Լաուրա Սեկոյանի բոլոր հրապարակումները

Դպրոցն իդեալական են դարձնում աշակերտները

Հարցազրույց Կոտայքի մարզի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիդա Դավթյանի հետ։

-Նախ կխնդրեի ներկայանալ` ի՞նչ մասնագիտություն ունեք և քանի՞ տարի եք աշխատում որպես դպրոցի տնօրեն։
-Մասնագիտությամբ քիմիկոս-կենսաբան եմ։ Որպես դպրոցի տնօրեն աշխատում եմ արդեն 25 տարի։
-Ե՞րբ է հիմնադրվել Սոլակի դպրոցը։ Քանի՞ աշակերտ է սովորում դպրոցում։ Արդյոք աշակերտների թվաքանակը նախորդ տարիների համեմատ ավելացե՞լ է։
-Դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին։ Նախատեսված է եղել 658 աշակերտների համար, այժմ դպրոցում սովորում է 242 աշակերտ։ Նախորդ տարիներին գրանցել ենք աշակերտների թվի կրճատում, բայց այս տարի աշակերտների թիվն ավելացել է 13-ով։
-Ինչո՞վ է տարբերվում գյուղի դպրոցը քաղաքի դպրոցից։ Արդյո՞ք գյուղի դպրոցը ավելի մեծ ուշադրության կարիք ունի, քան քաղաքինը։
-Չեմ կարծում, որ գյուղի դպրոցը որոշակի տարբերություններ ունի քաղաքի դպրոցի համեմատությամբ կամ ավելի արժանի է ուշադրության։ Երկու վայրերում էլ գտնվող դպրոցները պետության հովանավորության ներքո են գտնվում։ Պարզապես տարբեր է ազգաբնակչության վերաբերմունքը կրթության հանդեպ։ Կարելի է ենթադրել, որ քաղաքում ծնողները ավելի մեծ ուշադրություն են դարձնում կրթական մակարդակին, կրթության յուրացմանը, քան գյուղերում, և ես դա բացատրում եմ նրանց սոցիալական վիճակով։ Ամեն դեպքում մեր դպրոցը չունի առանձնակի ուշադրության կարիք։
-Ի՞նչ պրոբլեմներ ունի մեր դպրոցը։ Արդյոք դպրոցը ունի՞ մասնագետների պակաս կամ որևէ նյութական խնդիր։
-Այո, դպրոցը ունի մաթեմատիկայի, ֆիզկուլտուրայի և կերպարվեստի մասնագետների պակաս։ Կերպարվեստը մեծ խնդիր է մեզ համար։ Արդեն չորրորդ տարին է, ինչ մրցույթ ենք հայտարարում, բայց մասնակիցներ չկան։ Սա բացատրվում է ժամերի քիչ քանակով, հետևաբար նաև քիչ վարձատրությամբ։ Նյութական առումով դպրոցը ունի նորարարական տեխնոլոգիաների պակաս, մասնավորապես` էլէկտրոնային գրատախտակների և համակարգիչների պակաս։ Չնայած դպրոցի քիչ ֆինանսավորմանը՝ նախորդ տարի մեզ հաջողվեց չորս նոր համակարգիչ ձեռք բերել։
-Շրջանցելով խնդիրները՝ եկեք խոսենք դպրոցի նախկին շրջանավարտների մասին։ Ի՞նչ հաջողությունների են հասել նրանք, ինչպիսի՞ն է նրանց ու դպրոցի միջև կապը։
-Նրանց վերաբերյալ շատ տվյալների չեմ տիրապետում, թե այժմ ինչով են զբաղվում, որովհետև գրեթե կապ չկա նրանց ու դպրոցի միջև։ Բայց երբեմն առանձնակի հաջողությունների հասած շրջանավարտներին հրավիրում ենք դպրոց։ Պետք է նշեմ, որ դպրոցի շրջանավարտների 40-ից 80 տոկոսը ընդունվում են համալսարաններ, բայց չեմ կարծում, որ դա չափանիշ է, որովհետև ավարտելուց հետո իրենց համապատասխան աշխատանք չեն կարողանում գտնել։ Ես հաճախ եմ տեսնում ուսանողների, ովքեր առանց աշխատանքի մնացել են գյուղում, եթե իհարկե, մնացել են Հայաստանում։ Օրինակ` մեր դպրոցի պահակը ունի բարձրագույն կրթություն, բայց ընդամենը հիսուն հազար դրամի դիմաց աշխատում է դպրոցում։ Նույն կերպ ցավով էլ պիտի արտահայտվեմ մեր ուսուցիչների մասին։ Ես ինձ վատ եմ զգում, որ բարձրագույն կրթություն ստացած և 15-20 տարվա աշխատանքային փորձ ունեցող մարդիկ աշխատում են չնչին գումարի դիմաց, հատկապես՝ այն դեպքում, երբ երկրորդ կիսամյակում դասաժամերը կրճատվում են, քանի որ 12-րդ դասարանցիները շատ առարկաներ չեն ընտրում։
-Ի՞նչ տարբերություններ եք նկատում սերունդների միջև։ Որո՞նք են այս սերունդի դրական ու բացասական կողմերը։
-Խիստ աչքի ընկնող տարբերությունն այն է, որ ներկայիս սերունդը չի սիրում կարդալ, գիտելիքը որպես արժեք չի ընդունում։ Իհարկե, սա չափանիշ չէ բոլորի համար։ Եթե նախկինում աշակերտները մտածում էին, նոր կարծիք հայտնում, ապա հիմա կարծիքը հայտնում են, նոր մտածում։ Ներկայիս սերունդը ազատ է, ինչին ես դեմ չեմ, բայց շատ դեպքերում ծնողները ասում են, որ երեխաները իրենց չեն ենթարկվում, և խնդրում են, որ մենք քայլեր ձեռնարկենք։ Մենք էլ ազդեցության լծակներ չունենք, զուտ պետք է հիմնվել երեխայի գիտակցության ու արժեքների վրա, որոնք էլ գնալով պակասում են։ Իրական արժեքները նրանք չեն համարում արժեք։ Թեկուզ գիտելիքը մնայուն արժեք է ու իրենցն է, իրենց համար գիտելիքը նշանակալի արժեք չունի։
-Արդյոք հեղափոխությունից հետո նկատո՞ւմ եք տարբերություններ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում։
-Ճիշտն ասած՝ ես չեմ նկատել, որ ուսուցիչները բռնանան աշակերտների վրա։ Ես ինքս էլ ազատամիտ եմ եղել և խիստ փոփոխություն չեմ նկատել։ Գուցե փոփոխությունը երեխաների ազատ լինելու և ուսուցիչներին չլսելու մեջ է։ Եվ ուսուցիչները աշակերտներին զսպելու համար ընդամենը դիտողություններ են անում և չեն կիրառում չթույլատրված մեթոդներ` ֆիզիկական բռնություն և այլն։ Ուսուցիչները զգուշացվել են, որ աշակերտի վարքը չպետք է ազդի նրա գնահատականի վրա։
-Արդյոք ուսուցիչները կիրառո՞ւմ են նորարարական մեթոդներ աշակերտի ու ուսուցչի միջև անջրպետներ չառաջանալու և դասը հետաքրքիր դարձնելու համար։
-Այդ խնդրի լուծման համար աշխատում ենք ամբողջ կոլեկտիվով։ Սեմինարներ ենք անցկացնում նորովի դաս կազմակերպելու համար, բայց նորովի դաս կազմակերպելու համար պիտի պայմաններն էլ «նորովի» լինեն։ Եթե ուսուցիչը իր ողջ աշխատավարձը ծախսում է ընտանիքը պահելու համար, ապա ինչպե՞ս կարող է գնալ վերապատրաստումների, եթե ոչ մի անվճար ծառայություն չկա։ Կոնկրետ՝ ես, օգտվում եմ ռուսական կայքերից, որոնցից նյութեր եմ դուրս գրում դասեր կազմակերպելու վերաբերյալ և տալիս եմ ուսուցիչներին, բայց այդ նյութերը ևս անվճար չեմ կարողանում ձեռք բերել։ Ուսուցիչները հինգ տարին մեկ անգամ գնում են վերապատրաստման և կիրառում են դասը վարելու նոր մեթոդներ, բայց աշակերտները ևս պիտի շահագրգռված լինեն դասը յուրացնելու մեջ։
-Ի՞նչ պետք է անել, որպեսզի աշակերտը դպրոցը ավարտելուց հետո ցանկանա վերադառնալ գյուղ։ Արդյոք Սոլակը ունի՞ այդ պոտենցիալը։
-Հարցը ինքնին բարդ է և կրում է սոցիալական բնույթ։ Ես կարող եմ ասել, որ մոտ տասը տարի առաջ, երբ տուն էի գնում, փակ դռներ չէի տեսնում գյուղում, իսկ հիմա, ցավոք սրտի, շատ փակ դռներ եմ տեսնում, և դա ինձ ցավ է պատճառում։ Մեր գյուղը ևս սկսեց դատարկվել։ Առաջ այն այդպիսի խնդիրներ չուներ։ Կարծում եմ՝ երեխաները իրենք պիտի տարբերակներ առաջարկեն, որ իրենց առօրյան հետաքրքիր դառնա, և ամեն բան անեն, որ մնան գյուղում։ Գուցե դրան խանգարում է սերունդների միջև հակասությունը։ Երիտասարդները չպիտի սպասեն, որ մեծերը քայլեր անեն։ Հատկապես՝ հիմա, գյուղի նորընտիր գյուղապետը երիտասարդ է, կարող են միասին լուծման տարբերակներ փնտրել։
Ինչ վերաբերում է դասերից հետո երեխաների հետաքրքիր զբաղմունքին, ապա կարող եմ ասել, որ ուսուցիչները անվճար հիմունքներով հետաքրքիր պարապմունքներ են անցկացնում, որոնք չեն գնահատվում, և աշակերտների ներգրավվածությունը մեծ է այդ պարապմունքներին։
Այսինքն՝ երեխաներն ու ծնողները չպիտի սպասեն, որ որևէ մեկը քայլ անի, այլ իրենք իրենց հնարավորությունների սահմաններում քայլեր ձեռնարկեն։ Հատկապես հիմա, երբ ամեն բան ավելի հեշտ է ձեռք բերվում, քան նախկինում, և երեխաներն ավելի ինքնուրույն են, քան երբևէ։ Գուցե դա է այն պատճառներից մեկը, թե ինչու երեխաները չեն արժևորում այն, ինչ ունեն։
-Իսկ երեխաների ինքնուրույնությունը դպրոցում նկատելի՞ է։ Արդյոք կա՞ն ձևավորված անհատներ, որոնք միանշանակ կգտնեն իրենց տեղն ապագայում։
-Երեխաները ինքնուրույն են։ Եվ այո, ունենք անհատներ, շատ առանձնացող անհատականություններ, որոնք տարբերվում են իրենց մտածելակերպով, վերաբերմունքով։ Նրանց թիվը դպրոցում շատ է, և մենք փորձում ենք նրանց միջոցով ևս դասերը հասկանալի ու հետաքրքիր դարձնել, որովհետև, երբ ուսուցիչն է բացատրում՝ այլ է, երբ աշակերտն է բացատրում՝ այլ։ Քանի որ աշակերտները միմյանց ավելի մատչելի լեզվով են բացատրում, իրենք են առաջարկում տարբերակներ դասարանի ներսում ու իրագործում դրանք մեր աջակցությամբ։
-Եվ վերջում խնդրում եմ ասեք, թե որն է Ձեր պատկերացրած կամ գուցե երազած դպրոցի իդեալը։
-Վաղուց դադարել եմ ինձ համար իդեալներ ստեղծել, որովհետև գործ ունենք «մարդ» արարածների հետ։ Հատկապես, երբ դպրոց հաճախում են երեխաներ տարբեր ընտանիքներից, տարբեր դաստիարակությամբ, չեմ կարծում, որ երբևիցե կարող է իդեալական դպրոց լինել։ Եվ ես ենթադրում եմ, որ դպրոցը իդեալական են դարձնում աշակերտները, իսկ նրանք անհատականություններ են, հետևաբար իդեալական վերանորոգված ու կահավորված դպրոցը, միևնույնն է, իդեալական չէ։

laura sekoyan

Նախընտրական սուրճ

Ինչեր ասես, որ չի անում մի գավաթ սուրճը։ Մարդկանց առօրյա հոգսերից հասցնում է մինչև քաղաքականություն։ Քաղաքականությունից էլ` դեպի նոր սպասելիքներ։ Մարդիկ նոր ընտրություններից նոր ակնկալիքներ ունեն։ Եվ այս ընտրություններին մարդիկ իրենց մասնակցությունը պարտադիր են համարում, իսկ իրենց ձայնը արժեվորված։ Այս մասին են պատմում ընտրական շտաբերում և տանը պատրաստված սուրճը։ Այդպես էլ մեր տանը սուճը արեց իր գործը։ Հարևանները պատմում էին իրենց ակնկալիքների ու ցանկությունների մասին։ Նախորդ ընտրությունների համեմատ այս անգամ հաճախ են այցելում ընտրական շտաբներ ու տեղեկանում նոր իրողությունների մասին։ Շտաբներից մեկն էլ մեր հարևանի տանն է։

Գյուղացիների մեջ մեծ հետաքրքրություն է առաջացնում նախընտրական քարոզարշավը և յուրաքանչյուր թեկնածուի մասին տարբեր կարծիքներ են արտահայտում։ Այլ է դրությունը շտաբներում, որովհետև ամեն շտաբ իր թեկնածուին է գովաբանում։ Սակայն կան այնպիսի շտաբներ, որոք փորձում են ինչ որ կերպ շատ ընտրողներ ու բնականաբար նաև շատ ձայներ հավաքել։

Շատերը կարծում են, որ որքան շատ ընտրողներ հավաքեն, այնքան մեծ օգուտ կունենան, բայց թե որտեղից են օգուտ ստանալու` ոչ ոք չգիտի։

Սուրճը, բացի քննարկումից, բերում է նաև բամբասանք։ Մի շտաբում բամբասում են մյուս շտաբից, տանը բամբասում են բոլոր շտաբներից ու նրանց ներկայացուցիչներից։ Բամբասում են այն մարդկանց պահվածքից, ովքեր ինչ որ կերպ աշխատում են ուղղորդել, թե ում ընտրել։ Եվ հենց ուղղորդողներն էլ նկատում են, որ բոլորը տարակարծիք են ու չեն պատրաստվում ընտրել նրան, ում խորհուրդ են տալիս։ Մարդիկ արդեն միամիտ չեն, որ հավատան բոլորին, մարդկանց  տառապանքը փորձ ունի։ Սակայն նրանք հավատում են նոր կառուցվող ապագային, այդ մասին անգամ սուրճի բաժակի տակ մնացած նստվածքն է պատմում։

Այսօր ընտրություններ են, դեռ սուրճ չեն խմել…

Արիշտա ենք պատրաստում

Նորից իմ գյուղի արիշտան։ Այս թեման շոշափում եմ արդեն երրորդ անգամ, և ամեն անգամ ինձ թվում է, թե վերջին անգամն է։ Ուրեմն սկսեմ նրանից, որ մյուս տարիների համեմատ՝ այս տարի մենք արիշտա պատրաստել ենք երեք անգամ։ Դրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ էր և ավանդական-գյուղական։ Առաջին անգամ արիշտան պատրաստել ենք սեպտեմբերին։ Պատճառն այն էր, որ տանը ունեինք սև ալյուր, և որ տատիկիս փոքր քույրը գտնվում էր Հայաստանում և արդեն երկար տարիներ է, ինչ չէր մասնակցել արիշտա պատրաստելու գործին, չնայած, որ միշտ բաժին է ունեցել և բոլոր իր հյուրերին հյուրասիրել ու զարմացրել է արիշտայով։ Առաջին անգամվա խմորը հունցել են տատիկս ու իր երկու քույրերը, նրանց օգնության էին հասել հարսները և տատիկիս փոքր քրոջ թոռնուհին, որը երբեք չէր տեսել արիշտա, և իր համար խմորը տրորելը բատուտի վրա ցատկոտելու պես մի բան էր։ Կեսօրից հետո պատրաստման ղեկավարները` քույրերը, գործը բաժանեցին հարսների, աղջիկների ու թոռների միջև, և հետաքրքիր պատմություններ պատմելով ու կատակելով՝ այնպես վերջացավ գործը, որ կարծես չէինք էլ սկսել, պարզապես մի փոքր ալյուրոտվել էինք։ Այս արիշտան ուներ իր պատրաստման նպատակը։ Պետք էր այն վաճառել և գումարով խնջույք կազմակերպել։ Իհարկե, խնջույքը իր ժամկետից հետ չմնաց, քանի որ եթե կա արիշտա, ուրեմն կա գնորդ։

Երկրորդ անգամ արիշտա պատրաստեցինք հոկտեմբերի սկզբին։ Այս անգամ ղեկավարներից միայն երկուսն էին, և թոռները տանը չէին։ Խմորը հունցել էր տատիկս` պատրաստելու նախորդ գիշերը, և առավոտյան մեզ դպրոց ճանապարհելուց հետո սկսել էին պատրաստել։ Տատիկս, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս խաբել էր բոլորին և ասել, որ հունցել է մեկուկես-երկու փութ խմոր, իսկ իրականում այն երեք փութից ավելի էր։ Մինչև մենք դասից վերադարձանք տուն, մնացել էր մի քանի գունդ խմոր, և արդեն վերջացնում էին։ Առաջին բանը, որ  տուն գալուն պես ինձանից ուզեցին, սուրճն էր։

Երկրորդ անգամվա պատրաստած արիշտան արդեն վերջացել է։ Դրա մի մասը տատիկս վաճառել է, մի մասը՝ տվել հարազատներին։ Երկրորդ և երրորդ անգամվա արիշտան պատրաստել ենք արդեն նոր աղացած ալյուրով: Նոր ալյուրի որակը բավականին բարձր է և արիշտայի համար հարմար։ Երրորդ անգամ տատիկս խմորը էլի հունցեց պատրաստման նախորդ երեկոյան և այս անգամ՝ ռեկորդային չորս փութ, ինչի մասին խոստովանեց ամբողջությամբ պատրաստելուց հետո։ Այս անգամ բոլորը տանն էին։ Ես պատրաստման ողջ ընթացքում մասնակցում եմ բոլոր ենթագործերին։ Ես կտրում եմ խմորը կտորների, բացում եմ դրանք, տալիս եմ կտրտման և տանում եմ փռելու վայրը։ Կարելի է ասել՝ այդ գործի «փոքրիկ մրջյունը» ես եմ, և փորձում եմ բոլոր գործերը հասցնել։ Իհարկե, այդ ամենը ես մենակ չեմ անում, և անում եմ հաճույքով։ Պատրաստման ողջ ընթացքում ես շրջում էի ամենուր և ինչ-որ ֆոտոներ անում, փորձում լուսաբանել ողջ ընթացքը։ Բնականաբար, քույրերը չէին ցանկանում, որ իրենց նկարեմ, բայց դե, արիշտան էլ խոսել չգիտի։ Երրորդ անգամվա արիշտան կիսով չափ բովված է, սա էլ նախատեսված է վաճառքի, հարևանների և տան համար։

Աշունը Սոլակում

laura sekoyan

Նախնիների հավատալիքներից

Երբ մեր շրջապատում ամեն բան կրկնվում է, պարզապես տարբեր հաճախականությամբ, մենք սկսում ենք նկատել այնպիսի մանրուքներ, որոնք միշտ եղել են, բայց դրանց ուշադրություն չենք դարձրել։

Վերջերս մի փոքրիկ ուսումնասիրություն արեցի՝ կապված մարդկանց հավատքի հետ։ Խոսքս, իհարկե, պետք չէ հասկանալ ուղիղ իմաստով, որովհետև խոսելու եմ արտասովոր հավատքի մասին՝ հավատալիքների։ Նկատելի է, որ մարդիկ հավատում են այնպիսի սովորությունների, կամ գուցե դրանք սովորություններ չեն, որոնք իրականում մեծ նշանակություն չունեն։ Սրան չեմ կարող որևէ անվանում տալ և չեմ կարող հակիրճ ասել, թե հավատքը առ ինչ է։ Պարզապես կփորձեմ բերել օրինակներ, որոնք լսել կամ նկատել եմ ամենից հաճախ։
Օրինակ՝ մարդիկ հավատում են, որ նորածին կամ մի քանի ամսեկան երեխայի ոտքի տակը չի կարելի համբուրել, որովհետև նա չի քայլի։ Կամ չի կարելի հենց այդ նույն ամսեկան երեխայի մազերը սանրել, որովհետև նրա ատամները հետագայում ծուռտիկ կլինեն։ Երեխայի գլխավերևով չի կարելի բաժակով ջուր կամ ուտելիք անցկացնել, որովհետև դա էլ պարզապես վատ բան է խորհրդանշում։ Այս մի քանի «չի կարելի»-ները փոքր երեխաների մասին, բայց կան նաև այնպիսիները, որոնք իսկապես տարօրինակ են։
Օրինակ՝ չի կարելի սատկացնել տանը հանդիպող սարդերին, որովհետև դրանք հարստություն են բերում։ Իհարկե, սա չգործող փաստ է, այդ պարագայում գոնե բոլոր գյուղացիները փողի խնդիր չէին ունենա, եթե ոչ՝ նաև քաղաքացիները։ Կամ օրինակ՝ չի կարելի սեղանը սրբել անձեռոցիկով, որովհետև այն խլում է հաջողությունը։ Եթե հարևանը կամ որևէ մեկը սոխ կամ սխտոր է խնդրում, ապա չպետք է նրան առձեռն տալ, կարելի է դնել սեղանին կամ որևէ այլ տեղ և ասել, որ ինքը վերցնի։ Սա խորհրդանշում է, որ նրան քո տան լացն ես տալիս։ Մեկ այլ կերպ բացատրվում է, թե այդ մարդուն քո ձեռքով դառնություն ես տալիս։ Նույն կերպ չի կարելի տան վերջին կտոր հացը տալ ուրիշի։ Իհարկե, ոչ այն դեպքում, երբ տանը հյուրեր կան, և պետք է հյուրասիրել վերջին հացով, այլ երբ մեկ ուրիշը գալիս և խնդրում է այն։ Պարզապես սա նշանակում է, որ «տան հացը կկտրվի», այսինքն՝ այլևս հաց չի լինի կամ էլ սակավ կլինի։ Մեկ այլ «չի կարելի» այն մասին, որ երեկոյան ուշ ժամի չպետք է տան աղբը տանել և թափել։ Սա տարօրինակ է, բայց չունի որևէ կոնկրետ բացատրություն, պարզապես չի կարելի։

Իհարկե, հավատալիքներին բացատրություն ոչ ոք չի տալիս, պարզապես կապում են նախնիների հավատքի հետ, իբր այս սովորույթները եկել են դեռևս հեթանոս ժամանակներից և պահպանվում են։ Նոր սերնդի ներկայացուցիչներից շատերը, իհարկե, չեն հավատում այդ սովորույթներին, բայց ամեն դեպքում մտքում ծանր ու թեթև անելուց հետո գալիս են մի եզրահանգման, որ եթե մեծը ասում է, ուրեմն մի բան գիտի։

laura sekoyan

Պարզ, բայց բարդ խնդրի մասին

Ամառվա եռուզեռի ընթացքում չենք էլ հասցնում նկատել, թե ինչպես են անցնում օրերը։ Դեռ երեկ էր, որ վերջացրինք դպրոցը, իսկ այսօր արդեն դիմավորել ենք արտերկրից ժամանած հյուրերին և ողջ օրը անցկացնում ենք նրանց հետ։ Երեխաները միշտ էլ մի զբաղմունք գտնում են։ Իսկ մեծերի գործը մի քիչ բարդ է։ Ողջ օրը սեղանի խաղեր ենք խաղում` թղթախաղ, դոմինո, շաշկի,մոնոպոլիա, երբեմն էլ շախմատ։ Իսկ մեծերը պատմում են մի տարվա ընթացքում տեղի ունեցած եղելությունը և հասնում են ամենաբարդ թեմային։

Ինչ պատրաստել ուտելու համար։ Այս խնդրին միշտ էլ մի լուծում տրվում է, բայց լուծում գտնելը երկար ժամանակ է պահանջում։ Բոլորն էլ ամեն օր բախվում են այդ խնդրին, սակայն հյուրերի դեպքում այն սովորականից ավելի բարդ է թվում։ Տան աշխատողներին միշտ թվում է, որ իրենք ավելի բարդ գործ են անում, քան հաց պատրաստողները։ Աշակերտներին թվում է, որ ավելի բարդ խնդիրներ են լուծում, քան հաց պատրաստողները։ Բայց բավական է ընդամենը մեկ օր մնալ տանը,  հաց պատրաստել և հասկանալ, թե օրվա ընթացքում մեր տատիկներն ու մայրիկները որքան դժվարությունների են բախվում մի քանի անգամ հաց պատրաստելու համար։ Խնդիրը ահավոր բարդություն է ստանում այն ժամանակ, երբ ոչ բոլորն են ցանկանում ուտել առաջարկվող ուտելիքը։ Կամ, երբ տանեցիների մի մասը աշխատանքի ու պարապմունքի են լինում, և տան տիկնայք չեն կողմնորոշվում, երբ հացը պատրաստել, որ բոլորը միաժամանակ նստեն սեղանի շուրջ և ուտեն ցանկալի, որոշ դեպքերում ոչ ցանկալի ուտելիքը։ Տնային տնտեսուհիների ուսերին դրված է մեծ պատասխանատվություն, որպեսզի նրանք հիշեն, թե տան անդամներից ով ինչ է սիրում կամ ինչ չի սիրում։ Իսկ հյուրեր ունենալու դեպքում քիչ է մնում տիկնայք դիմեն հյուրընկալության աստված Վանատուրին և օգնություն խնդրեն, որպեսզի օգնի համեղ և որակով պատրաստել ու հյուրերին գոհացնել։

Ինչու ես սկսեցի ամռան մասին նախաբանով, որովհետև ամռանը ամենից հաճախ ենք հյուրեր ունենում և շատ հաճախ ենք բախվում հաց պատրաստելու խնդրին։ Տիկնայք մի փոքր թեթևություն են զգում, երբ օգնության են հասնում տղամարդիկ ու պատրաստում են ավանդական խորոված կամ բերում են որևէ պատրաստի ուտելիք։ Բայց միևնույն է, թե ինչ կպատրաստենք, տարվա որ եղանակին կպատրաստենք, կարևոր է, որ այն լինի ախորժաբեր, համեղ ու սիրով պատրաստված։ Եվ կարևոր չէ, թե ինչ լուծում ունի խնդիրը, անգամ եթե այն լուծում չունի` դա էլ է լուծում։

laura sekoyan

Կենացները քաղցրանում են

Բոլորս էլ վերջին շրջանում շատ ենք լսել անկեղծ խոստովանություններ վերջին օրերի կատարվածի մասին։ Այս հետհեղափոխական շրջանում հաճելի է գովեստի խոսքեր լսել երիտասարդների հասցեին։ Կարծում եմ կարիք չկա նորից պատմել այն մասին, թե ինչպես էին գյուղացիները ակտիվ մասնակցում հանրահավաքներին։ Այժմ բոլորի ոգևորությունը ավելի մեծ է, բոլորն իրենց բավարարված են զգում ու սպասում են նոր զարգացումների։

Տեղի ունեցած այս իրադարձություններին մեծահասակները տալիս են տարբեր բացատրություններ ու պարզաբանումներ։ Ինձ համար ամենատպավորիչ պատասխանն ու պարզաբանումը այն էր, որ մեծահասակները մեզ համարում էին ազատության սերունդ ու արգելքներ չհանդուրժող անհատներ։

Վարչապետի ընտրության օրը` երեկոյան, հավաքվել էինք փոքրիկ սեղանի շուրջ և տոնում էինք հաղթանակը։ Կենացներից մեկի ժամանակ տղամարդիկ ծավալվեցին ու մեր սերունդը համեմատեցին իրենց սերնդի հետ։ Ըստ նրանց, եթե իրենք բարձրացնեին իրենց ձայնը ու թելադրեին իրենց ուզածը, միևնույն է, արդյունքի չէին հասնի։ Երբ հարցրեցի, թե ինչու են այդ կարծիքին, պատասխանը ինձ համար մի փոքր անսովոր էր։ Նրանք ասում էին, որ իրենք վախի մեջ են ապրել, պատերազմ ու արյունահեղություն են տեսել, իրենց ծնողները վախով են պահել ու դաստիարակել իրենց։ Եվ անգամ, եթե որևէ մասշտաբային շարժում բարձրացնեին, միևնույն է, հետ էին կանգնելու իրենց ուղուց, որովհետև դա վտանգավոր է, ինչ-որ տեղ սարսափելի է ու վախով լի։

Իհարկե, ներկաներից բոլորը, ովքեր նախորդ սերնդի ներկայացուցիչներ էին, համակարծիք էին։ Պատասխանի մեջ ինձ չբավարարեց պատերազմ տեսած սերնդի տեսակետը, քանի որ մենք տեսել ենք կարճաժամկետ, բայց ահարկու ու աղմկալից Ապրիլյան։ Ինչևէ, տանեցիները մեզ համարեցին ազատության սերունդ և չէին պատկերացնում անգամ, թե սրանից հետո ինչ է լինելու այն իշխանության հետ, որը կփորձի խլել մեր ազատությունը։

Կենացները շարունակվում էին։ Մենք, որպես ազգի զավակներ մեր հասցեին հնչած կենացներ շատ էինք լսել, բայց կենացաճառի մեջ այդքան շնորհակալական խոսքեր առաջին անգամ էր, որ լսում էինք։ Սեղանակիցները այն մտքին էին, որ եթե երիտասարդները չլինեին, այս շարժումը հաջողությամբ չէր պսակվի։ Նրանք բերում էին օրինակներ պատմությունից և փաստում, որ ժամանակին տեղի ունեցած բոլոր հեղափոխությունները սկսել են երիտասարդները, և այս մեկը ևս բացառություն չէր։ Մեծերը ասում են, որ երիտասարդությունը հասարակության միջուկն է, և առանց նրանց հասարակությունը առողջ ու կատարյալ չի լինի։ Եվ իրոք, նրանք չեն սխալվում։ Գովեստի ու շնորհակալական խոսքերի ազդեցությունը բնականաբար մեծ էր մեզ վրա։ Ոգևորությունը անկառավարելի էր, իսկ սպասելիքները՝ մեծ։ Մեծ են նաև մեր հարազատների, բարեկամների, ուսուցիչների ու համագյուղացիների սպասելիքները, և հուսանք, որ նրանց այդքան խոստովանությունները իզուր չեն, ու մեզ համար արդյունքները իրոք շոշափելի կլինեն:

Կարևոր փոփոխություն

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Լուսանկարը` Միլենա Խաչիկյանի

Կիրակի օրվա ցույցերից արդեն նկատելի էր, որ հաղթանակը մոտ է։ Երկուշաբթի գնացինք դպրոց և երկրորդ դասաժամից հետո չնայած արգելքներին, կազմակերպեցինք դասադուլ։ Աշակերտների մի մասը դասամիջոցին կարողացավ դուրս գալ դպրոցից, իսկ մյուսները մնացին մասնաշենքում։ Ովքեր հասցրել էին դուրս գալ, մեծահասակների հետ հավաքվել էին գյուղի ծայրամասում և պատրաստվում էին ուղևորվել Հրազդան` ցույցի։ Տնօրենը և գյուղապետը նախօրոք երեխաների անվտանգության պատասխանատվությունը դրել էին մեծահասակ ցուցարարների ուսերին։ Երրորդ դասաժամից հետո տուն ուղարկվեցին նաև դպրոցի մյուս աշակերտները և ուսուցիչների հետ միասին գնացին ցույցին մասնակցելու։ Ցույցն իր հունով ընթանում էր, երբ հեռուստացույցն ու ռադիոները հայտնեցին վարչապետի հրաժարականի մասին։ Ցնծում էր ողջ Հայաստանը, ուրախության ճիչերը հասնում էին տիեզերք։ Բոլորը շնորհավորում էին միմյանց ու տոնում հաղթանակը։ Արդեն չորեքշաբթի, երբ գնացինք դասի, բոլոր աշակերտներն ու ուսուցիչները ոգևորված շնորհավորում էին միմյանց։ Ուսուցիչների հուզմունքը ավելի մեծ էր, քան մերը։ Նրանցից յուրաքանչյուրը պատմում էր, թե ինչպես էին ուզում պայքարել մեզ հետ, երբ ելնելով մի շարք դրդապատճառներից չէր կարողանում լինել մեր կողքին։ Բոլորը հայտնում էին իրենց երախտիքը երիտասարդներին և խոստովանում, որ եթե չլինեինք մենք, նրանք մենակ երբեք չէին հասնի նպատակին։ Պատմում էին, թե ինչպես են մասնակցել Երևանի ցույցերին ու քաջալերել երիտասարդներին։ Եվ այս ամենի հետ պահանջում էին, որ ամեն գնով մենք պաշտպանենք մեր շահերը, կերտենք այն պետությունը, որի մասին երազել են իրենք, և որին ձգտում ենք մենք։ Ուսուցիչները քաջալերում էին մեզ և ասում, որ ինչ էլ լինի, միևնույն է, մեր կողքին են և խորհուրդ էին տալիս որևէ քայլ անելուց առաջ գոնե մեկ րոպե վերլուծել ստեղծված իրավիճակը և նոր քայլեր ձեռնարկել։ Նրանք պարզապես վստահ էին, որ եթե մենք որևէ քայլ ձեռնարկենք, ապա ոչ ոք չի դատապարտի մեր արարքը, քանի որ միասին մենք ուժեղ ենք, և մեր զորությունը նրանք տեսել են ու չեն պատրաստվում մեզ հետ պահել։ Ոգևորված էին նաև աշակերտները, արտահայտում էին իրենց կարծիքը, առաջարկում իրենց տեսակետները ու պատմում իրենց հետագա քայլերի մասին։ Արդեն որոշված է, որ վաղը առանց դպրոց գնալու միանգամից դասադուլ ենք կազմակերպելու և քայլերթով գնալու ենք դեպի Հրազդան։ Ակնկալիքները մեծ են, և քանի որ մեր ծնողներն ու ուսուցիչները մեզ հետ են, մեր քայլերն ավելի հստակ են, նպատակները ավելի մեծ, լուծումները ավելի մոտ։

Թեման մեկն է

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Թեման մեկն է` Նիկոլ Փաշինյան և ընդհանրապես չվհատված նորանշանակ վարչապետ։ Վերջին օրերին բոլորի ուշադրությունը գրաված, ամբողջ Հայաստանը իրար խառնած, առանց բացառությունների բոլորին տարակուսանքի մեջ գցած նոր քաղաքական իրավիճակի  ելքը մեկն է` մեկ քայլ, մեկ հաղթանակ։

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը՝ Սուրեն Կարապետյանի

Ելք գտնել բոլորն են ուզում, բայց ոչ բոլորին են թույլ տալիս քայլ անել։ Մեծերի կարծիքով, եթե բոլորը համախմբվեն, արդյունքի կհասնեն, բայց հենց մեծերը թույլ չեն տալիս երիտասարդությանը քայլ անել` գուցե ավելի ճիշտ ու հստակ, քան իրենց արած քայլերը։ Արգելվում են բոլոր տեսակի դասադուլները, թույլ չեն տալիս գնալ և մասնակցել ցույցերին: Ինչպես են պատկերացնում հաղթանակը, եթե իրենք թույլ չեն տալիս միջոցներից օգտվել։ Եվ մի կողմից էլ՝ մեղադրելու չէ։ Գյուղացիների մեծ մասը կազմում են պետական աշխատողները, ովքեր վախենում են կորցնել իրեն ապրուստի միակ միջոցը։ Մյուս կողմից՝ հավատում են, որ եթե անգամ ցույցի մասնակցելուց հետո կորցնեն աշխատանքը, ապա կսփոփեն իրենց, որ ինչ արել են՝ իրենց զավակների ապագայի համար են արել։ Բայց չկա ոչ մի երաշխիք. արդյո՞ք ցույցից հետո լավ կլինի, թե ոչ։
Ինչևէ, սրանք հռետորական հարցեր են, որոնց համար, եթե պատասխան գտնենք, ապա պատասխաններն էլ հռետորական կլինեն։ Արդեն մեկ շաբաթ է, գյուղի ուսանողները չեն կարողանում դասի գնալ, փակ է գյուղից մայրուղի տանող ճանապարհը, և ովքեր էլ որ գնացել են, չեն կարողանում վերադառնալ գյուղ։ Ստիպված գյուղացին նստում է տանը, իսկ ովքեր մնացել են քաղաքում, ակտիվորեն մասնակցում են ցույցերին։

Այսօր Հրազդանը ևս անում էր իր քայլը, և գյուղի երիտասարդները միանշանակ պատվախնդրորեն էին մոտեցել հարցին ու գնում էին ցույցի։ Մեծահասակներն էլ պետք է նրանց միանային երեկոյան` աշխատանքից վերադառնալուց հետո։ Բոլորը մի կերպ տեղավորվել էին մեքենաների մեջ և ուղևորվում էին Հրազդան, երբ նրանց ճամփան խոչընդոտեցին գյուղապետը և մի շարք ոստիկաններ։ Ինչ կարող էին անել, ստիպված պետք է լեզու գտնեին պետական մարմիններին ենթակա անձանց հետ։ Իրավիճանը լարված էր, բոլոր երիտասարդ տղաները զրույցի էին բռնվել ոստիկանների հետ, շատերը իրենց ֆեյսբուքյան էջերում ուղիղ եթեր էին միացրել, ու ողջ գյուղը, թեկուզ և օնլայն, տեղյակ էր տիրող իրավիճակից։ Իհարկե դեռ պարզ չէ՝ վաղը կկարողանան նրանք գնալ ցույցի, թե` ոչ, բայց այսօր ցույցը կազմակերպվեց գյուղում։ Տղամարդիկ փակել էին գյուղից Հրազդան տանող ճանապարհը, կայանել էին մեքենաները ճանապարհի կենտրոնում, խափանել երթևեկությունը, տրանսպորտի աշխատանքը և ցույց էին անում։ Ոստիկանների մի մասը մնացել էր գյուղում, մյուս մասը մի կերպ դուրս էր պրծել գյուղից ու ընկել Հրազդանի ցույցի մեջ։ Ցույցեր էին կազմակերպվել նաև Չարենցավանում։ Ցուցարարների թիվը կտրուկ ավելացավ դասերից հետո, չնայած որ ողջ դասերի ընթացքում աշակերտների զրույցի թեման տիրող անորոշ իրավիճակն էր։ Եզրահանգումը մեկն է. կողմ, թե դեմ, բոլորն են թելից կախված, իսկ թե ինչ կլինի հետո` ցույց կտան քայլերը։ Մի խոսքով, Սոլակը ևս արեց իր առաջին քայլը և վաղը առավոտյան ժամը տասնմեկից կազմակերպվում է նոր ցույց, որին մասնակցելու են նոր ցուցարարներ և արվելու են նոր ու հուսադրող քայլեր։