ՖեմՔեմփ

Մեզ համար կարևոր բաների մասին խոսելը միշտ էլ ամենադժվարն է, դրա համար մի կերպ եմ հաղթահարում «ՖեմՔեմփ»-ի մասին չպատմելու ցանկությունս: Մի տեսակ՝ իմ ունեցածը ուրիշին տալու վախ կա մեջս, բայց լավ, կպատմեմ:

Ես մեկն եմ 209 համարի աղջիկներից, որը հայտնվել էր ֆեմինիստական ֆորումում: Հանգստացի՛ր: Այս բարդ բառն ունի շատ պարզ բացատրություն: Ֆեմինիզմը գաղափարախոսություն է, որի նպատակը կանանց իրավունքների հավասարության սահմանումն է:

Այո, Հայաստանում ևս կան մարդիկ, ովքեր հետաքրքրվում ու պայքարում են կանանց իրավունքների համար: Այդ մարդկանց մի հաճելի խումբ աշխատում է «Հասարակությունն առանց բռնության» կազմակերպությունում: Հենց այդ մարդկանց «թեթև ձեռքով» էի ընտրվել որպես ֆորումի մասնակից:

Ճամբարի ընթացքում տեղի են ունենում բանախոսություններ՝ գենդերային անհավասարությունների, կանանց իրավունքների, մեդիայում սեքսիզմի առկայության, կանանց և գիտության, կանանց և քաղաքականության թեմաներով: Անչափ հետաքրքիր թեմաներով լի դասընթացներն ուղեկցվում են հաճելի ու ընկերական տաք միջավայրով:

Եվ ամենահաճելիի մասին. բախտի բերմամբ իմ կյանքի բոլոր ուրախ պահերին իմ կողքին է վաստակավոր 17-ցի Անի Ղուլինյանը, ում հետ մենք ճամբարի միակ 15 տարեկաններն էինք: Ափսոս, որ մենք քույրեր չենք, որովհետև բոլորն այդպես էին կարծում:

Գրում էի, ու որքան էլ ինձ ստիպում էի զգացմունքային չլինել, պիտի ասեմ: Ես արդեն կարոտում եմ բոլորին: Ես զգում եմ, որ ֆեմինիզմի մի մասնիկ իմ մեջ բնակություն է հաստատել, ու ես կօգնեմ նրան մեծ տուն կառուցել, որը կբավականացնի բոլոր կանանց՝ ապրելու իրենց իրավունքների գիտակցմամբ ու պաշտպանությամբ:

Անուշ Մկրտչյան

Մեծերի միջավայրում

Ոչ մի անգամ ինձանից մեծերի շրջապատում ինձ այնքան լավ չէի զգացել, որքան «ՖեմՔեմփ 2017»-ում: Ճամբարի հայտի մեջ տարիքային սահմանափակում կար, բայց չէի պատկերացնի, որ առաջին անգամ իմ գնացած ճամբարներից որևէ մեկում ես ամենափոքրը կլինեմ: Ինչպես հետո նշեցին կազմակերպիչները՝ 15 տարեկաններին ֆորումում ներառել չէին պատրաստվում, բայց իմ ու Անուշ Մկրտչյանի հայտերը հավանել են և որոշել հրավիրել:
Դե, ինչպես բոլոր դեպքերում, այս անգամ էլ բախտս բերեց, ու ֆորումը շատ հետաքրքիր էր: Այնտեղ ես ինձ մեծ էի զգում, բայց և ուրախ էի, որ մեծ չեմ:
Ինձ հետ էր նաև արդեն սովորություն դարձած անտեղյակությունը՝ սպասվելիք լավ բաների նկատմամբ: Այդ անտեղյակությունն ինձ հետ էր, երբ առաջին անգամ «Մանանա» կենտրոնի կազմակերպած դասընթացին էի գնում: Ամեն անգամ, երբ մի լավ ճամբարի հայտ եմ լրացնում, միշտ այդպես է լինում: Երևի կյանքը շատ է սիրում ինձ անակնկալներ մատուցել, կամ էլ՝ ես ինքս ինձ:
Ֆորումում օգտակար տեղեկատվություն ստանալուց բացի ինձ համար նոր մարդկանց բացահայտեցի: Մեկին, ով բոլորին լսում, բայց շատ քիչ էր խոսում, մեկին, ում տեսնելով՝ բոլորը մտածում են, որ էլի են տեսել, մեկին, ում հանգստությանը նախանձել կարելի էր միայն: Բացահայտեցի նաև ինձ:
Արդեն զգում եմ, որ պատանեկությունս կամաց-կամաց անցնում է՝ տեղը զիջելով երիտասարդությանը, բայց ասեմ՝ շատ լավ է անցնում:

Անի Ղուլինյան