Արիշտա ենք պատրաստում

Նորից իմ գյուղի արիշտան։ Այս թեման շոշափում եմ արդեն երրորդ անգամ, և ամեն անգամ ինձ թվում է, թե վերջին անգամն է։ Ուրեմն սկսեմ նրանից, որ մյուս տարիների համեմատ՝ այս տարի մենք արիշտա պատրաստել ենք երեք անգամ։ Դրանցից յուրաքանչյուրը յուրահատուկ էր և ավանդական-գյուղական։ Առաջին անգամ արիշտան պատրաստել ենք սեպտեմբերին։ Պատճառն այն էր, որ տանը ունեինք սև ալյուր, և որ տատիկիս փոքր քույրը գտնվում էր Հայաստանում և արդեն երկար տարիներ է, ինչ չէր մասնակցել արիշտա պատրաստելու գործին, չնայած, որ միշտ բաժին է ունեցել և բոլոր իր հյուրերին հյուրասիրել ու զարմացրել է արիշտայով։ Առաջին անգամվա խմորը հունցել են տատիկս ու իր երկու քույրերը, նրանց օգնության էին հասել հարսները և տատիկիս փոքր քրոջ թոռնուհին, որը երբեք չէր տեսել արիշտա, և իր համար խմորը տրորելը բատուտի վրա ցատկոտելու պես մի բան էր։ Կեսօրից հետո պատրաստման ղեկավարները` քույրերը, գործը բաժանեցին հարսների, աղջիկների ու թոռների միջև, և հետաքրքիր պատմություններ պատմելով ու կատակելով՝ այնպես վերջացավ գործը, որ կարծես չէինք էլ սկսել, պարզապես մի փոքր ալյուրոտվել էինք։ Այս արիշտան ուներ իր պատրաստման նպատակը։ Պետք էր այն վաճառել և գումարով խնջույք կազմակերպել։ Իհարկե, խնջույքը իր ժամկետից հետ չմնաց, քանի որ եթե կա արիշտա, ուրեմն կա գնորդ։

Երկրորդ անգամ արիշտա պատրաստեցինք հոկտեմբերի սկզբին։ Այս անգամ ղեկավարներից միայն երկուսն էին, և թոռները տանը չէին։ Խմորը հունցել էր տատիկս` պատրաստելու նախորդ գիշերը, և առավոտյան մեզ դպրոց ճանապարհելուց հետո սկսել էին պատրաստել։ Տատիկս, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս խաբել էր բոլորին և ասել, որ հունցել է մեկուկես-երկու փութ խմոր, իսկ իրականում այն երեք փութից ավելի էր։ Մինչև մենք դասից վերադարձանք տուն, մնացել էր մի քանի գունդ խմոր, և արդեն վերջացնում էին։ Առաջին բանը, որ  տուն գալուն պես ինձանից ուզեցին, սուրճն էր։

Երկրորդ անգամվա պատրաստած արիշտան արդեն վերջացել է։ Դրա մի մասը տատիկս վաճառել է, մի մասը՝ տվել հարազատներին։ Երկրորդ և երրորդ անգամվա արիշտան պատրաստել ենք արդեն նոր աղացած ալյուրով: Նոր ալյուրի որակը բավականին բարձր է և արիշտայի համար հարմար։ Երրորդ անգամ տատիկս խմորը էլի հունցեց պատրաստման նախորդ երեկոյան և այս անգամ՝ ռեկորդային չորս փութ, ինչի մասին խոստովանեց ամբողջությամբ պատրաստելուց հետո։ Այս անգամ բոլորը տանն էին։ Ես պատրաստման ողջ ընթացքում մասնակցում եմ բոլոր ենթագործերին։ Ես կտրում եմ խմորը կտորների, բացում եմ դրանք, տալիս եմ կտրտման և տանում եմ փռելու վայրը։ Կարելի է ասել՝ այդ գործի «փոքրիկ մրջյունը» ես եմ, և փորձում եմ բոլոր գործերը հասցնել։ Իհարկե, այդ ամենը ես մենակ չեմ անում, և անում եմ հաճույքով։ Պատրաստման ողջ ընթացքում ես շրջում էի ամենուր և ինչ-որ ֆոտոներ անում, փորձում լուսաբանել ողջ ընթացքը։ Բնականաբար, քույրերը չէին ցանկանում, որ իրենց նկարեմ, բայց դե, արիշտան էլ խոսել չգիտի։ Երրորդ անգամվա արիշտան կիսով չափ բովված է, սա էլ նախատեսված է վաճառքի, հարևանների և տան համար։