anush davtyan

«18-ը 18-ում» ամփոփում

2018 թվականի օգոստոս ամսին Բելգիան հյուրընկալեց 61 երիտասարդների 35 տարբեր երկրներից։ Ամբողջ աշխարհից եկած մասնակիցների թվում էինք երկու հայերս՝ «Մանանա» կենտրոնից ես ու Սուրենը։ Այս ծրագիրը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին և ոգեկոչում էր բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել էին կռվի դաշտում կամ հենց իրենց տներում, ովքեր անհայտ կորած էին ճանաչվել, գնացել էին ու այլևս չէին վերադարձել։

Հինգ օրերի ընթացքում 16-20 տարեկան երիտասարդները միջազգային շփումը հասցրին նոր մակարդակի։ Շփվում էինք լրիվ անկաշկանդ, խոսում էինք բոլոր հնարավոր թեմաներից, քննարկում էինք ամեն տեսակի հարց։ Անկախ ազգությունից ու լեզվի իմացության մակարդակից՝ մենք հավասարապես մասնակցում էինք բոլոր միջոցառումներին, տարատեսակ խաղերին ու զբաղմունքներին, որոնք ուղղված էին պատերազմի մասին հնարավորինս շատ գիտելիքներ ստանալուն։

Հինգ բազմազան օրերի վերջում եկավ նաև այն պահը, երբ մենք պիտի ներկայանայինք, ցույց տայինք այն ամենը, ինչ սովորել ենք այս ընթացքում և ինչ հասկացել ենք այդքանի արդյունքում։ Փակման միջոցառման կազմակերպումը ամբողջովին դրված էր մասնակիցների ուսերին։ Ու չնայած այդ ծանրաբեռնվածությանը՝ մենք կարողացանք պատվով դուրս գալ դրա տակից։ Բոլորը (հատկապես մենք) շատ գոհ մնացին թե՛ մեր թատերական խաղից, թե՛ նկարահանված ֆիլմից, թե՛ պատրաստած ուտելիքից և անգամ մատուցման ձևից։

Սկզբում հաճելի խոսքեր էինք լսում բոլոր ներկաներից ու հյուրերից, իսկ հետո արդեն մասնակիցներով իրարից էինք շնորհակալություն հայտնում իրար հետ անցկացրած ժամանակի համար։ Այս օրերի ընթացքում հասկացանք, որ խաղաղությունը հենց մենք պիտի բերենք ու տարածենք, որովհետև ապագայի սերունդը մենք ենք։ Ու այդ հաղորդագրությունը մեր մտքերում՝ վերադարձանք տուն՝ խոստանալով նորից հանդիպել։ Անպայման։