Էլեն Բեգլարյանի բոլոր հրապարակումները

Ինչ ընտրել. այս է խնդիրը

Լուսանկարը՝ Էլեն Հարությունյանի

Լուսանկարը՝ Էլեն Հարությունյանի

Ես սովորում եմ իներորդ դասարանում և շուտով պետք է որոշում կայացնեմ իմ մասնագիտության հարցում: Այժմ ինձ ամենաշատը հուզում էայն հարցը, թե ինչ հոսքում եմ ուզում սովորել և ինչ մասնագիտություն պետք է ընտրեմ: Ես դպրոցում լավ եմ սովորում, և այդ պատճառով ինձ համար դժվար է մասնագիտություն ընտրելը: Որոշ առարկաներ սիրում եմ, օրինակ, կենսաբանությունը, ռուսերենը, սակայն կան առարկաներ, որոնք էլ չեմ սիրում` քիմիա, ֆիզիկա, պատմություն, աշխարհագրություն: Տնտեսագետ չեմ ուզում դառնալ, քանի որ այդ ճյուղով սովորողները շատ են, բնագիտություն էլ չեմ ուզում, որովհետև քիմիա ու ֆիզիկա չեմ սիրում: Լավ կլիներ, դպրոցներում գործեին մասնագիտական կողմնորոշման խմբակներ, որպեսզի մենք իմանայինք, թե ինչ մասնագիտություններ կան, ինչ մասնագետներ են անհրաժեշտ մեր երկրում, ինչ հատկանիշներ և գիտելիքներ պետք է ունենա մարդը, որպեսզի կարողանա այս կամ այն մասնագիտությունը ընտրել:

Իսկ առայժմ ես չեմ կողմնորոշվում, թե ինչ մասնագիտություն ընտրել:

«Ես շատ եմ սիրում կյանքը»

Սոնիկ տատիկը յոթանասունհինգ տարեկան է: Ես հաճախ եմ տեսնում նրան պատշգամբում նստած: Նա ապրում է երկրորդ հարկում, և ամեն երեկո հենց պատշգամբից ջրում է բակի ծաղիկները: Միշտ բարի ժպիտով զրուցում է ծանոթների հետ, զրուցում: Նա երբեք բակ չի իջնում, որպեսզի հիանա իր պարտեզի ծաղիկներով, քանի որ գամված է հաշմանդամի սայլակին: Միշտ հիանում եմ նրա լավատեսությամբ և բարությամբ, դրա համար էլ որոշեցի այցելել նրան և զրուցել

-Դպրոց հաճախե՞լ եք:

-Ոչ, ես դպրոց չեմ հաճախել: Երկու տարեկան հասակում ստացա մանկական ուղեղային կաթված, և այդ ընթացքում՝ 1941թ-ին, հայրս մեկնեց Հայրենական Մեծ պատերազմ, և ես դպրոց չգնացի:

-Ինչպե՞ս և ու՞մ օգնությամբ եք սովորել գրել, կարդալ, հաշվել և այլն:

-Ես տառերը ինքնուրույն եմ սովորել իմ հասակակից երեխաներից`տուն-տունիկ խաղալով, կամ երբ նրանք դպրոցից գալիս էին, ցույց էին տալիս, թե ինչ տառեր են սովորել: Ես էլ ցանկություն ունեի սովորելու և նրանց հետ սովորում էի և հայերեն, և ռուսերեն տառերը:

-Ո՞ր տարիքից եք մենակ ապրել և կարողացել ինքնուրույն հոգալ Ձեր կարիքները:

-Միշտ ապրել եմ իմ հայրական տանը, եղբորս մահից հետո ինձ բնակարան տվեցին, և ես էլ որոշեցի մենակ ապրել, որպեսզի եղբորս ընտանիքին չխանգարեմ: Մայրս նույնպես եկավ ինձ հետ, և մենք միասին ապրեցինք մինչև 1993 թվականը: Հետո մայրս մահացավ, և ես սկսեցի մենակ ապրել: Բայց երբեք չեմ հուսահատվում, քանի որ շատ եմ սիրում կյանքը, սիրում եմ բնությունը, կենդանիներին, մարդկանց:

-Ո՞րն է տան Ձեր ամենասիրած անկյունը:

-Իմ ամենասիրած անկյունը իմ պատշգամբն է, որտեղ ես կարողանում եմ մաքուր օդ շնչել և նայել փողոցով անցնող մարդկանց:

-Ինչո՞վ եք զբաղվում ողջ օրը:

-Ես տառերից բացի նաև ինքնուրույն կարուձև եմ սովորել: Ազատ ժամանակ կարուձևով եմ զբաղվում: Այն ժամանակ խանութներում հագուստեղեն չկար, միայն կտորեղեն էր, մարդիկ իրենց հագուստները այլ երկրներից էին գնում կամ իրենք էին կարում: Այդ ժամանակ ես կարում էի հագուստներ և տալիս խանութներին: Այդ գումարով խնամում էի նաև մորս: Ես նաև զբաղվում եմ ասեղնագործությամբ: Դա նույնպես ինքնուրույն եմ սովորել: Եթե ինչ-որ բան սիրում ես, ապա շատ  հեշտությամբ կարող ես սովորել, միայն պետք է մի քիչ սիրես և պատկերացնես:

-Ցուցահանդեսների մասնակցե՞լ եք:

-Երևանում տեղի է ունեցել հաշմանդամների աշխատանքների ցուցահանդես, և ինձ ասել էին, որ մասնակցեմ: Ես այդ ցուցահանդեսից դիպլոմ եմ ստացել:

-Ի՞նչ երաժշտություն եք լսում և ո՞վ է Ձեր սիրելի երգիչը կամ երգչուհին:

-Ես գուսանական երգեր եմ լսում, հատկապես՝ Սայաթ-Նովա: Իմ սիրած երգչուհիներն են Օֆելյա Համբարձումյանը, Արաքսյա Գյուրզադյանը:

-Ի՞նչ խորհուրդ կտաք առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, ովքեր շատ հուսահատված են:

-Ես ունեմ շատ հաշմանդամ ընկերներ, ես նրանց հետ հեռախոսով խոսում եմ, ասում եմ, որ չամաչեն իրենց վիճակից, խոսում եմ արվեստից և լավ-լավ խորհուրդներ եմ տալիս: Ես ողջ կյանքում չեմ հուսահատվել: Միշտ աշխատել եմ, չեմ ցանկացել որևէ մեկին նեղություն տալ: Ձեռքի աշխատանքներով ոչ միայն իմ կարիքներն եմ հոգում, այլև երբեք պարապ չեմ մնում:

-Ի՞նչ կմաղթեք ինձ և իմ հասակակիցներին:

-Ես ձեզ մաղթում եմ հաջողություն, լավ սովորեք և լավ մարդ դարձեք: Նաև կավելացնեմ` լավ վարվեք մարդկանց հետ, ուշադրություն դարձրեք տան և շրջապատի գեղեցկությանը: