satenik

Վաղ ընտրություն

Իններորդ դասարանն ավարտող յուրաքանչյուր պատանու խնդիրն է որոշել` կամ դուրս գալ դպրոցից, կամ ընտրել մասնագիտություն, կամ շարունակել հաճախել դպրոց: Ահա այդպիսի դժվար ընտրության առաջ էի կանգնել ուսումնական տարվա սկզբին: Մայրս ամբողջ ամառ հարցնում էր. «Սա՛թ, կարող ա՞ անգլերենի մասնագետ դառնաս, կարո՞ղ ա` մանկավարժ, կամ դիզայներ, կամ մոդելավորող»: Իսկ այդ բոլոր հարցերին հետևում էր հետևյալ պատասխանը. «Չգիտեմ»: Իսկապես չգիտեի, չէ որ այդ տարիքում դեռ չես կողմնորոշվում, թե ինչ ես ուզում դառնալ: Դեռ շատ մասնագիտությունների մասին ոչինչ չգիտես, բայց ստիպված ես արագ ընտրություն կատարել, ինչը իմ կարծիքով սխալ է:

Վերջիվերջո առանձնացրեցինք երկու մասնագիտություն` տնտեսագետ և մանկավարժ: Իսկ այս երկուսից հաղթեց տնտեսագետը` ձայների մեծամասնությամբ: Որից էլ հետևում էր, որ դուրս եմ գալիս դպրոցից և ընդունվում Արարատի պետական քոլեջի` «Սպասարկման կազմակերպում» բաժինը: 

Քոլեջից առաջին տպավորությունները շատ լավ էին` նոր միջավայր, նոր «դասարան», «նոր դասասենյակ», լավ բացատրող «ուսուցիչներ»: Բնականաբար յուրաքանչյուր առաջին կուրսեցու համար դժվար է ադապտացվել կուրսղեկ, կուրս, դասախոս և լսարան բառերին: Նաև առաջիկա օրերի խնդիրն էր` լսարանների համարները հիշել, քանի որ շրջում էինք լսարանից լսարան, բացառությամբ ձմռանը: 

Քոլեջի ամենաուրախ պահերից մեկը երկար դասամիջոցին «բուֆետ» գնալն է: Սակայն ի տարբերություն դպրոցի, բուֆետ չկա: Մենք օգտվում ենք քոլեջի դիմացի խանութներից: 

-Ըհը, զանգը տվեց,-արագ-արագ հավաքվելով ասացի ես ու ընկերուհուս ձեռքը բռնեցի և քաշեցի դեպի մուտքը: 

Հիմա կասեք` «Ինչի՞ց եք ուշանում», որովհետև եթե մի քիչ ուշ ենք գնում, մեզ ուտելու բան չի հասնում: 

Չնայած քոլեջը դասաժամի տևողությամբ տարբերվում է դպրոցից` 80 րոպե, սակայն դասաժամը այնքան բովանդակալից և հետաքրքիր է անցնում, որ չենք նկատում, թե դասը երբ վերջացավ:

Սկզբում աշակերտից անցումն ուսանողի դժվար է, սակայն որոշ ժամանակ անց համակերպվում ես: Դպրոցն ունի հատուկ համակարգ, իսկ քոլեջում դու ես քո գլխի տերը: Բայց չմտածեք, թե քոլեջը վերահսկողությունից դուրս է. քեզնից պահանջում է սովորել և հաճախել դասերին, լինել կազմակերպված և պատասխանատու, հակառակ դեպքում բացակաների պատճառով կհեռացվես: 

Առայժմ ինձ դուր է գալիս ուսանող լինելը. քեզ մի տեսակ մեծ ես զգում: Բացի այդ քոլեջում շատ ակտիվ է անցնում նաև ժամանակը դասերից դուրս: Ամեն շաբաթ կազմակերպում ենք միջոցառումներ, մրցույթներ տարբեր կուրսերի միջև:
Հուսամ, մինչև ավարտելս ավելի լավ կհասկանամ. Ուզում եմ դառնալ տնտեսագետ թե ոչ, և իմ ընտրության համար հետագայում չեմ զղջա: