anna qocharyan lori

Չկա ոչինչ ավելի կենսունակ, քան հիշողությունները

Կյանքի վերջում մարդու ուղեղը պահպանում է մոտ 280 միլիոն բիթ հիշողություն: Ինչ հիասքանչ է հնչում, չէ՞:

Մեր մեծագույն խնդիրներից մեկը հիշողություններ կերտելն է: Ես մի պարզ բան եմ հասկացել, իսկ ավելի ճիշտ՝ այս փոխանակման տարին (փոխանակման ծրագրով ես հիմա ԱՄՆ-ում եմ) ինձ ստիպեց հասկանալ: Պետք է կյանքը ուրախ հիշողություններով ու ակնթարթներով լցնել:

Ես բնավորությամբ այնպիսի մարդ էի, որ ինձ ավելի հոգեհարազատ էր ամբողջ օրը հեռուստացույց դիտելը, քան օրս դրսում անցկացնելը: Բայց հիմա հասկանում եմ, որ շատ ժամանակ չունեմ ու պետք է փորձեմ տարիս անմոռանալի ու անկրկնելի դարձնել: Բայց մի՞թե միշտ էլ մեր ժամանակը սահմանափակ չէ: Հայաստանում գտնվելուս ընթացքում էլ օրն ուներ 24 ժամ, իսկ շաբաթը՝ 7 օր: Բայց այստեղ ամեն ինչ ուրիշ է…

Ես ուղղակի չեմ կարող շաբաթվա վերջում ինձ «չպարգևատրել» ամբողջ շաբաթվա ընթացքում սովորելու համար, ուստի պետք է մի հետաքրքիր ու անմոռանալի բան մտածել ու հանգստյան երկու օրը արտակարգ անցկացնել: Պետք է հիշողություններ կերտել…

Ու կապ չունի, թե այս մոլորակի որ անկյունում ես ապրում, ես համոզված եմ, որ ցանկության դեպքում միշտ էլ անելիք կգտնվի: