Անուշ Մուրադյանի բոլոր հրապարակումները

anushMuradyan

«Յուրաքանչյուր օր մնում է հիշողությանդ մեջ, դա պատերազմ է»․ Տիգրան Բոյնարգյան

Տիգրան Բոյնարգյանը մասնակցել է Արցախյան ազատամարտին, նաև մեծ դեր է ունեցել 2016 թվականի Քառօրյա պատերազմում: Մեր հերոսը՝  կապիտան Տիգրան Հակոբի Բոյնարգյանը,  50 տարեկան է, ամուսնացած  է, ունի երկու դուստր։

Կրթությունը ստացել է Գյուղատնտեսական տեխնիկումում, սակայն ինչպես ինքն է ասում, մի քիչ հարաբերական է, թե ինչ մասնագիտություն ունի։

-Ավարտել եմ գյուղատնտեսականը, եղել եմ զինվորական, աշխատում եմ ուսուցիչ։ Սովորել եմ նաև ակադեմիայում, բայց ուսումս կիսատ եմ թողել՝ սովորելով մինչև երրորդ կուրս։ Երեխաներս մեծ էին, և իրենց սովորելու ժամանակն էր։

Արդեն 1988-ն էր։ Սկսվել էր արցախա-ադրբեջանական զինված հակամարտությունը։ Տիգրան Բոյնարգյանը պատմում է, թե ինչը նրան դրդեց մեկնելու պատերազմ։

-Ոգևորություն, հայրենասիրություն բոլորիս մոտ կար, անիմաստ էր խոսել հայրենասիրությունից, չնայած մի քիչ պաթոսով է հնչում, սակայն դա այդպես էր։ Այն ժամանակ մարդիկ ապրում էին Արցախով, անկախությամբ։

Այդ ժամանակների մասին խոսելիս նշում է, որ այնտեղ ամեն օրը նշանակալի էր.

-Յուրաքանչյուր օր մնում է  հիշողությանդ մեջ, դա պատերազմ է։ Ընկերներ էինք կորցնում, նոր ընկերներ  ձեռք բերում, շրջապատ փոխում։

Նրա ամենամեծ հիշողությունը կապված է Շահումյանի շրջանը հանձնելու հետ։ Տիգրան Բոյնարգյանը հիշում է․

-Կյանքում առաջին անգամ գաղթ տեսա։ Շատ էինք կարդացել գաղթի մասին, լսել, բայց երբ դու ես տեսնում այդ քաոսը․․․ Ինչպես են մարդիկ անցնում սարերով, անտառներով, երեխա  կորցնում… Բառերով չեմ կարող նկարագրել…

Ազատամարտիկի ամենամեծ մտավախությունը ոչ թե պատերազմ մեկնելն էր, այլ ծնողներին մենակ թողնելը․

-Մայրս հիվանդ կին էր, ես էլ ամիսներով բացակայում էի, և տանից բացակայելս խնդիր էր։

Պատմում է, որ իրեն շատ էր զարմացնում երիտասարդների ոգևորությունը․

-Ունեինք  15-16 տարեկան երկու տղա։ Տնից փախչում էին, գալիս մեր ջոկատ։ Երեխաներից մեկի հայրը եկավ մեր ջոկատ, որ տղայի կողքին լինի։ Դուրս էինք անում, բայց միևնույն է, չէին հանձնվում։ Նույնիսկ մեկը մեր ջոկատից գնաց Մարտակերտ, ու հիմա արդեն փոխգնդապետ է՝  Աշոտ Գրիգորյանը։

Դժվար ու աննկարագրելի պատերազմական իրավիճակում, Տիգրան Բոյնարգյանը ասում է, որ կատակները սուր էին, զավեշտալի դեպքերը՝ շատ: Դրանցից մեկը շատ լավ է տպավորվել նրա հիշողության մեջ․

