Ալբերտ Մկրտչյանի բոլոր հրապարակումները

Վահրամաբերդում էլ

Ուշ աշնանը նորից սկսվում են մեր գյուղատնտեսական աշխատանքները: Ամեն առավոտ գնում եմ դասի և դրանից հետո գալիս եմ իմ սիրելի գործին` կարտոֆիլ հավաքելուն: Ես շատ եմ սիրում այս գործը, որովհետև շատ ուրախ է անցնում բոլորի հետ:

Լուսանկարը` Ալբերտ Մկրտչյանի

Լուսանկարը` Ալբերտ Մկրտչյանի

Մեզ մոտ` Վահրամաբերդում, ամեն անգամ կարտոֆիլ հավաքելիս պատրաստում ենք «կարտոֆիլով ֆուռ», և միասին նստում ենք և ուտում: Մենք կարտոֆիլը հավաքում, լցնում ենք դույլերի մեջ, հետո լցնում պարկերի մեջ, և ամբողջ կարտոֆիլը հավաքելուց հետո ավտոմեքենայով տանում ենք տուն: Հետո տեսակավորում ենք այդ կարտոֆիլը`մեծերը` առանձին, փոքրերը` առանձին, իսկ սերմացուն` առանձին, և այդ ամենը ավարտելուց հետո պահեստավորում ենք նկուղում:

Լուսանկարը` Ալբերտ Մկրտչյանի

Լուսանկարը` Ալբերտ Մկրտչյանի

Ու այսպես ամեն աշուն:

Ուզում եմ չեմպիոն դառնալ

Ես զբաղվում եմ ըմբշամարտով: Պարապում եմ մեր գյուղում` Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում մոտավորապես երեքուկես տարի: Շիրակը առհասարակ շատ չեմպիոններ ունի թե ըմբշամարտի, թե ծանրամարտի մեջ: Դե, այս օրերին Եվրոպայի առաջնության հաղթողներն էլ դա են վկայում: Երևի դրա համար էլ երեխաները շատ ոգևորված պարապում են, ուզում են իրենք էլ չեմպիոն դառնալ:

Լուսանկարը` Արաքսյա Ալեքսանյանի

Լուսանկարը` Արաքսյա Ալեքսանյանի

Միայն այն է վատ, որ չունենք բոլոր հարմարությունները: Պարապում էնք մոտավորապես երեսուն հոգի և տարբեր տարիքի, ամեն օր բացի կիրակի օրվանից: Ունենք երկու խմբակ՝ մեկը մեր գյուղում և մյուսը՝ հարևան գյուղում` Մարմաշենում:

Հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ գնացի ըմբշամարտի: Մեկ օր առաջ անհամբեր սպասում էի, թե երբ էի գնալու պարապմունքի: Մտածում էի, թե ինչ ենք անելու, ինչպես ենք պարապելու: Սկզբում ծանոթացա իմ մարզչի հետ, իսկ հետո որոշ երեխաների, որոնց դեռ ծանոթ չէի: Ավարտվեց պարապմունքը գնացի տուն, այնքան ոգևորված էի, որ գիշերը չքնեցի: Բացվեց առավոտը, գնացի դասի, քունս տանում էր: Ամեն րոպեն մեկ հորանջում էի: Դասերից հետո վազեցի տուն, որպեսզի շուտ հասնեմ պարապմունքի: Պարապմունքի ժամանակ մեր մարզիչը այնպիսի անուններ էր տալիս, որոնք ինձ անծանոթ էին: Այդպես մեկ տարի տևեց: Մի օր էլ, երբ հերթական անգամ գնացի պարապմունքի, մարզիչս ինձ ասաց , որ երեք օր հետո գնալու եմ մրցումների: Ես չգիտեի՝ ուրախանայի, թե՞ տխրեի, որովհետև վախենում էի: Եկավ այդ օրը, և ես պարտվեցի: Տխուր էի, լաց էի լինում, բայց իմ ընկերը հաղթեց, և ես մի քիչ  ուրախացա, որ գոնե ընկերս հաղթեց: Բայց ընկերներս և մարզիչս ինձ ոգևորում էին, որ շատ չտխրեմ: Շուտով մեկ այլ մրցումներ էին: Այս անգամ ես հաղթեցի, և շատ ուրախ էի: Մի օր էլ պարապմունքի ժամանակ ոտքս ուժեղ ցավաց. վախենում էի, որ լուրջ բան եղած չլինի: Նաև վախենում էի, թե ընտանիքիս անդամները էլ չթողնի գնալ պարապմունքի: Բայց երբ ոտքս լավացավ, նորից գնացի պարապմունքի:

Ես սիրում եմ սպորտը և հավատում եմ՝ մի օր ես էլ կհասնեմ մեծ հաջողությունների:

Պատերազմից շատ տարիներ հետո

Լուսանկարը՝ Ալբերտ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Ալբերտ Մկրտչյանի


Հարություն Սարգսյանը մեր գյուղից է` Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից: Նա 52 տարեկան է: Գյուղում բոլորը նրան շատ են հարգում, որովհետև մասնակցել է Արցախյան ազատամարտին:
-Քանի՞ տարեկան էիք, երբ մեկնեցիք Արցախ մասնակցելու պատերազմին:
-30 տարեկան էի: Ամուսնացած էի: Արդեն ունեինք երեք երեխա և սպասում էինք չորրորդին:
-Կարո՞ղ եք մի երկու դեպք պատմել պատերազմից:
-Ապրիլի 24-ին՝ Եղեռնի օրը, Ադրբեջանը ուժեղ հարձակում իրականացրեց: 24 լույս 25-ի գիշերը մեծ զորքով, ականանետներով, ինքնաթիռներով սկսեցին հարձակումը: Համոզված էին, որ մեզ կհաղթեն, այնինչ ստացվեց հակառակը: Մենք ավելի ուժեղ էինք, ավելի համարձակ, որովհետև պայքարում էինք հայրենի հողի համար, և մենք հաղթեցինք այդ մարտում:
-Դուք վիրավորվե՞լ էիք կամ վիրավորված ընկեր ունեի՞ք:
-Այո, ես վիրավորվել եմ, և ունեինք շատ վիրավորված, մահացած և նահատակված ընկերներ: Շատ հարազատ ընկերներ եմ կորցրել մարտի դաշտում, որոնց ամեն օր հիշում եմ` Աբրահամին, Արտուշին, Հարութին… Ռազմի դաշտում ամեն մեկը հանուն ընկերոջ պատրաստ էր գնալ զոհաբերության: Մի ուրիշ կապ կար բոլորիս միջև:
-Դուք, որ իմացաք վերադառնում եք տուն, ի՞նչ զգացիք:
-Մենք հաղթել էինք, բոլորս երջանիկ էինք: Դրա համար էլ ուրախ էինք մեր հաղթանակով, տուն գնալու մասին չէինք մտածում:
-Ինչո՞վ եք զբաղվել տուն վերադառնալուց հետո:
-Հետ վերադառնալուց անմիջապես հետո ենթարկվել եմ վիրահատության: Մարմնիս մեջ ականի բեկորներ կային: Հետո վիրավորվելուց լսողությունս նույնպես վատացել էր: Բուժվում էի:
-Ինչպե՞ս է դասավորվել ձեր կյանքը պատերազմից հետո:
-Վերադառնալուց հետո անմիջապես հողագործությամբ եմ զբաղվել և զբաղվում եմ մինչ այսօր:
-Ի՞նչ եք կարծում, այսօր ազատամարտիկները համապատասխան ուշադրության արժանանո՞ւմ են:
- Ազատամարտիկները միշտ էլ արժանացել են անուշադրության: Եթե ուշադրության էլ արժանանում են, ուրեմն աննշան:
-Ձեր կարծիքով, ե՞րբ կավարտվի այս լարված վիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում: Կկարողանա՞ն այս երկու ազգերը նորից մտերիմ հարևաններ դառնալ:
-Հարազատ կդառնան այն ժամանակ, երբ մարդու ուղեղը այնքան աշխատի, որ զգա, թե ինչ տարբերություն. հայ, թուրք, ուզբեկ, ռուս… Այժմ մենք անպատրաստ ենք գնալ այդ քայլին:
-Ի՞նչ կցանկանաք մեր ապագա սերնդին:
-Իհարկե, ամենակարևորը, որ ապրեք խաղաղության մեջ, հանգիստ, ու չտեսնեք այն, ինչ մենք ենք տեսել:
-Շնորհակալություն, հարցազրույցի համար: Եվ կներեք, որ ձեզ հիշեցրինք այդ դժվար օրերի մասին:
-Ձեզ էլ շնորհակալություն, որ հիշեցիք ինձ:
Լուսանկարը՝ Ալբերտ Մկրտչյանի

Լուսանկարը՝ Ալբերտ Մկրտչյանի