lilit harutyunyan lchshen

Ֆրանսիացի կամավորները մեր գյուղում

Մի քանի շաբաթ առաջ Հայաստան էին ժամանել ՀԵԿ (Հայկական երիտասարդական կազմակերպություն) կազմակերպության ֆրանսիացի կամավորները: Նրանք իրենց ամառային հանգիստը անցկացրին մեզ մոտ՝ Լճաշենում: Ինչպես նրանք մեզ պատմեցին՝ Ֆրանսիայում անցկացվում է մեծ ընթրիք, որին մասնակցում են տարբեր խավերի մարդիկ (օրինակ՝ մեծահարուստներ, բարերարներ, ուսանողներ և նաև տարբեր ոլորտների մասնագետներ), կատարվում է դրամահավաք, և ընտրվում են Հայաստանի գյուղերից մի քանիսը, որտեղ կամավորները պետք է անցկացնեն դասընթացները: Այս անգամ ընտրվեց նաև մեր գյուղը: Ֆրանսիացի կամավորները աջակցեցին նաև սպորտդպրոցի վերանորոգման աշխատանքներին: Նրանց նպատակն էր՝ ծանոթացնել գյուղի երեխաներին Ֆրանսիայի մշակույթի հետ և նաև ծանոթանալ Հայաստանի մշակույթի առանձնահատկություններին: Նրանք մեզ ծանոթացնում էին ֆրանսիական ազգային երգերին, իսկ մենք, փորձելով հետ չմնալ, սովորեցնում էինք մեր ազգային պարերից մի քանիսը: Նրանց հատկապես դուր էր եկել «Թամզարան»: Ցանկացած հայկական երաժշտության ներքո պարում էին այդ պարը: Երեխաներից ոմանք սկսում էին ծիծաղել, իսկ պարի ուսուցիչը նրանց հայացքով սաստում էր, քանի որ մեր արած կամ ասած ինչ-որ անզգույշ արտահայտություն կամ պահելաձև կարող էր խիստ վիրավորել նրանց: Դե, հասկանում եք, իրենց մոտ մշակույթը ու կուլտուրան լրիվ ուրիշ է: Ֆրանսիացի երիտասարդները գյուղի երեխաների հետ անցկացնում էին տարբեր ժամանցային ծրագրեր, դասընթացներ, դիտում էին ֆիլմեր և այլն: Նույնիսկ արդեն անգիր էինք արել կամավորների անունները, չնայած նրան, որ բարդ էր դրանք արտասանելը, իսկ նրանք արդեն հայերեն բառեր էին սովորել մեզանից: Հաճախ լեզվի խոչընդոտի պատճառով իրար լավ չէինք հասկանում: Դպրոցում գերմաներեն ենք անցնում, իհարկե, լավ կլիներ, եթե ավելի լավ ուսումնասիրեինք անգլերենը, քանի որ այդպես կկարողանայինք ավելի լավ հասկանալ մեր օտարերկրացի ընկերներին: Սակայն լեզվի խոչընդոտը չխանգարեց նրանց հետ լավ ժամանակ անցկացնելուն: Նույնիսկ Ֆրանսիա-Լճաշեն ֆուտբոլային թիմեր ստեղծվեցին:

Արդեն նրանց գնալու ժամանակն էր, քանի որ ամառային հանգստի մյուս մասն էլ պիտի Լճափ համայնքում անցկացնեին: Մեր գյուղի երիտասարդներն էլ մի գեղեցիկ հրաժեշտի միջոցառում էին կազմակերպել նրանց համար: Արդեն շատ լավ ընկերներ էինք դարձել և, իհարկե, մենք կշարունակենք շփումը սոց. ցանցերի միջոցով: Մենք ձեռք բերեցինք նոր ֆրանսիացի ընկերներ, չնայած նրան, որ իրարից տարբերվում էինք թե՛ լեզվով, և թե՛ նախասիրություններով: