annamusayelyan

Սեփական արևն ունենալու մասին

Անձրև է գալիս, ու ես դրանից երջանկանում, ուրախանում եմ, Տերյանս ու Սուջյանս էլ օգնում են ավելի լավ զգալ ու վայելել անձրևը, անձրևի ձայնից մեղեդի է հյուսվում՝ համապատասխան ներքին մեղեդուն, որը հաճախ դժվար է գրի առնել բառերով ու նոտաներով:

Անձրևից հետո թաց ապակիներին գրում եմ “find your own sun”, երբեմն էլ գրելիս Վանը ականջներումս կամ մտքումս երգում է “you’re the rising sun”: Մտածում են, թե արև եմ ուզում, որովհետև գրելուց հետո արև էլ եմ նկարում, բայց չէ, իրական արևներ ու արև է պետք ինձ ու բոլորին: Ինչի՞ համար: Ինչի համար որ պետք է երկնքի արևը, որի մասին աշխարհագրության ժամին դաս պատմեցի, թե առանց նրա երկրի վրա կյանք չի լինի: Չի լինի… Հաստատ… Երևի…

Բայց էդ կյանքն իմաստավորելու համար էլ արև-մարդիկ ու սեփական արև է պետք: Էդ կյանքն ապրելու ու զգալու համար պետք են մարդիկ (կամ մարդ), ովքեր էությամբ արև են, իսկ մեկի համար՝ ամենաարև: Եվ առանց որոնց «երկնքի արևն» էլ ինչքան վառ ու պայծառ շողա, իրական ջերմություն չի տա. միայն շնչելը կապահովի երկրի վրա:

Արև չեմ սիրում, ամառվա վառ արևներից ու դրա տաքությունից էլ վատանում եմ:

Ահա նույն վառ արևն է, որից նախորդ օրը վատացել էի, բայց ահա մարդիկ, գնում ու ողնաշարը ջարդելու չափ ուժեղ գրկում եմ, մեկ-մեկ էդ արևը մի քանի ամսեկան հրաշք կարող է լինի՝ փամփլիկ թաթիկներով ու անմեղ հայացքով:

Հետո հեռվում ուրիշ արև-մարդիկ են կանգնած, գնում, մոտենում ես, խոսում, շփվում…

Մեկ-մեկ էլ արևի իրական ջերմություն ստանալու համար բավական է նայել, փոխադարձ ժպտալ, ու նայել ավարտելուց հետո էլ ջերմությունը դեռ կա…

Հնարավոր է նաև թեթև բարև, որը նույնիսկ չի լսվում, միայն զգացվում է, ու էդ բարևն էլ արև է դառնում՝ էլ ավելի պայծառ, ու նկատում ես, որ էդ արևները ու արևը էնքան պայծառ ու վառ էին, բարի ու ներսը ուրախությամբ ու ջերմությամբ լցնող, որ ուշաթափ անող արևը էլ չէր ազդում. խամրել էր, խեղդող ջերմությունն էլ խեղդվել էր իրական ջերմության մեջ՝ անհետ:

Ես էլի թաց ապակիներին “Find your own sun” եմ գրում ու արև նկարում, հիմա էլ Շիրանն է ականջներումս երգում՝ առանց արև բառը շեշտելու` արև ու իր արևին է երգում…

Ու իրոք, կյանքում պիտի մեր արև-մարդկանց ունենանք:

Էդ արև-մարդը կարող է լինել մարդ, որի հետ ամբողջ օրը զրուցում, խոսում, ծիծաղում, նյարդայնանում ու տխրում ես, գնում պարապմունքի` էդ ճանապարհին անպայման արկածներ ստեղծելով, որի հետ յոգուրտ ես ուտում, կամ էլ առնում՝ առանց գդալի, ու հերթով խանութներ մտնում, բայց չէ, գդալ չես ճարում:

Արև-մարդ, ով առանց «բարև, ոնց ես»-ի քեզ իր սիրելի խմբից երգ կուղարկի, ու դա էլ լավագույն «բարև, լավ եմ»-ը կստեղծի:

Արև-մարդ, որին օրերով, ամիսներով չես տեսնի, հետը չես գրվի, բայց հանդիպման պահին կզգաս, որ ոչինչ չի փոխվել:

Մարդ, ում կգրես, ուղղակի տեսնես` ոնց է, շփվես, հանգստանաս:

Արև-մարդ, ով անծանոթ է, բայց մի խոսքով քեզ կմոտիվացնի ավելին անել, կոմպլեքսներից էլ շուտ կազատի, ու թուղթ-գրիչ վերցնելուց էլ չես վախենա, էս ամենն էլ հնարավոր է հենց իր շնորհիվ է գրի առնվում:

Ու էդ արև-մարդկանց կողքին էլ պիտի փնտրես ու գտնես քո սեփական արևին, որը միշտ կա ու կշողա նույնիսկ անձրևոտ օրերին՝ ցանկացած անձրևոտ օր, երբ նույնիսկ ներսդ է ամպամած ու մառախլապատ… Պիտի ունենաս քո սեփական արևը, ում պատվին էլ թվում է՝ երկնքում շողացող առարկային արև են կոչում:

Հա մոռացա ասեմ, Կավիճն էլ ասում է, որ մեր արևները մեր մեջ են:

Մեր արևները՝ թաքնված, չբացահայտված:

Բայց էդ արևին բացահայտողն էլ երևի մենք չենք,

Միմյանց արևներ պիտի բացահայտենք…

Ունենանք, գնահատենք ու պահենք մեր արև-մարդկանց,

Փնտրենք ու գտնենք մեր սեփական արևին՝ միշտ մեր կողքին, վառ ու լուսավոր:

Միշտ՝ իր ուշաթափ անող ջերմությամբ և երջանկությամբ, իր խեղդող կարևորությամբ ու պայծառությամբ…