Էդգար Սարգսյանի բոլոր հրապարակումները

Օրը հետաքրքիր դարձնելու միջոց

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Լուսանկարը՝ Հարություն Հայրապետյանի

Ես՝ սիրելով բոլոր եղանակները, ամենից շատ սիրում եմ ձմեռը: Ձմեռն ունի իր յուրահատկությունները ինչպես և մյուս եղանակները: Ինչպես բոլորը, այդպես էլ ես, սիրում եմ ձմեռային արձակուրդները: Ոմանք լսելով այս արձակուրդների երկարացման մասին ուրախացել էին, իսկ ես ոչ, քանի որ իմացա, որ շաբաթ օրերին պետք է լրացնենք բաց թողնված դասի օրերը:  Եվ երբ տանը պարապությունից չգիտեի ինչ անել, որոշեցի գնալ պապիկենցս տուն: Ես երբ հասա այնտեղ՝ տատիկս ինձ տվեց  բլիթներ և թեյ, քանի որ ես շատ սառած էի: Բոլորն էլ գիտեն, որ ձմռան ամենաբարդ գործերից մեկը դա ձյուն մաքրելն է: Մի քիչ նստելուց հետո ես դուրս եկա բակ, այնտեղ տեսա պապիկիս, որը  ձյուն էր մաքրում: Ես շուտափույթ վազեցի ներս և կանչեցի եղբայրներիս: Մենք դուրս եկանք բակ, պապիկս կարծեց, թե գնում ենք խաղալու: Բայց իրականում մենք եկել էինք նրան օգնելու: Մենք երբ սկսցեինք գործը, պապիկը ասաց.

-Մե քելեք է, էտ ձեր խելքի բանը չի:

Եղբայրներիցս Հարութն ասաց.

-Լավ էլի, պապիկ, դու գնա տուն հանգստացի, կգաս կտեսնես, որ վերջացրել ենք:

Պապս գնաց տուն, և մենք անհապաղ սկսեցինք գործը: Այնքան էինք տարվել գործով, որ նույնիսկ չնկատեցինք, թե ինչպես անցավ ժամանակը:

Երբ վերջացրեցինք, կանչեցինք պապիկին: Նա տեսնելով մեր գործը, ասաց.

-Իմ թոռներն ուրիշ են, էլի:

Ճիշտ է, մեջքներս մի քիչ ցավում էր, բայց մենք հասկացանք, որ շատ լավ գործ կատարեցինք և հասկացանք, թե պապիկը ինչքան է չարչարվում:

Հիշողություն ամռան մասին

Ձմեռ է ու ցուրտ, և վաղն էլ դասերը չեն սկսվելու: Կմնանք տանը, ոմանք կպարապեն, ոմանք` կձանձրանան, ոմանք էլ ինձ նման կհիշեն ամառվա տաք օրերը:  Չեմ սիրում տանը նստել: Սիրում եմ շփվել մարդկանց հետ և, իմ կարծիքով, շփվելու համար ամենահարմար վայրերից մեկը ճամբարն է, որտեղ մարդիկ ձեռք են բերում ինքնուրույնություն, ինչպես նաև մտերիմ ընկերներ: Հաշվի առնելով իմ նախասիրությունները՝ այս ամառ ես գնացել էի Դիլիջանի «Զեփյուռ» ուսուցողական ճամբար, որպեսզի շփվեմ նոր մարդկանց հետ և հարստացնեմ իմ անգլերենի իմացությունը: Բացի հայ ջոկատավարներից այնտեղ կային նաև ամերիկացի կամավորներ, որոնց հետ շփվելը իմ անգլերենի իմացությունը ամրապնդելու միջոց էր: Ես  նրանցից  առանձնացնում եմ Ռոզիին, որը ինձ ձեռք էր մեկնում ամեն  հարցում:

Ճամբարում ես շատ բաներ սովորեցի, այդ թվում նաև լինել ավելի ինքնուրույն և կարգապահ: Ինձ համար ամենատպավորիչն օրերից մեկը մրցելն էր «Բանանց» թիմի տղաների հետ, որից ստացանք շատ մեծ ոգևորություն: Հիմա էլ եմ կարոտով հիշում կանաչ դաշտը, մեր խաղը, հատկապես այս ցուրտ եղանակին: Մի բան էլ եմ կարոտով հիշում. տաք օդը և լողավազանը` իմ ամենասիրելի և նախընտրելի վայրը:  Նույնիսկ մի անգամ իմ ընկեր Արմենը, երբ ես ուզում էի ցատկել լողավազանի մեջ, բացականչեց.

-Չթռնես, խորն ա, կխեղդվես…

Իսկ ես, քանի որ գնացել էի լողի, ցատկեցի. սկզբում նա շատ վախեցավ, բայց հետո, տեսնելով իմ լողալը, հասկացավ, որ ես խեղդվողը չեմ:

Ճամբարում ես նաև սովորեցի խաղալ ռեգբի և ֆրիզբի, որոնց մասին նույնիսկ չէի լսել:

Ճամբարում շատ ուսուցողական դասեր էին անցկացվում: Ճիշտ է, սկզբում այդքան էլ հաճելի չէր, բայց հետագայում հասկացա այդ դասերի կարևորությունը: Այդ դասերը հատկապես ծխախոտի, ալկոհոլի և թմրանյութերի  վնասակար հատկությունների մասին էր:

Ճամբարը տևեց 7 օր, իսկ  6-րդ օրը մենք բարձրացանք Դիլիջանի   սեգ լեռները, որպեսզի  փայտ հավաքենք՝ խարույկի համար: Վերադառնալուց հետո մեր ջոկատի տղաներով  դասավորեցինք  փայտը և երեկոյան  հավաքվեցինք խարույկի շուրջը, իսկ Վանը մեզ համար մի հրաշալի երգ կատարեց կիթառով, որը բոլորին էլ դուր եկավ:

Ես այդ ճամբարից մեծ բավականություն և գիտելիքներ ստացած վերադարձա տուն: Հիմա ինքս եմ իմ ընկերներին բացատրում թե ինչ չարիք է ծխախոտը, թմրանյութերն ու ոգելից խմիչքները: