Արփինե Խաչատրյանի բոլոր հրապարակումները

arpine khachatryan-2

Սիրելու և ներելու ժամանակը

Ընդհանրապես այսպես է ՝ դեկտեմբերին, երբեմն նաև նոյեմբերին, շատ մեծերից կարելի է լսել նման արտահայտություններ. «Ոչ մի Նոր տարի էլ չենք անելու»,«Կանենք, բայց շատ համեստ»… Սակայն շատ չանցած, հանկարծակի փոխում են որոշումը, ասես նման բան նույնիսկ չեն էլ ասել։

Սկսվեց պատրաստությունը։ Առաջին քայլը դա վարկն է, ձևակերպված հատուկ Նոր տարվա ծախսերի համար: Դե, դա պարտադիր է, որ իրենց սեղանին ամեն ինչ դրած լինի: Ա՜խր, պատկերացրեք, հարևանը գա իրենց տուն, ու տեսնի այդ անշուք սեղանը, բա ի՞նչ կմտածի, նույնիսկ մտածելով չի բավարարվի, կթքի ճակատիդ ու քայլերը կուղղի դեպի դուռը, այլևս չվերադառնալու մտադրությամբ (բայց պատկերացնո՞ւ մ ես):

Խոզի և կոկորդիլոսի միսը (չենք մոռանում վարկի մասին) մնում են սեղանին հավելյալ 10 օր, մինչև վերջին հեռու բարեկամի դռնից դուրս գալը: Ի դեպ, այդ տեսակի բարեկամներին, մենք սովորություն ունենք տարվա մեջ տեսնել մեկ անգամ, այն էլ Նոր տարուն: Բոնբոներկաները ճանապարհորդում են 100-ավոր ընտանիքներով,այդպես էլ մնալով չհամտեսված։

Երկրորդ քայլը, կրում է մի քիչ սիմվոլիկ բնույթ: Երբ պատրաստություն տեսնելուց, ամեն երկրորդ` «ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում»-ն է: Սովորաբար նրանք չգիտեն, թե իրականում ինչ են ուզում երեխաները Ամանորից։

Երեխաները հեքիաթային օր են ուզում, ու հիշեք, որ ոչ մի հեքիաթում մինչև առաստաղ սլացող բդերի տեսականի չի լինում, ու լինելու դեպքում էլ, ոչ մեկին առանձնակի չի գրավում այդ ամենը։ Երեխաները, ինչպես նաև դուք, հրաշքի կարիք ունեն, որովհետև Նոր տարին ձեզ համար ոչ թե տոն է, այլ մի իրադարձություն, որն անպայման պիտի նշվի շքեղությամբ։ Իսկ իրականում, Նոր տարին հնարավորություն է` ավելի լավը դառնալու, երբ կարող ես հարթել քո ու մտերիմիդ միջև ծագած վեճերը (մայրս միշտ ասում է, որ մինչև Նոր տարի իրարից նեղացած մնալ չի կարելի):Նոր տարուն քո սիրելիներին պիտի ասես, թե ինչքան շատ ես իրենց սիրում ու ինչքան ես ուզում, որ մի տարի հետո էլ քեզ հետ լինեն, որ երբեք չբաժանվեք իրարից։

Նոր տարին ճոխ սեղանի մեջ չէ, Նոր տարին իրար փոքրիկ նվերներ անելու, հեքիաթային գիշերը՝ ձյուների մեջ թավալվելու, սխալներդ հասկանալու ու ամանորյա հրաշքին հավատալու մեջ է, որովհետև այդ հրաշքը սկսվում է մեզնից և ապրում է մեր մեջ։

arpine khachatryan-2

Պայքար

-Պայքա՞ր… Հանուն ինչի՞, էս երկրում եք ուզում բան փոխե՞լ, էհ, մեկ ա, անիմաստ ա, մեկ ա, էս երկրում բան չի փոխվի…

Այս մտածելակերպն ունի ազգի մեծ մասը, մի զանգված, որը չի կարողացել իր մեջ ինչ որ բան փոխել, ու հա, ինքը էդպես էլ մտածում է, ու դա իր համար նորմալ է: Ուղղակի ուզում եմ այդ մարդկանց ասել. դուք անհաջողակ եք, հա, իրոք, դուք անհաջողակ եք, որովհետև վախենում եք փոփոխությունից, որովհետև դուք պարտվել եք հենց Ձեզ, որովհետև Ձեզ կա՛մ դաստիարակել են ստրուկի հոգեբանությամբ, կա՛մ դուք եք Ձեզ այդպես ներշնչել:

Իմ ծնողներն ինձ մեծացրել ու դաստիարակել են, որ դառնամ լավ մարդ,ամեն ինչ արել ինձ համար տանջվելով, որ դառնամ արժանավոր քաղաքացի, ոչ թե ստրուկի հոգեբանությամբ, առանց ըմբոստության մարդ, որը կյանքում էդպես էլ չի ձևավորվի որպես անհատ:
Երբ պատմության էջերն եմ թերթում, էնպիսի անունների եմ հանդիպում, ու իրենց հետ կապված դեպքեր, հերոսություններ կարդում, որ ամաչում եմ, ամաչում եմ, որ հնարավոր է` չդառնամ իրենց պես պայքարող, իրենց պես քաջ ու հայրենասեր: Հայրենասեր, ոչ թե ազգայնամոլ, թերությունները չծածկող մարդ, ոչ թե շարքային թալանչի:

Գիտե՞ք, ոչ մեկիս համար էլ դժվար չի թողնել այս երկիրն ու գնալ… Այնտեղ, քիչ թե շատ, բոլորն էլ մի բնագավառում իրենց տեղը կգտնեն, իսկ Հայաստանը ո՞ւր մնաց: Բա էստե՞ղ ով է ապրելու, ովքե՞ր են սիրելու, մեկ-մեկ զայրանալու, ժպտալու, ծիծաղելու… Ովքե՞ր… Մտածեք այս ուղղությամբ, ու կհասկանաք, որ լավ երկիր ունենալու համար առաջին հերթին պետք չի ծախվել, պետք չի ծախել Ձեր ձայնն ու խոսքը 5000-10.000-ի սահմաններում գտնվող թղթադրամներին… Մեկ է, այդ փողը վերջանալու է, իսկ դուք էլ հետ չեք կարող բերել ոչինչ, ու էլի դատապարտված եք լինելու ապրել 4 պատի մեջ, առանց պատուհանների ու դռների: Ու թե մեկը մտածի, որ կարող է պատրաստել դուռ, որով դուրս կգնա, նա կդառնա իրական հերոսը: Եթե մի սերունդ չի կարողանում գործը մինչև վերջ գլուխ բերել, ապա մյուս սերունդը, նոր սերունդը, պիտի չվախենա, չնահանջի, պայքարի ու կտեսնի մի օր արդյունքը: Ես չեմ ուզում,որ մենք ամոթով նայենք մեր ապագա երեխաների դեմքերին, ինչպես հիմա մեր ավագներն են, ու ասել` մենք, երեխեք ջան, էդպես էլ չկարողացանք մեր ու Ձեր երազանքների երկիրը ստեղծել: Չկարողացանք, որովհետև վախկոտ էինք, ծախվեցինք, հետո հասկացանք, արդեն ուշ էր: Երեխեք ջան, չեմ ուզում: Մենք պիտի մեզ հաղթենք:

Վերջերս, մի մարդ գրել էր, թե հայերը ատում են իրար, դա է մեր երկրի բոլոր անհաջողությունների պատճառը: Մի տեսակ չհասկացա, ի՞նչ էր ուզում ասել, ասելով թե,ատում ենք իրար, մտածեցի, հա ՞ որ…

Դե, չեմ բացառում, բայց ատելը մի քիչ չափազանցված է, հասկանո՞ւմ եք: Մենք մի քիչ ծայրահեղությունների ազգ ենք. իրար արյուն ենք խմում, բայց անհրաժեշտության դեպքում իրար արյուն ենք տալիս:

Միշտ դժգոհ դեմքեր եմ տեսնում, բայց դե, հասկանալ է պետք` հարկեր, վարկեր, գործազրկություն, հազար պատճառ կա, ու կապ չունի, որ համարյա բոլորի ձեռքին iPhone կա: Ու էստեղ կարող էր մեկը ինձ նախատելով ասել, թե վարկեր չէին ունենա, եթե երեխու համար iPhone կամ iPad վարկով չվերցնեին: Իսկ ես մի քանի վայրկյան լուռ կմնայի, ու կթվար, թե նա հաղթեց ինձ իր խոսքերով: Բայց չէ, էդ տեսակի վարկ վերցնելը խնդիրը չի լուծում: Փորձում են երջանիկ թվալ, հարցեր կա՞ն:

Շեղվեցինք, ամեն դեպքում, միայն այն սերը ու հարգանքը, որ յուրաքանչյուր հայ տածում է ամեն զինվորի հանդեպ, ու մենք բոլորս էլ դրանում համոզվել ենք, կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում, բոլորս էլ կգնանք ու կկանգնենք զինվորի կողքին, զինվորին հավասար, ու կպաշտպանենք մեր հայրենիքը, այդ ազգը չի կարող միմյանց ատել, բացառեք: Ուղղակի հուսահատված ենք, բայց դա կանցնի: Մենք բոլորս իրար հետ, միասնական, առանց կեղծիքի, պիտի պայքարենք մեր երկրի համար: Մեր իսկ մտքերը, արդեն երկար ժամանակ վանդակում փակած, պիտի հանենք, ու տանք արևին՝ տաքանա ու փոշին միջից դուրս գա:

Հաղթելու ենք հենց մեզ, մեր հոռետեսությանն ու չստացված ռեալիստ լինելուն ենք հաղթելու: Ու հա, սխալ չի թվում, ժողովրդի մեծ մասի մեջ պայքարի անհագ ցանկություն եմ տեսնում: Շատ հպարտացնող է: Կուզեի իրենց բոլորին ասել, թե ոնց եմ իրենց սիրում, ու թե ինչքան եմ հպարտանում իմ հայ լինելով, հենց իրենց շնորհիվ:

Հ.Գ. Մի՞թե մեր մեջ Տիգրան Մեծի արյունից չի մնացել:

arpine khachatryan-2

Ինչն ինչից է սկսում

Շատերս ունենք ընկերներ, ծանոթներ, որոնց ընտանիքը «կիսատ» Է: Իսկ ինչո՞ւ հեռու գնալ: Հայկական ընտանիքների 90 տոկոսը այդ վիճակում է, և մեր հարազատներից շատերն էլ այստեղ չեն: Դա շատ ցավալի է:

Մտածե՞լ եք արդյոք, ի՞նչը կարող է պատճառ դառնալ այդ մարդկանց արտագաղթին: Հիասթափությո՞ւնը, թե՞ անտարբերությունը: Կարծում եմ՝  երկուսն էլ պատճառ են դառնում այդ ցավալի փաստին:

Օրինակ՝ կառավարության անդամներին չի հետաքրքրում Հայաստանի գյուղերում ընտանիքներին աշխատատեղերով ապահովելու հարցը: Նրանց չի հետաքրքրում, թե արդյո՞ք կարողանում են ապրել այդ մարդիկ:

Փաստն այն է, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր աշխատում են, չեն ստանում այնքան գումար, որով կկարողանան պահել ընտանիքին, հոգալ կարիքները, ինչու չէ, մի քիչ էլ մարդավայել ապրել: Եվ մարդիկ, հենց այդ անտարբերության զոհը դառնալով, մեկնում են արտագնա աշխատանքի, հույս ունենալով, որ կկարողանան հոգալ կենցաղային խնդիրները:

Շատերս երևի մեր հոգու խորքում ունենք մի նպատակ, մի մասնագիտություն, որը հասանելի չէ մեր ընտանիքի ֆինանսական միջոցներին: Մենք չենք ընդունվում այն կրթական հաստատությունը, որտեղ միշտ  ցանկացել ենք սովորել, այլ ընդունվում ենք մի տեղ, որը ապագայում մեզ ինչ-որ չափով կֆինանսավորի: Բայց արդյո՞ք դա ճիշտ է, ինչու՞ պարզապես  հուսախաբ լինել, և չփորձել փոխել ինչ-որ բան: Ինչևէ: Հիասթափության պատճառով շատերը պարզապես չեն վայելում ո՛չ իրենց ուսումնական կյանքը, ո՛չ էլ հետագայում սիրով և հաճույքով լաշխատեն: Ցավալին այն է, որ եթե այսպես շարունակվի, վաղն իրենք էլ հրաժեշտ կտան իրենց երազանքին և կբռնեն արտագաղթի ճամփան: Սթափվել է պետք և ինչ-որ բան փոխել:

arpine khachatryan-2

Սարեր~ի հովին մեռնե~մ, Սիսթեմիս ջանի~ն մեռնեմ, Հայ ազգիս, դուխի′ն մեռնեմ:

Սարեր~ի հովի~ն մեռնե~մ,
Հովին մեռնե~մ, հովին մեռնե~մ,
Իմ յար~ի բոյին մեռնեմ,
Բոյին մեռնե~մ,բոյին մեռնե~մ…

Էս մասը դուք էլ երգեցի՞ք… Ամբողջ օրը լսում եմ Լենա Շամամյանի   «Սարերի հովին մեռնեմ»  կատարումը: Մի տեսակ` ուրիշ զգացում ա, թվում ա, թե  ամբողջ հայ ազգի ցավը էդ աղջկա ձայնի մեջ ա (որն, ի դեպ, շատ գեղեցիկ ա), լսում եմ ու չեմ կշտանում, անկուշտի պես replay եմ անում ու նորից…  Էդ, հասարակ կատարում  չի: Էդպիսի երգեր լսելով`  հոգիդ  մաքրվում ա, իրերին ուրիշ կերպ ես նայում, էլ չասեմ` հայրենասիրությունդ թռնում ա օդ:

Հա, հայրենասիրությունից  էի խոսում, հիշեցի մեր SOAD-ին: Մի քանի տարի առաջ` ապրիլին, ամբողջ հայությունը` մի մարդու պես, սպասում էր Սերժի, Ջոնի, Դարոնի, Շավոյի  Հայաստան գալուն , ու մի ա~յլ տիպի էր սպասում, թե` իրենք ի՞նչ են ներկայացնելու մեզ: Նախանձով, արդեն 10 անգամ նայել եմ ամբողջ համերգը, նախանձով, որովհետև ես այդտեղ չէի: Բայց, գրո′ղը տանի, է′ն, ինչ իրենք արեցին, է′ն էներգիան, որ տվեցին, երբե′ք չի մոռացվի:Էդ օրը հայերը ևս մի անգամ համախմբվեցին, մեր «դուխը» թռավ օդ: Մտածում եմ. ի~նչ հավես կլինի, երբ դադարենք իրար տակ փորել, իրար միս ուտել, միշտ միասնական լինենք: Մենակ էդ դեպքում կարող ենք ինչ-որ բան փոխել: Ամեն անգամ, արդյունքի ենք հասնում` միանալով իրար, ամեն անգամ էլ սիրուն ենք նայվում, ամեն անգամ էլ` աշխարհին իսկական հային ենք ցույց տալիս:

Մեր միակ փրկությունը  լինելու ա էն մարդկանց շնորհիվ, ովքեր պայքարում են, ու էն մարդկանց շնորհիվ, ովքեր սովորելու են պայքարել:

arpine khachatryan-2

Արևային անունս և արևային երազանքներս

Ես Արփինեն եմ: Ապրում եմ  Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում: Ճիշտն ասած, միշտ անունս չեմ սիրել` համարելով այն «շատ» հայկական: Թեև բոլորը պնդում են, որ այն հենց արևային անուն է, և շատ է բնորոշում ինձ: Երբեմն ես դառնում եմ ամենածույլ մարդը, գտնում ամենափոքր պատճառը նույնիսկ, որ խուսափեմ ինչ-որ բան անելուց: Իսկ երբեմն լինում է լրիվ հակառակը, դառնում եմ ամենաաշխատասեր մարդը: Այո’: Շատ փոփոխական եմ:

Թեև իմ փոփոխական լինելուն, կա մի բան, որից երբեք չեմ ձանձրանա: Դա երաժշտությունն է. եթե պատահմամբ ինձ տանը մենակ թողնեն, ապա իմ ձայնը մինչև գյուղի ծայրը կլսվի: Մտածում եմ, ինչպես կվարվեի ես, եթե ամեն օր ականջիս հասներ հարևանիս ձայնը, միգուցե ականջակալը կօգնե՞ր: Միգուցե:
Տան անդամներն էլ  երբեմն նախատում են: Ինչևէ: Ես սիրում եմ այն, ինչ անում եմ. իմ` առաջին հայացքից անկապ խզբզանքը թղթին, որը ես անվանում եմ ստեղծագործության, իմ լսած երգացանկը, որի բառերն անգիր գիտեմ:
Սիրում եմ անկեղծ և հավատարիմ մարդկանց , խելացի և մոտիվացված մարդկանց և կարծում եմ, որ յուրաքանչյուրս ենք մեր շրջապատը փոխողները: