Մադլենա Ստեփանյանի բոլոր հրապարակումները

Madlena

«Եթե չլինեն հետևորդներ, չեն լինի նաև առաջնորդներ»

Շատ բան կա, որի մասին կցանկանայի գրել, բայց կսկսեմ քննարկել և գրել մի արդիական և կարևոր թեմայի մասին, որը անկասկած շատերիս է հուզում: Ես կխոսեմ մեր երկրում  և ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակից: Մարդասպանություն, պատերազմ՝ թեմա, որը շատերին է գայթակղում նույնիսկ մեր օրերում: Վստահ եմ, որ շատերը կհակառակվեն ինձ, պնդելով, որ պատերազմը և մարդասպանությունը չեն կարող գայթակղել, այլ միայն ցավ և վիշտ կարող է պատճառել: Ես, իհարկե, նշեցի՝ շատերը, սակայն ոչ բոլորը: Եթե «մարդկանց» չգայթակղեր այդ թեման, նրանք չէին պատերազմի, չէին սպանի և կապրեին խաղաղ: Ամեն ինչ սկսվել է վաղ ժամանակներից՝ կռիվներ ուտելիքի, տարածքի, երկրի համար: Շատերը, եթե ոչ բոլորը, ցանկանում են լինել նվաճողներ: Որևէ երկրին, տարածքին, հասարակությանը տիրելու ցանկությունը չի կարող գայթակղել խաղաղություն գերադասող մարդուն: Փառքին ձգտում են ապագա բռնակալները, իսկ մարդիկ հետևում են նրանց՝ գայթակղվելով նվաճողի քաղաքականությամբ: Այ, թե որտեղից է ամեն ինչ սկսվում:

Մի քանի օր առաջ հեռուստացույցով մի արտահայտություն լսեցի, որը մտածելու տեղիք տվեց: Ասվում էր հետևյալը. «Եթե չլինեն հետևորդներ, չեն լինի նաև առաջնորդներ»: Եվ իսկապես, ես կարծում եմ, որ շատ պատերազմներ տեղի չէին ունենա, եթե չլինեին հետևորդներ: Օրինակ, եթե մարդկանց չգայթակղեր Հիտլերի հակահրեական դիրքը, և եթե նրան չհետևեին, ապա դժվար թե նա կկարողանար սկսել իր բռնակալ քաղաքականությունը, և միգուցե չէր սկսվի Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը շատ մարդկանց կյանքեր խլեց:

Վերադառնանք մեր երկիր: Այս քառօրյա պատերազմը ծանր վերքեր թողեց բոլորիս սրտում: Մենք ունեցանք զոհեր, և պարգևատրվեցինք նոր հերոսներով: Հարկ է հիշել Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գրքի հետևյալ տողերը. «Մարդ սկսում է ավելի շատ սիրել հայրենիքը, երբ այն վտանգի մեջ է։ Ուրիշ ժամանակ հայրենիքը շատ սովորական է թվում, ինչպես ընտանիքը»: Բոլորս զարմացած էինք, տեսնելով մի խումբ երիտասարդ տղաների և մեծահասակների համառությունը կամավոր դառնալու և առաջնագիծ գնալու ու թշնամու դեմ պայքարելու ցանկությամբ: Ես հիմա եմ հասկանում այս խոսքերի խորությունը:

Ես վստահ եմ՝ մեր ազգը դեռ կկարողանա պահպանել իր անկախությունը, կկարողանա հետ մղել թշնամուն և միգուցե նորանոր տարածքներ նվաճի, հետ վերադարձնի կորցրածը, իսկ եթե հանգչի, ապա միայն պայքարելով և միայն մարտի դաշտում՝ պատվով:

Բայց մյուս կողմից էլ, ես չեմ  ցանկանում, որ մարդկանց գայթակղի այդ ամենը, չեմ ցանկանում, որ շարունակվեն պատերազմները, մարդասպանությունը: Եթե միայն բոլորը, ԲՈԼՈՐԸ նկատեին մանկանց աչքերի փայլը, որ լույս աշխարհ են եկել, միգուցե հենց այդ փայլը կկարողանար լուսավորել մարդկանց մտքերը և պահվածքը, հետ պահելով նրանց իրենց «հաճույքներից»:

Madlena

Ընթերցելու մասին

Զրույց երիտասարդ լեզվաբան Քրիստինե Ստեփանյանի հետ

-Ձեր կարծիքով, այսօր երիտասարդները գիրք կարդո՞ւմ  են:

-Կարծում եմ, այո, բայց  ավելի հեշտ տարբերակն  են նախընտրում `օգտվում են օնլայն գրադարաններից: Իհարկե, կան երիտասարդներ, ովքեր գիտեն գրքի արժեքը և այսօր էլ այցելում և օգտվում են գրադարաններից:

-Իսկ Դուք օգտվում ե՞ք օնլայն տարբերակից, թե՞ նախընտրում եք գրքի հետ կենդանի շփումը:

-Նախընտրում եմ գիրքը: Ինձ հաճելի է շոշափել թուղթը, և աչքերիս համար էլ` վնասակար չէ: Չնայած, երբ չեմ գտնում  արտասահմանյան գրողների որոշ գրքեր, կարդում եմ նաև օնլայն տարբերակով:

-Որքա՞ն ժամանակ եք տրամադրում  ընթերցանությանը:

-Տրամադրում եմ մոտ երկու ժամ:

-Ինչպե՞ս եք ընտրություն կատարում, որոշում` ինչ կարդալ:

-Նախ, կարևորում եմ այն մարդկանց կարծիքը, ովքեր արդեն կարդացել են այդ գիրքը,   ուշադրություն եմ դարձնում նաև  վերնագրին,  ժանրին:

-Ո՞րն է  Ձեր սիրելի գիրքը և ինչո՞ւ:

-Իմ կարդացած գրքերից ամենատպավորիչը և ուսուցողականը, Պաուլո Կոելոյի «Ալքիմիկոս»-ն էր: Այդ ստեղծագործության մեջ ես գտա իմ մտքերը, որոնք երբևէ չեմ արտահայտել եւ ստացա օգտակար խորհուրդներ:

-Ի՞նչ սովորեցրեց «Ալքիմիկոս»-ը:

-Գրքի շնորհիվ, ես հասկացա, որ կյանքում` նպատակին հասնելու համար,  պետք է անցնես որոշակի ճանապարհ,  որպեսզի գտնես այն, ինչը հաճախ չես նկատել և անցել ես քո երջանկության, երազանքի  կողքով:

-Նորից կընթերցե՞ք  այդ գիրքը և ինչո՞ւ:

-Այո, քանի որ երկրորդ անգամ ընթերցելիս` առավել ուշադիր կկարդամ, և, կարծում եմ,  նոր  զգացողություններ կունենամ:

-Ի՞նչով էր գրավիչ գրքի հերոսը:

-Հերոսի կերպարը, ինքնին, հետաքրքիր էր: Ինձ դուր եկավ նրա համառությունը և վստահությունը` գնալով անհայտի հետևից, նա փնտրում էր ճիշտ ուղին:

-Խուրհուրդ կտայի՞ք այդ գիրքը կարդալ և ինչո՞ւ:

-Այո, միանշանակ, որովհետև   գրքի և′ ընթացքն է հետաքրքիր, և′  միտքը: