13 արծիվներ

-Երանի թե առիթ չլիներ այս ֆիլմը նկարահանելու,- ասաց ՀՀ-ի հեռուստառադիոընկերության խորհրդի անդամներից մեկը։

Հերոսներ, որոնց կյանքի գնով ապրեցինք մենք։ Նրանց մահից հետո նկարվեց վավերագրական ֆիլմ, որը մեկ տարվա ընթացքում հասանելի դարձավ տարբեր երկրներում «13» անվամբ։ Մայիսի 13-ին զանգ ստացա, տեղեկացնում էին, որ կարող եմ մասնակցել պրեմիերաին։ Մայիսի 14-ին Մոսկվա կինոթատրոնում ցուցադրեցին ֆիլմը։

-Ֆիլմը քաղաքական ոչ մի բնույթ չէր կրում, դա պարզապես հարգանքի տուրք էր,- ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։

«13» վավերագրական ֆիլմին մասնակից եղան քառօրյա պատերազմի զոհերի հարազատները, մանկավարժներ, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներ։ Ֆիլմը նկարահանվել է 2017 թվականին Սյունիքի մարզում և Արցախում։ Ծրագիրն իրականացվել է ՀՀ Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի նախաձեռնությամբ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ, «Paradi promis production»-ի կողմից։ Սցենարի հեղինակն է լրագրող Արեն Մկրտչյանը։

«Խոնարհվում ենք նրանց առջև»․ հենց այս խորագրով սկսվեց ֆիլմը։ Ոչ ոք չոր աչքերով դուրս չեկավ, բոլորս մեկ ժամվա ընթացքում հիշեցինք, վերապրեցինք։ Կարծես նրանց կողքին էինք։ Խոսում էին հարազատները, լացում, հույսով էին լցվում։ Հարազատ դեմքեր, բարի և պայքարող մարդիկ, Սյունյաց արծիվներ։

Անկասկած, արժանի են մեծարման, նրանց ապրեցրին։ Մասնակցության շնորհիվ կարողացա ճանաչել Ադամի, Սաշայի, Նորայրի, Սասունի հերոս մայրերին։ Մեր 11 կամավորները զոհվեցին մարտի դաշտ չհասած, իսկ 2 ժամկետային զինծառայողները զոհվեցին մարտնչելիս։ Թալիշի հնացած և լքված տան պատերի ներսում անմահացան հերոսները։ 2016-ի ապրիլից հետո ապրեցինք նրանց չապրած տարիները։ Ոմանց կարծիքով ֆիլմը հուզիչ է, հայրենասիրության դաստիարակություն է, զոհվածներին չմոռանալու քայլ։

-Նրանք սիրում են ընտանիքը, բայց հայրենիքը՝ ավելի…

-Մենք հաղթելու ենք, ես իրոք դա հպարտությամբ եմ ասում,- ասաց Նորայրի մայրը։

Անցել է երկու տարի․ այցելեցի զոհերի ընտանիքներին և տեսա նրանց ապրելակերպը։ Նարեկի ընտանիքում եղբայրն էր ամուսնանում, Արմենի աղջիկն էր ծնվել, և կրում էր հոր ժպիտը, Բեգլարյանը տան մինուճար զավակն էր, ծնողների ծերությունը նկատելի է դարձել, մայրը չի կարողանում քայլել։ Սեդրակի աղջիկը և տղան սովորում են, կինը՝ ցավը սրտում, ապրում է երեխաների համար։ Եղիշեի թոռնուհին էր ծնվել, աղջիկն ասում է, թե երազում հորն է տեսել, և հայրն ասել է, որ անունը մոր անունը դնեն՝ Սվետա։ Երեխան նման է պապիկին։ Կարոյի աղջիկը դեռ չի համակերպվել հոր կորստին ասում է, որ շատ է կարոտում, Սերգեյի ընտանիքը ապրում է կյանքի գնացքին համընթաց, չի նահանջում, և կնոջ կարծիքով՝ իրենք են Սերգեյի անունը վառ պահողները։ Ջոկատի հրամանատարի՝ Մայիս Միրզոյանի հարազատները դարձել են մի բուռ, բայց ամեն պահի պատրաստ են հարազատի գործը ավարտին հասցնել։ Արմեն Գասպարյանի կինը հուզվում էր, ամեն խոսքի հետ մի արցունքի կաթիլ էր գլորվում․

-Շնորհակալ ենք, որ անմահացնում եք մեր հերոսներին։