«Թող ոչ մի կին չունենա այն զգացումը, որ ինքը իր երեխային ինչ-որ բան չի կարողացել տալ»…

Հարցազրույց «Հորովել» երգի և պարի անսամբլի երաժշտական մասի ղեկավար, քանոնահարուհի Էլմիրա Կռոյանի հետ:

-Ինչպե՞ս է սկսվել Ձեր ուղին որպես արվեստագետ: 

-Իմ ուղին սկիզբ է առել հենց իմ ընտանիքից: Հայրս դուդուկահար է եղել, և մանկուց ես շրջապատված եմ եղել ժողովրդական երգով, պարով: Երիտասարդ տարիներին զբաղվել եմ պարով և եղել եմ բավականին մեծ հաջողությունների հասած պարուհի: Մասնակցել եմ տարբեր հանրապետական մրցույթների և առաջին ոսկե մեդալս ստացել եմ որպես մենապարուհի` 16 տարեկան հասակում: Դրան զուգահեռ ես ստացել եմ դաշնամուրային կրթություն: Բեմը դարձել էր ինձ համար մի հարազատ վայր, որը երբեք չէի ցանկանա լքել: Բայց ինչպես հայտնի է` պարարվեստը երիտասարդ արվեստ է, և գիտակցելով, որ կգա մի ժամանակ, երբ ես էլ չեմ պարի, և բացի այդ հայրս էլ կողմ չէր, ես որոշեցի ընտրել մի այնպիսի մասնագիտություն, որով դեռ երկար կմնամ բեմում: Արդյունքում ես ընտրեցի ամենագեղեցիկ ժողովրդական գործիքը` քանոնը:

-Որտե՞ղ եք սովորել, ովքե՞ր են եղել ձեր ուսուցիչները:

-Սովորել եմ երաժշտական ուսումնարանի ժողգործիքների բաժնում: Իմ ուսուցիչը եղել է հանրապետության ժողովրդական արտիստ` Անժելա Աթաբեկյանը: Ամեն շաբաթ ես գնում էի նրա մոտ դասեր վերցնելու, և հենց նրանից էլ ստացել եմ այն բոլոր մասնագիտական որակները, որոնք հիմա ունեմ: Հաջորդ վարպետս եղել է Խաչատուր Ավետիսյանը, ով սովորեցրել է ինձ ժողովրդական նվագարանների գործիքավորումը: Խաչատուր Ավետիսյանից ես ստացել եմ այնպիսի հմտություններ, որոնց ոչ բոլորն են տիրապետում: Նման ուսուցիչներ ունենալը ես մեծ հաջողություն եմ համարում:

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը որպես արվեստագետ և որպես կին:

-Ե’վ որպես կին, և’ որպես արվեստագետ ինձ համար ամենամեծ ձեռքբերումը իմ ընտանիքն է: Մեծ երջանկություն է տեսնել քո երեխաների հաջողությունները որպես արվեստագետներ: Ես երջանիկ եմ, որ իմ երեխաները սիրեցին արվեստը այնպես, ինչպես սիրում եմ ես, ինչպես սիրել են ծնողներս: Երեխաներիցս մեկը գերազանց ավարտել է երաժշտական ուսումնարանը, այնուհետև կոնսերվատորիան, իսկ մյուսը դաշնակահարուհի է: Թոռներս նույնպես շարունակում են մեր ընտանեկան գործը: Տասնհինգամյա տղա թոռս արդեն 5 միջազգային մրցույթների դափնեկիր է:-Ո՞վ է կնոջ Ձեր իդեալը:

-Ինձ համար իդելական կնոջ մարմնացում է մայրս: Մայրս եղել է բարի, քնքուշ, բայց նաև խիստ մայր: Նա է եղել այն մարդը, ով ստիպել է վերցնել գործիքը և նվագել, աշխատել սեփական որակների վրա: Մայրս է մեր մեջ սերմանել սերը արվեստի հանդեպ, նա է դաստիարակել մեզ, և նրանից ենք ժառանգել շատ մարդկային որակներ, որոնք պետք է ունենա յուրաքանչյուր կին և մայր: Նա եղել է այն մեկը, ում կարելի էր ընդօրինակել և ումից կարելի էր սովորել:

-Դուք նաև մեծ նվագախումբ եք ղեկավարում: Հե՞շտ է համատեղելը ընտանիքն ու աշխատանքը:

-Չեմ կարող ասել, որ հեշտ է: Բայց, ի երջանկություն ինձ, ամուսինս ըմբռնումով է մոտեցել այդ հարցին և միշտ փորձել է աջակցել և քաջալերել ինձ: Մենք արդեն 45 տարի է ամուսնացած ենք, և նա երբեք չի խանգարել իմ աշխատանքին ու միշտ կանգնած է եղել իմ կողքին, և ես շնորհակալ եմ նրան այն ամենի համար, ինչ նա արել է:

՞նչ կցանկանաք մաղթել կանանց:

-Բոլոր կանանց կցանկանայի մաղթել երջանկություն: Յուրաքանչյուր կին երջանիկ կլինի, եթե երջանիկ լինեն իր երեխաները: Ես ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ կանանց, ովքեր ստիպված կատարում են ծանր աշխատանք, որպեսզի կարողանան տալ իրենց զավակներին այն ամենը, ինչ անհրաժեշտ է: Թող ոչ մի կին չունենա այն զգացումը, որ ինքը իր երեխային ինչ-որ բան չի կարողացել տալ: Կարևորը սերն է: Եվ հենց սեր էլ կմաղթեմ բոլոր կանանց: Սիրե’ք և եղեք սիրված: