Պատառիկներ մի խաղաղ երեկոյից

Մեր գյուղում գիշերային երկինքն ուրիշ է… Այնտեղ աստղերը մի տեսակ ուրիշ են. ավելի մոտ են, ավելի հարազատ, ավելի փայլուն: Նրանց ավելի հեշտ է նկատելը և ավելի հաճելի նրանցով հիանալը: ՉԷ որ քեզ ոչինչ հետ չի պահում, չկան այն անիմաստ զբաղմունքները, որոնք կազմում են մեր թվացյալ զբաղվածությունը: Շուրջբոլորը բնություն է և հետաքրքիր մարդիկ` էլ ավելի հետաքրքիր պատմություններով:

Մի երեկո, երբ բոլորս նստած զրուցում էինք, տատիկս խնդրեց, որ իրեն սովորեցնեմ հեռախոսով նկարել: Սովորեցրեցի, իսկ հետո մի քանի փորձ: Ամեն ինչ հաջող ստացվեց: Հետո ցանկացավ նկարել պապիկիս: Նկարելուց հետո տատիկս ինձ հարցնում է.

-Հիմա ի՞նչ, Շուրան մնաց մե՞ջը:

-Հա բա ոնց, տատ,- պատասխանեցի ես` ոգևորված տատիկիս բավականությունից:

-Հա, լավ, ի՞նձ ինչիա կընկարիս,- իր կիսագոհ դժգոհությամբ վրա բերեց պապիկս:

Իսկ տատիկս պապիկիս երկար սպասել չտվեց` պատասխանելով.

-Էնա, որ տունը չըլնես, կդնեմ կնայեմ մինչև կգաս:

Պապիկս ու տատիկս իրենց ուրույն աշխարհն ունեն իրենց հումորով ու կեսլուրջ-կեսկատակ կռիվներով: Գիտե՞ք, երեկոյան զրույցներից մեկում ինչ ասաց տատս: Պապիկս ասում էր, որ իրենք շատ են սիրում իրար և պետք է իրար հետ էլ մահանան: Իսկ տատիկս գիտե՞ք ինչ պատասխանեց: Ասում է.

-Այ մարդ, դու ինձնից 10 տարի մեծ ես, դու գնա` ես հետո կգամ:

Մեծահասակներն էլ մեծանալով դառնում են ավելի անկեղծ, ավելի մաքուր, ավելի պարզ, ինչպես մանուկ ժամանակ: Թվում է, թե կորցրած մանկությունն այնքան էլ կորած չէ: Վերջիվերջո բոլորն էլ գտնում են այն` այդ անդարձ կորցրած մանկությունը:

Հավանաբար դա է պատճառը, որ ամենաշատը մեծահասակների և մանուկների պատմություններն են, որ սիրում եմ լսել: Մնում է միայն ընկղմվել այս անծայրածիր աշխարհում, դառնալ դրա ուրույն մասնիկը…