ani dodoryan lori vanadzor

Սերը ծնվում է լեռներում, լեռները սեր են

Արի գնանք լեռներում ապրենք՝ առանց կանոնների ու պարտավորությունների: Ապրենք ազատ ու երջանիկ, ազատ հոգով ու մարմնով: Ուզում եմ կյանքի ամեն ակնթարթում աչքերդ փայլեն ուրախությունից:

Մեզ պետք չեն անիմաստ ու շքեղ հարսանիքներ, որ դրանից հետո ապրենք միալար ու տաղտկալի կյանքով: Որ չբավարարվենք ու աչքներս գցենք այլ համաստեղություն, որ զգալով անհետաքրքրությունը ու մահացած կյանքը՝ դավաճանենք իրար: Դավաճանենք հոգով ու մարմնով, դավաճանենք ինքներս մեզ: Ու հետո մտածենք որտեղ ենք սխալվել, սխալվել ենք ընտրության հարցում, սխալվել, որովհետև աչքներս չենք փակել ու մտքով սավառնել երկնքում, սավառնել հասկանալու համար. արդյոք մենք ճիշտ մարդն ենք, որ հանդիպեցինք: Բոլոր մարդիկ յուրահատուկ են կյանքում, միայն գտիր քոնը:

Մի ասա՝ չկա, չեմ գտնում։ Իսկ դու փնտրե՞լ ես, փնտրի՛ր:

Մեզ պետք են վրաններ, ծառեր, ծաղիկներ ու դաշտեր… Արի չկտրվենք ու միաձուլված մնանք բնությանը:

Մեզ պետք չէ վանդակում ապրող թռչունների կյանք, պարփակված ու սահմանափակ մտքեր: Մեզ պետք է ազատ ու երևակայական աշխարհը տնօրինելու համարձակություն:

Արի գնանք լեռներում ապրենք, առանց օրենքների: Ինչ-որ բանի մասին սահմանում մտածել նշանակում է սահմանափակել այն ու դրա կարողությունները: Արի ապրենք մեր կյանքն առանց ավելորդությունների ու ծանր բեռի: Արի գրկենք իրար՝ հասկանալու մեր կարևորությունը, ու մեզ սիրված զգալու համար։

Ու անպայման, արի գնանք լեռներում ապրենք…