Օգտակար ու համեղ չիչխան

Լուսանկարը` Անգելինա Մանուկյանի

Լուսանկարը` Անգելինա Մանուկյանի

Շատերին թվում է, թե Մարտունիում հողագործական աշխատանքները ավարտվում են կարտոֆիլը քանդելուց հետո: Սակայն կան շատ բույսեր, որոնք աշնան ցրտերին էլ ու ձմռան նախօրեին էլ օգտագործվում ու մշակվում  են:

Այսօր կցանկանայի խոսել չիչխանի և դրա վերամշակման գործընթացի մասին`տնային տնտեսուհի տիկին Սեդայի հետ:

-Ինչպիսի՞ հատապտուղ է չիչխանը, տիկին Սեդա:

-Չիչխանը շատ համեղ ու առողջարար սնունդ է, հազար ու մի հիվանդություններ է բուժում: Բնությունից տրված պարգև է, որը պահպանման կարիք ունի:

-Ո՞ւմ հետ և որտեղի՞ց եք բերում չիչխան:

-Տղայիս հետ մեքենայով գնում ենք անտառ, կտրում ճյուղեր, բարձում մեքենան ու բերում:

-Վերամշակման գործընթացում, որ փուլն է առավել բարդ ու հոգնեցուցիչ:

-Ամենադժվար գործը մաքրելն է, փշերի միջից այդ մանր հատիկները անվնաս հանելը շատ դժվար է`ժամանակատար: Հատիկները առանձնացնելուց հետո այն լվանում ենք, իսկ հետո հյութաքամիչով առանձնացնում:

-Ի՞նչ զանգված է առաջանում  հյութը հանելուց հետո:

-Առանձնանում է կեղևը ու կորիզները և արդեն խմելու համար օգտագործվող հյութը:

-Իսկ կեղևը ու կորիզները ի՞նչ եք անում:

-Սկզբից դրանք փռում ենք արևի տակ ու թողնում, որ չորանա, իսկ հետո էլ աղում ենք լրիվ իրար  ու ալյուրի նման զանգված դարձնում, վրան մի փոքր ձեթ ենք լցնում ու թողնում 2 ամիս մնա: Այսպես առաջանում է չիչխանի ձեթը, որը շատ օգտակար է: Ձեթի գեղեցիկ գույն տալու համար այդ գազարագույն կեղևը չենք հանում: Ամեն դեպքում ես այդպես ավելի շատ եմ հավանում:

-Ինչքա՞ն ձեթ է գոյանում այդ զանգվածից:

-Դե այդքան էլ շատ չէ, բայց հո լավն է ու շատ օգտակար:

-Իսկ հյութը ինչպե՞ս եք պատրաստում:

-Հյութի պատրաստման համար նախ չիչխանը հյութաքմիչով մի քանի անգամ անցկացնում ենք, որից հետո արդեն առաջանում է վաճառելու համար պիտանի զանգվածը: Գնորդները տանում են և ըստ ճաշակի արդեն շաքարավազով և ջրով բացում ու օգտագործում որպես հյութ, անգամ կարելի է չիչխանից մուրաբա պատրաստել, շատ համեղ է լավաշի ու կարագի հետ:

-Իսկ չիչխանը պահպանման ժամկետ ունի՞:

-Եթե միայն չիչխանն է, առանց որևէ հավելումների շատ երկար կարող ենք պահել: Շատերը օգտագործում են առանց շաքարավազի՝ ճնշումը կարգավորելու համար: Անգամ կարելի է սովորական հատիկները ուտել, երբ ճնշման հետ կապված խնդիրներ կան:

Եթե ուզում եք լինել առողջ, ապա մի մոռացեք բնության այս հրաշքի մասին: