Տատս գեղեցկացնում է մեզ…

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Լուսանկարը՝ Իզա Ասծատրյանի

Տատիս՝ Ռոզան, գանգուր վարսերով, սևակ ու անչափ գեղեցիկ է: Նա այնքան աշխատասեր է, որ ձանձրանում է միայն պարապ-սարապ մնալուց: Միշտ զարմանում է, թե ինչպես կարելի է գործ չանել ու հոգնել: Ասում են, որ տատիկները շատ կարևոր դեր ունեն թոռների կյանքում, նաև յուրահատուկ կապ կա: Տատս հենց այդպիսին է: Նա յուրահատուկ տանտիկին է, մայր ու լավագույն տատը: Նրա խոսքն ու լինելն ուղղակի անհրաժեշտ է բոլորիս: Տատս ուրիշ է:
1960-ական թվականներից Հին Հալիձորից մարդիկ բարձրանում էին ներկայիս գյուղ: Այստեղ արդեն դպրոց էր կառուցվում, մարդիկ տուն ու տեղ էին դնում: Տատս ու պապս առաջիններից էին, ովքեր նոր Հալիձորում սեփական ձեռքերով տուն կառուցեցին: 1972 թվականին տեղափոխվեցին նորակառույց տուն, բայց շարունակեցին մշակել նաև հին գյուղի այգիները: Ամռան եռուզեռին, ոտքով հասնում էին հեռավոր այգիներ, թութ թափում, որ օղի քաշեն: Մայրս միշտ հիշում է, թե ինչպես էր տատս ամեն գործ ժամանակին հասցնում և չորս երեխաներին մաքուր ու դասապատրաստված դպրոց ուղարկում: Խելացի տատիս հետ երբեք չես ձանձրանա: Մի անգամ միասին դաշտ գնացինք թեյի ծաղիկներ հավաքելու: Ես, ինչպես միշտ, գնացել էի լուսանկարվելու համար, բայց տատիս հետ երիցուկներ հավաքեցի ու ինձնից գոհ հետ վերադարձա: Իսկ տատս… Տատս այնքան ծաղիկներ էր հավաքել, որ Ռուսաստանի բոլոր բարեկամներին էլ բաժին հասավ: Հետո նաև թութ թափ տալու աշխատանքներին մասնակից դարձա: Ու այդպես էլ սկսեցի հասկանալ գյուղում ապրող մարդու աշխատանքի գինը, կնոջ կյանքի բոլոր դժվար ու նաև հաճելի կողմերը: Հեշտ չէ ապրել ու շենացնել գյուղում ապրող մեծ ընտանիքի տունը, որտեղ հյուրերն անպակաս էին:
Տատիկս շատերի համար է իդեալական կնոջ օրինակ: Եվ իր նվիրվածության պտուղները կարելի է տեսնել ճիշտ դաստիարակված երեխաների ու թոռների մեջ: Նա յուրաքանչյուրիս հաջողությամբ այնպես է ուրախանում և ոգևորում, որ պարտավոր ենք առաջ նայել ու ավելիին հասնել: Իսկ թե ինչպիսի խոհարար է Ռոզա տատիկը, պատմելու բան չէ: Նրա պատրաստած չամիչով փլավը, խաշիլն ու տոլման ուրիշ համ ու հոտ ունեն: Երբ իրար գլուխ ենք հավաքվում, տատս մառանից միրգ ու կոմպոտ է բերում, փոխինձով կոլոլակ պատրաստում: Վայ, չուտողին:
Դժվար է գրել իդեալական կնոջ մասին, երբ նա այնքան համեստ է: Չես կարող բառերով նկարագրել նրա կյանքով լիքը աչքերի ու ամենաբարի ժպիտի մասին: Նա անվերջ լավագույնն է անում բոլորիս համար՝ իր խորհուրդներով, օրինակելի պահվածքով ու պարզապես մեր կողքին լինելով: Նրան պետք է սիրել ու հարգել, մեզնով հպարտանալու առիթներ շատ տալ, միշտ շնորհակալ լինել:

Շնորհավո՜ր իմ ամենատատիկի միամսյակը և ամեն օրը: Շնորհավո՜ր բոլոր կանանց և աղջիկների տոնը: