Դավիթ Ասլանյանի բոլոր հրապարակումները

davit aslanyan

Սա ես եմ, սա դու ես…

Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեզ ու մեր ծնողներին, որ չլքեցինք Հայաստանը: Ես գտնում եմ, որ Հայաստանը լքողը հայն է, բայց ոչ նրա սերունդը: Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու եք դուք հայ: Ես մտածել եմ: Ու գիտե՞ք, թե ինչ կասեմ: Հայ հորից ու մորից ծնվելը դեռ շատ քիչ է հայ լինելու համար: Հայ է էն մարդը, ով փոքր ժամանակ մամայի ձեռքից բռնած նայել է հրապարակի շատրվաններին ու Բոչելլի է լսել: Հայ է էն մարդը, ով սիրում է մաքուր օդ, բնություն, ճշտապահություն, բայց միաժամանակ չի կարող ապրել առանց էս մեր քաղաքի կեղտոտ օդի:

Գիտե՞ք, էնքան բան ունենք մենք, էնքան հարուստ ազգ ենք: Էնքան բարի, արարող ու սիրունը սիրող ազգ ենք: Ուր ուզում եք գնացեք, որ հարկն ուզում եք բարձրացեք ու ինչ ուզում եք տեսեք՝ մայրամուտին Կասկադի վերևից Արարատին նայելուց լավ բան չկա: Մի՛ մոռացեք էս ամեն ինչը: Որովհետև շատերը մոռացան ու լքեցին երկիրը: Մոռացան, որ գետակի վրա թեքվել է ուռին, ու ոչ մեկը չուզեցավ մյուսին ասել․ «Վեր կաց, եղբայր իմ»: Ու մոռացան, որ անտանելի երթևեկությունից բացի՝ մենք ունենք Երևանի մետրոպոլիտենը` էն հրաշք տատիկներով, որոնց աչքերում 50-ականների Երևանն ա: Մոռացան մեր առաջին հանրապետությունը, ու որ մենք էինք, որ 1918-ին Կարսում օդանավակայան ունեինք:

Եթե ձեզնից ինչ-որ մեկը երբևէ ափսոսել է, որ մենք չունենք էն նեղլիկ սիրուն փողոցներից, ապա չի հիշում, որ չունենք, որովհետև էն ժամանակ դրանք աղքատ թիֆլիսցիների փնթի փողոցներն էին: Իսկ Երևանը ուներ լայն պողոտաներ և ոսկեգույն լույսերով սև քարե շենքեր:

Մենք չենք կարող էսպես հայրենիք պահել: Մենք մոռանում ենք, թե ինչ են նկարիչն ու ճարտարապետը, ու մենակ հիշում ենք գրողի տարած ֆինանսիստներին: Մենք մոռանում ենք, թե ինչ են կրակն ու կիթառը, ու հիշում ենք մենակ մեր ջեռուցումն ու մակբուքը: Մենք կտրում ենք ծառերը, կեղտոտում բնությունը ու մոռանում մեր տան ծորակներից հոսող Եվրոպայի ֆիլտրած ջրերից ավելի մաքուր ջուրը:

Մենք լսում ենք Հայաստանի հիմնը ու չենք էլ հիշում, որ մի Վարդուհի Վարդանյան ունեինք, որ երգում էր՝ երկիր իմ հայ: Գնում ենք «Բլեք սթարի» համերգին ու մեր մտքով էլ չի անցնում Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը»: Գնում ենք ցուրտ երկրներ, բայց չենք հասկանում, որ ցուրտ է, որովհետև իրենք Ռուբեն չունեն, որ երգի՝ ինչ զով գիշեր է, մեկն ինձ հիշել է: Ո՞րն ասեմ է, ո՞րն ասեմ:

Սա ես եմ, սա դու ես՝ կանգնած, լքված քաղաքի պահակները դարձած…

davit aslanyan

Ամեն ինչ իր տեղում է

Գիտես, բոլորս էլ ուզում ենք լինել լավ սովորող, բայց երբեք բավարար չենք սովորում այդ լավ սովորողների շարքին միանալու համար: Չէի ասի, թե ծույլ ենք, ոչ էլ կասեմ, որ մեր ընդունակություններն են քիչ: Ամեն ինչ տեղում է, դեռ մի բան էլ ավելի: Օրինակ` իմ պարագայում իմ հետաքրքրասիրությունը այնքան շատ է, որ չեմ կարող մի բան մինչև վերջ սովորել: Ու այդ հետաքրքրասիրությունը բավարարելու են գալիս ֆիլմերը, գրքերը, այցելությունները, անվերջ զրույցները, տեսակետներն ու գաղափարները: Մինչ բավարարում ենք մեր հետաքրքրասիրությունը, անցնում է օրը, ուժասպառ ենք լինում, ու էլ ինչ դաս, ինչ սովորել:

Արթնացանք:

Միանգամից ափսոսում ենք, որ երեկ չենք սովորել, որովհետև մի քանի ժամից պատասխանելու ժամանակն է: Ափսոսելով, բայց փորձելով ուրախ երևալ` քայլերս ուղղում եմ համալսարան ու հասկանում, որ գրեթե ամեն ինչ գիտեմ ամեն ինչի ու ամեն մեկի մասին, ինչ տեսնում եմ: Սա, իհարկե, շնորհիվ իմ հետաքրքրասիրության: Գնում եմ դասի: Դասախոսը պատմում է մի բանի մասին, որը դասին չի վերաբերում. կարծես թե մենակ ես եմ տեղյակ դրանից, դեռ մի բան էլ ուզում եմ դասախոսիս ուղղել ու լրացումներ անել: Մի րոպե, բա էն լավ սովորողներն ո՞ւր են: Հա, ոնց էի մոռացել, էսպիսի բաների մասին գրքերում է գրած, ոչ թե դասագրքերում: Ուրախանում եմ, որ լավ սովորողներից չեմ ու խորանում եմ համացանցի մեջ` հետաքրքրասիրությունս բավարարելու համար կարդալով, մինչև դասախոսը մի ավելի հետաքրքիր բառով կամ նախադասությամբ ինձ կշեղի դասի ուղղությամբ: Հիմա էլ մի ուրիշ հարց է ինձ հետաքրքրում` լինեմ լավ սովորո՞ղ, թե՞ լավ մարդ:

davit aslanyan

Մերն ուրիշ ա

Իմ կարծիքով մենք` հայերս, հեռվից սիրող ազգ ենք: Հերիք ա դուրս գանք Երևանից ու կսկսենք բոլորին պատմել, թե ինչ սիրուն ա Կասկադը, ինչքան ջերմ ա մեր քաղաքը ու ինչքան լավն են մարդիկ: Հերիք ա Զվարթնոցում մեր անձնագրի մեջ խփեն ելքի կնիքը, ու սկսում ենք հասկանալ, որ մեր տեղը Հայաստանում ա, մենք սիրում ենք մեր թույլ տնտեսությամբ, վատ կրթական համակարգով, բայց կիրթ մարդկանցով լի երկիրը: Հենց հետ ենք գալիս Երևան կամ Զվարթնոցում մեր աձնագրի մեջ տեսնում ենք մուտքի կնիքը, ամեն ինչ փլուզվում է: Մենք էլի դառնում ենք անտարբեր, մարդիկ դառնում են «մարդ ա էլի», իսկ Կասկադը` «հա դե Կասկադն ա, էլի»: Ու հայաստանյան միապաղաղ կյանքում երկու օր ունենք, որ բացառություն ա, երբ համ Երևանում ենք, համ սիրում ենք Երևանը, համ Հայաստանում ենք, համ էլ սիրում ենք Հայաստանը: Երևի գուշակեցիք` խոսում եմ Էրեբունի-Երևանի ու անկախության օրվա մասին: Համենայնդեպս, ես էսպես եմ համարյա միշտ: Բայց մի ճշմարտություն կա: Ուր գնում ենք, ինչ անում ենք, միշտ մեր մտքում ա «դե, մեր Էրևանն ուրիշ ա բայց» հզոր արտահայտությունը:

Փորձեք Երևանում գտնել «մեր Թիֆլիսն ուրիշ ա» վրացի կամ «մեր Սեուլն ուրիշ ա» կորեացի: Չկան: Որովհետև մենակ մեր Էրևանն ա ուրիշ:

davit aslanyan

Բայց դա պարտադիր չէ

Ով կարծում է` իրավաբանությունը, պետությունը, սահմանադրություններն ու օրենսգրքերը ձանձրալի են, տեղեկացնեմ մի պետության սահմանադրության մասին, որը ձեր պատկերացումները լիովին կփոխի։

Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կա մի հետաքրքիր թաղամաս՝ Ուժուպիս անունով։ Ուժուպիսը նախկինում թմրամոլների թաղամաս էր, ուր վիլնյուսցիները չէին շտապում այցելել։ Բայց քանի որ Ուժուպիսում անշարժ գույքն էժան էր, շուտով այստեղ տեղափոխվեցին արվեստագետներ՝ գնելով արվեստանոցներ։ Եվ Ուժուպիսը վերածվեց արվեստագետների թաղամասի՝ անդավաճան մնալով հարազատ մշակաբույսը աճեցնելու սովորույթին։

1997 թվականին թաղամասի բնակչությունը թաղամասը հռչակեց անկախ՝ Ուժուպիսի Հանրապետություն անունով, և ընդունեց սահմանադրություն։ Հիմա Ուժուպիսում ապրում են Վիլնյուսի մտավորականները՝ նկարիչները, երաժիշտները, բանաստեղծները և մարդիկ, ովքեր ուղղակի ուրախ են։ Ներկայացնեմ մի քանի կետ Ուժուպիսի հանրապետության Սահմանադրությունից։

Ուժուպիսի սահմանադրության առաջին կետը ամրագրում է․ «Յուրաքանչյուր Ուժուպիսի քաղաքացի ունի իրավունք ապրել Վիլնյալ գետի ափին, իսկ Վիլնյալն իրավունք ունի հոսել մարդկանց կողքով»։

Հոդվածներից մեկն ասում է, որ ամեն մարդ իրավունք ունի մահանալու, բայց դա պարտադիր չէ, մյուսը՝ որ կատուն իրավունք ունի չսիրել իր տիրոջը, բայց պարտավոր է օգնել տիրոջը, երբ նա դրա կարիքն ունի, հոդվածներից մյուսն ասում է, որ ամեն մեկն ունի իրավունք ծուլանալու և ոչինչ չանելու։ Առանձին հոդվածներ ամրագրում են այն, որ մարդը իրավունք ունի ճանաչել սեփական ես-ի ոչնչությունը կամ փառահեղությունը։ Հատուկ հոդվածներ նվիրված են սիրելու և երջանիկ լինելու իրավունքին։ Մեկ ուրիշ հոդվածում, որը տալիս է մարդուն իրավունք` լինել դժբախտ, դուք կգտնեք «բայց դա պարտադիր չէ» բաղադրիչը։

Ուժուպիսում ապրում են մարդիկ, ովքեր չեն դժգոհում մեծ խնդիրներից և իրենց երջանիկ են համարում։

Արդյո՞ք այն սահմանադրությունը, որի առաջին հոդվածը տալիս է գետին իրավունք հոսելու, ավելի լավ է գործում, քան մյուսները, որոնք հռչակում են իրենց պետության ինքնիշխանությունը։ Այնուամենայնիվ պետության դասական կառուցվածքը, ըստ իս, դեռ մնում է ակտուալ, քանի որ ոչ բոլորն են ազատությունն ընկալում ուժուպիսցիների պես, և հաճախ շփոթելով ամենաթողության հետ երկիրը դարձնում մի փոքր վատը։

Հետաքրքրե՞ց Ուժուպիսի Հանրապետությունը, փնտրի′ր, տե′ս, լսի′ր ու կարդա′ Ուժուպիսի մասին և կիսվի′ր քո կարծիքով։

Լեռները

Թե կան ազգություններ, տեսակներ ու ենթատեսակներ, որոնց պատկանում են մարդիկ, կենդանիներ, բույսեր, գետեր։ Որոնք խոսում են տարբեր լեզուներով, տարբերվում տեսքով ու բնավորությամբ, աճում տարբեր տեղերում, հոսում տարբեր բարձրություններից, տարբեր թեքությամբ, տարբեր արագությամբ, տարբեր ջրառատությամբ, տարբեր, տարբեր, տարբեր… Ապա կան նաև լեռներ՝ տարբեր բարձրության, տարբեր ծագումով, տարբեր բուսածածկույթով, բայց նույն վեհությամբ։

Նայում եմ շուրջբոլորս։ Կարծես ամեն ինչը կարելի է դասակարգել. սիրել կամ չսիրել, զատել ու խառնել, բայց հասնում եմ լեռներին ու ինքս ինձ հարցնում. լավ, մի՞թե սրանք էլ ազգություն ունեն, թշնամի ունեն… Էսքան ախպեր ուս-ուսի, ո՞նց կարող են առանձին լինել, իրենց հեչ պետքն էլ չի` թե մենք սահման գծենք, մարդ սպանենք ու գոռանք, թե` էս սարն իմն է, էս քարն իմն է…

Չէ, լեռները ազգություն չունեն, լեռները բարձր են ազգությունից, տեսակից ու ենթատեսակից…

davit aslanyan

Հրաժեշտների ժամանակաշրջանը

Եթե ինձ հարցնեին, թե որտեղ կարելի է տեսնել ամենաշատ էմոցիաները, ես միանշանակ կմատնանշեի կայարանները, նավահանգիստները, օդանավակայանները և մյուս բոլոր այն տեղերը, ուր միաժամանակ կա և հրաժեշտ, և հանդիպում: 

Ես հրաժեշտներն ու հանդիպումները դասակարգում եմ մի քանի տեսակների: Հրաժեշտներ առանց հետագա հանդիպման հույսի, հրաժեշտներ իմանալով, որ էլի հանդիպելու եք ապագայում, և հրաժեշտներ, երբ ցանկանում եք հավատալ, որ ապագայում էլի կհանդիպեք: Հանդիպումները մի քիչ ուրիշ են` ցանկալի, անցանկալի և պատահական, իսկ վերջինս իր հերթին բաժանվում է երկու տեսակի` ցանկալի և անցանկալի: Երևի մի քիչ բարդ բացատրեցի:

Հայաստանում էլի զորահավաք է: Սկսվել են բանակի քեֆերը և զինկոմիսարիատների մոտ հաճախ կարելի է նկատել այնքան էմոցիա, որ դժվար թե ինչ-որ օդնավակայան տեսնում է մի տարում: Երևի դրանից է, որ զինկոմիսարիատների հրաժեշտները իմ դասակարգումներից ոչ մեկի մեջ չեն մտնում. Չգիտես` հպարտանաս, տխրես, ժպտաս, գրկես ու բաց չթողնես, թե՞ շուտ թողնես, որ շուտ էլ հետ գա:

Հեռախոսս զանգում է.

-Ալո:

-Դավ, բարև, ի՞նչ կա:

-Բան չէ, դու ասա, ի՞նչ ես անում:

-Ի՞նչ անեմ: Վաղը բանակի քեֆս ա, երկուսին կգա՞ս, հասցեն կգրեմ հեսա:

-Լավ, եղավ, անպայման կգամ, ապրես:- Սառած տոնով ասում եմ ես ու անջատում հեռախոսս:

Սկսվել են զորահավաքները, սկսվել են բանակի քեֆերը, ու հեռախոսները ավելի հաճախ են զնգում…

Հեռախոսս զանգում է.

-Յաաա, բարև…

davit aslanyan

Իմ սրտի մայրաքաղաքը

Ամենևին էլ գլխի չընկաք, թե ինչից եմ խոսելու: Նյութս ոչ Երևանն է, ոչ էլ մի ուրիշ քաղաք: Նյութս այդ քաղաքի բացակայության և այդ բացակա քաղաքում իմ սիրելի բացակաների մասին է:

Բանն այն է, որ իմ սրտի քարտեզում մի անցք կա, հենց այնպիսի մի անցք, ինչպիսին լինում են դպրոցների քարտեզների հնամաշ անցքերը` հասարակածին մոտ, հեռու, բայց կարևոր մի վայրում: Իսկ իմ սրտի քարտեզում այդ անցքը համընկնում է մայրաքաղաքի տեղակայման վայրի հետ:

Այսպիսով իմ սիրտը չունի մայրաքաղաք, իսկ այդ քաղաքը` հոգի: Ուրեմն պետք է գործել: Միգուցե սա հնարավորություն է նկարել քաղաք իմ ուզած ձևով, նոր շնչով, ամենասիրելի բացականերով և մեր քաղաքում քիչ հանդիպող, փոքր, մատչելի և մարդաշատ ջազ ակումբներով:

Նայենք ամեն անցքի, որպես հնարավորության` լցնելու այն մեր իսկ  ցանկացած ձևով:

davit aslanyan

Նպատակակետը` թեկուզ դժոխք

Քանի որ պարապում էի շտեմարաններով, քննություններից հետո գիտելիքի փոխարեն ինձ մնաց միայն անվերջ երկար ժամանակ: Եվ պարզվում է, որ այն լցնելը բավականին դժվար է առանց երկու բանի` հոգու ընկերոջ և փողի: Առանց իրական քո բնավորությունն ունեցող ընկերոջ դժվար է, իսկ նրա հետ` թեկուզ դժոխք, չէ որ ընկերների հետ ամեն տեղ էլ հետաքրքիր կլինի` Պոմպիդու թե փոքր գյուղի միակ զրուցարան:
Մենակ ես մնում, ու միակ բանը, որ շարունակ անում ես, պարզվում է, պլաններ մշակելն է, այն մասին, թե ինչ կանեք, երբ կրկին հանդիպեք: Իհարկե, երբեք էլ այդ պլաններով չեք շարժվում, բայց գոնե ինչ-որ չափով կարոտ եք առնում:

Դժվար է առանց հոգու ընկերոջ. հացը կուլ չի գնում, զբոսանքը ուրախ չի լինում, մատիտը ծուռ է գնում, և անգամ ինտերնետն է դանդաղ թվում…

Հ.Գ. Ինչքան էլ դժվար լինի, մի փոխեք ձեր հոգին ընկեր ունենալու համար: 

davit aslanyan

Նախաքննական մրցավազք, ուղեղային մորմոք

Իսկ դուք քանի ՞ անգամ եք մտածել ցեղասպանության մասին, որպես երևույթի, ոչ թե որպես մի բանի, որը պատահել է ձեր ազգի հետ: Մի հետաքրքիր օրինաչափություն կա. հաջողված ցեղասպանությունները չեն դատապարտվում: Իսկ կիսատ մնացածները, կամ , այսպես ասած, չհաջողված ցեղասպանությունների համար ցեղասպանությունն իրագործող երկիրը կամ տվյալ երկրի իրավահաջորդները ունենում են խոչընդոտներ ամբողջ գոյության ընթացքում: Ինչի ՞ է սա նման: Ահա այս մասին էի մտածում, որ նյութս շարունակեմ և հենց որոշեցի կանգ առնել, հասկացա, որ ընդունելության հետ համեմատելու շատ բան կա:

Սկսեմ հենց դրդապատճառներից: Որոշ դեպքերում ցեղասպանություններ կատարվում են հանուն մի վեհ գաղափարի. օրինակ` կայսրությունները կործանումից փրկելու համար: Այսպես ընտրվում են նաև մասնագիտություններ: Օրինակ` բժշկություն և իրավաբանություն. մարդկանց առողջ և իրավահավասար հասարակությունում տեսնելու համար և այլն: Անցնեմ մյուս պատճառներին: Ցեղասպանություններ իրագործվում են ազգայնամոլությունից դրդված, տվյալ ազգի անցյալը մյուսներից ավելի լավը համարելուց ելնելով (գոյություն ունե ՞ ն լավ անցյալներ, անցյալը ինչ-որ ուժ ունի ՞): Չեմ ուզում ինչ-որ մեկին վիրավորել, բայց վերոհիշյալ ցեղասպանության հիմար դրդապատճառներից մեկի հիման վրա էլ ընտրվում է պատմագիտությունը որպես մասնագիտություն (ո՞ւմ մտքով է անցել մարդանց պարտադրել տեսողությունն ու ժամանակը վատնել հիմարությունների վրա), այն սովորելով աշխարհում ոչինչ չի փոխվի, քո և շրջապատիդ կյանքը չի բարելավվի:

Երկար-բարակ գրելուց էլի կանգ առա մասնագիտությունների ու կյանքի խաչմերուկում և ցանկանում եմ խոսքս ավարտել հետևյալ հարցով. «Ճիշտ չի՞ լինի արդյոք արգելել բոլոր գիտությունների պարտադրումը, որոնք քեզ և քո շրջապատը չեն դարձնում ավելի լավը»: