aneta baghdasaryan

Պարապության վերլուծություն

Պարապության դեմ պայքարելու միակ միջոցը ինչ-որ բան անելն է, ինչքան էլ դա ակնհայտ չթվա։ Այս մտքին ես հասա կյանքիս 21-րդ տարում կատարյալ պարապության պայմաններում։ Կարծում եմ՝ սխալ է «կատարյալ պարապություն» բառակապակցությունն օգտագործել, հատկապես այս նյութի մեջ, քանի որ մի քանի տող վերև ասացի, որ ինչ-որ բան անելով մենք այլևս պարապ չենք։ Եվ եթե նույնիսկ դու հիմա նստած ես բազմոցին ու անիմաստ վատնում ես կյանքիդ րոպեները, ինչպես ես վատնեցի մի ամբողջ օր, կամ էլ կիսապառկած դիրքով կարդում ես հեռախոսիդ էկրանին գրված այս նյութը, ապա շնորհավորում եմ, դու արդեն պարապ չես։ Եվ ես ամենայն լրջությամբ եմ դա քեզ ասում։

Երբևէ ինքդ քեզ հարցրե՞լ ես, թե ինչու ես փռվել բազկաթոռին ու աննպատակ թերթում ֆեյսբուքյան պատդ։ Այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ, ազնիվ խոսք, ու կարծում եմ՝ դու էլ։ Դու վստահ ես, որ ոչ մի հետաքրքիր բան չես գտնի, ոչ ոք քեզ չի գրի, ու որ մինչև կյանքիդ վերջը կարող ես այն թերթել, եթե ձեռքդ չհոգնի, ու դու ստիպված չլինես հեռախոսդ մի կողմ դնել, կամ էլ ուղղակի փոխել ձեռքդ ու շարունակել «աշխարհի ամենահետաքրքիր» զբաղմունքը։ Կամ երբ չգիտես՝ ինչ անել, վերցնում ես սեղանիդ ամիսներ առաջ դրած գիրքը ու բացում այն էջը, որտեղ վերջին անգամ դրել էիր էջանշանը։ Կարդում ես այն, չհիշելով նույնիսկ գլխավոր հերոսներին, բացում առաջին էջն ու նորից սկսում կարդալ գրքի սկիզբը, որ էլի դնես գրասեղանիդ ու մի քանի ամսով մոռանաս դրա և հերոսների գոյության մասին։ Մոռանաս դրա մասին, որովհետև մնացած օրերի ընթացքում պարապությունից ամեն ինչով կզբաղվես, բայց ոչ գիրք կարդալով։ Ինչևէ, այս անգամ գրքի մասին չեմ ուզում խոսել։

Ինչքա՞ն է եղել, որ պառկես բազմոցին ու լիովին անգործության կարգավիճակում նայես առաստաղին, հստակ մի կետի, չթեքելով հայացքդ, չշարժելով մարմնիդ և ոչ մի մաս, նույնիսկ չմտածելով։ Միգուցե և երբեք այդպես չես արել, կամ էլ ամբողջ օրը դրանով ես զբաղված, կապ չունի։ Այդ պահին դու չես էլ հասկանում, որ մարմնիդ յուրաքանչյուր մաս, նյարդ և մկան, ամեն կերպ իրեն զսպում է, որ դու մնաս անշարժ պառկած, չշարժես ձեռքդ, չնայես ուրիշ տեղ, չծարավես։ Եվ մնում է մի պահ բջիջներդ շեղվեն, ու դու մտածես քիթդ քորելու մասին, երբ այն կսկսի քոր գալ։ Ու դու ստիպված կլինես ձեռքդ շարժել ու քորել այդ անիծյալ քիթը, որը խախտեց կատարյալ պարապության կարգավիճակը։ Սակայն ես կրկին կասեմ, որ թե՛ քիթը քորելուց առաջ, թե՛ քորելուց հետո դու պարապ չես եղել։

Դու իհարկե ինձ չես հավատա, կասես․ «Ո՞նց թե պարապ չեմ, ոչինչ չեմ անում, նույնիսկ չեմ շարժվում, չեմ մտածում, ոչ մի բան չեմ անում»։ Իսկ ես կասեմ, որ չշարժվելուդ փաստն էլ դեռ քննարկման կարիք ունի։ Ախր, երբ պառկած նայում ես առաստաղին, միևնույնն է, գործողություն ես կատարում՝ նայում ես։ Ասեմ ավելին՝ պառկած ես նայում։ Տե՛ս, մեկի փոխարեն երկուսն ես անում։ Բա դա կարելի՞ է պարապություն անվանել։ Որպեսզի դու տեսնես այդ կետը, ուզում ես դու դա, թե չէ, բայց աշխատում է մարմնիդ մկանների և բջիջների մի ամբողջ բանակ։ Այն ամեն ինչ անում է, որ լույսի արագությամբ աչքից ուղեղ հասնի մի փոքրիկ իմպուլս, որ դու, անշարժ մնալով, տեսնես այդ կետը։ Եվ դա պարապության պայմաններում։ Պատկերացնու՞մ ես՝ ինչքան բան ես անում զբաղված ժամանակ, ինչքան մկան, նյարդային հյուսվածք ու բջիջ է աշխատում, ինֆորմացիա հասցնում ուղեղ, որ դու վերջում էլի անտեսես բնությունից տրված այդ ամենն ու փռվես բազմոցին։

Չգիտեմ՝ հավես ունեցար մինչև վերջ կարդալ, թե չէ, արդյո՞ք տեղիցդ շարժվել ես, թե դեռ նույն դիրքով հենված ես բազմոցին, նայում ես հեռախոսիդ էկրանին, թե մտափոխվեցիր ու բացեցիր այն էջը, որտեղ երեկվանից դրված է էջանշանը։