Չպլանավորեք կյանքը

Սիրում ենք, չէ՞, երազել, մտածել կամ շատ ժամանակ ամեն ինչ անել, որ դեպի լավին ձգտենք կամ էլ համակերպվենք չփոխվող իրականության հետ: Թե ինչի եմ այսօր նյութս սկսում այս ձևով, հիմա կասեմ:

Շատ ժամանակ, երբ ես գրում եմ նյութս, ավարտական հատվածում միշտ գրում եմ գալիք նյութի թեման, հաճախ համոզված լինելով, որ վերջ, դա կատարվելու է, և հաստատ գրելու եմ: Այ, օրինակ մի անգամ խոսեցի իմ սեպտեմբերի 1-ի, թե՛ ծննդյանս օրվա, թե՛ համալսարանում առաջին ուստարվա տպավորություններիս մասին, հետո ասացի, որ այսպես ես շատ անգամ ծնունդս չեմ նշի տանը մերոնց հետ, այլ համալսարանում, հետո երկու անգամ բանակում, հետո էլի երեք անգամ համալսարանում։ Այ, հենց սրա հետ եմ, որ ոչինչ չիմանալով՝ մենք պլանավորում ենք:

Իմ պարագայում ոչ սա եղավ, ոչ նա: Այսինքն՝ ոչ բանակում նշեցի ծնունդս, ոչ էլ համալսարանում: Կզարմանաք, բայց այո, Ջավախքում: Սեպտեմբերի 1-ին երկու օրով Տավուշի թեմի երիտասարդաց միության հետ մեկնեցինք Ջավախք աշխարհ`Հայաստան աշխարհ, որը գտնվում է անցակետից այն կողմ: Սեպտեմբերի մեկին գնացինք, երկուսի գիշերը հետ եկանք: Հարազատներ չկային, չկային մեծ տորթ կամ աղցանների տեսակներ, այլ փոխարենը Հաղարծնի շաբաթի կանաչ շապիկավորներ, փոքրիկ համեստ թխվածք, փուչիկներ, հաճելի նվերներ և բարեմաղթանքներով լի մի ողջ ճանապարհ: 

Անկեղծ եմ ասում՝ իմ կյանքում ամենալավ անցկացրած ծննդյան տոներից էր, որը երբեք չեմ մոռանա: Ծննդյանս օրը անցկացնում եմ Ախալքալակում, տեղի եկեղեցում մասնակցում Սուրբ Պատարագի և Պատարագի ժամանակ կրում եկեղեցական շապիկ, ավելի մոտիկից ծանոթանում եկեղեցական աշխարհին, և վերջ ի վերջո, քայլում Ջավախքում, այցելում Վահան Տերյանի տուն-թանգարան, հետո՝ աշուղ Ջիվանու, քայլում եմ այնտեղի մի շարք գյուղերում՝ այցելելով հայկական օջախներ: Հաճելի է շատ, երբ գնում ես երկրից դուրս, բայց էլի շրջապատված ես լինում հայ ազգով կամ էլ անվանդ հետ հնչում է «ջան» բառը։ Այնտեղ մարդիկ նույնպես ժպտում են, երբ հայեր են տեսնում, կապ չունի՝ քեզ տեսել կամ ճանաչում են, թե ոչ, եթե Հայաստանից գնացած հայ ես, ուրեմն վերջ, դու Ջավախքում արդեն ժպիտ ես պարգևել: Իմ այս տարբերվող սեպտեմբերի 1-ի համար ես շնորհակալ եմ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազան Գալստանյանին, Հաղարծնի շաբաթի կազմակերպիչներին՝ հաճելի ծնունդ պարգևելուց մինչև հաճելի ճամփորդության համար, և շնորհակալ եմ նաև այն բոլոր կանաչ շապիկով կամավորներին, որոնք անբաժան են իմ կյանքից:

Գիտեք, երբեք մի պլանավորեք կյանքը, որ այդպես է լինելու ու վերջ: Հավատացեք, այն լի է անակնկալներով: Միգուցե դուք չճամփորդեք, այլ ավելի մեծ և հաճելի անակնկալի հանդիպեք, կամ այնպիսի մի հաջողության, որը անգամ չեք էլ կարող պատկերացնել: