Տաթևիկ Գալստյանի բոլոր հրապարակումները

Հիմա սպասումը

Օրերը կայծակնային արագությամբ են սլանում։ Ու չենք էլ հասկանում` որն էր հաջողված, բայց հասկանում ենք, որ դրանց մեջ կա մեծ դժբախտություն։ Հասկանում ենք, որ հոգում մի բան պակասում է միշտ, ու օրերի մեջ դրանք սպանվում են, չասված բառերի ու չզգացված զգացմունքների տեսքով։ Օրերը հիմա դարձել են ամիսներ ու քարացել են, ու քար են դարձել, երևի մոտալուտ ձմռան պատճառով։

Հիմա առաջվա պես ժպտալով չենք քայլում։
Առաջվա պես երջանիկ չենք։
Առաջվա պես է՝ դատարկություն, որ միշտ կա։
Ու կարծես չի ցանկանում հեռանալ։
Հիմա տեսնում ենք, լսում ենք, պատկերացնում ենք, բայց ոչինչ առաջվանը չէ։
Երկնքում արևը պայծառ է, բայց սառն է, որ դիպչում է հոգուդ վերքերին, ու ստիպում է ցավից գալարվել։

Հիմա օդը լցված է սպասումով։
Հիմա օդն անգամ խելագարված է, ու օդում հազարավոր հառաչանքներ են տիրում։
Հիմա փողոցներն էլ են լաց լինում, ու ամեն տան մեջ վառվող մի ճրագ այլևս չկա։
Հիմա սպասումը միայն նկարների տեսքով է։
Սպասումները ճյուղավորվել են ու մեծ արմատներ ունեն։
Հիմա սպասումը անուն ունի։
Սպասումը հպարտությամբ քայլում է, բայց բացակայում է։
Անմահացավ ու թողեց հուշեր` էս ցուրտ ձմռանը դիմագրավելու համար։

Երանի ազգիս սպասումները ավարտվեն, ու հրեշտակների բանակը ետ վերադառնա իրենց տները…
Ու թող այսպիսի աշուններ չլինեն ու, ձմեռները ավելի քարացած չլինեն։ Թող բարությունը, արդարությունը ու հոգատարությունը սավառնի Հայոց երկնքում։
Սպասում ենք…

Հրեշտակների բանակը

Ժամանակ կա, ամսաթիվն էլ է փոխվում, մենք էլ ենք ապրում, բայց մեր մեջ մարդկային շատ բացականեր կան, փողոցները գնալով դատարկվում են, ու երկրի երեսից պակասում են ամենաանկեղծ ժպիտները։ Շա՜տ տխրեցինք, ու շատ հպարտացանք, կորցնում ենք ֆիզիկապես, բայց հոգեպես մենք ստեղծում ենք հերոսներ։ Մենք` բոլորս, ապրում ենք գիտակցված մեղքի մեջ, այո, մենք մեր կյանքի փոխարեն ապրում ենք շա՜տ տղաների կյանքը։ Ու ցավն անգամ այնքան շատ է, որ դրա ուժգնությունը չենք էլ զգում։

Այո, մենք հպարտորեն կարող ենք նշել, որ շատ հերոսների հետ ապրել ենք մի փողոցում, սովորել նույն դպրոցում, ու կիսել ենք նրանց հետ ամենաիսկական ժպիտները, նրանց հետ կիսել ենք մեր դժվարություններն ու երբեմն նրանցից նեղվել։

Այո, մենք նրանց կյանք ենք պարտք։ Ու իրենց չապրածը մեր ապրածից մեծ է ու շատ, վեհ է ու ավելի բարձր։

Այո, աշխարհը չկարողացավ այսքան բարություն մի փոքր երկիի վրա բնակեցնել։

Այո, նրանց կյանքը ծնված օրվանից հրեշտակային էր, նրանց հոգին ճերմակ էր ու մաքուր։ Նրանց հոգու մաքրությունը չկարողացավ դիմակայել այսքան կեղծիքի ու ստի։

Ճիշտ է, նրանք հրեշտակներ են ու հրեշտակի պես էլ հեռացան…
Ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարելի է ապրել առանց հրեշտակի, դրա համար մարդուն շա՜տ մեծ ուժ է պետք։
Մենք կորցրեցինք հրեշտակների մի ամբողջ բանակ, մենք կորցրեցինք մի ամբողջ կյանքի սերեր, մենք կորցրեցինք մի ամբողջ կյանք։
Ու անհնար է ծնողին բացատրել, որ իր տղան հրեշտակ է, որ հայրենիքը իր որդու կյանքից ավելի թանկ է։ Ու դժվար է սպասող սրտին ասել, որ մի օր կգա ու շա՜տ ամուր կգրկի։

Հերոսները անմահացան, նրանք գնացին հավերժի ճամփով ու դարձան մի ամբողջ երկրի պահապան հրեշտակը…

«Պարտվել» բառը չի սիրում հայերին

Առավոտները այլևս սովորականի պես չեն բացվում։
Դրանք միշտ թախծալի ու տխուր աչքերով են նայում երկնքին։
Ու առաջին պետքական իրը, որ բոլոր ժամանակների և սերունդների չարիքն է համարվել, դառնում է հեռախոսդ։ Ինքնաբերաբար ձեռքդ ես առնում ու սկսում ես կարդալ առաջին նորությունը երկրիդ վերաբերյալ։ Ամեն մի նոր խոցված թշնամու զինտեխնիկան ակամայից դառնում է ժպիտիդ պատճառը։ Գիտակցում ես, որ խիղճդ անգամ վերացել է: Ու թշնամու ամեն մի նոր պարտություն քո երկրի հաղթանակն է։
Երբեք չէի կարծել, որ հայրենիքիս հանդեպ իմ սերը կարող է այսքան ուժգին լինել։ Ես ինձ համարում էի հայրենասեր, բայց հիմա ավելի շատ։ Ու զգացմունքներս էլ երբեմն դառնում են անկառավարելի։ Ամեն մի նոր լուր երկրի վերաբերյալ ցնցում է ամբողջ հոգիս։ Մահվան կարևորությունը դառում է առաջնային։ Հասկանում ես, որ ապրելուդ ցանկությունը ավելի շատ է, քան մեռնելուդ։
Բայց միևնույն ժամանակ հայրենիքիդ հանդեպ սերը ամենակարևորն է դառնում։
Մենք՝ հայերս, միշտ հաղթել ենք։
«Պարտվել» բառը չի սիրում հայերին։
Մենք անցել ենք պատմության ամենադժվար ժամանակների միջով։ Հայ ժողովուրդը տեսել է ոճրագործությունների հսկա շղթա, որոնց մասին կարելի է անվերջ խոսել։ Հիմա իրավիճակը այլ է, հիմա մեր քաջորդիներն են իրենց կյանքը զոհում հանուն հայրենիքի։ Իսկ ամեն զոհի անուն կարդալիս արցունքները անհասկանալի կերպով հոսում են։
Հիմա մենք մի ընտանիք ենք, որտեղ չկան պարտություններ։
Ու մի տանիք, որի ներսում միշտ հաղթանակներ են գրանցվում։
Հայերի մեջ միշտ էլ սիրել եմ միասնական լինելու վեհ գաղափարը։
Դա դարերից ի վեր փոխանցվել է մեր պապերից։ Հայերի մասին կարելի է անվերջ խոսել, միշտ մի նոր պատմություններ հյուսել…
Արդարությունը երբեք չի կարող պարտվել։
Հայ ազգը միշտ էլ պատրաստ է եղել իր կյանքը զոհել հանուն հայրենիքի։
Ու թշնամին էլ անգամ չի գիտակցում, որ հայերը հավերժ են։
Թշնամին այս անգամ էլ պիտի հասկանա, որ Արցախը դա լոկ հող չէ, դա տարածք է, որտեղ հերոսների արյամբ է հումուսացել հողը։ Ամեն նռնակի պայթյուն ճեղքել է հողը ու
այն դարձրել ավելի կանաչ։
Զոհված տղաների առջև խոնարհվում ենք…
Խոսք տալիս, որ իրենց թողած հայրենիքը միշտ էլ լինելու է հաղթանակած։
Իսկ ապագա սերունդները ապրելու են միայն կապույտ ու խաղաղ երկնքի տակ։