Ani avetisyan

Չգրել չեմ կարող

Նստում եմ, վերցնում գրիչն ու սպասում նորին գերազանցություն Մուսային: Չի գալիս: Աբիսողոմ աղայի մեթոդը մի քանի անգամ փորձել եմ. կաշառել չի ստացվում: Ոնց որ նստես օգոստոսյան արևի տակ ու սպասես, որ անձրև գա: Կամ սիրահարված չլինելով սիրո մասին ռոմանտիկ-պոետիկ մի բան գրես: Չէ, հավատացեք՝ կյանքին սիրահարված լինելը միշտ չի, որ օգնում է: Ոչ էլ թուղթ ու գրիչին:

Թվաց՝ առանց գրչիդ ծայրը թղթին հենելու կյանքդ անիմաստ կլինի, ու սկսեցիր գրել: Բայց էդ ե՞րբ, ո՞նց թվաց: Դա հասկանալ չեմ կարողանում: Կուզեի մի օր  Դոստոևսկուն հարցնել, կամ Բալզակին:  Իսկ ասենք Գոգոլը ո՞նց է որոշել «Մեռած հոգիները» գրել:

Ասում են՝ գրում եմ, որովհետև չգրել չեմ կարողանա: Վերջերս մի ժամանակակից գրողի ինքնակենսագրականն էի կարդում, ասում էր՝ փորձեցի ու հեշտությամբ կարող եմ չգրել: Ուրեմն ինչո՞ւ:

Մեկ-մեկ գրելը քարից հաց քամելու պես է ստացվում, մեկ-մեկ՝  անձրևանոցը ձեռքիդ թրջվելով քայլելու, ինչ է թե՝ ալարում ես բացել:

Շատերի մոտ օրերի, տարիների անընդհատ հերթափոխից հուսախաբ բեռնաձիու հոգեբանությունն է զարթնում: Գրելն էլ՝ ամենածանր բեռը: Ոնց որ սկսած ու չկառուցած շենքի հիմքը ավազով դնելու, գրած-չհասկացած տողերն արագ-արագ իրար հետևից շարելու մեղքը քո վրա չի լինելու, այլ նրա, որ կարդալու-ապրելու է էդ ամենը: Իսկ իրականում՝ էդպես էլ կա: Կկարդան, իսկ թե չեն հասկանում, մեղքը գրքինը չէ, այլ իրենցը: Ոչ միշտ: Ափսոս կամ բարեբախտաբար:

Գրքի էջերը  համարակալում եմ՝ հերթով, մեկ-մեկ նրանք, որ կարդացել, հասել եմ ամենակարևորին ու կանգնել: Չեմ նախանձում հեղինակներին: Տեսնես՝ գիտե՞ն, որ հեշտ չի իրենց գրածը կարդալը: Երբեմն էլ՝ անհնար: Գուցե իրոք նախանձելու բան է: Չգիտեմ: Լավ է գոնե, որ դրանից ոչինչ այս ու այն կողմ չի լինում: Ոչ իմ՝ կարդացողիս «չիներն» են ընկնում, ոչ էլ գրողի փառքի դափնիներն են չորանում: Երբեմն էլ կարելի է մտածել, թե գրողը դիտավորյալ է այդպես գրել: Բայց միայն երբեմն:

Որ մի օր երկար ինչ-որ բան գրելու լինեմ՝ կաշխատեմ էդպես չանել: Վախենում եմ զգալ, որ մինչև վերջ չեն կարդում գրածներս:

Իսկ եթե գրքեր ու դրանք գրողները մի օր չլինեն, ի՞նչ կլինի: Եթե մի օր Բրեդբերիի պատմությունն էլ երևակայական չլինի:

Առանց թուղթ սևացնողների ու դրանով պատմություն դարձողների Երկիրը հակառակ չէր պտտվի, չէ՞:

Չնայած, վստահ չեմ: