկյաններն էին լեցուն աշակերտին բնորոշ բողոքներով, կարծիքն ու վերաբերմունքն առարկայի նկատմամբ լիովին փոխվեց, երբ անցավ առաջին դասը: Բոլորն ուշադրությամբ լսում էին, բանավիճում ու հետաքրքվում առարկայով:

-Ո՞վ կարող է ասել՝ ի՞նչ է ուսումնասիրում տնտեսագիտությունը:

-Դե, թե ոնց պետք ա տնտեսես գումարը:

-Տնտեսագիտությունը հասարակական գիտություն է, որն ուսումնասիրում է սակավ պաշարներից առավելագույնը ստանալը:

Հենց այս նախադասությամբ էլ սկսվեց սերը գիտության և առարկայի նկատմամբ: Նոր հասկացություններ, նոր տերմիններ, որոնք չես էլ պատկերացրել, որ կլինեն շուկայի բաղկացուցիչ մասը: Իսկ երբ ուսուցչուհիս ասաց, որ հնարավորության դեպքում կկազմակերպվեն ճամբարներ, դա ավելի ոգևորեց երեխաներին:

Այսուհետ, երբ ասեն, որ նոր առարկա ենք անցնելու, չեմ դժգոհի ու հաճույքով կսպասեմ իմ առաջընթացին: