Քվեբեքի տաղավարում Մանուկ Ալեմյանն է

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Հարցազրույց Ֆրանկոֆոն ավանում Քվեբեքի տաղավարի ներկայացուցիչ Մանուկ Ալեմյանի հետ

-Ներկայացեք և խնդրում եմ ներկայացրեք Քվեբեքի տաղավարը:

-Մանուկ Ալեմյան, Մոնրեալից, Քվեբեքի կառավարության հետ միասին ներկայացնում եմ անիմատորների տաղավարը:

-Ինչպե՞ս եք հայտնվել Մոնրեալում:

-Ծնողներս հոն կացին, ես խոսք չունեի մեջը (չգիտեմ ոնց թարգմանեմ): Մայրս սիրիահայ է, հայրս` Լիբանանի պատերազմի հերոս, երկուսն էլ տեղափոխվեցին Մոնրեալ` ավելի լավ կյանք ունենալու համար և այնտեղ էլ ծանոթացան: Ցեղասպանության երես են տեսել նախնիներս` պապերս Տիգրանակերտից և Մարաշից են եղել: Իսկ ես ծնվել և մեծացել եմ Մոնրեալում:

-Շա՞տ հայ կա Մոնրեալում: 

-Այո, թվերը տարբեր են, բայց մոտավորապես 60 000 հայ:

-Ինչպե՞ս ստացվեց, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում եկաք Հայաստան:

-Մեր քաղաք եկավ «Logiq» կազմակերպությունը, որի առաքելությունն է` հեշտացնել Քվեբեքի երիտասարդության մասնակցությունը տարբեր ծրագրերի: Այս ծրագիրը դրանցից մեկն էր:

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

Լուսանկարը` Անետա Բաղդասարյանի

-Ի՞նչ է ներկայացված ձեր տաղավարում:

-Ունենք Virtual reality (վիրտուալ իրականություն), որտեղ ցուցադրում ենք Քվեբեքի 4 տեսարժան վայր` Québec city, Îles de la Madeleine, ville de Montréal և Saguenay–Lac-Saint-Jean: Եվ այս ամենը ուղեկցվում է Քվեբեքի հռչակավոր երգիչ Jean Leloup-ի «Գմբեթ» երգով ( «Le dôme»): Երկրորդ մասում մենք պատասխանում ենք Քվեբեքի վերաբերյալ բոլոր հարցերին և վերջում բոլորին հրավիրում ենք photobooth, որտեղ իրենց կհագցնեն ձմեռային ձկնորսների պես և կնկարեն: Նաև ունենք «Քվեբեք-Երևան 2018» գրվածքով գլխարկներ, որոնք կնվիրենք նրանց, ովքեր նկարը կտեղադրեն իրենց Ֆեյսբուքյան կամ Ինստագրամյան էջում #QuebecErevan2018 հեշթեգով:

-Ըստ Ձեզ, ի՞նչ է պետք անել, որպեսզի ֆրանսիական մշակույթը ավելի լայն տարածում ստանա Հայաստանում

-Առաջին հերթին ֆրանսիացի զբոսաշրջիկների գալով, ինչքան շատ զբոսաշրջիկ գա և ինչքան շատ ֆրանսիացի տեսնի ժողովուրդը: Շատ մարդիկ Հայաստանը ճանաչում էին ուղղակի որպես քարտեզի վրա երկիր: Իսկ հիմա ավելի շատ ֆրանսիացիներ կգան Հայաստան` գործ սկսելու, սովորելու համար, որպես տուրիստ մշակույթին ծանոթանալու համար:

-Իսկ նախկինում եղե՞լ եք Հայաստանում, թե սա Ձեր առաջին այցն է:

-Այո, ես մի քանի անգամ եկել եմ Հայաստան: Հայաստանը շատ եմ սիրում, Հայաստանը սիրուն երկիր է: