Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուր

Անտառների և դաշտերի մեջ կա մի փոքրիկ սահմանամերձ գյուղ՝ Ներքին Կարմիրաղբյուրը: Օրը սկսվում է գեղեցիկ արևածագով, բայց նաև մտավախություններով: Ամեն բնակիչ վախենում է իր հարազատների կյանքի, բայց նաև բոլոր համագյուղացիների կյանքի համար: Դիրքերում կանգնած տղաներն ամեն ինչ անում են, որպեսզի բնակիչները չվախենան, և արժանի հակահարված են տալիս, սակայն նրանց կյանքը նման է մոմի լույսի: Բավական է մի փոքր քամի, և լույսը կմարի: Բայց հերիք է մեր վախերի ու սարսափների մասին պատմեմ: Պատմեմ նաև մեր ուրախ կյանքի մասին…
 Գյուղի ազատ վայրերից երևում են մեր թշնամու գյուղերը, գիշերը մեր գյուղը լուսավորվում է նրանց տների լույսերով: Ես երբեք չէի լսել, որ փամփուշտը կմտնի տուն, և բնակչին կվնասի, և մարդը կմահանա: Կրակոցներ միշտ էլ լինում են, բայց ավելի շատ են կրակում այն օրերին, երբ ինչ-որ տոն է լինում: Այդ օրերին մարդիկ գյուղից գնում են մոտակա ապահով գյուղ, իսկ մնացածները պատսպարվում են տներում:

Լուսինե Իսրայելյան

***

Ինձ մտահոգում են գյուղի կրակոցները: Մեկ ամիս առաջ ժամ 7:00-ից կրակում էին մինչև ուշ գիշեր: Մի օր` փետրվարի 11-ին, շատ ուժեղ կրակոցներ եղան: Դրա հետևանքով մեր 700 խոտի կապոց վառվել էին: Մինչ խոտի վառվելը սպանվել էին խաղաղ բնակիչներ:
Մենք ամեն օր գնում էինք դասի և գալիս էինք տուն վախը սրտներումս. կրակոց կլինի՞, թե՞ ոչ:

Նվեր Ադամյան

***

Ինձ հուզում է կյանքը, ավելի ճիշտ, մարդկանց կյանքը, որն անվերջ չէ: Ինչո՞ւ են մարդիկ ծնվում, մեծանում, ապրում, սովորում դպրոցում և համալսարանում, ձեռք բերում աշխատանք, որպեսզի ապահովեն իրենց սոցիալական վիճակը, բայց մի կրակոցից այդ ամենը հավասարվում է զրոյի: Ես հուսով եմ, որ մի օր կստանամ այդ հարցի պատասխանը, բայց ինձ թվում է, որ իմ հարցին պատասխան չկա:

Տատյանա Ղուկասյան

***

Ես շատ եմ սիրում մեր գյուղը: Բայց մեր գյուղի կրակոցների ներքո մարդը չի կարող մտածել ուրիշ բաների մասին: Մենք անընդհատ մտածում ենք, թե կկրակեն: Ես մտածում եմ, թե նորից կսկսեն կրակոցները: Մտածում ենք զինծառայողների մասին որոնք դիրքերում են: Կրակոցների ժամանակ իմ հորեղբոր տան մոտ ընկել է ական: Նրանք շատ էին վախեցել:
Ես շատ եմ մտածում Հայաստանի մասին: Մեր երկրի կորուստները կվերականգնվե՞ն, թե՞ չէ: Հնարավոր է տարածքային կորուստները վերականգնվեն: Բայց մարդկային կորուստները՝ ոչ: Երբեք հնարավոր չէ վերականգնել, երբ մարդը զոհվում է:
Արդեն շատ տարիներ է, որ կրակում են: Բայց վերջին երկու տարվա ընթացքում մենք ավելի շատ կորուստներ ենք տվել: Վերջին կրակոցների ժամանակ վիրավորվեց մեր համագյուղացիներից մեկը: Կրակոցների պատճառով հեռացել են մեր համագյուղացիների մեծ մասը:

