Նանե Եղիազարյանի բոլոր հրապարակումները

Nane Eghiazaryan

Իրականացավ

Մեկ օր էր մնացել: Ամբողջ գիշեր անհամբերությունից տեղս չէի գտնում: Մի՞թե այն, ինչի մասին այդքան երազում էի, պատկերացնում ու ստեղծում տարբեր աշխարհներ, տարբեր իրականություններ, որտեղ կիրականանար երազանքս, վաղը կիրականանա իմ աշխարհում:

Առավոտ էր, ընկերներիս հետ Ջերմուկից ուղևորվում էի դեպի երազանքս: Սկզբում՝ մինչ տեղ հասնելը, մտանք Երևան: Այվազովսկու նկարները դիտեցինք: Չէինք ուզում թանգարանից դուրս գալ: Ինչքան խորն իմաստ կար այդ զարմանահրաշ մարդու ստեղծագործությունների մեջ: Այնքան խորն էին նկարներն ու այնքան շատ բան էին պատմում Այվազովսկու մասին: Նա իր նկարների օգնությամբ մեզ սովորեցրեց, ու դեռ շատերին էլ կսովորեցնի, որ նույնիսկ մեր կյանքի մռայլ նկարներում չմոռանանք լույսի շողեր նկարել:

Արդեն երեկո էր: Մտավախություն ունեինք, որ երկնքում ամպեր են լինելու, բայց, ի ուրախություն մեզ, ոչ մի ամպ չկար: Մտանք ներս, բարձրաձանք շենքի տանիք ու անհամբերությամբ սպասում էինք մեր հերթին: Վերջապես հասավ իմ հերթը, ու ես սրտի տրոփյունով աստիճաններով բարձրացա ու շունչս պահելով՝ նայեցի աստղադիտակից դեպի ամենապայծառ աստղերից մեկը՝ Վեգան: Ինչքան գեղեցիկ էր, ինչքան խորհրդավոր էր փայլում: Հետո դիտեցի «Զևսի յոթ աղջիկներ» անվանվող աստղերի խումբը: Ու վերջում տեսա տասհազարավոր աստղեր, որոնք անզեն աչքով երկնքում նույնիսկ չէին էլ երևում: Ափսո՜ս, որ չկարողացանք տեսնել լուսինը: Բայց չէ՞որ մեկ այցելությունը դեպի Բյուրականի աստղադիտարան իրականացրեց իմ երազանքը: Ուղղակի հպարտանում էի, երբ պատմում էին, որ Վիկտոր Համբարձումյանը առաջին աստղաֆիզիկոսն է եղել, որ հայտնաբերել է, թե աստղերը, ինչպես և մարդիկ, ծնվում ու մահանում են: Հետաքրքիր էր նաև այն փաստը, որ նա Նոբելյան մրցանակ չի ստացել այն պատճառով, որ իր շատ գյուտերի հիման վրա այլ գիտնականներ ստեղծել են տարբեր սարքեր:

Ես երբեք չեմ մոռանա 2017 թվականի նոյեմբերի 18-ը. չէ՞ որ այդ օրն իրականացավ ապուշիս երազանքը…

Nane Eghiazaryan

Դարի առաջին սերունդը

Մենք ապրում ենք 21-րդ դարում, ու հաճախ մեզ շրջապատող մարդկանց հետ մտքերի ու կարծիքների բախում ենք ունենում: Դասերից մեկի ժամանակ հանկարծ հնչեց մի նախադասություն. «Մենք 21-րդ դարի առաջին սերունդն ենք»: Նախադասություն, որը մեզանից շատերի մեջ պատասխանատվության մեծ զգացում առաջացրեց:

Իսկ ինչո՞վ ենք մենք տարբերվում նախորդ դարի առաջին սերնդից: Սկսեցինք քննարկել շատ տարբերություններ ու նմանություններ: Ու ուսուցիչներից մեկն ասաց. «Մենք՝ ուսուցիչներիցս շատերը, այն հազվագյուտ սերունդներից ենք, ովքեր տեսնում են դարի փոփոխությունը»: Հետո հնչեցին հարցեր, ու պարզվեց, որ ըստ ուսուցչի՝ շատ աշակերտներ գնում են դեպի վիրտուալ աշխարհը, իսկ մյուսներն ավելի ակտիվ են դառնում ու մասնակցում տարբեր միջոցառումների:

Մեզանից շատերը երևի նույնիսկ չեն էլ մտածել, որ ներկայացնում են նոր դարաշրջան, նոր պատմություն: Եթե միայն մի քանի տասնամյակ առաջ մարդիկ մտածում էին, որ ապրում են նորագույն տեխնոլոգիաներով շրջապատված՝ հեռախոս, ռադիո, համակարգիչ, ապա մենք հիմա պարծենում ենք մեր նոր՝ ավելի զարգացած տեխնոլոգիաներով: Հաճախ մեր տատիկ-պապիկները չեն կարողանում հեշտությամբ յուրացնել հեռուստացույցի օգտագործման ձևը, կամ էլ հեռախոսից օգտվելը, իսկ երբեմն «կոմպ»-ին «պոմպ» են ասում, իսկ մենք ծիծաղում ենք: Միայն մի քանի տասնյակ տարի առաջ մարդիկ երազում էին տեսնել իրենց հեռվում գտնվող բարեկամներին, իսկ հիմա դա ամենահեշտ բաներից մեկն է: Մարդկանց գաղափարները, որ թվում էին անիրական, իրականացել են: Իսկ հիմա՞: Ի՞նչ գաղափարներ ունենք մենք, ի՞նչ երազանքներ, որ միգուցե հնարավոր լինի իրականացնել մոտ ապագայում:

Nane Eghiazaryan

Ժամանակներ

Ասում են, որ կյանքում ամեն ինչ անցողիկ է, ամեն ինչն էլ իր ժամանակն ունի: Ասում են, որ մարդիկ մեր գալակտիկայում ամենափոքր մասնիկներն են, բայց ամենահսկա աստղերը նույնպես ծնվում, ապրում ու մահանում են:

Հաճախ մարդիկ ունենում են պարտականություններ, կամ էլ ինչ-որ բան ուղղակի պետք է անեն, բայց ասում են, թե ժամանակ չունեն: Ժամանա՞կ: Ժամանակը Աստծո տված ամենակարևոր բաներից մեկն է, որը տրվում է մարդուն այն չափաբաժնով միայն, ինչքան ինքը՝ Արարիչը գիտի: Կյանքում ամեն ինչն ունի իր ժամանակը: Երազելու ու երազանքներն իրականացնելու համար ժամանակն անվանում եմ «հեքիաթային»: Վատ իրադարձությունների համար տրված ժամանակը հաստատ հավասարակշռում է մարդու կյանքը, դրա համար այն անվանում եմ «հավասարակշռող ժամանակ»: Սիրելու ու սիրվելու համար տրված ժամանակն ամենագեղեցիկն ու դրախտայինն է: Այն ժամանակ, երբ մարդը սիրում է մեկին, ու սիրված է նրա կամ, թեկուզ, ուրիշի կողմից, գտնվում է դրախտում: Այդ ժամանակը ամենասպասվածն է, ու երևի թե այն անվանեմ «դրախտային ժամանակ»: Երբեմն ուղղակի կարոտում ես ու վերջ: Կարոտում ես ծնողներիդ, երբ նրանցից հեռու ես, կամ հարազատ-բարեկամներիդ, միգուցե պատահական անցորդներին, կամ էլ նրան, ում սիրում ես, ում մասին մտածում ես ամեն վայրկյան… Կարոտում ես խենթություններդ, կարոտում ես մարդկանց ընկերակցությունը, կարոտում ես զրույցները, որոնք քեզ մոռացնել էին տալիս ժամանակի մասին: Կարոտելու ժամանակը ամենայուրահատուկն է: Այդ ժամանակ դու լալիս ես, քահ-քահ ծիծաղում, արցունքներդ խառնվում են ժպիտիդ, ու դա դառնում է անհասկանալի մի զգացում, որ երբեք էլ չես կարող կրկնել, չէ՞ որ ամեն անգամ տարբեր կերպ ես կարոտում: Այդ ժամանակն անվանում եմ «յուրահատուկ ժամանակ»:

Այս ամբողջի մեջ տարբեր մարդկանց տարբեր ժամանակ է բաժին հասնում: Մեկի մանկության երազանքն է իրականանում, մյուսի ամբողջ կյանքը գլխիվայր շրջվում է դեպի վատը, մեկը նոր ընկեր է ձեռք բերում, իսկ մյուսը իր հիմարության պատճառով կորցնում իր ամենամտերիմին: Մեկը լալիս է, ու արցունքները ոչ մի կերպ չեն դադարում, իսկ մյուսն այնքան բարձր է ծիծաղում, որ ամբողջ քաղաքն է լսում: Մեկն այնքան տխուր է, փորձում է գտնել կյանքի իմաստը, իսկ մյուսը գտել է իր կյանքի իմաստը, ունի ամեն ինչ, և ոչինչ նրան էլ չի գոհացնում:

Ժամանակը միակ բանն է, որ երբեք շատ չի լինում: Այն կարող է լինել մի փոքր քիչ, կամ էլ ընդհանրապես չլինել: Եթե մարդը խելացի է, ապա պետք է ճիշտ օգտագործի իր ժամանակը:

Nane Eghiazaryan

Այն, ինչ ունես

Հաստատ գիտեմ, որ աշխարհում ապրող մարդկանց կեսից ավելին օգտվում է սոց. ցանցերից և միմյանց հետ հաղորդակցվելու համար նախատեսված այլ ծրագրերից: Դրանց իննսուն տոկոսը արտասահմանյան ծրագրեր են, բայց ահա, հայտնվում է հայկական մի այդպիսի ծրագիր՝ ավելի լավը, հումորովն ու հաճելին: Բայց նորից մեր հայերի բնավորության վատ գիծն է առաջ գալիս, ու ամեն կողմից լսում ես. «Ա՜հ, հայերի ստեղծածը ի՞նչ պետք ա լինի, որ»: Իսկ ամեն անգամ այդ նախադասությունը լսելիս՝ չես կարող պտտվել ու ամեն մեկին հերթով հարցնել, թե ախր, ինչո՞վ է վատը: Օրինակ բերենք նոր «Zangi» ծրագիրը: Մենք օգտագործում ենք «Viber», «WhatsApp», բայց ոչ «Zangi»: Իսկ ինչո՞վ է այն վատ մյուս ծրագրերից: Կպչունները (ստիկերները) հայերեն են ու հաճելի է դրանցով հաղորդակցվելը: Մի բան էլ, այդ ստիկերներից դու կարող ես սովորել քո երկրի ամենահավես բարբառներից գոնե մի քանի բառ, կարող ես ամբողջ նամակագրության ընթացքում ծիծաղել՝ անկախ նրանից, թե ինչ ես գրում. միայն այդ հայերեն բարբառների համն ու հոտը քեզ ժպիտ է պարգևում:

Նույնն է, երբ ասում են. «Հայերի սարքածը ի՞նչ պիտի լինի»: Հիշենք, որ հայերից շատերը աշխարհահռչակ գիտնականներ են, ծրագրավորողներ ու տարբեր ոլորտներում առաջատար մասնագետներ: Ի՞նչ անենք, որ հիմա մեր երկրում աշխատանք չգտնելու պատճառով շատերը արտասահմանում են: Օտարերկրացին, մեր երկրում լսելով նման խոսքեր, զարմանում է ու սկսում թվել աշխարհում հայտնի շատ հայերի անուններ, որոնց մեջ կան նույնիսկ այնպիսի մարդիկ, որոնց մասին մենք չէինք էլ լսել: Ուղղակի խելացի երևալու համար մեկ-մեկ ավելի լավ է լռել, անհրաժեշտ է գնահատել այն, ինչ ունես:

