Սյուզանա Նավասարդյանի բոլոր հրապարակումները

syuzanna navasardyan

Երբ ապագա բժշկի քույր ես…

Բազմիցս նշել եմ, որ չնայած նրան, որ բժշկությունը մարդասիրական ու հետաքրքիր մասնագիտություն է, այնուամենայնիվ ես այն չեմ սիրում։ Բայց եկեք չմոռանանք, որ կյանքում լինում են դեպքեր, որ ինչ-որ բան անելիս անում ենք առանց պատճառի, գիտակցաբար, բայց միաժամանակ ավտոմատացված, ծայրահեղ դեպքերում նաև՝ ստիպված։ Հենց այսպես ես սկսեցի սիրել բժշկությունն ու բժիշկներին։

Ինձ համար ապագա բժշկի օրինակ դարձավ քույրս, ով գերազանց սովորում է և ով պատրաստվում է փոխել հասարակության մեջ թյուր կարծիքը կապված բժիշկների հետ։

Դասերի պատճառով մենք հաճախ երկար ժամանակ չենք հանդիպում, այդ իսկ պատճառով մեր ամեն հանդիպումը տոն է։

Ամեն անգամ նա պատմում է իր «բացահայտումների» մասին, և ես հաճախ զարմացած լսում եմ ու մի պահ փորձում եմ վերլուծել լսածս։ Սիրում եմ հարցեր տալ նրան։ Դե, ինձ էլ հասկացեք, ոչ ոք չէր հրաժարվի տան պայմաններում բժշկի անվճար խորհրդատվությունից։

Քույրս մի շարք հարցերում ինձ պարտավորեցնում է։ Ընտանիքում լավ «ավանդույթ» ունենք. նպատակասլաց ենք ու անկախ շրջապատի քաոսից ու անարդարություններից, մենք հասնում ենք մեր ուզածին սեփական ուժերով։ Անկախ այն փաստից, որ ես չեմ սիրում, երբ ինձ համեմատում են որևէ մեկի հետ՝ տանը ինձ միշտ համեմատում են Սառայի հետ։ Գիտե՞ք ինչ… Ես չեմ նեղանում։ Հաճախ անգամ հպարտանում եմ նրանով։

Սառա ջան, դու այն մարդն ես, ով մի՜շտ իմ հանդեպ համբերատար է եղել ու ներող։ Դու այն մարդն ես, ով բոլորին ապացուցեց իր ուժն ու գիտակ լինելը։

Ես շա՜տ եմ ափսոսում, որ դու չես զգալու այն ինչ հիմա ես եմ զգում, ապագա բժշկի քույր լինելը շատ հաճելի զգացում է։

Երբ ապագա բժշկի քույր ես, դու չես վախենում էն անպետք մանրէներից, ասեմ ավելին՝ գիտես ինչպես պաշտպանվել, գիտես ինչպես ճիշտ ռեժիմ կազմել, ինչ ուտել ու երբ, գիտես՝ ինչն է օգտակար ու ինչը՝ ոչ այնքան, գիտես ինչպես առաջին օգնություն ցույց տալ, ինչպես խնամել քեզ ու բոլորին։

Ես քեզ հաղթանակների անվերջանալի շղթա եմ ցանկանում, իսկ հետագայում՝ մասնագիտական ձեռքբերումներ։

syuzanna navasardyan

Աղջիկներն ու ֆուտբոլը

Սկսվել է Չեմպիոնների Լիգան։ Օ՜, ինչքան եմ սպասել, ինչքան եմ սիրո՜ւմ ես այս ամենը։ Սկսվել են երկրպագուների անհանգիստ սպասումները, անքուն գիշերները, հաղթանակի դեպքում՝ գիշերվա հազարին բարձր բղավոցներն ու ծափերը։ Ֆուտբոլային գիշերվանից հետո առավոտյան մի կերպ արթնանում ես, նայում հայելու մեջ ու սարսափում. աչքերիդ տակ սև շրջանակներ են առաջացել։ Դուրս ես գալիս սենյակից ու բողոքներ են լսվում.

-Էդ դո՞ւ էիր, որ ամբողջ գիշեր չթողեցիր՝ քնենք։

-Դու աղջիկ ես, ֆուտբոլի հետ ի՞նչ գործ ունես։

-Տեսնես՝ էլ ո՞ւմ աղջիկն է էսպես ծուռ։

-Դասերդ արա, հերիք է «Մեսսի» գոռաս։

-Հեն ա՝ ֆուտբոլիստ կդառնայիր, էլի…

Այո՛, ես էի, իմ պատճառով դուք լավ չքնեցիք կամ, գուցե, ընդհանրապես չքնեցիք, այո՛, ես աղջիկ եմ ու ֆուտբոլ սիրելու մեջ վատ բան չեմ տեսնում, իսկ ո՞վ ասաց, որ ես «Մեսսի» գոռալով՝ չեմ հասցնում դասերս անել, այո՛, շատ կուզեի ֆուտբոլիստ դառնալ:

Ֆուտբոլը լոկ սպորտաձև չէ, այն շատ բան է սովորեցնում ու տալիս։ Տալիս է թիմ հասկացության իմաստն ու ասում, որ թիմը ուժ է, եթե ունի միասնական նպատակ: Ֆուտբոլը սովորեցնում է հանդուրժողականություն ու հարգանք ցուցաբերել ամեն պարագայում։ Ֆուտբոլը ցույց է տալիս թիմի ոգին, սովորեցնում է մինչև վերջ հավատալ ու վստահել քո սիրելի թիմին: Ֆուտբոլի երկրպագու եմ արդեն մոտ տասը տարի։ Ես ֆուտբոլը ճանաչել ու սիրել եմ Մեսսիով։ Սկզբում սիրեցի Մեսսիին, հետո «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը, իսկ հետո այն աշխարհը, որը կոչվում է ֆուտբոլ։ Ֆուտբոլի հանդեպ սերն իմ մեջ արթնացրեց քույրս, որը նույնպես «Բարսայի» երկրպագու է։ Նա ինձ ցույց տվեց նրբություններ, առավելություններ, հանճարներ այս խաղում։ Ես Մեսսիին շատ եմ սիրում ոչ միայն այն բանի համար, որ նա կատարյալ ֆուտբոլիստ է, անգերազանցելի հարձակվող ու արտակարգ տեխնիկա ունի, այլ նաև այն պատճառով, որ լավ մարդ է։ Կատարում է մի շարք բարեգործություններ, օգնում է հիվանդ, միայնակ երեխաներին, չի անտեսում իր երկրպագուներին ու նվիրված է իր թիմին։ Մեսսին «Բարսայի» հոգին է։

Եթե հնարավորություն ունենայի կյանքում մեկ անգամ հայտնվել «Կամպ Նոու» խաղադաշտում ու այնտեղից դիտել Բարսայի խաղը, կյանքիս մեծագուն երազանքը կհամարեի կատարված։

Պարտություն, թե հաղթանակ, Բարսայի հետ է մի ողջ բանակ։

syuzanna navasardyan

Պապ, հիշո՞ւմ ես

Պա՜պ, հիշո՞ւմ ես՝ երբ տանն էիր, մենք սիրում էինք նստել խոհանոցում։ Դու նստում էիր պատուհանին կից դրված նստարանին, իսկ ես այնպես էի նստում, որ գլուխս դնեմ ուսիդ ու ինձ քո փոքրիկ աղջիկը զգամ։ Գրկում էի քեզ ու աշխարհն էի գրկում, աշխարհն իմն էր այդ պահին։

Պա՜պ, իսկ հիշո՞ւմ ես՝ ինչքան չարություններ էինք անում, ինչքան էինք ջղայնացնում մամային ու ինչքան կատակներ էինք անում։ Ես հիշում եմ, ասեմ ավելին՝ քեզ հետ կապված ոչ մի բան չեմ մոռանում։

Դու պատմում էիր ինձ քո մանկության մասին, քո պատանեկան արկածների մասին: Գիտե՞ս՝ կարոտում եմ ձայնդ, աշխատանքից կոշտացած ձեռքերդ, որ այդքան գրկել են ինձ ու բռնել են ձեռքս, կարոտել եմ հայրական խորհուրդներդ, որոնք ինձ միշտ օգնել են ու քո՝ ինձ դիմելու ձևն եմ կարոտել անգամ։

Բոլորն ասում են, որ ես քեզ եմ նման բնավորության իմ բոլոր գծերով, քեզնից ժառանգել եմ անգամ սերն ու հետաքրքրությունը մեքենաների հանդեպ։ Ուղղակի ես դեռ կարգին վարել չգիտեմ. դու ինձ դեռ սովորեցնելու բան ունես։

Քեզնից ժառանգել եմ հպարտությունս ու խիղճս, որն ինձ թույլ չի տալիս գոռոզանալ, հոգատարությունս ու սառը դատելու կարողությունս, երբեմն կարող եմ կոպիտ լինել, քեզ նման ես էլ չեմ կարողանում թաքցնել զգացմունքներս, չեմ կարողանում կեղծ ժպտալ։

Պապ ջան, շուտ արի, որ մեր Սաքի ծնունդը էլի տոնի վերածենք, շուտ արի ու քո աղջիկների հետ եղիր, մենք, իսկապես, շատ ենք զգում քո կարիքը։ Տարածությունը բաժանել է մեզ, բայց ոչինչ կյանքում իմ սիրուց ուժեղ չի կարող լինել։ Եվ հետո՝ ես քո աղջիկն եմ, ուրեմն չեմ տխրում, չեմ հանձնվում: Չէ՛, տխրելը՝ խաբեցի։

Տատիկի Արո, պապիկի Արայիկ, մայրիկի ուժ, Սաքի պապա, իմ ամրություն ու վստահություն, շո՜ւտ տուն արի։

syuzanna navasardyan

Նորից սեպտեմբեր ու մի շարք հարցեր

Շուտով նորից սեպտեմբերը կգա, նորից հարազատ դեմքեր, սիրելի ընկերներ և ուսուցիչներ: Իսկ հետո՝ հետարձակուրդային սթրես։ Դու պիտի շուտ արթնանաս, ճիշտ գրաֆիկ կազմես, դուրս գաս ամռան ճիրաններից։

Ես այն սակավաթիվ աշակերտներից եմ, որոնք չունեն վաղ արթնանալու խնդիր։ Այդ հարցում մի քիչ հանգիստ եմ։ Բայց կան խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր աշակերտների համար՝ անկախ տարիքից ու նախասիրություններից։ Այդ խնդիրները հատկապես ուսումնական տարվա սկզբում են գլուխ բարձրացնում, իսկ որոշ ժամանակ անց հարթվում, հանդարտվում են։ Հետարձակուրդային խնդիր է, օրինակ՝ դասերի պատրաստումը: Հազի՜վ տրամադրվում ենք (համոզում ենք ինքներս մեզ), որ արդեն դասերը սկսվել են, պետք է սովորել օրվա դասը, ի՜նչ ամոթ կլինի, որ պատրաստ չլինենք ու զգում ենք, որ թեկուզ այդ մտքերով էլ մենք շեղում ենք մեզ դասերից։ Դժվար է սովորել անգամ այն առարկաների դասերը, որոնք ամենաշատն ենք սիրում (ի դեպ՝ ես հումանիտար եմ)։

Ամեն սեպտեմբերին դասարան մտնելիս այնքան ջերմություն եմ զգում, որ մի պահ մոռանում եմ դասերի մասին։ Ես նայում եմ իմ նստարանին, նայում եմ մեր պաստառներին: Ամեն ինչ այնքան սառն է, այնքան դատարկ է առանց մեզ։ Ինձ թվում է, որ մեր դասարանի պատերն անգամ տխրում ու կարոտում են մեզ։

-Հեռախոսը մի կողմ դիր, էդ քեզ ապագա չի։

-Այ մարդ, էս ի՞նչ սերունդ է մեծանում, բա մեր ժամանակ էսպե՞ս էր։ Մենք մեր ժամանակին գրքերն ու տետրերը ձեռքներիցս չէինք գցում։ Մեկին, եթե նոր գիրք էին գնում, մենք էդ գիրքը ձեռքից ձեռք փախցնելով էինք կարդում…

Շուտով այս ամենը լսելու ենք մոտ մեկուկես ամիս շարունակ։ Այնքան դժվար է մեծերին բացատրել, որ «իրենց ժամանակին» ախր չկային ո՛չ համակարգիչ, ո՛չ հեռախոս, ո՛չ էլ պլանշետ։ Բայց, ամեն դեպքում, նրանք, իհարկե, ճիշտ են։ Մենք պիտի շատ կարդանք ու սովորենք։

Մեր տանը իմ գրքերով առավել հետաքրքրված է պապիկս։ Շա՜տ է սիրում աշխարհագրություն ու պատմություն։ Ամեն անգամ նոր գրքեր ստանալուց հետո շտապում եմ տուն։

-Պա՜պ, նայի՛ր, նոր դասագրքերս եմ ստացել։

-Ապրե՛ս, աղջիկս, դե ե՛կ, միասին ուսումնասիրենք։

Ու միասին թերթում ենք բոլոր էջերը։ Պապիկն ինձ պատմում է իր դպրոցական տարիների մասին։ Հասկանում եմ, որ այն ժամանակ լրիվ այլ հետաքրքրություններ են ունեցել։ Հատկապես նկատում եմ, որ այլ են եղել «ուսուցիչ-աշակերտ» հարաբերությունները։ Կարծում եմ, որ խստությունն ավելի շատ է եղել, հաճախ նաև անտեղի խստությունը։

Պապիկն իմ մեջ դեռ վաղուց արթնացրել է սեր հումանիտար առարկաների հանդեպ։ Դե, իսկ տատիկս մի՜շտ ասում է, որ ես պիտի լրագրող դառնամ։

-Բալես, էնքան եմ ուզում մի օր էլ քո պատրաստած նյութերն ու հոդվածները կարդամ։ Մինչև քեզ լրագրող դարձած չտեսնեմ, չեմ մեռնի։

-Տատ, դե որ էդպես է, ես էլ լրագրող չեմ դառնա։

Հետարձակուրդային սթրեսից ազատվելու ամենալավ միջոցն ինձ համար երաժշտությունն է։ Առաջարկում եմ երեկոյան ժամերին դասական երաժշտություն լսել։ Իսկ օրվա ընթացքում ուրախ ու աշխույժ երաժտությունը կօգնի լիցքաթափվել։ Դե, իսկ երբ ազատվում ենք այդ ամենից, կարելի է ընտիր ռոք լսել։

Աշակերտների մի մասը միշտ սպասում է դասերի սկսվելուն, մյուս մասը՝ դժգոհում, թե՝ վա՜յ նորից սկսվում են…

-Արի՛ դաս պատմելու։

-Մատյանով եմ հարցնում։

-Մինչև դասի վերջ կհասցնե՞ս կրկնել:

Ես շա՜տ եմ սիրում դպրոցը, այս արտահայտություններն էլ շա՜տ եմ սիրում, անգամ հասցրել եմ կարոտել։ Սիրում եմ մեր այն ուսուցիչներին, որոնք միշտ մեր կողքին են, որոնք հասկանում են մեզ, որոնք դասարան մտնում են նախ որպես մարդ, հետո՝ ուսուցիչ, որոնք մեզ տեսնում են նախ որպես մարդ, հետո՝ աշակերտ։

Սիրելի՛ դպրոց ու հարազատ դարձած դեմքեր, շուտով կհանդիպենք։

syuzanna navasardyan

Նամակ, որն այդպես էլ չեմ ուղարկելու

Ահա… Նորից գրում եմ, քեզ եմ գրում նամակս։ Գիտեմ, որ անպատասխան է մնալու նամակը. չեմ ուղարկելու քեզ։ Բայց, հավատա՛, անկարող եմ չգրել ու զգացմունքներս չարտահայտել։ Սկսեմ նրանից, որ կյանքս դատարկ է, ես դատարկ, թույլ ու մենակ եմ։ Հավելեմ, որ ես խեղդվում եմ առանց քեզ։ Միայն թե չեմ հասկանում՝ կարոտից, թե միայնությունից եմ խեղդվում։ Հոգիս խեղդվում է, ու երբեմն խղճում եմ ինքս ինձ՝ իմ այս վիճակի համար։

Բայց ես պայքարում եմ, պայքարելու եմ, քանի որ իմ երակներում քո արյունն է հոսում, ես քո աղջիկն եմ։ Հա՛, ես այն աղջիկն եմ, ում ծնունդին դու սպասում էիր՝ որպես քո տղայի։ Դու չգիտեիր, որ իմ ծնունդից միայն տասներեք տարի հետո պիտի տղա ունենաս։
Բայց ես այնքան ոգևորված էի աշխարհ գալու մտքով, ես ուզում էի տեսնել քեզ, ճանաչել ընտանիքս, լսել ձեզ, ձեր գրկում մեծանալ: Ես ուզում էի, որ լսեք ինձ, ուզում էի, որ ընդունեք ինձ։
Ու այս մտքերով ես աշխարհ եկա, ծնվեցի ու իմ ծնունդով, միգուցե, հիասթափեցրի ձեզ։ Կներե՛ս, պա՛պ, ես քո երազած տղան չէի։ Այդ պահից սկսած ես սկսեցի ատել բժիշկներին, չէ՞ որ նրանց սխալի պատճառով էր, որ դուք այդքան ուրախացել էիք տղա ունենալու մտքով։
Ես ծնվեցի հայրենիքիցս հեռու՝ Ռուսաստանի Դաշնությունում, ես ստացա մայրիկի ազգանունը։ Իսկ գիտե՞ս՝ ինչ դժվար է ինձ համար, որ իմ ազգանունով առանձնանում եմ քույրերիցս ու եղբորիցս։ Դու բոլորին կարողացար տալ քո ազգանունը, իսկ ինձ՝ ոչ։ Բայց ինձ համար այդ ազգանունը թերևս ավելի կարևոր է։
Մեծանում էր քո աղջիկը։ Ու ժամանակի ընթացքում դու համակերպվեցիր։ Ինձ համար դու կատարելություն ես, մանկությանս օրերից դեռ հիշում եմ, թե ինչ մեծ սիրով ես դու ինձ պարուրել: Ու այդ սերը ինձ հետ է ցայսօր։
Մեզ հիմա բաժանում է տարածությունը, որն, ի դեպ, գործնականում հաղթահարելի արգելք է։ Ես սպասում եմ, քանզի չեմ կարող ինքս թռչել, գալ մոտդ։
Ես այն աղջիկն եմ, որին դու չէիր սպասում, ես այն աղջիկդ եմ, որը քեզ հպարտանալու բազմաթիվ առիթներ է տվել։ Ես քոնն եմ՝ քո արյունն ու քո սրտից պոկվածը։ Չէ՞ որ քո աչքերի արևներն են լցնում ու գունավորում իմ ճամփին հանդիպող խավարը։ Ես քո աղջիկն եմ ու հպարտ եմ դրանով։
Ես այն աղջիկն եմ, որ քո գրկում ու քո ձեռքը բռնած մեծացավ, որ քեզնով ու քո խոսքով սնվեց։ Հա՛, հպարտությամբ եմ կրում քո աղջիկը լինելու բարձր կոչումը։
Նամակիս մեջ ես իմ սերն ու անսահման կարոտն եմ դնում։ Ա՜խ, ափսոս, որ այդքան համարձակ չեմ լինի ու երբեք չեմ ուղարկի նամակս քեզ։ Ու այս նամակից ինձ միայն իմ չհագեցող կարոտը կմնա։ Աշխարհում միայն մի զգացում կա, որը չափելի է կարոտի հետ. դա սերն է: Թերևս, կյանքն իր առանցքի վրա կանգուն է նաև այս երկու երևույթների հիմքի վրա: Մարդու կողմից ընկալելի ոչ մի թիվ այնքան մեծ չէ, որքան մանուկ երեխայի կարոտի չափը հոր նկատմամբ: Այդ չափն իսկապես անվերջին է մոտենում, և անվերջի մասին՝ որպես վերացական հասկացության, շատ թե քիչ իրական պատկերացում կարելի է կազմել հենց այդ կարոտի չափի ընկալման շնորհիվ: Կարոտը՝ գիշերն անգամ անքուն է և կարծես անթաքույց հսկում է կարոտյալներին:
Պա՛պ ջան, երբեք չեմ մոռանում գնալուդ օրը, իմ մանկական արցունքները, օդանավակայանը։ Օդանավակայաններն աշխարհի ամենաուրախ ու ամենատխուր վայրերն են: Ու տարօրինակն այն է, որ միշտ այսպես է. այս օդանավակայանում տխրություն է, մյուսում՝ ուրախ ժպիտներ: Տեսնես՝ լինու՞մ է, որ երկուսում էլ նույն տրամադրությունն է լինում…
Սպասելու եմ քեզ, ու քո ճամփին են լինելու իմ սիրտը, աչքերս: Դու ճամպրուկդ հավաքեցիր, այդպես էլ չմտածեցիր, միգուցե նաև չտեսար, որ ճամպրուկիդ մի փոքրիկ անկյունում ես խնամքով իմ սիրտն եմ դրել, հույսերս, սպասումս, հոգիս, հավատս եմ դրել: Ես քեզ հետ եմ լինելու՝ ուզես դու, թե՝ ոչ, քանի որ մարդը միշտ լինում է այնտեղ, որտեղ իր սիրտն է: Քեզ երբեք չեմ թողնելու, չնայած՝ դու իմ բացակայությունից միգուցե քեզ տխուր կամ մենակ չզգաս, իսկ ե՞ս… Իսկ ես սպասելու եմ, արդեն սկսել եմ հաշվել վայրկյանները, ես ամեն ինչ կտայի, որ ամիսները ակնթարթի նման թռչեին:
Իսկ ես կսպասեմ, կաղոթեմ: Չէ՞ որ սիրտս ու հոգիս քո ճամպրուկի մեջ են, կսպասեմ, մինչև հետ բերես: Իմ միակ, իմ ամենաթանկ: Շա՜տ եմ սիրում քեզ, ի՛մ հայրիկ։