Լիլիթ Հարությունյան (Գեղարքունիք)ի բոլոր հրապարակումները

lilit harutyunyan lchshen

Շրջադարձային հանդիպում

Հարցազրույց 17.am-ի թղթակից Օֆելյա Հովհաննիսյանի հետ, ում հետ ծանոթացել եմ Գավառում կայացած 3-օրյա դասընթացների ժամանակ:

-Ի՞նչ զգացումներ ունեիր, երբ «Մանանա» կենտրոնի ներկայացուցիչները եկան ձեր դպրոց:

-Երբ «Մանանա» կենտրոնի ներկայացուցիչները եկան մեր դպրոց, ես չէի ուզում ներկայանալ սեմինարին, քանի որ չգիտեի, թե ինչի մասին են նրանք պատմելու մեզ: Բայց դեռ շատ չանցած՝ իմ և նրանց մեջ ինչ-որ հարազատ կապող օղակ նկատեցի:

-Ինչո՞ւ որոշեցիր, որ հայտ պիտի ուղարկես։

-Այնքան էի ոգևորվել նրանց պատմություններից, որ որոշեցի սեմինարից անմիջապես հետո հայտ ուղարկել: Եվ չեմ փոշմանել, քանի որ «Մանանան» ինձ ինքնահաստատվելու և իմ մտքերը արտահայտելու հնարավորություն տվեց:

-Ձեր դպրոցից էլի երեխաներ կայի՞ն, որ հայտ ուղարկեցին։

-Այո՛, ընկերուհիս նույնպես ուղարկեց։ Մենք երկուսս էլ նույն օրը հայտ ուղարկեցինք, բայց ցավոք ընկերուհիս չկարողացավ անցնել: Սակայն նա կրկին հայտ է ուղարկել, և ես հուսով եմ, որ այս անգամ կանցնի:

-«Մանանայի» կազմակերպած դասընթացից հատկապես ո՞ր օրն էր հիշարժան քեզ համար։

-Ոչ մի օր չեմ կարող հատուկ առանձնացնել, քանի որ այդ երեք օրերն էլ շատ հետաքրքիր անցան: Յուրաքանչյուր օր նոր բան էինք սովորում: Կային բաներ, որոնց ես ծանոթ չէի, բայց այդ երեք օրվա ընթացքում ես շատ բան հասկացա և սովորեցի:

-17-ի թղթակից լինելը կազդի՞ քո մասնագիտական կողմնորոշման վրա։

-Դեռ չեմ որոշել ինչ մասնագիտություն եմ ընտրելու, բայց կարծում եմ, որ շատ հարցերում լրագրության հետ առնչություն հաստատ կունենամ: Ամեն դեպքում՝ լրագրության բաժինը ինձ համար շատ կարևոր է:

-Իմ կարծիքով 17-ի թղթակից լինելը շատ մեծ հաջողություն է: Երբ դպրոցում իմացան քո այդ մեծ հաջողության մասին ինչպե՞ս արձագանքեցին։

-Երբ արդեն պարզ էր, որ ընտրվել եմ և պետք է դասընթացի մասնակցեմ, դասընկերներս շատ էին ուրախացել, ուսուցիչներս ևս շատ լավ արձագանքեցին, իսկ իմ ուրախությանն ու անհամբերությանը չափ չկար:

-Ի՞նչ փոխվեց քո կյանքում 17-ի թղթակից դառնալուց հետո։

-Իմ կյանքում դրական փոփոխություններ եղան, և խոսքերս կհասկանան նրանք, ովքեր ևս թղթակից են: Ես հիմա կարողանում եմ և հարցազրույց վերցնել, և ճիշտ լուսանկարել, ինչպես նաև տարբեր թեմաներով նյութեր գրել:

lilit harutyunyan lchshen

Սիրելով ձմեռը

Եղանակի տեսություն, և կրկին Հայաստանին է մոտենում նոր ցիկլոն: Կրկին մինուսներ ու ցածր ջերմաստիճան: Այս տարի ձմեռը սաստիկ է, ցուրտ է, նույնիսկ այդ ցրտի և ջեռուցման բացակայության պատճառով դասերը սկսվում են ժամը 10:00-ին: Երբ համադասարանցիներով զրուցում ենք եղանակի այս դաժան փոփոխություններից, միշտ մեկը ասում է․

-Դե լա՛վ, հերք է բողոքեք, բա երևանցիներն ու Արարատյան դաշտավայրում ապրողներն ի՞նչ ասեն, էնտեղ ամենացուրտն է։

Մեր բախտը բերել է, որ մեր գյուղում գազաֆիկացում կա, իսկ ի՞նչ անեն այն գյուղերի բնակիչները, որտեղ գազի բացակայության պատճառով մարդիկ տաքանում են փայտի ու աթարի վառարաններով: Լավ էր՝ գոնե մեր դպրոցի ջեռուցման հարցը շուտ կարողացան լուծել,այլապես ամեն դասարանում 1 կամ 2 բացակայի փոխարեն՝ ամբողջ դասարանը դպրոց չէր գա: Բայց անկախ ամեն ինչից՝ կա՞ գազ, թե ոչ, վառարանը փայտի՞ է, թե՞ ոչ, ձյունը գալիս է, գոյանում է մերկասառույցը: Դրսի ջերմաստիճանը ջեռուցումից կախված չէ, ո՞ւմ գանգատվենք։ Եթե ուզում ես ոտքով որևէ տեղ գնալ, ճանապարհին 1-2 անգամ ընկնում ես, կարծես ընկնելը պարտադիր պայման է: Իսկ փոքրիկները ուշադրություն չեն դարձնում անգութ ցրտին, վազում են դուրս՝ ձնագնդի խաղալու, երբ ձմռան արևի գունատ շողերը մի փոքր փայլում են:

Անկախ ամեն ինչից ես նույնպես սիրում եմ ձմեռը, քանի որ շուրջ բոլորը պատվում է սպիտակով՝ միապաղաղ, բայց իմ սիրելի գույնով:

lilit harutyunyan lchshen

Ի՞նչպես դարձա 17.am-ի թղթակից

Չգիտեմ ինչու, բայց իմ բոլոր ծանոթներին հետաքրքրում է, թե ինչպես դարձա 17.am-ի թղթակից: Այսօր որոշեցի պատմել:

Մի շատ սովորական օր էր, դասե՜ր-դասե՜ր ու էլի դասեր: Հայոց լեզվի ժամն էր, նոր դաս էինք սովորում, երբ դասարան մտավ ընկեր Դավթյանը և հայտնեց, որ դպրոցում սեմինար է լինելու, և մենք պետք է գնանք համակարգչային դասասենյակ: Դե իհարկե, ես մտածեցի, որ մի անհետաքրքիր բան պիտի լինի: Այդպես նաև իմ ընկերներից շատերն էին մտածում: Տխրել էինք, որ բաց ենք թողնելու դասը, և ցանկություն չկար լսելու այն սեմինարը, որը դառնալու էր ինձ համար ճակատագրական: Գնացի, տեսա, սիրեցի: Անհամբեր սպասում էի, թե երբ պիտի այդ անծանոթ, բայց հոգեհարազատ թվացող մարդիկ ասեն կանոնները, որ հայտս ուղարկեմ: Նրանց գնալուց հետո այնքան արագ եմ տուն հասել, որպեսզի շուտ ուղարկեմ հայտս: Դե իհարկե, սկզբում ծնողներիցս թույլտվություն վերցրի, նրանք սիրով համաձայնեցին…

Հիմա շատ ծանոթներ ունեմ, ովքեր ուզում են թղթակից դառնալ: Ես վստահ եմ, որ նրանք էլ հնարավորություն կստանան դառնալու մեր ընտանիքի անդամ:

 

ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ. Նրանք, ովքեր ցանկանում են դառնալ 17-ի թղթակից, կարող են իրենց նյութերն ուղարկել 17am.reporter@gmail.com էլ.հասցեինք: Մենք միայն ուրախ կլինենք:

lilit harutyunyan lchshen

Դիանա, սպասում եմ

Բոլորս էլ գիտենք, որ 17.am-ն ունի ավելի քան 700 թղթակից: Իհարկե, բոլորի նյութերը կարդալ չեմ կարող՝ ժամանակի սղության և այլ պատճառներով։ Բայց ամեն օր մտնում եմ 2-րդ ընտանիքս (խոսքը 17.am-ի մասին է) ու կարդում եմ շատերի նյութերը… Բոլորի նյութերն էլ լավն են, բայց ամենաշատը սիրում եմ Դիանա Կարապետյանի նյութերը: Դրանք ինձ հոգեհարազատ են թվում: Հետաքրքիր ու հավես ոճով է գրում: Նրա նյութերի բովանդակությունը արագ մխրճվում է գիտակցությանս մեջ: Տպավորություններիս մասին պատմել կարող եմ անվերջ: Հիշո՞ւմ եք նրա «Մի փոքր պատառիկ» նյութը, թե ինչ հուզիչ էր: Նյութս ուզում եմ ավարտել այս պատմության վերջին տողերով, որոնք շատ ճիշտ խոսքեր են. «Յուրաքանչյուր երեխայի համար դա շատ դժվար է: Չէ՞ որ ծննդավայրից լավ տեղ չկա, կապ չունի, թե որտեղ ես ծնվել, մե՛կ է, քո ծննդավայրը միշտ ձգելու է քեզ»:

Դիանա, նոր հոդվածներ գրիր, ես անհամբեր սպասում եմ:

lilit harutyunyan lchshen

Շարունակելով Անիին

Այսօր սովորականի պես մտա «17.am», որ կարդամ նոր նյութերը և հանկարծ տեսա Անի Շահբազյանի նյութը` «Իչայի գերիները» վերնագրով (եթե չեք կարդացել, ապա անպայման կարդացեք): Ւնձ շատ հետաքրքրեց այն, սկսեցի կարդալ և հասկացա, որ ինձ նման մեկն էլ կա, ով մեղմ ասած, այնքան էլ չի սիրում սերիալներ դիտել…

Ինչ վերաբերում է «Իչայի գերիներ»-ին, տան անդամներից կան, ովքեր դիտում են սերիալը, դասընկերներս՝ նույնպես, իսկ ես ստիպված լսում եմ նրանց քննարկումները: Չեք պատկերացնի, թե ինչ դժվար է լսել ամբողջ օրը, թե Տապուն ինչ չար է, նախանձ, կամ Իչան մեղք է, և այլն: Փորձենք մի պահ մտածել, թե ինչպես կարելի է դիտել մի սերիալ, որն ունի 1549 սերիա, որոնցից ամեն մեկը մեկուկես ժամ է տևում, այն էլ՝ մինչև 2020 թվականը: Ես չեմ ուզում պատկերացնել, որ մինչև 2020 թվականը պիտի լսեմ նմանատիպ քննարկումներ սերիալի վերաբերյալ, ու հետո ինձ ամենևին դուր չի գալիս, որ սերիալը անվանում են ֆիլմ: Ես կարծում եմ, որ սերիալի ու ֆիլմի միջև շատ մեծ անդունդ կա:

lilit harutyunyan lchshen

Մի քիչ էլ ես

Վերջերս կարդում էի «17.am»-ի նյութերը և նկատեցի, որ այն թղթակիցները, ովքեր այս կամ այն մարզից են, գրում են իրենց բարբառի մասին: Նշեմ, որ ես գտա շատ բառեր, որոնք նման էին մեր բարբառային բառերին: Իմ առաջին նյութի մեջ նույնպես գրել եմ բարբառային բառեր: Իմ կարծիքով այդ բառերը, որոնք օգտագործում էր տատիկս, ավելի քաղցր են դարձրել իմ նյութը: Եվ ես որոշեցի հրապարակել իմ գյուղի՝ Լճաշենի բարբառից որոշ հետաքրքիր և հաճախ օգտագործվող բառեր և արտահայտություններ:

Ամբրոց-աթարի դեզ

Ադե-մայր

Գուզ-ընկույզ

Գիդում եմ-գիտեմ

Գռշտել-հրել

Գոթի-ծույլ, անբան

Թալվա-գոմ

Թխշել-նստել

Կարակոփուն-կայծակ

Կմշնալ-ափսոսել

Կութի-հագուստի սնդուկ

Հալբաթ-երևի

Քյասիբ-աղքատ

Օյումշել-ուշքի գալ

Օղրթ-ճիշտ

Նվսատ-բկլիկ

Չխիշև-խնայողաբար

Ջեջիմ-ծածկոց

Տիլ-ցեխ

Սալըխ-լուր

«Տալաշ»-ի եղանակն սկսեց

lilit harutyunyan lchshenԱյսօր առաջին անգամ ձմեռը իր մասին հիշեցրեց…

Առաջին ձյո՞ւնը, աշնան կեսի՞ն… Արտերկրի ընկերներս լսելով սա, զարմանում էին, իսկ ես զարմանում էի, թե ինչու են նրանք զարմանում: Ես ապրում եմ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում և վաղ ձյունը ինձ այդքան էլ չի զարմացնում:

Արդեն շատ տների ծխնելույզներից դուրս եկող ծուխ է նշմարվում գյուղի վրա: Հեռվից նայողին թվում է, թե գյուղի վրա մշուշ է իջել, բայց դա վառարանների ծուխն է: Այս տարի շատ գեղեցիկ ու տաք աշուն եղավ, հուսով եմ  ամբողջ ձմեռը նույնպես այս օրվա պես ձյունառատ ու սպիտակ կլինի:

Եթե դու ձմռան սիրահար ես ապա մեր գյուղը հաստատ քո տեղն է արի կսպասեմ… Շուտով պետք է այցելեմ գյուղի ամենագեղեցիկ վայրերը, ուր բնությունը շա՜տ գեղեցիկ է: Խոստանում եմ, որ կլուսանկարեմ և ցույց կտամ, թե ինչ հրաշալի եղանակ է ձմեռը:

Հ.Գ. Հա՜ ու ամենակարևորը մոռացա: Վառարանի վրայի կարտոֆիլը ո՞նց կարելի էր մոռանալ ու չխաբեք, որ վառարանի վրա ծորոված կարտոֆիլ չեք սիրում: Ձմռանը սպասում եմ նաև նրա համար, որ վերջապես կկարողանաք համտեսել վառարանի վրայի կարտոֆիլը:

Լիլիթ Հարությունյան

***

rita minasyanԱշունն ու ձմեռը մեր` Գեղարքունիքի մարզում, տարվա այն եղանակներից են, երբ բոլոր տներում վառարանի շուրջ հավաքվում են երեխաներն ու մեծահասակները,սկսում հիշել հին ու հետաքրքիր պատմություններ և պատմում: Կար ժամանակ, երբ տներում վառարանների վրա կարողանում էին կարտոֆիլ  տապակել (մենք դրան «տալաշ» ենք ասում): Հիմա արդեն ժամանակները փոխվել են, էլ էն վառարանները չեն, որոնք հնարավորություն են տալիս կարտոֆիլ տապակելու: Չնայած կան տներ, որոնք ունեն էդպիսի վառարաններ, ու կարողանում են ընտանիքով գոնե մեկ-մեկ հավաքվել իրար գլուխ:

Հիշում եմ. ցուրտ, անձրևոտ աշնանային օրերին տատիկս հաճախ էր տալաշ անում, անելուց հետո յուղով սարքում էր ու մեծ հաճույքով էինք ուտում:
Մեզ մոտ արդեն ձմեռ է, ու տալաշի սիրահարները թող գան մեր գյուղ` Ծաղկունք:

Ռիտա Մինասյան

lilit harutyunyan lchshen

«Բնական մեղրը ծաղիկների խամ, խոտ ունի…»

Հարցազրույց Լճաշենի ամենահայտնի մեղվաբույծ 85-ամյա Ազնիվ տատիկի հետ

-Տա՜տ, տատի, ա՜յ տատի, լավ էլի, մի քիչ պատմի էլի քո մասին,- ամբողջ օրը Ազնիվ տատի հետևից ման գալով` կրկնում էի ես:

-Քա, բալա ջան, ի՞նչ պատմեմ, էն յան գնա, թող գործ անեմ:

-Տա՛տ, մի քիչ պատմի, թե ո՞նց ես ընտրել մեղվաբուծությունը:

-Լա՛վ, զայլես տարար, արի, նստի` պատմեմ:

-Ինչո՞ւ որոշեցիր դառնալ մեղվաբույծ:

-Պապաս մեղվաբույծ ա եղել ու շատ մեղուներ ա պահել, բայց հո էդքանը մենակ չի՞ արե, մերս էլ ա օգնե: Երկուսով պահե՜լ-պահե՜լ են, ու փոքր վախտից հետևելով՝ իմ մեջ սեր ա առաջացել էդ գործի հանդեպ:

-Իսկ ինչպե՞ս են մեղրը ստանում:

-Մեղրի ռամկեն դնում եմ ստու մեջը ու մսաղացի նման ֆռռցնում եմ: Մեղրը հոսում ու ծորալով լցվում ա ամանի մեջը,- ինչ-որ կլոր ու կապույտ տակառ ցույց տալով՝ պատմում է նա:

-Տատի, բա ինչպե՞ս պիտի տարբերենք իսկականը արհեստականից:

-Երբ կուլ տանք բնական մեղր, կոկորդը կսկսի թեթև ծակծկել, իսկ արհեստականը՝ կոկորդում ոչ մե խատ էլ բան չի առաջացնա: Բնական մեղրը ծաղիկների խամ, խոտ ունի, իսկ արհեստականը՝ շաքարի:

-Իսկ քանի՞ մեղվափեթակ ունես:

-էս պահին, բալա ջան, ես 20 մեղվափեթակ ունեմ ու էս տարի մեղուներս 200 կգ մեղր են տվե:

-Իսկ գնորդներ կա՞ն: Դա գումար վաստակելու միջո՞ց է

-Առնողները շատ են, որովհետև եթե մեղր արտադրողը լավ մարդ ա, մեղրի որակը չի կարող վատը լինել, բայց եթե վայիս մարդ ա՝ ամեն ճար կանի, որ առնողին խաբի: Գիդե՞ս մարդս շուտվանից մահացեր ա, ու իմ աբրուստը ես վաստակում եմ մեղվաբուծության միջոցով:

Պատմությունը կարելի էր լսել անվերջ, հարցեր տալը` նույնպես, բայց զգացի, թե ինչպես էին սկսում փակվել Ազնիվ տատի աչքերը: Երևի հոգնել ու ձանձրացել էր իր միայնակ կյանքից, ծանր աշխատանքներից ու իմ երկար-բարակ հարցերից: Լուռ փակեցի դուռը ու դուրս եկա, որպեսզի չխանգարեմ նրա մուշ-մուշ քունը…