nelli khachatryan

Ուղտի գեղեցիկ թքոց

Բթիս մատնահետքերը կորցնելու որերորդ անգամ ֆեյսբուքիս տարեգիրքն եմ թերթում, ու  բութս հոգնում է «հայտնի» դեմքերից մեկի հրապարակման վրա, որտեղ մեր այս դեմքը համարյա Նազենի Հովհաննիսյանին չզիջելով ոսկեղենիկ հայերենով նկարագրում էր, թե ինչպես է առաջին անգամ հաց թխում, ինչքան հաճելի գործընթաց է, ինչքան սիրով պետք է այն անել և այլն… Կարդալիս երևի թե կոգեշնչվեի, եթե այդ պահին նստած չլինեի Ճամբարակի ոստիկանության դիմացի շենքի մեր տան խոհանոցում, որտեղ մաման անտարբեր դեմքով իր երևի 1003֊րդ հացն էր թխում։

Նույն շենքի կողքի շքամուտքում միշտ Ճամբարակում ապրած մեկը նույն դեմքի արտահայտությամբ կարդում է Երևանում ապրող ուսանողներից մեկի սիրառատ գրառումը համարյա նույն Ճամբարակի, Ճամբարակի մարդկանց ու սարերի մասին։

Նույն դեմքն ունեն զինվորականները, ծառայության հանդեպ պաթոսով լցված ջահել աղջկա կամ տղայի ասածները լսելուց, կամ էն ուղտը, որին նկարում ու ծիծաղելով շոյում են թքելու համար։

Եթե դրական, ռոմանտիկ մարդ եք, ուրեմն նյութիս նպատակը պատկերացրեք այն էր, որ ստիպի  ուշադիր նայել մեր շուրջն ու մեր արած գործողություններին, ու հնարավոր է` հասկանանք, որ իրականում դրանց մեջ սիրուն պուճուր դետալներ կան, որոնց մասին նույնիսկ մարդիկ գրում են, ու գուցե արժի ուշադիր լինել ու ամեն օր գտնել էդ դետալները։

Եթե ռոմանտիկա բառը չեք սիրում, ուրեմն սա նրա համար էր, որպեսզի գիտակցենք, որ հաճախ մեզ համար հաճելի ու սիրուն թվացող մանրուքներ կան, որոնք մարդիկ անում են ամեն օր կարիքից դրդված ու հիացած չեն դրանով: Տեսնում են սիրուն բաներ, որոնց տարիները մաշել ու սովորական է դարձրել աչքի համար, ու հանկարծ չնեղանաք, որ մտքում ծիծաղեն ձեզ վրա, երբ ապարատը ձեռքին նկարեք որպես դեղ աճեցված սիրունիկ ալոեի թուփը։