lilit hovsepyan

Փորձություններով հարուստ օր

Դասընթացս նոր էի ավարտել, շտապում էի գնալ Կոմիտաս՝ մայրիկիս աշխատանքի տեղը, որպեսզի հետո միասին գնայինք Օպերա՝ համերգի։ Շտապելուց, սովորության համաձայն, երթուղային նստելիս մոռացա հարցնել՝ արդյոք այն գնո՞ւմ է իմ ուզած ուղղությամբ, թե ոչ։ Նստելուց մի 7 րոպե հետո հասկացա, որ մի բան էն չէ։ Այո, ճիշտ էի հասկացել, այդքան ժամանակ սխալ ուղղությամբ էի գնում: Ինչևէ, արագ բացեցի պայուսակս, որպեսզի հանեմ 100 դրամանոցը, տամ վարորդին ու իջնեմ։ Բայց ամեն ինչ այդքան էլ հեշտ չի լինում: Փաստորեն ես դրամապանակս մոռացել էի տանը ու այսքան ժամանակ չէի նկատել, որ այն ինձ մոտ չէ։ Բարեբախտաբար, պայուսակս երկար փորփրելուց հետո գտա իմ որպես պահուստ ունեցած 100 դրամանոցը ու ափսոսելով տվեցի այն վարորդին: Ստիպված Գնունի շուկայի մոտից ոտքով պետք է գնայի Շրջանային։ Արդեն ուշանում էի, տարբերակ չկար, պետք է զանգեի մայրիկիս։ Զանգը գնում է, բայց նա չի վերցնում: «Լավ, հիմա ո՞ւր պիտի լինի, բա դրամապանակս ո՞ւր է»,- շարունակ մտքումս այդ խոսքերը ասելով՝ քայլում էի դեպի իմ նշանակետը։

Վերջապես մայրս զանգեց.

-Լիլ, ի՞նչ ա եղել, պրծա՞ր դասընթացդ։

-Հա, մամ, նո՞ր, նույնիսկ հասցրել եմ սխալ տրանսպորտ նստել ու ոտքով արդեն հասնում եմ Շրջանային, դրամապանակս էլ թողել եմ տանը, վերջին 100 դրամս էլ տվել եմ այդ երթուղայինին։

Մայրս, նկատելով իմ լարված վիճակը, ծիծաղելով ասաց.

-Վա՜յ, Լիլ, սենց բաներ մենակ քեզ հետ են լինում։ Մի բան նստի, արի, ես քեզ կդիմավորեմ։

Բայց ինձ հակառակ, բոլոր տրանսպորտի միջոցները կոալիցիա էին կազմել իմ դեմ ու կատեգորիկ վերացել էին։ Ուղիղ մեկ ժամ սոված, հոգնած ու անիմաստ կանգնեցի կանգառում։ Երբ արդեն ինքնամոռաց կանգնած էի, ինձ իրականություն հետ բերեց իմ ընկերոջ զանգը, որը հեռվից ինձ նկատել էր: Այնքան հեռվից, որ երկար այս ու այն կողմ նայելուց հետո նույնիսկ չկարողացա նրան տեսնել։ Չնայած նրան, որ նա ինձնից հարցուփորձ արեց, միևնույնն է, ես, լինելով այս դեպքում հպարտ աղքատ կամ միգուցե անիմաստ հպարտ, չդիմեցի նրա օգնությանը։

Իմ համբերությանն էլ սահման կար, մի բան պետք էր անել։ Ժամը նայելուց հետո հասկացա, որ եթե այստեղ կանգնած մնամ, համերգը կսկսեն առանց ինձ։ Փայլուն մտքերը իրար հերթ չէին տալիս, և ահա ընտրեցի դրանցից մեկը համարելով ամենաիրականը և ամենամատչելին։ Որոշեցի ոտքով գնալ Օպերա և մայրիկիս հետ խոսելուց հետո, այսինքն՝ նվնվալուց հետո, պայմանավորվեցինք հանդիպել այնտեղ։

Դժբախտաբար, ես մայրիկից շուտ հասա, որտեղ և սպասում էր ինձ իմ վերջին փոքրիկ, բայց այդ պահին շատ կարևոր փորձությունը։ Դա այն էր, որ Օպերայի շենքի հենց կողքին կա մի փոքրիկ սննդի կենտրոն, որի դիմաց թախծոտ ու անզոր կանգնած էի ես։ Երբեք այդքան կարոտած չէի նայել ոչ մի ուտելիքի:

Ինչևէ, մայրս շուտ հասավ ու օգնեց ինձ հաղթահարել իմ վերջին փորձությունը։

Ոչ մի անգամ չէի մտածի, որ իմ անփութության պատճառով կսկսեմ այդքան գնահատել մի հարյուր դրամանոցը։