Շուտով նորից սեպտեմբերը կգա, նորից հարազատ դեմքեր, սիրելի ընկերներ և ուսուցիչներ: Իսկ հետո՝ հետարձակուրդային սթրես։ Դու պիտի շուտ արթնանաս, ճիշտ գրաֆիկ կազմես, դուրս գաս ամռան ճիրաններից։
Ես այն սակավաթիվ աշակերտներից եմ, որոնք չունեն վաղ արթնանալու խնդիր։ Այդ հարցում մի քիչ հանգիստ եմ։ Բայց կան խնդիրներ, որոնք ընդհանուր են բոլոր աշակերտների համար՝ անկախ տարիքից ու նախասիրություններից։ Այդ խնդիրները հատկապես ուսումնական տարվա սկզբում են գլուխ բարձրացնում, իսկ որոշ ժամանակ անց հարթվում, հանդարտվում են։ Հետարձակուրդային խնդիր է, օրինակ՝ դասերի պատրաստումը: Հազի՜վ տրամադրվում ենք (համոզում ենք ինքներս մեզ), որ արդեն դասերը սկսվել են, պետք է սովորել օրվա դասը, ի՜նչ ամոթ կլինի, որ պատրաստ չլինենք ու զգում ենք, որ թեկուզ այդ մտքերով էլ մենք շեղում ենք մեզ դասերից։ Դժվար է սովորել անգամ այն առարկաների դասերը, որոնք ամենաշատն ենք սիրում (ի դեպ՝ ես հումանիտար եմ)։
Ամեն սեպտեմբերին դասարան մտնելիս այնքան ջերմություն եմ զգում, որ մի պահ մոռանում եմ դասերի մասին։ Ես նայում եմ իմ նստարանին, նայում եմ մեր պաստառներին: Ամեն ինչ այնքան սառն է, այնքան դատարկ է առանց մեզ։ Ինձ թվում է, որ մեր դասարանի պատերն անգամ տխրում ու կարոտում են մեզ։
-Հեռախոսը մի կողմ դիր, էդ քեզ ապագա չի։
-Այ մարդ, էս ի՞նչ սերունդ է մեծանում, բա մեր ժամանակ էսպե՞ս էր։ Մենք մեր ժամանակին գրքերն ու տետրերը ձեռքներիցս չէինք գցում։ Մեկին, եթե նոր գիրք էին գնում, մենք էդ գիրքը ձեռքից ձեռք փախցնելով էինք կարդում…
Շուտով այս ամենը լսելու ենք մոտ մեկուկես ամիս շարունակ։ Այնքան դժվար է մեծերին բացատրել, որ «իրենց ժամանակին» ախր չկային ո՛չ համակարգիչ, ո՛չ հեռախոս, ո՛չ էլ պլանշետ։ Բայց, ամեն դեպքում, նրանք, իհարկե, ճիշտ են։ Մենք պիտի շատ կարդանք ու սովորենք։
Մեր տանը իմ գրքերով առավել հետաքրքրված է պապիկս։ Շա՜տ է սիրում աշխարհագրություն ու պատմություն։ Ամեն անգամ նոր գրքեր ստանալուց հետո շտապում եմ տուն։
-Պա՜պ, նայի՛ր, նոր դասագրքերս եմ ստացել։
-Ապրե՛ս, աղջիկս, դե ե՛կ, միասին ուսումնասիրենք։
Ու միասին թերթում ենք բոլոր էջերը։ Պապիկն ինձ պատմում է իր դպրոցական տարիների մասին։ Հասկանում եմ, որ այն ժամանակ լրիվ այլ հետաքրքրություններ են ունեցել։ Հատկապես նկատում եմ, որ այլ են եղել «ուսուցիչ-աշակերտ» հարաբերությունները։ Կարծում եմ, որ խստությունն ավելի շատ է եղել, հաճախ նաև անտեղի խստությունը։
Պապիկն իմ մեջ դեռ վաղուց արթնացրել է սեր հումանիտար առարկաների հանդեպ։ Դե, իսկ տատիկս մի՜շտ ասում է, որ ես պիտի լրագրող դառնամ։
-Բալես, էնքան եմ ուզում մի օր էլ քո պատրաստած նյութերն ու հոդվածները կարդամ։ Մինչև քեզ լրագրող դարձած չտեսնեմ, չեմ մեռնի։
-Տատ, դե որ էդպես է, ես էլ լրագրող չեմ դառնա։
Հետարձակուրդային սթրեսից ազատվելու ամենալավ միջոցն ինձ համար երաժշտությունն է։ Առաջարկում եմ երեկոյան ժամերին դասական երաժշտություն լսել։ Իսկ օրվա ընթացքում ուրախ ու աշխույժ երաժտությունը կօգնի լիցքաթափվել։ Դե, իսկ երբ ազատվում ենք այդ ամենից, կարելի է ընտիր ռոք լսել։
Աշակերտների մի մասը միշտ սպասում է դասերի սկսվելուն, մյուս մասը՝ դժգոհում, թե՝ վա՜յ նորից սկսվում են…
-Արի՛ դաս պատմելու։
-Մատյանով եմ հարցնում։
-Մինչև դասի վերջ կհասցնե՞ս կրկնել:
Ես շա՜տ եմ սիրում դպրոցը, այս արտահայտություններն էլ շա՜տ եմ սիրում, անգամ հասցրել եմ կարոտել։ Սիրում եմ մեր այն ուսուցիչներին, որոնք միշտ մեր կողքին են, որոնք հասկանում են մեզ, որոնք դասարան մտնում են նախ որպես մարդ, հետո՝ ուսուցիչ, որոնք մեզ տեսնում են նախ որպես մարդ, հետո՝ աշակերտ։
Սիրելի՛ դպրոց ու հարազատ դարձած դեմքեր, շուտով կհանդիպենք։