նարեկ բաբայան

Չպլանավորված օր

Նստած էի իմ շատ սիրելի համակարգչի առաջ, ամբողջ օրս այդպես էլ կանցներ, եթե չլսեի․

-Նարե՜կ,- ընկերս էր՝ Ռոբերտը։

Լուսամուտից նայեցի դուրս։

-Ի՞նչ ա եղել։
-Արի՛, գնում ենք Վերի թաղ:

«Վերի թաղ», կամ պարզապես «թաղ» մենք անվանում էինք այն փողոցը, որտեղ մեր ընկերների մեծ մասն էր ապրում։

- Վերի թաղն ի՞նչ կա։
-Գնում ենք ծար դնենք,- ծարը աղվեսների ու գայլերի համար նախատեսված թակարդ է։
-Արա, մեկ ա, չենք կարա ոչ մի բան բռնենք, ինչի՞ եք իզուր տանջվում։
-Մարդ ես էլ, կարող ա բռնում ենք։
-Լավ, իջա։

Համակարգչի առջևից չհասցրեցի ելնել, երբ քույրս մորս հետ գրավեցին այն ու սկսեցին նայել իրենց «Կակ նազվատ էտու լյուբով»-ը։ Ատում եմ այդ սերիալը։ Ինչևէ, մայրիկիս ասացի, որ գնում եմ թաղ, բայց նա արդեն լիովին խորասուզվել էր իր սերիալի մեջ ու երևի չլսեց ինձ։ Վազելով դուրս եկա տանից։ Քայլում ենք դեպի թաղ:

-Գիտես, չէ՞, գնում ենք գյուղի տակ։
-Գյուղի տակ ի՞նչ եք կորցրել։
-Եսիմ, տղերքն են ասել։

Մի կերպ, «ցեխային» փորձությունները հաղթահարելով հասանք տղաների մոտ։
-Տղերք, ինչի՞ ենք եկել ստեղ։
-Պետք ա։ Լավ, գնացինք։

Բոլորով, արդեն ոչ այդքան ցեխոտ ճանապարհով գնում էինք թաղ, երբ տղաները շեղվեցին ճանապարհից։

-Էդ ո՞ւր։
-Գնում ենք խանութ, «տռոս» առնենք,- այդ, այսպես կոչված «տռոսով», մենք թակարդն էինք պատրաստում։

Դա էլ արեցինք։ Հասանք թաղ, որտեղ մեզ սպասում էր աղվես բռնելու «վարպետ» Հարութը։ Նրան ցույց տվեցինք մեր գնած մետաղալարը։

-Հըն, մի բան դուրս կգա՞:
-Հենց ամենալավն էլ առել եք, կլինի։

Գնացինք մեր տղաներից մեկի՝ Սարմենենց տուն։ Մինչ Հարութը թակարդներ էր պատրաստում, ես Արտյոմի ու Դավիթի հետ գնացի Դավիթենց։ Դավոն «ձնադիմացկուն» կոշիկներ հագավ, մի զույգ էլ ինձ տվեց։ Մի քիչ կերանք  ու վերադարձանք տղաների մոտ։ Հարութը դեռ չէր ավարտել։ Դե քանի որ 7 հոգու օգնության կարիք չկար, մենք մի քանի հոգով գնացինք նախորդ օրվա թակարդները ստուգելու։ Դե իհարկե, ոչինչ չկար։ Բացի այդ էլ, Մհերը, ով նույնպես լավ որսորդ էր, ասաց, որ ամբողջը սխալ ենք արել։ Դե, ինչ արած։ Վերադարձանք տղաների մոտ։ Էլի նույն պատկերը։ Հարութը թակարդ է սարքում, մի քանի հոգի օգնում են նրան, մի քանիսն էլ պարապության դեմ պայքար են մղում խաղեր խաղալով։

Մի 15 րոպեից թակարդները պատրաստ էին։ Մարտական տրամադրվածությամբ, մեզնից գոհ գնացինք հին թակարդների մոտ՝ նորերը տեղադրելու։ Այդ ամբողջ ոգևորությունը ջուրն ընկավ, երբ Հարութն ասաց․

-Տաղ ոչ մե պան էլ չեյ նը պռնել։
-Լավ, բը ի՞նչ անեյ:

Իրականում բոլորս էլ գիտեինք` ինչ անել, ավելի կոնկրետ՝ ուր գնալ։ Ուղղալի այդ տեղը շատ հեռու էր, ու ոչ մեկը չէր ուզում այդքան քայլել։ Վերջապես Մհերն ասաց․

-Էլայ Գռավ։
-Դա լավ, հեռու ի,- լսվեց տրամաբանական պատասխանը։
-Խա դը մըկը, մեկ ա տաղ չէյ նը պռնել։

Դե, ինչ արած, ուրիշ տարբերակ չկար։ Ես ու Ռոբն ասացինք, որ ճանապարհին կգնանք տներով, քան որ մեր տները ամենահեռուն էին։ Ես արագ մտա Դավիթենց ու փոխեցի կոշիկներս։ Սարմենը երկու երկաթե խողովակ բերեց, որոնցով պետք է թակարդները ամրացնեինք գետնին։

-Էս մեկը ծուռ ա, բանի պետք չի։
-Գիտեմ, էդ վերցրել եմ, որ գայլերին ծեծեմ։

Ինչքան էլ Սարմենը կատակեր, իրոք այդպիսի վտանգ կար։ Գռավում երեկոյան գայլեր են հավաքվում։

Արդեն հասնում էինք այն խաչմերուկին, որտեղից ես ու Ռոբը պետք է գնայինք տուն։ Այդ պահին մեզ ընդառաջ եկան մեզանից մեծ տղաները՝Վահեն, Աշոտն ու Արմենը, որոնց հետ մենք նույնպես մոտ ենք։

-Էն ու՞ր։
-Եթաս էյ Գռավ` ծար տնեյ։
-Խո տուք գյեժ չե՞ք, ես վախտ ի՞նչ Գռավ։
-Լավ, բը տուք ո՞ւր եք եթալ։
-Եթաս էյ փուչիկ առնեյ։

Մի քիչ ծիծաղելուց հետո Աշոտն ասաց․

-Արա, բայց լուրջ, չեթա՞յ խետիքերը։
-Ես նաղդ իկյացող եմ,- ասաց Վահեն։
-Հա լավ, ես էլ եմ իկյալ,- Արմենի համաձայնությունը ստանալուց հետո շարունակեցինք քայլել։

Ես մոռացա տուն գնալու մասին, ու շարունակեցի քայլել նրանց հետ։ Մենք ուրախ, զվարթ քայլում էինք, և ոչ ոք մեր դեմքի արտահայտությունները տեսնելով չէր կարող ասել, որ գնում ենք գայլերի մոտ։ Արդեն մթնում էր։ Հասանք մի տեղ, որտեղից պետք է որոշեինք՝ ճանապարհո՞վ գնալ, թե՞ ձորով։ Մենք իհարկե ընտրեցինք ձորը։ Այստեղ ամեն մեկը մտածեց ձնոտ լանջը իջնելու իր տարբերակը։ Դավիթը պարզապես վազեց ցած, քանզի հագել էր 43 համարի ռետինե կոշիկներ, Վահեն կրունկներով աստիճան կառուցեց ու իջավ, և այլն։ Այդ ժամանակ ես ուղղակի կանգնած էի վերևում ու սպասում էի, որ բոլորն իջնեն։ Մի քիչ սպասելուց հետո ես պարզապես նետվեցի ու սկսեցի կայծակնային արագությամբ սահել ներքև։ Եթե Աշոտն ինձ չբռներ, ես 3 մետր բարձրությունից կընկնեի ցեխերի մեջ։ Իջնելուց հետո շարունակեցինք քայլել։ Երբ արդեն ահագին հեռացել էինք գյուղից, Մհերն ասաց։

-Տղներ, տենց հաշամով չէյ եթալու, կեսդ մնացեք տաղ։
-Ելավ,- Ես, Վահեն, Դավիթը, մյուս Դավիթը, Արմենն ու Աշոտը մնացինք այնտեղ։

Որոշ ժամանակ անց զանգեց Սարմենն ու ասաց, որ իրենք ուրիշ ճանապարհով գնում են տուն։ Մենք նույնպես գնացինք։ Մի ժամից հասա տուն ու արժանացա մայրիկիս կողմից «գովեստի խոսքերի», ինչ է թե` առանց զգուշացնելու տանից դուրս եմ եկել…

Հ․Գ․ Հիմա ո՞նց չասեմ՝ էն Ռաջահիցդ ու Մեհխաբա ալիլիցդ որ կտրվեիր մի րոպեով, կլսեիր ինձ։