Nane Eghiazaryan

Առաջին շաբաթը

Երբեմն-երբեմն մոռանում ենք, որ փոքր ենք եղել: Մոռանում ենք, որ դեռ անցյալ տարի ամբողջ հոգով ուզում էինք դպրոցն ավարտել, իսկ հիմա՞: Հիմա՝ ճիշտ է, դեռ 11-րդ դասարանում ենք, բայց արդեն հասկանում ու գնահատում ենք այն օրերը, որ անց ենք կացնում դպրոցում:

Դպրոցում մի փոքր զբոսանք կատարելուց հետո հասկանում ես, որ էլ չես կարող մեծ միջանցքներով ընկերներիդ հետ «բռնոցի» խաղալ, էլ չես կարող ասել, թե տետրը մոռացել ես տանը, որովհետև տնային աշխատանքը չես գրել, քանի որ հասկանում ես, որ ուսուցիչն էլ է քեզ նման դպրոց գնացել:

Իսկ ինչպե՞ս եմ սովորել գրել: Այս հարցը ես ինձ տվեցի այն ժամանակ, երբ փորձում էի եղբորս օգնել թեք գծեր գծել: Հետո նայելով նրա առաջին «գլուխգործոցներին»՝ հասկացա ու միևնույն ժամանակ զարմացա, որ փոքր տարիքում միգուցե նաև դժվարացել եմ թեք գիծ գծել:

Առաջին դպրոցական շաբաթն է, ու դու պատկերացնում ես, որ ինչպես նախորդ տարիներին, այս տարի էլ, միգուցե, ուսուցիչը դասարան մտնելուց հետո մի ամբողջ դասաժամ քննարկի քո ու դասընկերներիդ ամառային արձակուրդները, բայց դրա փոխարեն` մի փոքր երկխոսությունից հետո հանկարծ հայտնվում ես գրատախտակի մոտ, տետրերիդ առաջին էջերը լցնում նոր նախադասություններով, ու առաջին ժամն ավարտվելուց հետո գրատախտակի վրա արդեն հայտնված են լինում նոր երկրաչափական գծագրեր ու նոր բանաձևեր, որոնցով արդեն հաջորդ ժամին դու պետք է լցնես գրատախտակի դատարկությունը:

Հիմա, երբ ասում են՝ դպրոց, առաջին հերթին ոչ թե պատկերացնում ես ձանձրալի դասեր, ոչ այնքան սիրելի դասաժամեր, այլ միանգամից մտաբերում ես հարազատ դարձած դասընկերներիդ, ուսուցիչներիդ, որոնց արդեն մեկ-երկու տարի հետո միգուցե էլ չհանդիպես, դասղեկիդ, որ ամեն հարցում քեզ աջակցում է, ու երբ խորհրդի կարիք ես զգում՝ օգնության հասնում:

Ինչ շուտ մեծացանք: Իսկ եթե աչքս մի անգամ էլ թարթեմ ու նույն մտքերով հայտնվեմ արդեն ոչ թե դպրոցի դասարաններից մեկում, այլ համալսարանի լսարաններո՞ւմ, կամ էլ աշխատասեղանի մոտ նստա՞ծ:

Nane Eghiazaryan

Թող մի քիչ էլ ջրեն

Բոլորը խոսում են Վարդավառի մասին:Մարդկանց մեծ մասի ամենասիրելի տոնն է, որի ժամանակ պիտի վերջապես դուրս գան փողոց ու ծանոթ-անծանոթի վրա ջուր լցնեն: Դեռ տոնի նախորդ օրը ես պարզեցի, որ պետք է Վարդավառին Եղեգնաձորից գնամ Ջերմուկ: Դե հա, պատկերացնում էի, որ մինչև ավտոբուսին հասնելը պետք է ամբողջովին ջրի մեջ կորած լինեմ, ու հավատացեք, ես դեմ չէի, որովհետև 40 աստիճան շոգի դեպքում ոչ ոք էլ դեմ չէր լինի:

Հասել է պահը. տնից դուրս եմ գալիս և ուղևորվում եմ դեպի ավտոբուսը: Ամբողջ ճանապարհին ես հանդիպեցի դույլերով զինված մարդկանց, (ի դեպ, մոռացա նշել, որ ես քայլել եմ 20 րոպե, այսինքն, ճանապարհը այնքան էլ կարճ չէր): Ես նստել եմ ավտոբուս, ու ինձ վրա ջրի մի կաթիլ էլ չկար: Ամբողջ ճանապարհին մտածում էի, թե ինչի համար էին դույլով ջրերը: Ու հավատացեք, եթե չամաչեի, միգուցե անցորդներին ուղղակի խնդրեի, որ ջրեին, ախր, շատ շոգ էր, է:

Հետո հասա տուն: Մեր բակում արդեն ջրոցին ավարտվել էր, այսինքն, երեխաները գնացել էին ուրիշ բակ խաղալու: Հասա տուն ու ապշած դեմքով նստել եմ բազմոցին: Այդ պահին մայրս հարցրեց, թե ինչ է պատահել, ես էլ սկսեցի պատմել, որ այսօր դեռ չեմ ջրվել, իսկ դեռ պատմությունս չավարտած, մայրս հանկարծ չգիտեմ որտեղից, հանեց դույլով ջուրը ու լցրեց գլխիս: Ջուրը շատ սառն էր, բայց իսկապես հաճելի էր…

Շատ հաճախ է պատահում, երբ Վարդավառին պատահական անցորդներին վախենում ես ջրել, մտածում ես, թե կսկսեն բողոքել, ու չես էլ ջրում, իսկ ես մտածում եմ՝ թող մի քիչ էլ բողոքեն, ի՞նչ կա որ…

Nane Eghiazaryan

Հուլիսի չորսին

Հուլիսի չորսին Եղեգնաձորի զորամասում տեղի ունեցավ մատուռի բացում: Ներկա էին հիմնականում ժամկետային զինծառայողները: Իսկ ես ներկա էի որպես իմ քաղաքի Սուրբ Գայանե եկեղեցու երգչախմբի անդամ: Պարզվեց, որ մատուռի գաղափարը զորամասի հրամանատարն ունեցել էր վաղուց, բայց չէր գտել այն կառուցելու ճիշտ ժամանակը: Եվ, վերջապես, ճիշտ ժամանակը եկել էր. հուլիսի չորսին Եղեգնաձորի զորամասի 20-ամյակն էր, և նոր Սուրբ Գրիգոր Տաթևացի մատուռի բացումը:

Շոգ էր, բայց մարդկանց երեսին դժգոհության մի նշույլ էլ չկար, չնայած՝ շատերը կանգնած էին արևի տակ: Մատուռը կառուցելիս ամեն զինվոր իր ներդրումն էր ունեցել, իսկ ֆինանսապես օգնության էին հասել շատ բարերաներ: Թեմի առաջնորդն ասաց, որ դեռ շատ այսպիսի մատուռներ են բացվելու, ու մի անգամ ևս նշեց, թե ինչքան կարևոր և ամուր է ազգ-եկեղեցի-բանակ-հայրենիք կապը:

Դե, մեր երգչախումբը երգեց, ավարտվեց միջոցառումը, և մենք վերադառնում էինք Ջերմուկ, երբ որոշեցինք գետի ափի մոտ մի փոքր զովանալ: Կանգ առանք մեզ հարազատ Արփայի ափերին: Ընկերուհիս անընդհատ չորս կողմն էր նայում, և ինչ-որ բան էր փնտրում, հետո երևի իր ուզածը չգտնելով՝ ինձ հարցրեց, արդյոք մոտակայքում աղբարկղ կար: Ես էլ նայեցի շուրջս ու տեսա տոպրակների ու էլի պիկնիկից հետո մնացած աղբի հետքերը, իսկ երբ ուզում էի նրան պատասխանել, հանկարծ մեր երգչախմբի փոքրիկ անդամներից մեկը ուրախ-զվարթ ասաց.

-Չե՞ս տեսնում, ամբողջ շրջակայքումդ աղբ է: Ուրիշ մարդիկ գցել են, դու էլ գցիր նրանց պես:

Ճիշտ է, մենք նրան բացատրեցինք, որ շրջակայքը աղտոտել չի կարելի, բայց գուցե ուրիշ այդպիսի շատ-շատ երեխաներին բացատրողներ չգտնվեն:

Nane Eghiazaryan

Հանուն ավելի կարևորի

Այս ամառ ես փնտրում եմ աշխույժ զբաղմունքներ, բայց մինչ օրս չեմ գտնում: Շատերի համար աչքերը բացելուն պես արև տեսնելն արդեն լավ օրվա սկիզբ է, բայց ինձ լավ տրամադրություն ունենալու համար միայն արևը չի հերիքում: Իմ կարծիքով, ամռանը պետք է հանգստանալ լիովին. պետք է հայտնվել մի աշխույժ խմբում, ընտրել թեմա՝ հետաքրքիր զրույց վարելու համար, կամ ինչ-որ լավ բան անել, ու օրը դարձնել անմոռանալի:

Հունիսի առաջին օրերը հենց այսպես էլ երևի անցնում էին, երբ հանկարծ մայրս ինձ հարցրեց՝ արդյոք ուզո՞ւմ եմ անգլերենս բարելավել: Նա շատ զարմացավ, երբ տեղիցս վեր թռչելով՝ «այո» ճչացի: Անկեղծ ասած, ես էլ զարմացա իմ այդ մեծ ուրախության վրա: Մայրս ասաց, որ Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոսներից մեկը անգլերենի դասեր է տալիս Եղեգնաձորի «Գալիք» համալսարանում ամեն շաբաթ և կիրակի օրերին: Ես համաձայնեցի ամեն շաբաթ օր հանուն անգլերենի արթնանալ առավոտյան շուտ, Ջերմուկից գնալ Եղեգնաձոր, և ամեն երկուշաբթի վերադառնալ Ջերմուկ:

Սկսվեցին դասերը, որոնցից ես իսկապես հաճույք էի ստանում: Հանկարծ տեղեկացա, որ էկոտուրիզմի փառատոն կա, որին կարող եմ մասնակցել, բայց շաբաթ և կիրակի օրերին է: Որոշեցի դրանից հրաժարվել հանուն գիտելիքի, հետո ամբողջ ֆեյսբուքյան էջս սկսեց լցվել ամառային ճամբարների մասնակցելու հայտերով, բայց ես ոչ մեկին չեմ կարող մասնակցել, որովհետև շաբաթ-կիրակի զբաղված եմ: Սկսեցի իմ սովորության համաձայն դժգոհելով ման գալ, երբ եղբայրս ինձ մի լավ խորհուրդ տվեց. «Երբեմն ամենամեծ գանձին հասնելու համար պետք է հրաժարվել մանրերից, որոնք միգուցե շատ են, բայց այնքան արժեք չեն ունենա, ինչքան մեծը»: Եվ իսկապես, եղբորս խոսքերը լսելուց հետո դադարեցի դժգոհելուց: Ամեն տարի էլ կլինեն ճամբարներ, էկոտուրիզմի նոր փառատոներ և միջոցառումներ, բայց ամեն տարի հնարավորություն չես ունենա մասնակցելու նման դասերի: Դեռ մեկ ամիս էլ չեմ գնացել պարապմունքների, բայց գրեթե ամբողջությամբ հասկանում եմ, թե ինչ են խոսում անգլիացխոսները (իմ քաղաքում նրանց հանդիպելը դժվար չէ):

Հուսով եմ, որ իսկապես կկարողանամ հասնել արդյունքի, որովհետև այս ամռան հետ կապված բոլոր պլաններս մի կողմ եմ դրել, որպեսզի հասնեմ «ամենամեծ գանձին»:

Nane Eghiazaryan

Ավտոբուսում

Ժամը ութին հինգ է պակաս: Ավտոբուս եմ նստում ինձ ծանոթ ու անծանոթ մարդկանց հետ: Երկուշաբթի է, և գրեթե բոլորը նայում են ինձ և իրենց մեջ հարց են տալիս, թե  ինչու այս աղջիկը հիմա դպրոցում չէ… Ոմանք միգուցե հիշում են, որ տարեվերջ է, և ավելի են զարմանում. չէ՞  որ եկել է կիսամյակայինների ժամանակը: Ավտոբուսը վերջապես շարժվեց: Հետևում նստել էին տղամարդիկ, իսկ դիմացս՝ կանայք: Ասում են, որ կանայք բամբասկոտ են, բայց եթե այդ արտահայտությունը լսած չլինեի, դա կվերագրեի տղամարդկանց:

(Ավտոբուսի կանգառում կանգնած մարդկանցից մեկը՝ Իքս, իմ հետևում նստած մարդիկ՝ Իգրեկ, Զեթ)

-Տեսա՞ր՝ նոր ում հետ էի խոսում:

-Ո՞ւմ:

-Իքսն էր, սկսել էր էլի գլուխ գովել:

-Ի՞նչ էր ասում, որ…

-Ասում էր՝ թե բա գիտեմ, չէ՞, որ բոլորին բանջարի տեղերը ինքն է ցույց տվել, որ դու ու ինքը միշտ իրար հետ եք գնացել, ու երբ իրա իմացած տեղերը իմացել ես, էլ իրա հետ չես գնում:

-Պա՜հ, ինքն ա սովորեցրել հա՞… Բա չասի՞ր՝ դու ո՞ւր էիր, երբ Իգրեկը գնում էր բանջարի: Ինչ ա՝ մի անգամ իրար հետ տեղ ենք գնացել, ինքը աջ ա գնացել, ես՝ ձախ: Հետո կանչել ա, թե՝ ստեղ լավն ա բանջարը: Գնացել եմ, ուրեմն, ինքն ա, հա՞, սաղ տեղերը ինձ ցույց տվել:

-Հա, բա… Ասում ա, թե՝ մի հատ լավ տեղ գիտեմ, որ քարի տակ լիքն ա, գնում եմ ընդեղ:

-Հա բա, կիմանա, բա ի՞նչ կանի: Էրեկ էր տեղերը հարցնում: Վա՜յ Իքս, Իքս…

-Լավ, էդ հեչ, պատմի տենամ՝ էրեկ հլը դա՞շտն էիր, որ անձրևը եկավ:

-Հա, հլը դաշտն էի: Լավ էր, մի հատ տեղ գտա, մտա, էնքան էլ չթրջվեցի: Դու ասա, ի՞նչ արիր:

-Ես էրեկ էն անձրևին հլը քաղում էի, ասիմ՝ գնամ ծածկի տակ, էն էլ տեղը հեռու էր, մինչև հասա՝ կտրվեց: Ոտից գլուխ ջուր էի էղել…

Մի քանի րոպե, ի զարմանս ինձ, ավտոբուսում լռություն տիրեց, հետո Զեթը նորից շարունակեց:

-Գիտե՞ս չէ, կաթիլային եմ քաշել:

-Հա բա, ճիշտ ես արել: Շուտվանից պիտի քաշեիր, ծառերդ ափսոս են:

-Հա, իմ խելքն ասա: Էնքան լավ ա, ծառերիս խոնավությունը միշտ պահում ա…

Էլի մի քանի րոպե լռությունից հետո Զեթը տագնապի մեջ ասաց.

-Էս քո իջնելու տեղը չի՞:

-Հա է, լավ էր հիշեցրիր… էստեղ կանգնի, էլի,- ավտոբուսը կանգնեց, Իգրեկը մոտեցավ վարորդին, վճարեց, հետո ամբողջ ավտոբուսով մեկ գոռաց,- դե հաջող, գնացի քաղելու:

Ավտոբուսը շարժվեց: Իգրեկն սկսեց բարձրանալ մոտակա սարը, և երբ կորավ իմ տեսադաշտից, Զեթը նույնպես իջավ ու անհետացավ:

Այդ օրը ես Ջերմուկից գնում էի Եղեգնաձոր, ու ճանապարհին էլի մարդիկ իջան ու բարձրացան: Ավտոբուսների մեջ երկար ժամանակ իրար չտեսած մարդիկ հանդիպում են, մյուսները պարզում, որ ամեն անգամ իրար ավտոբուսում են միայն հանդիպում, մյուսները նոր են ծանոթանում ու խոստանում, որ անպայման պիտի միմյանց այցելեն: Ամեն անգամ, կապ չունի, թե ուր ճանապարհորդելիս, մարդիկ լսում են տարբեր զրույցներ, տարբեր կարծիքներ ու հանդիպում տարբեր ծիծաղաշարժ դեպքերի: Երբեմն նույնիսկ այնպիսի բաներ ես լսում, որ ուզում ես բոլորին պատմել:

Եթե գոնե մեր ճանապարհորդություններից կեսը կարողանայինք գրի առնել, պահել մեր հիշողություններում, ինչքան շատ բան կունենայինք հետագայում պատմելու մեր ծանոթներին: Ավա՜ղ, դրանք երբեմն չքանում են, թաքնվում մեր հիշողության անկյուններում, ու երբ ուզում ենք հիշել, չենք կարողանում:

Nane Eghiazaryan

Հնչում է կոմիտասյան մեղեդին

Մարմնովդ սարսուռ է անցնում, իսկ հոգիդ տակնուվրա է լինում, զգում ես ցավ, թախիծ, սիրտդ մորմոքվում է այն մեղեդուց, որ ստեղծել է Կոմիտասը: Նա իր ազգի տառապանքն է դրել մեղեդու մեջ, նրա ամենօրյա ուրախությունն ու թախիծը, հոգսերն ու պարերը: Նրա կախարդական նոտաների մեջ լսվում է այն ձայնը, զգում ես այն զգացմունքը, որն ապրել է այդ պահին: Այդ մեղեդին դիպչում է քեզ, մտնում սիրտդ, և երբ զգում ես այն, չես ուզում բաց թողնել: Նա հոգուցդ մի կտոր է պոկում ու տանում իր հետ: Այդ մեղեդին արցունք է պոկում աչքիցդ, ու էլ չես կարողանում այն բաց թողնել:

Կոմիտասի մեղեդին չես կարող փոխարինել ոչնչով: Այն յուրահատուկ է իր ձևով, զգացմունքների տեղատարափով: Բառեր, բառեր ու էլի բառեր, որոնք միգուցե փորձում են գեղեցկացնել մեղեդին, ու շատերի համար հենց դա է կարևորվում:

Գիտե՞ք, պետք չէ լսել բառերը, որ պատկերցանես՝ ինչի մասին է Կոմիտասի ստեղծագործությունը: Ո՛չ, Կոմիտասին կարելի է հասկանալ նրա մեղեդու միջոցով: Մարդի՛կ, ինչո՞ւ եք ամեն ինչին թռուցիկ կերպով վերաբերվում, ախր, Կոմիտասը հանճար է, իսկ շատ երիտասարդներ նրան նույնիսկ չեն հասկանում: Կոմիտասը հայ էր, բայց այժմ այլազգիները  ավելի շատ են լսում նրա մեղեդիները, քան մենք, ու ավելի շատ են նրան գնահատում: Չնայած՝ հանճարին ոչ բոլորը կարող են հասկանալ:

Կուզեի մարդկանց հարցնել, հայությանը հարցնել, թե այս աշխարհում եղե՞լ է, կամ կա՞ մեկը, ով այդքան խորն ու այդքան գեղեցիկ է ներկայացնում թե՛ ցավը, թե՛ ուրախությունը:

Հնչում է կոմիտասյան մեղեդին, որի ժամանակ մարդիկ լարվում են, ու ինչպես մի քանի տարի գեղեցիկ հագուստ չտեսած մարդը՝ խլում են այն ու չեն կարողանում բաց թողնել: Վերջ: Մեղեդին դադարեց: Ամբողջ դահլիճում լռություն է: Մարդիկ քարացել են, իսկ նրանց աչքերից արցունքներ են հոսում: Նրանցից մեկը վերջապես ուշքի եկավ և ոտքի կանգնելով՝ սկսեց ծափահարել: Նրա ծափի ձայնից այդ սքանչելի ու հեքիաթային քնից արթնացան և մյուսներն ու սկսեցին հետևել առաջին մարդու օրինակին:

Իմ կարծիքով հենց այդպես է պատահում, երբ մի շքեղ դահլիճի բեմում հնչում է կոմիտասյան մեղեդին: