Աննա Խաչատրյանի բոլոր հրապարակումները

Ինձ բացակա չդնեք. Գոռ Օհանյան

Մեր դասարանում մի խելոք տղա էր սովորում, ով թեպետ շատ համեստ ու հավասարակշռված էր, բայց որտեղ կռիվ լիներ, առաջինը ինքը կգնար մասնակցելու։ Գոռն էր այդ տղան ` հաղթանդամ, ամրակազմ, բարձրահասակ, թիկնեղ ու արծվաքիթ։ Հենց սկսում էր շարժվել Գոռը, կարծես մի հսկա քայլելիս լիներ։ Խոշոր ձեռքեր ուներ նա, խիստ հայացք ու բարի աչքեր։ Թեև լավ չէր սովորում, բայց առաջինը ինքն էր մտնում դասարան առավոտ շուտ։ Տարվա վերջում էլ գրքերը հանձնելիս բոլորս կատակում էինք. «Ամենալավը Գոռն է պահում իր գրքերը, էջերը` մաքուր ու սպիտակ, թերթերը` չբացված»։

Հիմա այն ժամանակվա նման չենք ծիծաղում, որովհետև Գոռը վերևից կլսի մեր բարձր ձայնը ու կնեղանա, որ առանց իրեն ենք հավաքվել։ Ո՜վ կպատկերացներ, որ մի օր երանի կտանք այդ  հուշացած ակնթարթներին։ Հիմա ետ եմ շրջվում ու դպրոցական լավագույն հուշերումս միայն քեզ եմ տեսնում, Գո՛ռ։

Գոռը չկարդացված գիրք էր։ Ժպտում էր, ու փոքրացած աչքերի մեջ տխրության մի խորունկ ծով էիր նկատում։ Հիմա  դպրոցում Գոռին ենք փնտրում` իր դասասեղանը, աթոռը, փնտրում ենք ու մեկ էլ կանգ առնում. ախր, Գոռն ամենուր է։ Դպրոցում մի գործ չկա, որ ինքը արած չլինի։ Արդեն բոլորը սովորել էին. հենց օգնության կարիք էր լինում,  բոլորը վազում էին մեր դասասենյակ, նայում մեկ ուսուցչին, մեկ մեզ ու վերջ, Գոռն արդեն գիտեր իր անելիքը. ձեռքերը բռունցք էր անում, սպիտակ ատամներով ժպտում ու ծանրաքայլ դուրս գալիս դասասենյակից։ Գոռն ամենուր է։ Նա այնքան լավն էր, որ դասի չեկած օրերին անգամ ուսուցիչները մատյանում բացակա չէին դնում։ Բոլորիս ականջներում Գոռի ձայնն է անընդհատ հնչում, ու հերթով սկսում ենք պատմել չխոսկան Գոռի հետ ունեցած մեր կցկտուր խոսակցությունները։

Երբ Տավուշ գնաք, անպայման այցելեք Գոռի գերեզմանին։ Ծաղիկներ կտանեք ձեզ հետ, անպայման դաշտային, որովհետև մեր Գոռը իսկական սարեցի էր, Սադիր սարի թագավորը։ Կկանգնեք բարձունքում ծածանվող եռագույնի մոտ ու կնայեք շիրմաքարին` Գոռ Գագիկի Օհանյան, 2001-2020։ Բայց հանկարծ ձեր հայացքը չխոնարհեք, այլ կնայեք վեր, վե՜ր, որտեղ սավառնում է լուսաշող տղայի հոգին։ Կփնտրեք նրա կերպարանքը խռովված երկնքում ու կզրուցեք Գոռի հետ։ Ինքը չի պատասխանի ձեզ, ինչպես երբեք չէր պատասխանում մեզ, այլ լուռ լսում ու միայն ժպտում էր։ Հիմա էլ չի խոսում մեզ հետ։ Նեղացե՞լ ես մեզնից, Գոռ։

…Գոռի փառքի անկյունում ամփոփված է նրա կարճ ջահել կյանքը։ Լուսանկարներ, որոնք տակնուվրա են անում ապրողներիս հոգիները, հուշեր, որ ժապավենի նման սահում են մեր աչքերի առջևով, արցունքներ, անսահման, անսահման, ու մայր հող, որ մատղաշ տղերքին իր գիրկն է առել։ Գոռի անկյունում առաջինը վերցնում եմ փոքրիկ նոթատետրը։ Գոռը, որ դպրոցում չէր ուզում մի տառ անգամ գրել, իր նման մանրիկ տառերով շարադրել է. «Մահը կյանքի ամենամեծ կորուստը չէ։ Ամենամեծ կորուստն այն է, ինչ մեռնում է մեր մեջ, երբ մենք դեռ ողջ ենք»։ Խրոխտ տղա, դու շարունակում ես հրեշտակային ժպիտովդ ժպտալ, իսկ մենք դեռ երկար ժամանակ ենք սգալու։ Սև հագիր, սևսիրտ մարե…

Գոռ Գագիկի Օհանյանը ծնվել  է 2001թ. հուլիսի 25-ին Տավուշի մարզի Տավուշ գյուղում։ Գոռը ինը տարի սովորել է Տավուշի միջն. դպրոցում, ապա ուսումը շարունակել Բերդի բազմագործառութային պետական քոլեջում` խոհարարի մասնագիտությամբ։ Դեռ փոքր տարիքից ընտանիքի հոգսերն ուսերին առած` անտրտունջ ու անխոնջ աշխատում էր Գոռը։ Երկու եղբայրներից իրապես տարբերվում էր տղան. ուրիշ բնավորություն, հայացք, սիրտ ուներ նա։ Շատ ուշադիր էր տատիկի ու հոգատար մայրիկի հանդեպ։ Լռակյաց ու չխոսկան Գոռը իր նպատակների մասին ոչ ոքի չէր պատմում, այլ պահում էր սրտում, որ կամաց-կամաց իրագործի։ Բայց ամեն ինչ պիտի սպասեր. ժամն էր մեկնել հայրենիքի պաշտպանության։ Գոռը բանակ է զորակոչվում 2019թ. դեկտեմբերի 19-ին ու ծառայության անցնում  Ջաբրայիլում։ Շարքային Օհանյանը կարգապահ էր ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական կյանքում։ Նրան սիրում ու հարգում էին զինվորից մինչև հրամանատար։ Գոռի ծառայության իններորդ ամսում սկսվեց պատերազմը։ Առաջինը արձագանքելով հրամանատարի կոչին` մեկնել առաջնագիծ, տավուշցի հերոսը առանց վարանելու ելնում է մարտի։ Գոռը կռվեց Հադրութում, ապա Ֆիզուլիում, կռվեց 23 օր քաջաբար ու հերոսի պես, կռվեց վահանով ու եկավ վահանի վրա։ Նրա զոհվելու մասին լուրն առանք հոկտեմբերի 21-ին, իսկ վերջին անգամ ընտանիքի անդամները Գոռի ձայնը լսեցին զոհվելու նախօրեին։ Օրեր շարունակ անքուն մնացած, ոտքերին կապտուկներ առաջացած, հոգին վրեժով լցված, կարոտը սրտում պահած Գոռը կյանքը նվիրեց հայրենիքին։ Ու թեպետ ժամանակից շուտ «զորացրվեց», բայց հիմա էլ Նվարդ մայրիկը շարունակում է որդու ետդարձի օրերը հաշվել արցունքով, հպարտությամբ, ցավով։ Գոռ Գագիկի Օհանյանը ապրեց 19 տարի` անունը ոսկե տառերով գրելով մեր պատմության արյունոտ էջերում։

Նա շատ երազանքներ ուներ։ Եկեք որդեգրենք դրանք ու տեր լինենք նրա անընդգրկելի մեծ գործերին։

Կյանքս` հայրենիքիս. Էրիկ Վիրաբյան

Երբ գնաք Վերին Կարմիրաղբյուր, գյուղ մտնող գլխավոր ճանապարհի ձախ հատվածում ծածանվող եռագույնի մոտ կանգ առեք։ Հողաթմբի վրա թարմ-թարմ ծաղիկներ կան, հողաթմբի տակ էլ` մի ջահել ու հերոսական սիրտ։ Բայց դուք չխոնարհեք ձեր հայացքը, այլ կնայեք վեր, շատ վեր, որտեղ Էրիկ Քաջիկի Վիրաբյանի ոգին է թևածում։ Կնայեք վեր առանց արցունքի, հպարտությամբ ու վեհորեն, հետո հայացք կգցեք սառը շիրմաքարին` Էրիկ Քաջիկի Վիրաբյան, 2000-2020 թթ., ու կսառեք այնպես, ինչպես սառեցին ջահել տղայի երազանքները։

-Երկու տարվա ու երկու ամսվա ծառայող էր Էրիկս, այս հուլիսին պիտի զորացրվեր։ «Ես եմ» ծրագրով էր զորակոչվել բանակ։ Երբեք չէր բողոքում ո՛չ ծառայությունից, ո՛չ ընկերներից, ո՛չ ճաշերից։ Միայն ասում էր` գոհ եմ։ Սեպտեմբերի 20-ին, որ խոսեցինք հետը, ասաց` շուտով մեծ պատերազմ է լինելու։ Պատերազմը եղավ, բայց ով կպատկերացներ, որ կտաներ Էրիկիս,- լալիս է Աննա մայրիկն ու ավելացնում,- իմ չորս երեխաներից ամենատարբերվողն ու ուրիշն ինքն էր։ Ո՜նց եմ դիմանալու առանց նրա։

Էրիկին բոլորը  գիտեին։ Հարևաններին օգնող, շփվող ու ակտիվ էր։ Երբ Էրիկը տեսնում էր, որ հարևան կանայք ծանր գործ են անում, վազում ու օգնում էր նրանց։ Սիրած աղջիկ էլ ուներ, ում այդպես էլ  չհասցրեց սիրո մասին պատմել։ Էրիկը նիհար ու բարձրահասակ էր։ Մատներն էլ այնքա՜ն նուրբ էին։ Աննա մայրիկը կարոտել է այդ նուրբ մատների հպումը։

-Պատերազմի օրերին միայն ասում էր` այստեղ մեծ միջատներ կան։ Ասում էի, որ զգույշ մնա, Էրիկս պատասխանում էր. «Մամ ջան, տարիքով մեծ մարդիկ են կռվին մասնակցում»։ Խաբում էր, որ հանգիստ լինեմ,- պատմում է Էրիկի մայրիկը` զգուշորեն դիպչելով որդու իրերին, որ հանկարծ չմաքրվեն նրա մատնահետքերը։
20-ամյա Էրիկը զոհվեց Խոջալուում հոկտեմբերի 16-ին։ Տղայի մարմինը գտան ուշ` դեկտեմբերի 29-ին։ Ամեն օր ընտանիքի անդամները հույս են ունեցել, որ տղան ողջ կլինի։ Երբ վերջին անգամ` հոկտեմբերի 14-ին, խոսել էին Էրիկի հետ, շատ հանգիստ է եղել նա, ու ոչ ոքի մտքով չի անցել, որ այդ զանգը վերջինը կարող է լինել ու այդ հեռախոսահամարից նրանք այլևս երբեք զանգ չեն ստանալու։
-Էրիկս վարորդ էր։ Մեքենայի կողքին կանգնած է եղել, հենց տղաներն օգնություն են կանչել, ռացիան ձեռքին վազել է։ Հենց այդպես էլ մարմինը գտել ենք` ռացիան` ձեռքին, զենքն էլ` կողքին։ Խոջալու վեց երեխա է զոհվել, վեցն էլ դիպուկահարի կրակոցից,- պատմում է տղայի մայրը։

Սեղանին շարված են այն իրերը, որոնք գտել են Էրիկի գրպաններից։ Մեծ նկարի կողքին էլ զինվորական գոտին է` Էրիկի արյամբ շաղախված։ Էրիկը նկարից ժպտում է պարզ ու մաքուր ժպիտով։ Անխախտ ու երկար լռությունը ճեղք տվեց, երբ սենյակ մտավ Էրիկի փոքր եղբայրը։ Նայեց հերոս Էրիկի նկարին, երկար նայեց ու առանց ինչ-որ բան ասելու արագաքայլ դուրս եկավ սենյակից։ Էրիկի կյանքը շատ կարճ տևեց, բայց կենսագրության մեջ գրելու շատ բան կա։ Տղան ուզում էր տունը վերանորոգել, նոր  տուն կառուցել։

Երբ Վերին Կարմիրաղբյուր գնաք, գյուղ մտնող գլխավոր ճանապարհի ձախ հատվածում ծածանվող եռագույնի մոտ կանգ կառնեք։ Այնտեղ ապրում են Էրիկ Քաջիկի Վիրաբյանի երազանքները:

anna khachatryan

Մեր ժամանակների հերոսը

Ու հիմա, երբ սահմանին անհանգիստ է, ամեն որոտի հետ մեռնում է մոր սիրտը։ Այնտեղ որդին է, ամուսինը…

19 տարվա կյանքդ աչքիդ առաջով վայրկենական անցնում ու մի հեռու կետում սևանում է, ու սևանում է մորդ սիրտը քեզ համար ու այն անծանոթի, որ կանգնած է սահմանին: Երբ ապաստարանից գալիս ու ճաք տված հայելու միջով քեզ ես նայում ու զգում, թե դեռ 20 տարիդ չբոլորած ինչքան ես ծերացել, հասկանում ես, որ պատերազմ է: Ու մղկտում է սիրտդ։ Հողը տնքում էր տանկերի թրթուրների տակ, լռութունը՝ անարգվում արկերի պայթյուններից: Հինգ շիրիմ էլ ավելացավ ու կանայք էլի սևեր հագան: Երազանքներ, որոնք պիտի կատարվեին, անկատար մնացին: Հողում հինգ ծիլ էլ ավելացավ, արյունոտ ծիլ, հինգ հոգի էլ հերոս դարձավ, դարձավ մեր ժամանակների հերոսը:

Մեզնից ոչ ոք չգիտի, թե երբ ու որտեղ կկտրվի իր կյանքի թելը: Մենք պիտի ապրենք այնպես, որ մեզնից հետո անուն թողնենք: Մեր կյանքի ղեկը մեր ձեռքում է. ոնց պտտենք, այնպես էլ կշարժվի մեր նավը: Կան այնպիսիք, ովքեր ղեկը դեպի սահման են պտտում ու կյանքի արևամուտն այնտեղ վայելում: Այդպիսիներին հերոս են ասում:

Կռիվ էր․․․ Ու չէին դադարում հայրենասիրական երգերը, տղաների սխրանքների մասին պատմություններն ու «ապրեն մերոնք» բացականչությունները։ Միայն այսպես կխլացնեինք արկերի պայթյունների ձայները:

Այսօր պատերազմը մի մեծ սպի է թողել որդուն կորցրած մոր սրտում, այսօր պատերազմն անջնջելի վերք է դարձել չմայրացած աղջկա համար, ով շարունակում է սպասել իր հերոս ամուսնուն:

anna khachatryan

Մեկուսանալու նուրբ արվեստը

Մարտի 16-ից մինչև ապրիլի 14- ը Հայաստանում սահմանվել է արտակարգ դրություն: Դպրոցներն ու համալսարանները փակ են: Մի մասը ուրախ է, որ դաս չի լինելու (եթե, իհարկե, հեռակա ուսուցման չեն անցել), մյուս մասն էլ տխուր է, որովհետև մեկ ամիս զրկված է լինելու սիրածին գոնե հեռվից տեսնելու հնարավորությունից:

Երևանում մնալու անհրաժեշտություն հիմա չկա: Եկել եմ Տավուշ՝ մեկուսանալու, կարոտս առնելու, մտքերիս՝ հանգստություն ու գրչիս ազատություն տալու: Սա այն ժամանակն է, երբ կարող ենք մեր սիրելիներին ասել այն խոսքերը, որոնք հազվադեպ ենք ասում՝ սիրում եմ և շնորհակալ եմ: Սա այն լավագույն պահն է, որ կարող ենք գրկել մայրիկին՝ ջերմորեն, պինդ, շնչասպառ լինելու չափ պինդ: Հիմա կարող ենք նվիրել մի փունջ մանուշակ ու նրան դարձնել աշխարհի ամենաերջանիկն ու ամենաբախտավորը: Մենք գուշակներ չենք ու չենք կարող իմանալ, թե ինչ կլինի վաղը մեզ հետ: Չպետք է կորցնենք այս թանկարժեք օրերը, պիտի որքան կարող ենք վայելենք յուրաքանչյուր պահը, ինքնակրթվենք ու ջերմ խոսքեր ասենք նրանց, ովքեր մեր կողքին են, ու աղոթենք նրանց համար, ովքեր հեռու են կիլոմետրերով, օրինակ՝ Ղարաբաղում, սահմանին, դիրքերում, անքուն, անձրևի և կամ արևի տակ։

-Էս ծիպուլը քու հմար ա, կէ՛, կացի քյընամ հյունի կամպոտ էլ պիրեմ, խմես, տյու տյըրանի շատ ես սիրըմ, ըսօր րյուգյու էլ պամիդորով ձվաձեղ կշինեմ…

Մայրիկն է, գալուս օրվանից խառնվել է իրար, նկուղը տակնուվրա է անում, պահածոներից մի բան գտնում, բերում ու ստիպում, որ ուտեմ։

-Կե՛ր, թե չէ կնեղանամ:

Գիտի ձևերը: Արդեն սարսափում եմ կշեռքին կանգնելուց։

Վերևում խոսեցի ինքնակրթվելու մասին: Քանի դեռ տանն եք, փորձեք կտրվել հեռախոսներից, ինտերնետ կապից, ֆեյսբուքյան չատերից ու փորձեք շատ կարդալ այս ընթացքում: Հիմա կնշեմ իմ ամենասիրելի 10 գրքերի ցանկը, որոնք առաջարկում եմ կարդալ:

1․ Վարդգես Պետրոսյան- «Վերջին ուսուցիչը»
2. Գաբրիել Գարսիա Մարկես- «100տարվա մենություն»
3. Ալեքսանդր Դյումա- «Կոմս Մոնտե Քրիստո»
4. Արթուր Կոնան Դոյլ- «Չորսի նշանը»
5. Ժյուլ Վեռն- «Խորհրդավոր կղզին»
6. Վախթանգ Անանյան- «Հովազաձորի գերիները»
7. Դերենիկ Դեմիրճյան- «Վարդանանք»
8. Անդրե Մորուա- «Նամակներ անծանոթուհուն»
9. Ջորջ Օրուել- «1984»
10. Ստեփան Զորյան- «Պապ թագավոր»

Առողջություն եմ մաղթում բոլորին։

#չփռշտաք

anna khachatryan

Իսկ ո՞ւր էր տարվա մեր եղանակը

Առավոտյան սարսափելի վատ տրամադրությամբ կարթնանաս, կանջատես զարթուցիչի նողկալի ձայնը, կփաթաթվես փափուկ վերմակովդ, մի ձեռքով կբռնես տաք թեյիդ բաժակը, մյուսով՝ դարակիդ խորքերից գտած, խոնավությունից դեղնած էջերով հին գիրքն ու դեմքիդ լուրջ արտահայտություն տված՝ կսկսես ընթերցանությունդ: Հետո վեր կկենաս, կավելացնես թեյդ, կփակես գրքիդ կիսատ էջն ու ծալապատիկ կնստես բազմոցին: Կդնես ականջակալներդ, խլացնելու չափ բարձր կմիացնես ձեր սիրած երգն ու կզգաս, որ թացանում են աչքերդ, որ դուք այդպես էլ չգտաք տարվա ձեր եղանակը, որ դուք անտեղի վատնեցիք ձեր ժամանակը այն գտնելու համար: Այն չեկավ, որովհետև չկար, կամ գուցե եկավ ու աննկատ անցավ ձեր կողքով: Դուք անտեղի չափչփեցիք երևանյան փողոցները, տրորեցիք գետնի չոր ու տանջահար տերևները: Դուք իզուր սրճարաններում սպանեցիք ձեր ժամանակը թեյ խմելով, իզուր իրար աչքերի չնայեցիք ու չխոստովանեցիք իրար, որ ախր չկա այդ անիծյալ հինգերորդ եղանակը: Դուք իզուր իրար գտաք ու իզուր էլ իրար կորցրիք: Դուք իզուր գրախանութներից չգնեցիք Վահան Տերյանի ժողովածուներից ու իզուր իրար համար չարտասանեցիք ինչ-որ սիրուն բանաստեղծություն: Դուք իզուր իրարով անցաք, երբ առաջին անգամ տեսաք իրար ու իզուր իրարից անցաք, երբ պատահաբար հանդիպեցիք փողոցում: Դուք իզուր չուզեցիք խմել ձեր իսկ պատրաստած թեյը, այլ փոխարենը նախընտրեցիք ինչ-որ մեկի պատրաստածը: Դուք իզուր կուչ եկած չնստեցիք բուխարու առաջ: Ի վերջո, իզուր էիք այդքան «քաղաքավարի» իրար հետ. աղջիկն իզուր էր մազերը կոկիկ հարդարում: Ավելի լավ չէ՞ր լինի՝ երկար մազերն անփութորեն պոչիկ աներ, շրթներկ ու դիմափոշի չքսեր, լավ արդուկված վերնաշապիկը չհագներ, իսկ տղան մանրակրկտորեն չածիլվեր ու չհագներ տոնական կոշիկները: Դուք իզուր էիք արևագալի փոխարեն միշտ հանդիպում սարսռեցնող արևամուտին:
Ու դուք այդպես էլ չգտաք այդ կործանարար հինգերորդ եղանակը: Փոխանակ գտնելու՝ կորցրիք իրար, որովհետև իզուր էիք գտել իրար ու այդպես իզուր էլ կորցրել…

anna khachatryan

Ինչի մասին կգրեի

-Եթե թերթում աշխատեիր, ինչի՞ մասին կգրեիր,- Քրիստինե Ալագուլյանը հարցրեց:

-Ես..ես..,-խոշոր աչքերս մերթ հառում էի նրա դեմքին, մերթ դողացող ձեռքերիս, այդ պահին թպրտացող սրտիս անհամաչափ զարկերն էի միայն լսում,- ես կգրեի սահմանում ապրող հերոսների մասին, կասեի, որ այն, ինչ անում է հակառակորդի դիրքերից մի քանի մետր այս կողմ ապրողը, երբեք չի անի սահմանից կիլոմետրերով հեռու ապրող որևէ մեկը, կխոսեի…

-Բավական է, ո՞ր մարզից ես:

-Տավուշի,- այդ պահին ո՛չ դողում էի, ո՛չ այս ու այն կողմ նայում, միայն մտածում էի՝ ինչ կլինի հաջորդ հարցը:

-Ապրե՛ք դուք, սահմանապահնե՛ր…

Ասաց ու այդ հարցի դիմաց հինգ նշանակեց: Մի քանի րոպե էլ, և վե՛րջ:

Քննասենյակից դուրս գալուց հետո հիշեցի մի դեպք, որն ապացուցում է ասածս:

…Օգոստոսն էր, չեմ հիշում՝ տասնհի՞նգ, թե՞ տասնվեց թվականի: Բարեկամուհիս մի քանի օրով գյուղ էր եկել՝ հանգստանալու: Ճաշեցինք, զրուցեցինք, հիշեցինք անցած-գնացած օրերը: Երեկո էր արդեն, այգում նստեցինք՝ մաքուր օդ շնչելու: Ոչ մի ձայն չէր լսվում, այնքան միապաղաղ ու հանգստացնող էր այդ լռությունը, բայց հանկարծ ամեն ինչ չքացավ վայրկենապես. թշնամին սկսեց կրակել…

Մինչ մենք կվազեինք հեռուստացույցը միացնելու, որպեսզի նորություններն իմանանք, աչքս ընկավ բարեկամուհուս պայուսակի վրա. նա մեծ արագությամբ իրերն էր հավաքում, որ հաջորդ օրը վերադառնա քաղաք:

«Եթե նա մեկ օր անգամ չկարողացավ մնալ սահմանին մոտ գյուղում, ապա ողջ կյանքն այնտեղ ապրող մարդիկ ի՞նչ ասեն. այն մարդիկ, ովքեր սիրելի ֆիլմ չունեն, որովհետև իրենց կյանքն արդեն իսկ  ֆիլմ է, այն մարդիկ, ովքեր թշնամու նշանառության տակ հող են մշակում, քարից հաց քամում: Այդ մարդիկ խորն արմատներով կառչած են իրենց ՀԱՅՐԵՆԻ հողին…»

Երանի այս դեպքը հասցնեի պատմել Ալագուլյանին…

Մեղրի և հատապտուղների փառատոնը Շամշադինում

Լուսանկարը` Աննա Խաչատրյանի

Լուսանկարը` Աննա Խաչատրյանի

Հայաստանի հյուսիսարևելյան մասում քաղաք Բերդ կենտրոնով և 15 գյուղերով, շատերի կողմից չբացահայտված Շամշադինն է գտնվում: Արդեն ութերորդ տարին է, ինչ Մեղրի և հատապտուղների փառատոնը միավորում է ողջ Շամշադինը,որի կազմակերպիչը այս տարի Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն է: Տաղավարներում մեղվաբույծները ներկայացնում են իրենց մեղրը, կանայք ցուցադրում են մեղրով պատրաստած տորթեր, վաճառքի են հանում գեղարվեստի գեղեցիկ գործեր, հուշանվերներ, պայուսակներ և այլն:

Լուսանկարը` Աննա Խաչատրյանի

Լուսանկարը` Աննա Խաչատրյանի

Այս տարի փառատոնը տեղի ունեցավ օգոստոսի 10-11-ին: Փառատոնին ներկա էին ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունը:

Լուսանկարը` Աննա Խաչատրյանի

Լուսանկարը` Աննա Խաչատրյանի

Հայաստանի պետական ջազ նվագախումբը «Ջազը սահմանին» խորագրով համերգ է մատուցել տեղացիներին, որին հաջորդել են երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանի կատարումները: Համերգի ընթացքում մարդիկ նստել են փափուկ «բազմոցներին»՝ ծղոտի հակերին: Փառատոնին մասնակցել են նաև Բերդի զորամասի զինվորները: Նրանք զենքերով հետաքրքրվողներին հնարավորություն տվել քանդել-հավաքել ավտոմատները, նաև մրցել միմյանց հետ: Երկօրյա փառատոնն ավարտվել է ազգային երգ ու պարով:

Փառատոնին տարեցտարի ավելանում է նաև զբոսաշրջիկների թիվը, ինչը խթանում է տուրիզմի զարգացմանը:

Երեք օր Բյուրականի աստղադիտարանում

-Ալո, բարև ձեզ,Աննայի հետ ե՞մ խոսում:

-Այո, ես եմ, լսում եմ…

-Դուք «Իմ տիեզերքը» շարադրությունների մրցույթում հաղթել եք, 3 օր անցկացնելու եք Բյուրականի աստղադիտարանում:

Տիկին Գայանեն էր, իր մի զանգով երազանքս վերածեց իրականության: Ուրախությանս չափ չկար: Իրականում չէի էլ պատկերացնում, թե կհաղթեմ, բայց, ինչպես տեսաք, բախտն ինձ ստիպեց հավատալ երազանքների իրականացմանը: Սկսեցի պատրաստվել. պայուսակում մի կերպ տեղավորեցի իրերս ու մի փոքր քաղցրավենիք: Ընթացքում մտածում էի. «Տեսնես ընկերներս լավը կլինե՞ն»: Թերևս Բյուրականի ամենամեծ ձեռքբերումս եղան նրանք:
Հենց առաջին օրն էլ հիշարժան անցավ: Այնտեղ հասնելուց հետո Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հետաքրքիր դասախոսություն ունեցավ: Մնացած ժամանակը տրամադրեցին մեզ: Կեսգիշերն անց էր, բայց մենք շարունակում էինք անվե՜րջ զրուցել…
Հաջորդ օրվա տպավորություններն ավելի վառ էին: Այցելեցինք Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, այնքա՜ն հետաքրքիր էր, ամենուր զգացվում էր նրա շունչը: Այդ օրը բոլորս սպասում էինք մի կարևոր իրադարձության. երեկոյան աստղադիտում էր լինելու: «Տեսնես ի՞նչ տեսք ունեն աստղերը, մոլորակները, երբ նայում ես աստղադիտակով: Գուցե ավելի խոշո՞ր են, միգուցե ավելի պայծա՞ռ…»: Այս հարցերը խեղդելով մեր մեջ՝սրտատրոփ սպասում էինք 23:00-ին: Իսկ ժամերն էլ այնքա՜ն դանդաղ էին սահում: Միշտ էլ այդպես է, չէ՞, սպասելը հավասարազոր է լինում մահվան, ու ինչքան մոտենում էր ժամը, այնքան րոպեներն էին դանդաղում: Կարծես մեկը կանգնեցրել էր ժամանակը՝ զուտ մեր մեջ հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար: Վերջիվերջո եկավ պահը. իրար հերթ չտալով՝ մոտենում էինք աստղադիտակին ու բերաններս զարմանքից լայն բաց արած հեռանում դրանից: Աննկարագրելի գեղեցիկ էր:
Վերջին օրը պակաս հետաքրքիր չանցավ: Տառերի պուրակ, Ամբերդ ամրոց, Սաղմոսավանք… Ճիշտ է, չկարողացա մինչև վերջ բարձրանալ 2300 մետր բարձրության վրա գտնվող Ամբերդ ամրոցը, բայց այն, որ այնտեղ եմ եղել, արդեն իսկ հպարտանալու տեղիք է տալիս:
Պի՛նդ պահեք ձեր երազանքները, դրանք իրականանալու սովորություն ունեն:

anna khachatryan

Ես հասա

2018թ. սեպտեմբերի 29-ն էր, իմ պարապմունքի առաջին օրը: Սպասվածից է՛լ ավելի ջերմ ընդունեց ինձ ուսուցչուհիս: Ծանոթացանք. նա հստակ էր խոսում, իսկ ես այնքան էի լարված, որ հազիվ էի բառերն արտաբերում: Երբ պատմեցի նպատակներիս մասին, անվերջանալի փորձությունների միջով անցած այդ կինն ինձ ասաց.

-Դժվար է լինելու, բայց ես վստահում եմ քեզ:

Իսկապես դժվար եղավ: Քնում էի ընդամենը 3-4 ժամ, առավոտյան տեսքս սարսափելի էր լինում՝ուռած ու կարմրած աչքեր, չսանրված մազեր, վերցնում էի պայուսակս ու վազելով դպրոց հասնում: Իսկ ձմռանը, երբ բոլորը շա՜տ հանգիստ վայելում էին ճերմակ ձյունն ու գիշերն էլ քնում, ես անդադար կարդում ու գրում էի: Իմ անբաժան ընկերն էր դարձել սուրճը, որը պիտի ոչ թե քնից տանջվելով, այլ սիրելի մարդու ընկերակցությամբ խմես: Ուղիղ մեկ տարի ես սուրճ էի խմում Ժյուլ Վեռնի, Ալեքսանդր Դյումայի, Մայն Ռիդի, Մուրացանի, Րաֆֆու գրքերի հերոսների հետ: Վառարանս էլ ագահաբար կլանում էր փայտն ու չստացված շարադրություններիս թղթերի կույտերը: Երբեմն լինում էին հուսահատություններ, փոշմանում էի ընտրածս մասնագիտության համար, օրերով գրքերին ատելությամբ էի նայում, նույնիսկ չէի ուզում գրիչ վերցնել ձեռքս: Բայց հետո հիշում էի Նրան, հավաքում ինձ, կռիվ տալիս իմ ներքին ես-ի հետ այդքան թույլ գտնվելու համար ու շարունակում էի է՛լ ավելի մեծ թափով աշխատել:

Այսօր հպարտությամբ եմ ասում՝ես հասա իմ նպատակին, այդքան անհասանելի թվացող իմ մեծ, շա՜տ մեծ նպատակին, հասա իմ անկոտրում կամքի, իմ կողքին գտնվող մարդկանց շնորհիվ: Ես,առաջին հերթին, շնորհակալ եմ իմ ուսուցչին, ով բացի ուսուցիչ լինելուց դարձավ իմ ավագ ընկերը, ուղեցույցը, խորհրդատուն, հաջողությանս բանալին, նա՛ լուսավորեց իմ ճանապարհը, նա՛ տվեց այն գիտելիքները, որոնց կարիքը շատ ունեի, այդ նա՛ էր, նա՛՝ իմ «վարդապետը»…