nare sharmazanova

Քառակուսուց դուրս իմ բզեզները

Ինչ որ չես հասկանում, այն քեզ չի պատկանում. հայտնի ճշմարտություն, որ մարդկային շփման բոլոր մակարդակներում ենթադրում է խոսք: 

Հյուրանոցի միջանցքում տեսա վազվզող հրաշեկ մազերով, վառվող աչքերով, չարաճճի բզեզներին, ժպտացի, պարզապես հաճելի էր մանկության հոտը:

Հաջորդ վայրկյանին այդ հոտը թունավորվեց՝ տեսա նրանց լսողական ապարատները: Նման դեպքերում սկսում ես ցավակցել նրանց, ովքեր «կիսատ» են… Ամեն անգամ, երբ հանդիպում էի նրանց, լսողական ապարատը դառնում էր այն կենտրոնը, որի շուրջ պտտվում էին մտքերս: Դրանք այնքան ճնշող էին՝ հալածելու աստիճան: Բայց արի ու տես, որ փոքրիկ «բզեզները» գոնե ինձ համար վերացրեցին քառակուսու սահմանները, որտեղ հարմարավետ տեղավորված են ընդունված կարծրատիպերը:Ասենք այսպես՝ ընտանիք, որտեղ բոլոր վեց երեխաները ունեն ֆիզիկական արատ, ծնողները պիտի որ տխրության և «հավերժական տրտունջի» մեջ լինեին: Այնինչ սեղանը, որի շուրջ ճաշում էին, ամենալուսավոր կետն էր. այնքան սեր, հոգատարություն և լույս կար…

Աչքս չէի կտրում նրանցից, փորձում էի հասկանալ՝ ի վերջո, սա ծնողների առօրյա դարձած խա՞ղն է, թե՞ իրական ապրում: Եթե անգամ խաղ էր, այնքան իրական, որ վարակիչ և ապշելու աստիճան տպավորիչ էր: Իսկ տպավորությունները դարձյալ ճեղքեցին քառակուսին, երբ «բզեզիկներն» սկսեցին իմ «կյանքը ուտել»: Նրանք շատ հանկարծակի «հարձակվում էին», ամեն անգամ անակնկալի բերելով` ստիպում ինձ վազել իրենց հետևից հյուրանոցի տարածքով մեկ:

Երբ հերթական անգամ լրջորեն պատրաստվում էի, որ այլևս չեմ հանձնվելու, նրանք այնպիսի խաղ էին խաղում գլխիս. մի անգամ «գողանում էին» հեռախոսս, մի ուրիշ անգամ` բանալին, հաջորդ անգամ ձեռքիցս գիրքն էին փախցնում: Ու այնպիսի հաճույքով էին վայելում իրենց ձեռքբերումը, որ ինքս էլ դառնում էի նրանց չարաճճիության մասնակիցը, դառնում նրանց պես ազատ՝ անսահման ազատ, և դուրս քառակուսուց:

Շատ կարճ ժամանակ անց մենք ընկերարացանք, և զարմանալին այն էր, որ անգամ մեկ բառ չէինք փոխանակել: Հաջորդ զարմանքը՝ ես այլևս չէի խղճում, ավելին, ուզում էի միանալ նրանց, բաց չթողնել, դառնալ նրանցից մեկը՝ մոռացած «կարելին ու չի կարելին»:

Այստեղ նրանցը լինելու համար խոսքի կարիք չկար: Խոսում էին աչքերը, որտեղ այնքան խաղաղ բնակվում էին աղմկոտ ուրախությունն ու թախծոտ լռությունը. այնքա՜ն խոսքեր կային, որոնց հետևից չէի հասցնում վազել: Այդ աչքերում ես տեսնում էի, որ նրանք ապրում են, այլ ոչ թե հարմարվում:

Հայտնի ճշմարտություն կա, երբ տխրությունը այցելության գա՝ նայիր շուրջդ և մխիթարվիր. կան մարդիկ, որոնց բաժինն ավելի ծանր է: