Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Ուղեկիցներ. Սպիտակ նախշը

-Դեռ շա՞տ կա հասնելուն:

-Մեկուկես ժամ,-պատասխանեց ուղեկցորդուհին` միևնույն ժամանակ հարցնողի սեղանից վերցնելով արդեն չորրորդ դատարկված սուրճի բաժակը:

Հաղթանդամ տղամարդը բարձրաձայն հառաչանքով հետ ընկավ նստարանին ու սկսեց մատներով թմբկահարել լայն բազկաթոռի հենակները, ձեռքով մի քանի անգամ շփեց ճաղատ գլուխը, քորեց աղվեսի սուր քիթը, նայեց թանկարժեք ժամացույցին, ուժգին թափ տվեց այն, նորից նայեց:

-Մի հատ էլ սուրճ, եթե կարելի է,-փոքր-ինչ խռպոտ ու ցածր ձայնով ասաց նա` թեքվելով դեպի մյուս ուղեկցորդուհին: Վերջինս լուռ գլխով արեց:

Ուղևորի հագին կնգուղով սև սվիտեր էր ու բազմաթիվ գրպաններ ունեցող մոխրագույն շալվար, ինչպիսիք հագնում են օպերատորները կամ լեռնագնացները: Երեսը սափրած չէր, իսկ աչքերի տակ աննշան մգություն կար: Նա փակեց սեղանը, հետո կրկին բացեց այն, մի քանի անգամ անհանգիստ հետ ու առաջ գնաց նստած տեղում: Երբ սուրճը բերեցին, նա մի փոքր խմեց, շունչ քաշեց ու հենվեց բազկաթոռին` թեքվելով դեպի լուսամուտը: Գլուխը հենելով ապակուն` նա արտաշնչեց: Լուսամուտը ծածկվեց գոլորշու թույլ փառով:

Հեռվում` ամպերի ճերմակ փնջերից մեկի միջից ասեղի պես դուրս սահեց ևս մի ինքնաթիռ` հետևից սպիտակ թելի պես քաշելով գոլորշու երիզը: Արևի վառ լույսից այն շիկացել էր, ու երբեմն դժվար էր տարբերել` դա իսկապե՞ս ինքնաթիռ է, թե լույսի ուժեղ բռնկում: Ինքնաթիռը մեծ արագությամբ էր շարժվում, բայց երբեմն թվում էր, թե այն կանգնած է տեղում, ասես կախված է թանձր մեղրի մեջ:

Տղամարդը ձեռքն առաջ տարավ ու մատով դանդաղ գիծ քաշեց ապակու վրա` փորձելով կրկնել ինքնաթիռի` մուգ կապույտ երկնքում թողած սպիտակ նախշը: Արևի մաքուր լույսը քնկոտ ծորում էր ամպերի վրայով: Նրա մատը հասավ կապույտ անվերջության մեջ ծուլորեն սահող երկաթե թռչունին ու զգուշությամբ դուրս հրեց այն լուսամուտի եզրից այն կողմ` շտապեցնելով:

Գլուխն ապակուն հենած ուղևորի աչքերը փակվեցին: Ձեռքը դանդաղ սահեց ներքև: Մեղմ լույսը զգուշությամբ ծորաց նրա ճմրթված կոպերի վրայով` փորձելով մաքրել աչքերի տակ հավաքված հիվանդոտ կապույտ գույնը: Տղամարդու շուրթերը թույլ բացվեցին` դեմքին հարցական արտահայտություն տալով, ասես  երկար ժամանակ ինչ-որ բան էր մոռացել, ու հիմա` քնի ու իրականության եզրում սավառնելիս, հանկարծ պետք է հիշեր: Ինչ-որ շատ կարևոր բան:

Սրահում հնչեց ամրագոտիները կապելու հրահանգի ազդանշանը: Տղամարդու աչքերը բացվեցին, ու նա մի քանի վայրկյան զարմացած նայում էր բաց երկնքին: Վերջապես նա հետ նստեց, տրորեց հոնքերը, ձեռքը վերցրեց արդեն սառած սուրճի գավաթը, խմեց:

-Շո՞ւտ կհասնենք,-կրկին լսվեց նրա խռպոտ ձայնը:

-Այո,-ժպտաց ուղեկցորդուհին:

Ուղևորը թույլ ժպտաց, գլխով արեց, նայեց պատուհանին, որի վրա դեռ երևում էր իր պատկերած նախշը, այնուհետև թևքով զգուշությամբ մաքրեց ապակին:

Վայրէջքից հետո շտապ վեր կացավ, հագավ շագանակագույն կաշվե բաճկոնը, գլխին քաշեց կնգուղը, դրեց անթափանց արևային ակնոցն ու կանգնեց դեռևս փակ դռան առաջ` սեղմելով բջջային հեռախոսի կոճակները: Ուղեկցորդուհին խնդրեց նրան սպասել միջանցքում: Ուղևորը դժգոհությամբ մի քանի քայլ հետ եկավ` անհամբերությամբ փնտրելով ինչ-որ մեկի համարը: Զանգահարելիս էկրանին մի պահ լուսավորվեց դեռահաս աղջկա մի դեմք: Գծի մյուս եզրին խոսեցին, և նա շտապեց հեռախոսը սեղմել ականջին, ժպտաց ու ցածրաձայն ինչ-որ բան ասաց:

-Խնդրեմ,-հրավիրեց ուղեկցորդուհին, երբ դուռը վերջապես բացվեց:

Տղամարդը շտապ քայլերով դուրս եկավ` հեռախոսը չիջեցնելով:

-Էս են ռուս դերասանը չէ՞ր,-հարցրեց ուղևորներից մեկը:

-Հա, ինքն էր,-հաստատեց մեկ ուրիշը` ուշադիր նայելով հեռացողի հետևից:

Օդանավակայանի սպասասրահում մի խումբ մարդիկ փորձում էին լուսանկարել իմ ուղեկցին, բայց վերջինս արագացրեց քայլերը` հայացքը չբարձրացնելով ու հեռախոսն ամուր սեղմելով կրծքին, ասես այդ պահին աշխարհում ավելի թանկ բան չկար: