seda mkhitaryan

«Փոփոխությունը հենց դու ես»

1985 թվականից ՄԱԿ-ի որոշմամբ դեկտեմբերի 5-ը նշվում է որպես կամավորների միջազգային օր։ Օրվա առթիվ հարցազրույց ուեցանք ՀԿ կենտրոնի «Վանաձորի Ինֆոտուն» ծրագրի համակարգող Վահե Խաչիկյանի հետ։

Վահեն մեզ հետ կիսվեց կամավորական աշխատանքում ունեցած իր փորձի մասին։

Վահեն սկսել է կամավորությամբ զբաղվել 2010 թվականից։ Նրա հայտնվելը կամավորական գործընթացներում տեղի է ունեցել պատահական, երբ Վահեն մի միջոցառման ժամանակ հանդիպել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու Երիտասարդաց միության անդամների հետ, և հենց այստեղից էլ սկսվել է ամեն ինչ։ Ավելին` Երիտասարդաց միության համակարգող Վանիկ Գաբրիելյանն էլ Վահեի համար դարձել է կնքահայր։ Մինչ այս հանդիպումը, Վահեն կամավորության փորձ ունեցել է նաև գյուղում` աշակերտական խորհրդի մեջ ներգրավված լինելով։

«Կամավոր գործունեության մեջ ամենակարևորը նվիրումն ու սերն է»,- նշում է մեր հերոսը և ավելացնում. «Կամավորություն անելուց առաջ դու պետք է իմանաս, թե ինչի համար ես կամավորություն անում. գաղափարի՞, թե ասենք, հավաստագրի կամ շնորհակալագրի»։

Վահեն իր կամավորական փորձի ընթացքում հասցրել է աշխատել տարբեր ծրագրերում ու տարբեր կազմակերպությունների հետ։

2013 թվականիցից մինչև 2016-ը եղել է Գուգարաց թեմի մարզային երիտասարդական կառույցի համակարգողը։

2015-ին ընկերների հետ հիմնադրել է Գուգարաց թեմի հովանու ներքո գործող համայնքային զարգացման կենտրոնը, որը մինչև հիմա գործում է։ Նախքան կենտրոնը հիմնադրելը Վահեն ընկերների հետ ստեղծել է «Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագիրը, որին հաջորդել է կենտրոնի ստեղծումը։ Վահեի խոսքով` մենք պիտի պատասխանատու լինենք մեր շրջապատում գտնվող ցանկացած մարդու համար, և հենց այդ պատասխանատվությունից էլ բխել է ծրագիրը։

Այնուհետև Վահեն ավելի շատ խորացել է երիտասարդական ծրագրերում և սրա արդյունքում 2016 թվականին հիմնադրում է «Մենք» Լոռու մարզի երիտասարդական ՀԿ-ն, որի առաքելությունը երիտասարդական հիմնախնդիրների լուծումն ու երիտասարդների համար հնարավորությունների ստեղծումն է։

Մեր հերոսի կարծիքով` կամավորություն անելուց առաջ մարդը իր համար պիտի ընտրի կոնկրետ նպատակ, որևէ կարգախոս, որով կառաջնորդվի իր գործունեության ընթացքում։ Վահեն իր համար կարգախոս է ընտրել Մայր Թերեզայի հետևյալ խոսքը. «Խաղաղությունը ժպիտով է սկսվում»։ «Խաղաղաշինական ծրագրերը ու ընդհանրապես միջանձնային կոնֆլիկտների կարգավորումը ինձ համար առաջին պլանում են գտնվում»,- ընդգծում է Վահեն։

Բացի այս կարգախոսը, Վահեի կարծիքով կամավորության դրդող լավագույն խոսքը հենց աստվածաշչյան ոսկե կանոնն է։

Վահեն կարծում է, որ տարբեր ոլորտներում կամավորական գործունեությամբ զբաղվելը օգնում է ունենալ մասնագիտական ճիշտ կողմնորոշում։ Բացի այս, կամավորությունը Վահեին օգնել է նաև ձեռք բերել ազատություն, ազատվել բարդույթներից և ստանալ գիտակցություն, որ դու միայնակ կարող ես ինչ որ բան փոխել, գիտակցություն, որ փոփոխությունը հենց դու ես։