Անուշ Առաքելյան

***

Ինձ անհանգստացնում են կրակոցները, որոնք արձակվում են մեր գյուղի ուղղությամբ: Կրակոցների պատճառով մարդիկ լքում են գյուղը, ինչի հետևանքով գյուղում քիչ մարդ է մնացել: Իսկ այն մարդիկ, որոնք չեն լքել հարազատ գյուղը, ապրում են իրենց ամենօրյա գործերով: Կրակոցների պատճառով երբեք չեն փակվել գյուղի դպրոցն ու մանկապարտեզը: Դեպքեր են լինում, երբ մարդն իր համար տանը նստած, կրակում են և սպանում: Մեր գյուղի տղամարդկանց մեծամասնությունը պայմանագրային զինծառայողներ են: Ես մի անգամ մեր այգում գտել եմ փամփուշտ: Թշնամին իրենց դիրքերից անզեն աչքով կարողանում է տեսնել մեր գյուղի իրադարձությունները: Թշնամին մեր գյուղից հեռու է ընդամենը մի քանի հարյուր մետրով: Վերջերս կրակոցների ժամանակ մեծ հրետանիով վնասել էին մեր հարևանի տան այն հատվածի սենյակը, որտեղ իրենց փոքրիկ երեխայի օրորոցն էր: Այդ ժամանակ կրակոցի մոտիկ լինելուց մեր տունը շատ ուժեղ ցնցվեց, բայց ես ինձ հանգստացնում էի նրանով, որ մենք չենք կարող սահմանը լքել: Եթե լքենք, թշնամին կգրավի գյուղը:

Մերի Առաքելյան

***

Ինձ իմ տատիկը պատմել է, որ առաջ գյուղում շատ երջանիկ է եղել կյանքը, այսօրվա թշնամիները բարեկամություն են արել: Պառավաքար գյուղում էլ են կրակում, իմ հորաքրոջ տանը կպել է: Եթե կրակոցներ չլինի, մենք երջանիկ կլինենք: Ես վախենում եմ կրակոցից, թշնամիները անգամ չեն թողնում գնալ պարապմունքի: Ես գնում էի նկարչության, պարի, երգի խմբակների: Ես շատ եմ սիրում այդ խմբակները: Անցած տարի թշնամու կրակոցների պատճառով ես չեմ գնացել: Իմ մայրիկը որոշեց, որ ես չգնամ: Նա էլ էր շատ վախենում: Ես էլ մի տարի կլինի, որ չեմ հաճախում: Կրակոցները շատ վաղուց են, արդեն չեմ հիշում երբվանից: Մեր գյուղում, Մովսես գյուղում, Այգեպար և այլ գյուղերում շատ-շատ են կրակոցները: Իմ երազանքն այն է, որ աշխարհում խաղաղություն տիրի:
Մեր խաղողի այգիները շատ վաղուց վառել են, չեն թողել խաղող հավաքել: Ես ցանկանում եմ աշխարհին խաղաղություն, և որ աշխարհի բոլոր մանուկները երջանիկ լինեն: Ես ուզում եմ, որ մեր երկրում կռիվ չլինի:

Լիանա Բադալյան

***

Կրակոցների պատճառով շատ մարդիկ են մահանում: Ոմանք վախից են մահանում, իսկ ոմանք` զոհվում: Փետրվարի տասնմեկին մեր գյուղում Վանիկ անունով մի մարդ զոհվեց: Նրա որդին դրսում էր: Նա դուրս է եկել, որպեսզի տեսնի, թե իր երեխան որտեղ է, այդ պահին փամփուշտը խրվել է սիրտը, և նա հիվանդանոցի ճանապարհին մահացել է:

Վլադիմիր Գալստյան

***

Ես շատ եմ վախենում, որ ամեն րոպե կրակոցները կխլեն նոր մարդկանց կյանքեր: Բայց ինչ էլ լինի, ես մեր գյուղը շատ եմ սիրում: Եվ հուսով եմ, որ մի օր գլուխս հանգիստ բարձին կդնեմ, առանց վախենալու, որ ամեն րոպե կարող է կրակոցներ սկսվեն, և ես հանգիստ կլինեմ թե ինձ համար, թե հարազատներիս: Ինչ էլ լինի, սիրում եմ իմ գյուղն ու դպրոցը: Եվ երբ կրակում են, հաջորդ օրը ոչ մեկը չի բացակայում դպրոցից: Մեր գյուղի մարդիկ շատ քաջ են, որովհետև, երբ կրակում են, ոչ մեկը վախկոտի պես չի փախչում գյուղից: Նրանք հանուն մեր գյուղի իրենց կյանքը կտան:

Ալլա Իսրայելյան

***

Իմ հիմնական մտահոգությունն այն է, որ այս գյուղից է սկսվում Հայաստանը, բայց այնքան քիչ է գտնվում ուշադրության կենտրոնում: Կցանկանայի ավելի շատ ուշադրություն դարձվեր նման սահմանապահ գյուղերին:

Հրանտ Իսրայելյան

***

Այս փոքրիկ գյուղում շատ են հնչում կրակոցներ և մեծ վնաս հասցնում մարդկանց: Կրակոցները հնչում են տարբեր ժամերի, օրերի, նաև զոհվում են շատ մարդիկ: Վերջերս կրակոցներ եղան մեր գյուղում: Վիրավորվել էր մեր գյուղի զինծառայողներից մեկը: Կրակոցները հնչում են տարբեր զենքերից: Քանի որ մեր գյուղը շատ մոտ է հակառակորդին, առաջին կրակոցը կպնում է մեր գյուղին:

Մարուսյա Կամենդատյան

***

Շատ տարիներ առաջ մեր գյուղում էլի կրակոցներ կային, բայց այն ժամանակ մեր դպրոցում ավելի շատ երեխա կար, քան հիմա: Հիմա շատերը հեռանում են: Մեր դասարանում սովորում է հիմա 3 աշակերտ, և մենք շատ քիչ ենք, բայց ամեն ինչ իրար հետ կիսում ենք քույր և եղբոր նման: Իմ դասընկերուհին մնում էր իր տատիկի, պապիկի, քույրիկի և մայրիկի հետ: Իր հայրիկը գնացել էր Ռուսաստան, իսկ հետո իր մայրիկը գնաց և իրեն ու քրոջը պահում էին տատիկը և պապիկը, իսկ հետո նրանք էլ գնացին:
Կրակոցների ժամանակ ես դաս էի սովորում, բայց չէի կարողանում սովորել, լարվում էի անընդհատ: Բայց այդ ժամանակ էլ մենք գնում ենք դպրոց, որպեսզի սովորենք կարդալ, գրել:
Ես միայն ուզում եմ, որ լինի խաղաղություն:

Շուշան Կամենդատյան

***

Ես շատ եմ սիրում իմ գյուղը: Մեր գյուղը շատ լավն է, եթե կրակոցներ չլինեն: Ես հաճախում էի նկարչական խմբակ: Երբ կրակոցները շատացան, արդեն չեմ հաճախում: Ես հուսով եմ, որ կրակոցները կդադարեն, և կորուստներ չեն լինի:

Ջուլիետա Հովհաննիսյան

***

Մեր գյուղը լավն է, եթե կրակոց չլինի: Մենք ամեն ինչ անում ենք կրակոցների տակ, մեր կյանքի գնով: Մեր գյուղը քսանհինգ տարի է կրակոցների տակ է ապրում, և ադրբեջանական առաջնային թիրախն է:Դրա վառ ապացույցը նյութական և մարդկային կորուստներն են: Դրանք այնպիսի կորուստներ են, որոնք անուղղելի են: Սեպտեմբերյան կրակոցները շատ ահարկու էին, որ գրեթե անհնար էր դպրոց գնալ: Դա էլ հենց պատճառ է դառնում արտագաղթի և տարբեր հիվանդությունների: Այս ամենի վառ օրինակը մեր դասարանի սակավաթիվ աշակերտներն են: Երանի խաղաղություն լինի, և բոլորը իրենց օջախները վերադառնան:

Էրիկ Ղազարյան

***

Սրանից մի քանի տարի առաջ գյուղս ապրում էր երեխաների ճիչով, մարդկանց շարժով: Իսկ հիմա քայլում եմ փողոցներով, և ամենուր լռություն է: Այս ամենի պատճառը կրակոց ասվածն է: Թշնամին հաճախ է գյուղը կրակահերթի տակ պահում: Գյուղս շատ փոքր է, անգամ քարտեզի վրա չկա կամ չի երևում: Սակայն նրա տված սերունդները ճանաչված են ամբողջ աշխարհով մեկ:

Շուշան Ղազարյան

***

Ինձ անհանգստացնում են կրակոցները, որոնք խաղաղ բնակիչների են սպանում: Շատ անգամներ են մեր գյուղի վրա կրակել թշնամիները: Կրակոցների ժամանակ շատ են տուժվել բնակելի տներ և անմեղ մարդիկ: Մեր տունը նույնպես տուժվել է կրակոցների ժամանակ: Շատ մարդիկ սահմանապահ գյուղերը լքում են միայն կրակոցների և լարված ապրելու պատճառով: Կրակոցները նաև խանգարում են դասերին: Հաճախ կրակոցների պատճառով կարճ ժամանակով փակվում է մեր գյուղի միակ դպրոցը, իսկ երբ գնում ենք դասի, այնքան լարված ենք լինում, որ չենք կարողանում դաս անել:

Ասպրամ Մանուկյան

***

Ինձ ամեն ինչից շատ հուզում է իմ սահմանամերձ գյուղի վիճակը: Հուզվում եմ այն բանից, որ անմեղ մարդիկ իրենց տանը նստած չեն կարողանում դուրս գալ կրակոցի ժամանակ, ոմանք էլ մահանում են: Ինչքան ցավալի է այդ ամենը: Ինչքան էլ կրակոցներ են լինում, միևնույնն է, մենք առավոտյան արթնանում ենք և գալիս դպրոց: Մեր տնից շատ պարզ երևում են հակառակորդի տները: Ամեն անգամ, երբ գիշերը աչքերս փակում եմ, աղոթում եմ, որ կրակոց չլինի, և իմ եղբայրը անհոգ գնա մանկապարտեզ: Ես շատ եմ սիրում իմ գյուղը: Եթե նույնիսկ պետք լինի, ես կկռվեմ գյուղիս համար, որպեսզի իմ ընտանիքը վախով չապրի:
Եվ թող այսօրվանից դադարեն կրակոցները և ծածանվի խաղաղության դրոշը:

Անահիտ Մինասյան

***

Շատ մարդիկ գյուղական կյանք ասելով հասկանում են ձանձրալի կյանք, որտեղ ոչինչ չկա անելու: Սակայն դա այնքան էլ այդպես չէ: Գյուղում մարդկանց հուզող մի շարք խնդիրներ կան: Բայց ինձ հուզող խնդիրն ունի ուրիշ բնույթ: Ես տասնվեց տարեկան եմ, ինձ հուզող խնդիրը իմ մասնագիտության մեջ շատ լավ մասնագետ դառնալն է: Եվ հենց դրա համար իմ ամբողջ օրը անցնում է դասեր սովորելով: Սակայն բացի ընտրածս մասնագիտությամբ աշխատելուց, ունեմ ևս մի գեղեցիկ երազանք: Դա դերասանուհի դառնալն է: Եվ հուսով եմ, որ կհասնեմ իմ նպատակներին:

Լուիզա Չոբանյան

***

Հուզվում ենք այն ժամանակ, երբ կրակոցներ են լինում, և բոլորը շատ են վախենում:: Կրակոցների ժամանակ բոլորը մտնում են իրենց ապահով տեղերը: Կրակոցի ժամանակ մեր գյուղում տուն է այրվել:

Աիդա Փարսյան

***

Մեզ շատ են անհանգստացնում կրակոցները: Մարդիկ կրակոցների պատճառով գյուղը լքում են: Մարդիկ իրենց տանը նստած վախենում են, որ ամեն վայրկյան կկրակեն:

Արև Բադալյան

***

Ինձ ամենից շատ հուզում են կրակոցները: Կրակոցները անհանգստացնում են բոլորին: Օրինակ աշակերտներին դա խանգարում է սովորել, բոլորը վախենում են կրակոցներից` ես նույնպես: Մեր գյուղը գտնվում է հակառակորդի գնդակոծության տակ: Կրակոցները խանգարում են մարդկանց աշխատանքին: Օրինակ, խաղողի այգիները, որոնք գտնվում են հակառակորդի տեսադաշտում, մարդիկ չեն կարողանում գնալ մշակել, աշխատել: Ես նույնպես վախենում եմ կրակոցներից: Ամենաշատը նրանից, որ դրանք ինչ-որ մեկին կարող են վնասել: Իմ կարծիքով. սահմանում ապրելը հերոսություն է:

Մարինե Ղահրամանյան

***

Մենք մեծ հաճույքով և առանց վախի հաճախում ենք դպրոց: Մարդիկ մշակում են իրենց խաղողի այգիները: Մեկ շաբաթ առաջ ուժեղ կրակոցներ են եղել Պառավաքար գյուղում, և մահացել են երկու անմեղ բնակիչներ: Մեր գյուղից նույնպես բնակիչներ են մահացել:
Ես ամեն օր գլուխս դնում եմ բարձին երազելով, որ այս ամենը մի երազ է, և երբ ես արթնանամ, ամեն ինչ ավարտված կլինի, և կբացվի մի նոր լուսավոր օր: Ամեն օր քնելիս ես աղոթում եմ Աստծուն, և ես գիտեմ, որ իմ աղոթքները նա կլսի և այնպես կանի, որ կվերջանա այս պատերազմը:
Մեր գյուղում օրեցօր մարդիկ քչանում են: Մի քանի ամիս առաջ գնացին նաև իմ դասընկերուհին և իր ընտանիքը, քանի որ նրանք շատ էին վախենում:
Ամեն կրակոցի ժամանակ մենք գնում էինք իմ ընկերուհու տուն, քանի որ այնտեղ ավելի ապահով է: Ես հուսով եմ, որ մի օր անպայման կավարտվի այս ամենը:

Մերի Շառյան