-Քելբաջարում ունեինք 9  զոհ, 18 վիրավոր։ Ուղղաթիռ էր եկել, ճանապարհին կրակել էին, վնասվել էր։ Ուզում էին վիրավորներին ուղարկել Հայաստան, մեկ էլ ծանոթ ձայն եմ լսում. «Էս ուղղաթիռը չի հասնի Հայաստան, գոնե զոհվածներին ուղարկեք, որ էլի զոհեր չունենանք»։ Եվ մյուս կողմից լսում եմ. «Չհասկացա՛, զոհվածները մի անգամ էլ զոհվե՞ն, վիրավորներին բարձեք»,- ծիծաղում է։

1992 թվականի ամռանը Լաչինում նրանց մեքենան պայթեց ականի վրա։ Կապիտանը պատմում է՝  ինչպես է ստացել իր վնասվածքները․

-Քելբաջարում ընկանք շրջապատման մեջ։  Երկու ոտքից ու  ուսից  վիրավորվել եմ։ Շահումյանի շրջանում ստացել եմ կանտուզիա և ծնկի վնասվածք։

Ծնկի կոտրվածքը լուրջ չի համարում, քանի որ գնդակից ստացված վնասվածք չէ։

Հիշում է Քառօրյա պատերազմի ժամանակ։

-Մենք հասանք Սովետաշենի զորամաս՝ զենքեր ստանալու։ Պարզվեց, որ այնքան մարդ է հավաքվել, որ այդքանի համար զենք չկա։ Զենքի համար իրար «ծեծում էին»։ Այնուհետև գնացինք Երկրապահ փոխնախագահի մոտ, ասաց. «Անձնագիր տվե՛ք, որ զենք տանք»։ Բայց ո՞վ է կռիվ անձնագիր տանում։ Հետո մեզ ասացին, որ չենք կարող գնալ (վնասվածքների պատճառով), և մենք զբաղվեցինք կազմակերպչական հարցերով՝ շոր ու սնունդ ուղարկելով։

Համեմատություն տանելով ժամանակի միջև նշում է, որ 90-ականներին ընկերներով հավաքվում էին, 20-30 հոգի, ու ընտրում էին, թե ով է լինելու հրամանատարը։ Ընտրում էին նրան, ով ավելի գիտակից էր,  լավ էր տեղյակ զինվորական ծառայությունից։ Իսկ հիմա ամեն ինչ ավելի կանոնավոր է ու ճիշտ։

-1992 թվականից կանոնավոր բանակը ստեղծվեց, ու կարողացանք հաղթող դուրս գալ։

Պնդում է՝ հայ ազգը դժվար պահերին միշտ միավորվում է, և 2016-ի ապրիլը դրա վառ ապացույցներից մեկն է։

Այժմ բանակից թոշակի է անցել, Վանաձորի համար 12 դպրոցում դասավանդում է ՆԶՊ (Նախնական զինվորական պատրաստություն) առարկան։

Կարոտով հիշում է՝ ինչպես էր ազատ ժամանակ մանկության ընկերների հետ ֆուտբոլ  խաղում․ «Նույնիսկ 5-7 տարի  առաջ էինք խաղում»։ Ընկերներով սիրում են գնալ ձկնորսության։ Անձամբ չի սիրում ձկնորսությունը, գնում է ընկերների հետ լավ ժամանց անցկացնելու։

Սիրում է ընթերցել։ Սիրելի գրքերից թվում է մի քանիսը.

-Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ», «Թագուհի Մարգոն», իսկ հայ գրականությունից սիրում եմ Անտոն Կզնունու «Օտարական» վեպը,- խորհուրդ է տալիս կարդալ։

Կապիտան Տիգրան Բոյնարգյանը նրանցից մեկն է, ում շնորհիվ մենք ապրում ենք հաղթանակած, ազատ ու անկախ երկրում։

-Չկա հերոս բանակ ու չկա վախկոտ բանակ, կա կանոնավոր ու անկանոն բանակ։ Հերոսները անհատներ են, ամբողջ բանակը չի կարող հերոս լինել։ Կանոնավոր բանակը միշտ հաղթում է,- եզրափակեց Տիգրան Բոյնարգյանը։

Լուսանկարը` Անուշ Մուրադյանի

Վանաձոր

Մայիսի 8-ը Վանաձորում

Հեղափոխությունը Վանաձորում

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

Լուսանկարը՝ Անուշ Մուրադյանի

arxiv

Ես տիկնիկ չեմ, մարդ եմ

-Ես կարմիր թշիկներով տիկնիկ չեմ ուզում,- լացակումած ասաց քույրս՝ առաջին անգամ տեսնելով ինձ` ծածկոցով փաթաթված, գունդուկծիկ արած, անշարժ դրած անկողնու վրա. իսկապես որ՝ տիկնիկ:

Երբ քրոջս բացատրեցին, որ ես իսկական մարդ եմ, միայն թե` փոքրիկ, նա, չգիտես ինչու, ինձ շատ սիրեց: Դա հիմնականում արտահայտվում էր նրանով, որ տատիկիս հետ ինձ մեջքի վրա պառկեցնում էին գորգին, և երբ ես բլոճի նման փորձում էի շրջվել փորի վրա, բայց մոտս ոչինչ չէր ստացվում, սկսում էին ծիծաղել վրաս: Կամ` երբ արդեն մի քիչ մեծ էի ու թաշկինակին «չանչինակ» էի ասում, դաշնամուրին՝ «ջամփարուր», իսկ պատառաքաղին՝ «պատարագ», նրանք ջանք չէին խնայում ծիծաղելու վրաս: Ես էլ ասում էի.

-Կգնամ մանկապարտեզ, կոնֆետ կուտեմ, թուղթը ձեզ չեմ բերի,- ու մտածելով, որ դա մեծ պատիժ է նրանց համար՝ նեղանում էի, գնում, մի որևէ մութ անկյունում թաքնվում: Բայց չէր անցնում երկու րոպե, և ես հաշտված վերադառնում էի ու առաջարկում վարդի մասին հանելուկ ասել կամ նման մի բան:

Մի անգամ էլ նեղանալով` թաքնվեցի լոգարանում ու դուռը կողպեցի, բայց կողպեքը չէի կարողանում բացել և կես ժամ այնտեղ մնալուց հետո հանձնվեցի:

-Լավ, գոնե թաշկինակ տվեք, եթե դուռը չեք ուզում բացել,- միամտորեն խնդրում էի ես լացակումած, բայց մայրս ու քույրս, ցավոք, դուռը բացել չէին կարողանում, իսկ հայրս տանը չէր, և ես ստիպված էի սպասել, մինչև մեր հարևանը կբարձրանար վերև ու ինձ կազատեր:

Անուշ Մուրադյան 14տ., 2003թ.

arxiv

Ինչ արժե հաղթանակը

Նա վազեց խոհանոց, բացեց սառնարանը, հետո վառարանը, հետո կռացավ, բացեց պահարանը, հուսահատված վազեց դուրս: Գնաց լողասենյակ, նայեց լվացարանի մեջ, տեսավ չկա՝ գնաց ննջասենյակ:

-Կարոտել եմ նրան, քանի օր է՝ պաղպաղակ չեմ կերել, ավազից պալատ չեմ սարքել, ցեխից տորթ չեմ թխել, գնացքս չեմ աշխատացրել, բայց ուղևորները սպասում են, չէ՞: Ո՞ւր է նա, գտեք նրան, հետ բերեք, կարոտել եմ,- տղան լալիս էր, ոտքերը խփում գետնին:

Մեկ էլ ներս մտավ տղայի մայրիկը՝ նրա հետ.

-Առ, վերցրու քո արջուկին, նա բազմոցի տակ էր:

Ժպտո՞ւմ եք: Լավ է, չէ՞: Իսկ հիմա պատկերացրեք մի կնոջ, որը սեղանի առաջ նստած նայում է իր որդու լուսանկարին: Վերջ չկա արցունքներին: Նա չի կարող այս մանկան պես փնտրել ամենուր և գտնել իր որդուն, ով գնացել է ռազմաճակատ և հրացանը ձեռքին սպասում է թշնամու հարձակմանը: Գուցե և՝ վերջին ճակատամարտին: Ինչո՞ւ, որովհետև ինչ-որ նախագահի աչքը մեկի նավթի, կամ բարեբեր հողի վրա է:

Իսկ եթե խեղճ մոր կորցրածն արդեն չկա՞ և անօգնական ընկել է մարտի դաշտո՞ւմ, աչքերը հառած դեպի երկի՞նք.

«Աստված, տեսա՞ր, ես մեռա մի կաթիլ նավթի համար, իսկ մայրս վճարում է միլիոն կաթիլ դառն արցունքով»: Պատերազմի ժամանակ ամեն բան արյան գին ունի:

Հուզվեցի՞ք, այդպես էլ գիտեի:

Անուշ Մուրադյան 14տ., 2003թ.

arxiv

Ինչպես հետաքրքիր դարձնել կյանքը

Առավոտյան արթնանում ես ու հորանջում, ձգվում, հետո գնում ես լվացվելու ու քնկոտ վերադառնում կրկին քո սենյակ, որ հագնվես: Նստում ես մահճակալիդ, մի երկու անգամ հորանջում ու կրկին ընկնում փափուկ բարձիդ վրա ու հենց այդպես, առանց ծածկվելու, նորից քնում: Հետո հանկարծ արթնանում ես ու նայում ժամացույցին: Վա՜յ, ուշացար… Արագ հագնվում ես ու վազում խոհանոց:

Ապա մեկ րոպեով թռեք Լուսին, հետո իջեք, որ ձեզ մի բան ասեմ: Կրկին նայեք Լուսնից եկածի աչքերով ձեր առօրյա կյանքին, որը ձեզ միշտ միապաղաղ ու ձանձրալի է թվում: Մի՞թե հրաշալի չէ, որ դու կարող ես քայլել, արթնանալ, վազել և այլն…

Իհարկե, ես հոգեբան չեմ և չեմ պատրաստվում այժմ ձեր աչքերը, կոպիտ ասած, բացել, բայց ուզում եմ ասել, որ կյանքը հիասքանչ է…

Մի օր Նարինեի՝ ընկերուհուս հետ շատախոսում էինք հեռախոսով, որոշեցինք շաբաթ օրը դուրս գալ զբոսնելու:

-Դե, մի քիչ ման կգանք, հետո կնստենք մի սրճարանում, կխոսենք,- առաջարկում էր ընկերուհիս:

Եկավ երկար սպասված շաբաթ օրը: Մի փոքր զբոսնեցինք, հետո նստեցինք Չարենցի արձանի մոտ ու «ջրիկացանք»: Մի խոսքոքվ, ժամանակը լավ անցավ, մի լավ ջրիկացանք, մինչև վերջ մեր «ջրերը քամեցինք» ու եկանք տուն: Ոչ մի գրոշ չծախսեցինք, սրճարան չգնացինք ու շատ էլ լավ ժամանակ անցկացրինք: Իսկ դուք հարցնում եք. «Կապվա՞ծ է արդյոք կյանքի հետաքրքրությունը ֆինանսներից»… Իհարկե, ոչ: Դե, համարյա` ոչ: Բայց եթե ավելի խորը մտածենք, 50 տոկոսով՝ այո, 50-ով՝ ոչ:

Իրականում ամեն ինչ կախված է մարդուց:

Խճանկար

arxivՍա մեր բակն է: Լավն է, չէ՞: Հետո՞ ինչ, որ ճոճանակները ժանգոտած են, ու եթե երևակայությանդ զոռ էլ տաս, էլի չես իմանա նախկին գույնը: Ճոճանակներից մնացել են միայն երկաթյա ծռված ձողեր: Բայց ես սիրում եմ իմ բակը: Սիրում եմ նրա հին ծառերը, որոնք, բացի թթենուց, ցավոք այլևս բերք չեն տալիս, իսկ ոչ պտղատուները գրեթե չեն էլ բողբոջում գարնանը: Բայց դե թթենին ամռանը լա՜վ բերք է տալիս: Մենք էլ երեխաներով հավաքվում ենք ու մեծ ծածկոց բռնում:

-Կըտ, կըտ, կըտ-կըտ-կըտ-կըտ,-սկզբից՝ հատիկ-հատիկ, հետո անձրևից էլ արագ թթերն ընկնում են շորի վրա, մեզ վրա, գետնին…

Իմիջիայլոց, մենք՝ երեխաներս, հպարտանալու շատ բան ունենք. ինքներս ենք ծանոթացել ու ընկերացել: Այդ հարցում մեծերն օրինակ չեն ծառայել մեզ: Նրանք այնքան էլ շփվող ու մարդամոտ չեն: Միայն պապիկներն են ամռանը հավաքվում բակում և նարդի խաղում: Մեր մուտքում, եթե նույնիսկ սիրտդ ու փորդ լեզու առնեն, քեզ աղաչեն, ձվածեղ ուզեն, բայց տանը ձու չլինի, երբեք չես խնդրի հարևանից: Ինչպե՞ս կարելի է, ամոթ է, չէ՞:

Մեր բակը լիքն է տարօրինակ ու հետաքրքիր մարդկանցով: Օրինակ՝ տեսնո՞ւմ եք աղբարկղի մոտ կանգնած այն բարձրահասակ տղամարդուն: Նա ժանգոտած թիթեղի կտորներ է որոնում, որպեսզի հանձնի գունավոր մետաղների ընդունման կետ: Բացի դրանից՝ նա վերանորոգում է մեր բակի գրեթե բոլոր ավտոմեքենաները:

Հնամաշ կոստյումով այն մարդը մեր մուտքից է: Նա միշտ քաղաքավարի կբարևի, եթե անգամ դու չհասցնես առաջինն անել այդ: Երբեմն ինձ թվում է, որ ինձ չի սիրում և ծաղրում է. եթե նրան հայերեն բարևեմ, կպատասխանի ռուսերեն, իսկ եթե ռուսերեն բարևեմ, կարծես վիրավորվում է. «Ի՞նչ է, հայերեն չգիտե՞ք»:

Լսո՞ւմ եք հոսող ջրի ձայնը: Մեր հարևանն է, դարձյալ իր ավտոմեքենան է լվանում: Նա իր մեքենան ավելի հաճախ է լվանում, քան վարում: Նա շատ խիստ է և միակ մարդն է, ով կարողանում է սաստել մեր բակի չարաճճի տղաներին:

Սա էլ մեր «շատ սիրելի» Գերասիմ պապիկն է: Նա մի քիչ տարօրինակ է, և դա միայն երեխաները չէ, որ նկատել են: Ամեն օր գնում է մի օրաթերթ և քառածալ դնում թևի տակ: Ցածրահասակ է, քայլում է առաջ թեքված, ժպիտը դեմքին և, չնայած իր ծեր տարիքին, եռանդուն աչքեր ունի: Զարմանալի չէ, որ նրան տեսնելիս բոլորս ձգվում ենք, հարգալից բարևում, իսկ հետևից՝ ծաղրում: Գիտեմ, մեր արարքն այնքան էլ գեղեցիկ չէ, բայց նա մեզ փոքր երեխայի տեղ է դնում, դե մենք էլ երեխայություն ենք անում:

Մի խոսքով՝ լավն է մեր բակը:

Անուշ Մուրադյան, 14 տ., 2003թ.