Էլինա Աբրահամյանի բոլոր հրապարակումները

Սինդրիկ քաղելու

Երկար ժամանակ էր` հորեղբորս չէինք տեսել: Վերջերս նա մի քանի օրով եկավ մեզ հյուր: Նստած զրուցում էինք, և հանկարծ նա ասաց.

-Երեխեք, նոր մի բան որոշեցի… Վայ թե գնանք հանդը` սինդրիկ քաղելու: Ինչքան վախտ ա` հանդերըմը չեմ ելել: Հը՞, ի՞նչ կասեք:

Տատս մի քիչ վախենալով պատասխանեց.

-Արա, բա որ կրակե՞ն: Էտ րեխանցը էտ ո՞ւր ես վաքըմ, տանըմ:

Հորեղբայրս ասաց.

-Այ մամ, ի՞նչ կրակոց: Կրակոց չկա:

Այդտեղ հորեղբորս պատասխանեցի ես.

-Հա, հոպար, լավ բան ես արաջարկում: Ես մեծ հաճույքով կգամ: Ճիշտ ա, սինդրիկ քաղած չկամ, էս առաջին անգամն ա, բայց ոչինչ:

Քույրերս նույնպես համաձայնեցին: Որոշեցինք կիրակի օրը գնալ մեր հանդերը` տեսնենք` սինդրիկ կա՞, թե` չէ:

Լուսանկարը` Էլինա Աբրահամյանի

Լուսանկարը` Էլինա Աբրահամյանի

Առավոտյան ժամը 7-ն էր: Օրը այդքան էլ լավ չէր սկսել մեզ համար, քանի որ ամբողջ գիշեր անձրև էր եկել, և կրկին ամպամած էր երկինքը: Սակայն մենք ուշադրություն չդարձրեցինք, մտածելով, որ շուտով օրը կպայծառանա, և արևը դուրս կգա: Քանի որ ճանապարհը երկար էր,  գնացինք մեքենայով: Հետո սկսեցինք քայլել մինչև որ հասանք անտառ: Անտառը երևալուն պես մտանք ներս, և ամեն մեկս շարժվեցինք մի ուղղությամբ: Չգիտեի, թե ճանապարհը ուր է տանում, սակայն արագ շարժվեցի առաջ, իհարկե, սինդրիկ հավաքելով: Ամենուրեք գետինը թրջված էր անձրևից, և երկինքը ամբողջովին մառախլապատ էր: Քայլելիս ոտքերս թրջվել էին, մի պահ մտածեցի` հեսա կարող ա հիվանդանամ: Արագ շարժվելով առաջ, հանկարծ լսվեցին հակառակորդի կրակոցները: Այդ պահին չգիտեի` ինչ անել, քանի որ մենակ էի և սկսեցի հետ գնալ: Հետ գնալուն պես տեսա քույրերիս և մնացի նրանց մոտ:

Խուճապը անցավ, սակայն փոքր ինչ վախենում էի: Սկսեցինք հավաքել սինդրիկ ու նաև քաղել սխորիկ`սոխի վայրի տեսակ: Փեշս քիչ-քիչ լցվում էր, քույրս`Էլիտան, առաջարկեց գնալ ծաղիկ հավաքելու: Երկուսով անտառից դուրս եկանք, մի ճանապարհ էր` երկու ուղղություններով: Քանի որ չգիտեինք` ուր են տանում այդ ուղղությունները, ես առաջարկեցի գնալ այն ուղղությամբ, որը կարծես դեպի հակառակորդն էր: Քույրս վախեցավ և հետ դարձավ ճանապարհից: Ես` նույնպես: Բոլորը մեզ էին փնտրում և, լսելով մեր ձայները, կանչեցին մեզ: Հորեղբայրս բարկացավ մեզ վրա, և ես ասացի, որ մեղավորը ես էի, այլ ոչ թե քույրս: Անընդհատ ասում էի` երբ ենք տուն գնալու, քանի որ ոտքերս ամբողջովին թրջված էին:

Լուսանկարը` Էլինա Աբրահամյանի

Լուսանկարը` Էլինա Աբրահամյանի

Օրը այդպես էլ չպայծառացավ: Բոլորս արդեն վերջացրել էինք և շտապեցինք տուն:

elina

Ինչ է նշանակում ապրել սահմանապահ Կոթիում

Ընկերուհուս` Մերի Ազիբեկյանի ընտանիքը ապրում է սահմանապահ ԿՈԹԻՈՒՄ: Մի օր նրանք հավաքված են լինում տանը: Մերին այդ օրվա մասին ինձ պատմեց հետևյալը. «Փետրվարի 5-ն էր, երեկոյան մոտ ժամը 11-ը: Մեր ընտանիքում սովորական երեկոներից մեկն էր, երբ մենք ամբողջ ընտանիքով նստած զրուցում էինք: Մեր տանն էին նաև հորաքույրս` Հասմիկը, հորս հորեղբոր աղջիկը և նրա մայրը` տիկին Էմման: Հանկարծ լսվեց մի խուլ կրակոցի ձայն, այդ պահին մայրս գրկեց 7 տարեկան եղբորս, որը քնած էր բազմոցին և վազեց դեպի ապահով սենյակ: Այդ ամենը տևեց ընդամենը 2-3 վայրկյան: Մինչ մենք կհասնեինք ապահով սենյակ, երկրորդ արկը խփեց մեր տանը, հենց այն սենյակի պատուհանին, որտեղ մենք նստած էինք մինչ այդ:

Անհնար էր նկարագրել, թե ինչ էի զգում: Ես լսեցի մի ուժեղ պայթյուն, տեսա այդ պայթյունի լույսը և սկսեցի բարձր գոռալ,այնքան բարձր, որ մեր բոլոր հարևանները լսեցին իմ ձայնը:

Այդ հարվածից փոշի էր բարձրացել, և ես ոչինչ և ոչ ոքի չէի տեսնում, ու երբ փոշին ցրվեց, ես տան մյուս ծայրում տեսա հորս: Իմ առջև գետնին ուշագնաց ընկած էր հորաքույրս: Նա նստած էր պատուհանի տակ, և ուժգին հարվածից ուշագնաց էր եղել: Այդ պահին ես ոչինչ չէի հասկանում, չէի կարողանում խոսել և զարմացած նայում էի շուրջս: Չէի կարողանում նույնիսկ հասնել ապահով սենյակ, քանի որ ամենուրեք ապակու կտորտանքներ և քարի բեկորներ էին: Մայրս, որ եղբորս տարել էր ապահով սենյակ, քինչ անց վերադարձավ իմ հետևից: Ինձ ապահով սենյակ տանելուց հետո հայրս և մայրս գրկեցին հորաքրոջս և բերեցին մեզ մոտ: Բոլորս վերջապես հավաքվեցինք ապահով տեղում, սակայն վտանգը դեռ չէր անցել, և հակառակորդը շարունակում էր տարբեր տրամաչափի ականներով գնդակոծել գյուղը: Այդ պահին մենք միայն մտածում էինք հորաքրոջս ուշքի բերելու մասին: Սենյակում անհրաժեշտ ոչինչ չկար,սակայն տատիկս, վտանգելով իր կյանքը, կրակոցների ներքո դուրս եկավ սենյակից, ջուր և դեղորայք բերելու համար:

Մայրս ասաց. «Վերջ, ռավոդը ռեխանցս էլ վիրեմ ունըմ ու գնամ էս գեղիցը»:

Դե, վատ լուրերը շուտ են տարածվում: Հորս անընդհատ զանգահարում էին և հարցնում, թե ինչ է պատահել: Ես նոր-նոր սկսում էի ուշքի գալ, և երբ հասկացա, թե ինչ է կատարվել, սկսեցի արտասվել:

Ամեն ինչ այնքան խառն էր, տունն այնքան ցուրտ էր, քանի որ բոլոր պատուհանները ջարդվել էին: Այդ գիշեր ոչ մեկս չքնեցինք, պատմում էր Մերին,- հակառակորդը շարունակ կրակում ու կրակում էր, ու թվում էր, թե այս մղձավանջը չի վերջանալու: Վերջապես լույսը բացվեց, կամաց-կամաց մարդիկ սկսում էին հավաքվել, և ես չցանկանալով տեսնել այդ ամենը, գնացի դպրոց:

Ամբողջ գիշեր կրակել էին, և բնականաբար երեխաները դպրոց չէին գնալու: Սակայն ինձ համար ավելի լավ էր հեռու լինել այդ ամենից: Ուսուցիչներս տեսնելով ինձ, շատ զարմացան: Դպրոցում ընդամենը 6 հոգի էինք: Մի ժամ հետո մեզ տուն ուղարկեցին, քանի որ դաս չէր լինելու: Մեր տանը հավաքվել էին բազմաթիվ մարդիկ, ովքեր եկել էին այդ ամենը տեսնելու: Նրանք սարսափում էին ու խաչակնքում, որ նման հարվածից հետո ոչ մեկիս բան չէր եղել: Մեր տուն էր եկել նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, նա տեսավ ամեն բան և ասաց. «Դուք այսօր նորից եք ծնվել, և պետք է ձեր համար նոր ծննդականներ հանեք»: Քանի որ դժվար էր հավատալ, որ այդ ամենից հետո կարող էր այդտեղ ողջ մարդ մնալ: Բայց մեզնից ոչ մեկը չէր վիրավորվել և ոչ մի վնասվածք չէր ստացել, սակայն այն հոգեկան ապրումները, որը ես զգում էի, ցանկացած վնասվածքից էլ ավելի ծանր էին: Մի՞թե սա հրաշք չէ, իհարկե, հրաշք է, մի մեծ ընտանիք, 7 հոգի, և ոչ ոք չէր տուժել»: Նա շարունակում էր պատմել. «Եթե արկը հարվածեր ընդամենը 5սմ ներքև, մեզնից և ոչ մեկը ողջ չէր մնա: Աստված փրկեց մեր կյանքը:

Ինձ ու եղբորս ուղարկեցին Դիլիջան` մեր բարեկամների տուն, սակայն մի քանի օրից մենք վերադարձանք և շարունակեցինք մեր բնականոն կյանքը: Նույնիսկ այս ամենից հետո իմ ընտանիքը չլքեց իր հայրենի գյուղը` սահմանապահ ԿՈԹԻՆ»:

Ահա ամբողջ պատմությունը: Այս ամենը պատմելու ընթացքում դասընկերուհուս աչքերը արցունքով էին լցված:

Ահա, թե ինչ է նշանակում բնակվել սահմանապահ ԿՈԹԻՈՒՄ:

Մեր սրահը

Լուսանկարը՝ Էլինա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Էլինա Աբրահամյանի

Առաջ այս շենքը ճաշարան էր: Գյուղացիները չէին օգտվում այդ շինությունից, քանի որ խարխուլ վիճակում էր, շրջակայքը` աղտոտված: Կոթի համայնքի բնակիչները տեղական ինքնակառավարման մարմինների հետ նախագծեցին, պլանավորեցին և իրականացրեցին այս հանդիսությունների սրահի վերանորոգումը: «Քանթերփարթ Ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչությունը Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով օժանդակեցին այս նախաձեռնությանը որպես Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի մի մաս: Կոթի համայնքում հանդիսությունների սրահ ունենալու գաղափարը դեռ տարիններ առաջ էր հասունացել, մինչև այդ բնակիչները իրենց ընտանեկան միջոցառումները անցկացնելու տեղ չունեին: Նրանք ստիպված էին լինում ժամանակավոր ծածկ կառուցել դրսում, այնուհետև այդ ծածկը անհրաժեշտ էր պոլիէթիլենային թաղանթով ծածկել, որպեսզի պաշտպանված լիներ անձրևից կամ արևից, այնուհետև անհրաժեշտ էր սեղաններ, աթոռներ, սպասք… Եթե միջոցառումը լինում էր եղանակային անբարենպաստ պայմաններում, խնդիրը ավելի էր դժվարանում: Մեր համագյուղացիներն անընդհատ քննարկում էին հանդիսությունների սրահ ունենալու գաղափարը, և երբ արդեն գյուղապետարանը վերջնականապես նախաձեռնեց սրահ կառուցելու գործընթացը, դիմեց «Քանթերփարթ Ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչությանը, որը Հայաստանի փոքրաթիվ համայնքներում, այդ թվում Տավուշի մարզի 5 համայնքների հետ իրականացում էր ծրագրեր, և համայնքների կողմից վեր հանված խնդիրները ներառվում են այդ շրջանակներում:

Լուսանկարը՝ Էլինա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Էլինա Աբրահամյանի

Գյուղի գյուղապետը առաջարկեց նրանց օժանդակել համայնքին, և նրանք համաձայնեցին: Սակայն ծրագրի պահանջներից էր, որ անպայման պետք է շինությունը լինի համայնքային սեփականություն: Կոթեցիները խնդրանքով դիմեցին մեր համագյուղացի Յուրա Հարությունյանին, ով  մեծ սիրով համայնքին նվիրեց իր սեփականություն հանդիսացող շենքը: Երբ շինությունը վերակառուցվեց, գյուղացիները միջոցների սղության պատճառով ի վիճակի չէին  իրենց կողմից ներդրում անելու, և խնդրանքով դիմեցին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով մեծ սիրով աջակցեց: Մեզ աջակցեց նաև մեր համայնքի վաղեմի բարեկամ գործարար Միքայել Վարդանյանը, ով հանձն առավ սեղան-աթոռների ձեռք բերման խնդիրը: Բացի դրանից պարոն Միքայել Վարդանյանի կողմից նաև սրահին նվիրաբերվեց երեքարյուր անձի համար նախատեսված սպասք:

Լուսանկարը՝ Էլինա Աբրահամյանի

Լուսանկարը՝ Էլինա Աբրահամյանի

Արդեն սրահի բացումից և շահագործումից հետո համայքի և հարևան համայնքների բնակիչները իրենց ընտանեկան միջոցառումներն անց են կացնում մեր հանդիսությունների սրահում:

Սակայն սրահը այդքան էլ ապահով վայրում չի գտնվում: Հաճախ մարդիկ չեն կարողանում հրավառություն անել, վախենալով հակառակորդի ռմբակոծությունից:

Բացի միջոցառումներից այստեղ են անցկացվում համայնքային խնդիրների քննարկումները:

Կուզենայի այսպիսի նախաձեռնությունները շատ լինեն, որպեսզի գյուղի բնակչության դժվար կյանքը մի քիչ թեթևանա:

elina

Գուցե ավելիին ենք արժանի

Ինձ հուզող հարցերը շատ են, դրանցից մեկը իմ գյուղի` Կոթիի, փողոցների լուսավորության խնդիրն է: Փողոցներում տիրող խավարի պատճառով մարդիկ չեն կարողանում գիշերները տանից դուրս գալ: Ցանկանում եմ գյուղի փողոցներում, ինչպես նաև իմ փողոցում լինի լուսավորություն, սակայն նաև վախենում եմ իմ ցանկության համար, քանի որ լուսավորված գյուղը հակառակորդի ռմբակոծության համար շատ լավ թիրախ է:

Երբ գյուղը ռմբակոծում են, այդ ժամանակ նոր սկսում են մտածել հասարակ գյուղացու մասին:

Վերջին ժամանակներս ռմբակոծությունների և կրակոցների պատճառով գյուղի շատ արոտավայրեր գյուղացիները՝ ինչպես նաև իմ ընտանիքը, չկարողացան հնձել: Կառավարությունը խոստացավ, որ կփոխհատուցի մեր կրած վնասները, սակայն մինչ օրս ոչ մեկը այդ փոխհատուցումը  չտեսավ: Այդ պատճառով հայրս որոշեց վաճառել անասուններին, քանի որ այդ արոտավայրերից հնձած խոտով պետք է կենդանիներին կերակրեինք ձմռանը: Շատ էինք տխրել, բայց հայրս չէր ցանկանում, որ կենդանիները սովից սատկեն, իսկ կեր գնելու հնարավորություն չկար:

Գյուղում առաջին տարին է, որ կառավարությունը ուշադրություն է դարձնում ուսանողների ուսման վարձին, և որոշ չափով փորձեցին օգնել սահմամերձ գյուղում բնակվող ուսանողներին` կրճատելով ուսանողների ուսման վարձի մի մասը: Գուցե ավելիի՞ն ենք արժանի, չգիտեմ: Ինչևէ, չեմ բողոքում, շարունակում եմ մնալ իմ հայրենի գյուղում` մտածելով գյուղի խնդիրների և առօրյայի մասին: