Ինձ բացակա չդնեք. Գոռ Օհանյան

Մեր դասարանում մի խելոք տղա էր սովորում, ով թեպետ շատ համեստ ու հավասարակշռված էր, բայց որտեղ կռիվ լիներ, առաջինը ինքը կգնար մասնակցելու։ Գոռն էր այդ տղան ` հաղթանդամ, ամրակազմ, բարձրահասակ, թիկնեղ ու արծվաքիթ։ Հենց սկսում էր շարժվել Գոռը, կարծես մի հսկա քայլելիս լիներ։ Խոշոր ձեռքեր ուներ նա, խիստ հայացք ու բարի աչքեր։ Թեև լավ չէր սովորում, բայց առաջինը ինքն էր մտնում դասարան առավոտ շուտ։ Տարվա վերջում էլ գրքերը հանձնելիս բոլորս կատակում էինք. «Ամենալավը Գոռն է պահում իր գրքերը, էջերը` մաքուր ու սպիտակ, թերթերը` չբացված»։

Հիմա այն ժամանակվա նման չենք ծիծաղում, որովհետև Գոռը վերևից կլսի մեր բարձր ձայնը ու կնեղանա, որ առանց իրեն ենք հավաքվել։ Ո՜վ կպատկերացներ, որ մի օր երանի կտանք այդ  հուշացած ակնթարթներին։ Հիմա ետ եմ շրջվում ու դպրոցական լավագույն հուշերումս միայն քեզ եմ տեսնում, Գո՛ռ։

Գոռը չկարդացված գիրք էր։ Ժպտում էր, ու փոքրացած աչքերի մեջ տխրության մի խորունկ ծով էիր նկատում։ Հիմա  դպրոցում Գոռին ենք փնտրում` իր դասասեղանը, աթոռը, փնտրում ենք ու մեկ էլ կանգ առնում. ախր, Գոռն ամենուր է։ Դպրոցում մի գործ չկա, որ ինքը արած չլինի։ Արդեն բոլորը սովորել էին. հենց օգնության կարիք էր լինում,  բոլորը վազում էին մեր դասասենյակ, նայում մեկ ուսուցչին, մեկ մեզ ու վերջ, Գոռն արդեն գիտեր իր անելիքը. ձեռքերը բռունցք էր անում, սպիտակ ատամներով ժպտում ու ծանրաքայլ դուրս գալիս դասասենյակից։ Գոռն ամենուր է։ Նա այնքան լավն էր, որ դասի չեկած օրերին անգամ ուսուցիչները մատյանում բացակա չէին դնում։ Բոլորիս ականջներում Գոռի ձայնն է անընդհատ հնչում, ու հերթով սկսում ենք պատմել չխոսկան Գոռի հետ ունեցած մեր կցկտուր խոսակցությունները։

Երբ Տավուշ գնաք, անպայման այցելեք Գոռի գերեզմանին։ Ծաղիկներ կտանեք ձեզ հետ, անպայման դաշտային, որովհետև մեր Գոռը իսկական սարեցի էր, Սադիր սարի թագավորը։ Կկանգնեք բարձունքում ծածանվող եռագույնի մոտ ու կնայեք շիրմաքարին` Գոռ Գագիկի Օհանյան, 2001-2020։ Բայց հանկարծ ձեր հայացքը չխոնարհեք, այլ կնայեք վեր, վե՜ր, որտեղ սավառնում է լուսաշող տղայի հոգին։ Կփնտրեք նրա կերպարանքը խռովված երկնքում ու կզրուցեք Գոռի հետ։ Ինքը չի պատասխանի ձեզ, ինչպես երբեք չէր պատասխանում մեզ, այլ լուռ լսում ու միայն ժպտում էր։ Հիմա էլ չի խոսում մեզ հետ։ Նեղացե՞լ ես մեզնից, Գոռ։

…Գոռի փառքի անկյունում ամփոփված է նրա կարճ ջահել կյանքը։ Լուսանկարներ, որոնք տակնուվրա են անում ապրողներիս հոգիները, հուշեր, որ ժապավենի նման սահում են մեր աչքերի առջևով, արցունքներ, անսահման, անսահման, ու մայր հող, որ մատղաշ տղերքին իր գիրկն է առել։ Գոռի անկյունում առաջինը վերցնում եմ փոքրիկ նոթատետրը։ Գոռը, որ դպրոցում չէր ուզում մի տառ անգամ գրել, իր նման մանրիկ տառերով շարադրել է. «Մահը կյանքի ամենամեծ կորուստը չէ։ Ամենամեծ կորուստն այն է, ինչ մեռնում է մեր մեջ, երբ մենք դեռ ողջ ենք»։ Խրոխտ տղա, դու շարունակում ես հրեշտակային ժպիտովդ ժպտալ, իսկ մենք դեռ երկար ժամանակ ենք սգալու։ Սև հագիր, սևսիրտ մարե…

Գոռ Գագիկի Օհանյանը ծնվել  է 2001թ. հուլիսի 25-ին Տավուշի մարզի Տավուշ գյուղում։ Գոռը ինը տարի սովորել է Տավուշի միջն. դպրոցում, ապա ուսումը շարունակել Բերդի բազմագործառութային պետական քոլեջում` խոհարարի մասնագիտությամբ։ Դեռ փոքր տարիքից ընտանիքի հոգսերն ուսերին առած` անտրտունջ ու անխոնջ աշխատում էր Գոռը։ Երկու եղբայրներից իրապես տարբերվում էր տղան. ուրիշ բնավորություն, հայացք, սիրտ ուներ նա։ Շատ ուշադիր էր տատիկի ու հոգատար մայրիկի հանդեպ։ Լռակյաց ու չխոսկան Գոռը իր նպատակների մասին ոչ ոքի չէր պատմում, այլ պահում էր սրտում, որ կամաց-կամաց իրագործի։ Բայց ամեն ինչ պիտի սպասեր. ժամն էր մեկնել հայրենիքի պաշտպանության։ Գոռը բանակ է զորակոչվում 2019թ. դեկտեմբերի 19-ին ու ծառայության անցնում  Ջաբրայիլում։ Շարքային Օհանյանը կարգապահ էր ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական կյանքում։ Նրան սիրում ու հարգում էին զինվորից մինչև հրամանատար։ Գոռի ծառայության իններորդ ամսում սկսվեց պատերազմը։ Առաջինը արձագանքելով հրամանատարի կոչին` մեկնել առաջնագիծ, տավուշցի հերոսը առանց վարանելու ելնում է մարտի։ Գոռը կռվեց Հադրութում, ապա Ֆիզուլիում, կռվեց 23 օր քաջաբար ու հերոսի պես, կռվեց վահանով ու եկավ վահանի վրա։ Նրա զոհվելու մասին լուրն առանք հոկտեմբերի 21-ին, իսկ վերջին անգամ ընտանիքի անդամները Գոռի ձայնը լսեցին զոհվելու նախօրեին։ Օրեր շարունակ անքուն մնացած, ոտքերին կապտուկներ առաջացած, հոգին վրեժով լցված, կարոտը սրտում պահած Գոռը կյանքը նվիրեց հայրենիքին։ Ու թեպետ ժամանակից շուտ «զորացրվեց», բայց հիմա էլ Նվարդ մայրիկը շարունակում է որդու ետդարձի օրերը հաշվել արցունքով, հպարտությամբ, ցավով։ Գոռ Գագիկի Օհանյանը ապրեց 19 տարի` անունը ոսկե տառերով գրելով մեր պատմության արյունոտ էջերում։

Նա շատ երազանքներ ուներ։ Եկեք որդեգրենք դրանք ու տեր լինենք նրա անընդգրկելի մեծ գործերին։