Սարգիս Մելքոնյանի բոլոր հրապարակումները

sargismelknyan12

Ախ, կարանտի՜ն, կարանտի՜ն

Չնայած որ միլիոնավոր մարդիկ համատարած մեկուսացումն ու կարանտինը դիտարկում են որպես նոր տնտեսական ճգնաժամի սկիզբ, ես ու ինձ նման շատերը գտնում ենք, որ այն նոր հնարավորություններ է բացելու։

Օրինակը մեր գյուղի վրա բերեմ։ Երբ շատ ոլորտների աշխատատեղեր փակվեցին, ու գյուղացիները, ովքեր Երևանում էին աշխատում, ավելի շատ ժամանակ սկսեցին անցկացնել գյուղում, սկսեցին առավել կենտրոնանալ առողջ ապրելակերպի ու գյուղատնտեսության վրա։ Կարանտինի օրերին ամեն առավոտ շատերն են դուրս գալիս վազելու, մյուսներն էլ երեկոյան են զբաղվում սպորտով։

Գյուղատնտեսությունը սկսեց առավել արժևորվել։ Շատ մարդիկ սկսեցին վարել ու ցանել իրենց չմշակվող հողերը։ Մյուսները վերագործարկեցին իրենց ջերմոցները, ու քանի որ շատ ժամանակ էին անցկացնում տանը, առավել մեծ խնամքով ու նվիրվածությամբ սկսեցին վերաբերվել այս ամենին։
Մի քանի օր առաջ այցելեցի իմ հորեղբորորդուն, ու երբ տեսա, թե ինչ նվիրվածությամբ էր նա սրսկում իրականացնում իր ջերմոցում, որոշեցի վերցնել հեռախոսն ու որպես #agent17՝ անմահացնել պահը։

Կարանտինն այսօր ավարտվեց, թեև ոչ բոլոր աշխատատեղերն են բացվել, իսկ կրթական համակարգը շարունակում է հեռավար ուսուցումը: Եվ ես ուզում եմ հավատալ, որ մենք այս օրերին կլինեն ավելի զգույշ, կազմակերպված և պատասխանատու:

sargismelknyan12

Արմաթ 2018-2019

Ամփոփվեցին Արմաթ ինժեներական լաբորատորիաների 2018-2019 ուսումնական տարվա հաջողությունները

Սեպտեմբերի 28-ին Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում տեղի ունեցավ Արագածոտնի մարզի Արմաթ ինժեներական լաբորատորիաների հաջողությունների տարեկան ամփոփումը, որին ներկա էր Արագածոտնի փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը,  Արագածոտնի մարզում World Vision հասարակական կազմակերպության երիտասարդական ծրագրերի ղեկավար Գայանե Սիմոնյանը, Աշնակի միջնակարգ դպրոցի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանը, համայնքապետեր, խմբակավարներ եւ արմաթականներ։ Միջոցառումը իրականացվում էր World Vision-ի աջակցության շնորհիվ։

Միջոցառման ընթացքում Արմաթ ինժեներական լաբորատորիաների Արագածոտնի մարզային համակարգող եւ խմբակավար Եղիշե Ամիրյանը ներկայացրեց 2018-2019 ուսումնական տարում Արագածոտնի մարզի արմաթականների ունեցած հաջողությունները, որից հետո հենց իրենք՝ արմաթականները կիսվեցին իրենց հաջողության պատմություններով։

Այնուհետեւ տեղի ունեցավ պանելային քննարկում «ՏՏ ոլորտի հեռանկարները Արագածոտնի մարզում» թեմայով, որի ընթացքում փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանը կարեւորեց ՏՏ ոլորտի զարգացումը Արագածոտնի մարզում եւ ներկայացրեց մարզպետարանի ջանքերը ՏՏ ոլորտը զարգացնելու ուղղությամբ։

Արագածոտնի մարզում World Vision հասարակական կազմակերպության երիտասարդական ծրագրերի ղեկավար Գայանե Սիմոնյանն էլ ամփոփեց World Vision-ի եւ ԱՏՁՄ-ի համագործակցության արդյունքները, որի շնորհիվ Արագածոտնի մարզում հիմնվեցին թվով 6 Արմաթ ինժեներական լաբորատորիաներ եւ համալրվել են տեխնիկական միջոցներով՝ 4-ը։

Աշնակի միջնակարգ դպրոցի տնօրեն Վահրամ Մարտիրոսյանն էլ հորդորեց երեխաներին ՏՏ ոլորտում նվաճումներ գրանցելուց զատ գրքեր կարդալ՝ միտքն ու հոգին առավել զարգացնելու համար։

Նախկին ռոբոտաշինության ծրագրերի ղեկավար Արծրուն Օրդյանն էլ խոսեց ՏՏ ոլորտի զարգացումից, զարգացման միտումներից եւ հորդորեց պատանիներին սիրել ու համարձակ քայլեր անել՝ չվախենալով սխալվելուց եւ ինչ-որ բաներ փչացնելուց։

Միջոցառման ընթացքում խոսեց նաեւ Յուրի Գագարինի անվան Արմաթ ինժեներական լաբորատորիայի խմբակավար Սարգիս Մելքոնյանը, ով հորդորեց երեխաներին դնել նպատակներ եւ մեծ աշխատանքով հասնել դրանց՝ բացահայտելով սեփական ներուժն ու ինքնակրթվելով։

Միջոցառման ավարտին ուսումնական տարվա ընթացքում աչքի ընկած արմաթականները ստացան հավաստագրեր՝ 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում  տարատեսակ ՏՏ մրցույթ-միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու եւ հաջողություններ գրանցելու համար։

Միջոցառման ողջ ընթացքում իրենց ելույթներով ներկաներին ուրախացրին Աշնակի միջնակարգ դպրոցի եւ Աշնակի Արմաթ ինժեներական լաբորատորիայի սաները։

sargismelknyan12

Ոչ մի համայնքապետարան չի մաքրի քո բակը քո փոխարեն

Մի քանի օր առաջ Երեւանի Աջափնյակ համայնքի բնակիչ, տասնվեցամյա Անի Գեւորգյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ թվով չորրորդ էկո-վազքը, որին մասնակցեցին շուրջ 40 կամավորներ, ընդ որում՝ ոչ միայն Երեւանից։ Կամավորների թվում էի նաեւ ես։

Առավոտյան 9։04 էր, ու ես հասա նախապես սահմանված վայրը՝ Գեւորգ Չաուշի արձանի մոտ, որտեղ մեզ տվեցին ձեռնոցներն ու տոպրակները։ Սկսեց Էկո-վազքը, բաժանվեցինք երեք խմբի, որոնցից մեկը պիտի գետնից վերցներ պլաստիկը, մյուսը՝ ապակյա իրերը, իսկ երրորդը՝ ընդհանուր աղբը։

Մոտ 2 ժամվա ընթացքում հավաքվեց շուրջ 50 կիլոգրամ աղբ, որից 29,5-ը ընդհանուր աղբն էր, 14,25 կգ ապակին եւ 6,25 կգ պլաստիկը։ Ընդհանուր առմամբ ամեն ինչ ֆանտաստիկ էր ու դրական, թիմը՝ անկրկնելի, տրամադրությունը՝ բարձր․․․

Բայց ինչպես միշտ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է, ինչպես Սարոյանն էր ասում։ Ու էդ սխալը էս անգամ մարդկանց վերաբերմունքի մեջ էր։

Մի շենքի բակ էինք մտել, որտեղ ծառեր կան, ու վստահաբար երեխաներ էլ են խաղում, նստարաններ կան, որտեղ մարդիկ են նստում․․․ Ուղղակի զարմանալ կարելի էր կոտրած ապակու կտորներն ու պոլիէթիլենային տոպրակները, կոնֆետների եւ անգամ լվացքի փոշու տարաներ, պլաստիկե եւ մետաղական հյութերի շշեր, նույնիսկ մեկանգամյա օգտագործման պլաստիկե բաժակներ։ Կներեք, բայց քաղաքի մաքրությունից բողոքելուց առաջ գոնե կարելի՞ է քթի դիմացի պլաստիկե շիշը կռանալ եւ վերցնել, թե՞ կռանալու մեջ ամոթ բան կա։ Իսկ գցելուց ինչ-որ մեկը մտածու՞մ է, որ հենց դա է իսկապես ամոթը․․․ բայց էս ամենը դեռ մի կողմ, երբ շենքի բակում հավաքում էինք աղբը, մարդիկ էին գալիս-գնում ու «Ապրեք, լա՛վ մաքրեք, երեխեք ջան․․․»-ից բացի ուրիշ ոչ մի բան։ Իսկ լուսամուտներից որոշ մարդիկ նայում էին, թե կամավորներն ինչպես են մաքրում տարածքը։ Բայց կարելի՞ էր իջնել ու ինչ-որ կերպ օգնել կանգնած նայելու փոխարեն, գոնե տոպրակ պահել, ի վերջո ոչ ոք ձեզնից բացի պարտավոր չէր մաքրել ձեր բակը, չէ՞։

Շատ հաճախ, երբ ինչ-որ իրադարձություն է լինում, ես փորձում եմ միշտ այն համեմատել իմ տարածաշրջանի հետ, թե ինչպես այն կլիներ, եթե մեզ մոտ լիներ, կամ՝ եթե արդեն չէր եղել։ Ու ես հիշեցի, թե ինչպես մայիսին Արմանի նախաձեռնությամբ մաքրվեց հարյուր մետր երկարությամբ ու երեւի մի այդքան էլ լայնությամբ տարածք՝ մարդու հասակի խոտից, ընդհանուր եւ շինարարական աղբից, պլաստիկից ու ապակուց։ Սկզբում ընդամենը մի քանի հոգի էինք, հետո շենքի մյուս բնակիչները տեսնելով էս ամենը, եկան ու միացան, մյուսները սառը թան, ջուր ու սուրճ էին բերում աշխատող մարդկանց, մի ամբողջ շենք էր պայքարում հանուն բակի այդ հատվածի մաքրության։ Ուղղակի մի կայծ էր պետք, որ մարդիկ հավաքվեին իրար գլխի ու մաքրեին էդ ամենը։

Բայց Երեւանին վախենամ դա էլ չի փրկի, քանի որ շատերը չեն գիտակցում, որ քաղաքն իրենց տունն է, բակը իրենցն է, հետո՞ ինչ, որ տասնյակ մարդիկ են ապրում նույն շենքում։

Ինչեւէ, ես չեմ կորցնում հույսը, որովհետեւ դա եւս մեկ անգամ գտա էն երիտասարդների աչքերում, ովքեր այդ եւ ոչ միայն այդ օրը ապացուցեցին, որ երկրի ցանկացած խնդիր նաեւ իրենցն է, ու իրենք պարտավոր են դա լուծել որպես քաղաքացի։ Երիտասարդներ, ովքեր միայն կարդալով հայտարարությունը, եկել ու մասնակցել էին նախաձեռնությանը հանուն ավելի մաքուր քաղաքի։ Ես վերագտա հույսը, երբ եկել էին ուրիշ մարզերից երիտասարդներ, եկել էին օգնելու իրենց ընկերներին սեփական գաղափարներն իրագործելու։ Ես եւս մեկ անգամ գտա հույսը եւ շարունակում եմ վառ պահել։

Ու թեեւ ոչ մի համայնքապետարան չի մաքրի քո բակը քո փոխարեն, ես հույս, մեծ հույս ունեմ, որ դրա կարիքը շատ շուտով չի լինի, ու դուք կկարողանաք ինքնակազմակերպվել ու հոգալ սեփական տարածքի մաքրությունը։

Հ․Գ․

Չեմ հիշում, թե ով է այս խոսքերի հեղինակը, բայց «Նրանք, ովքեր չեն ցանկանում ինչ-որ բան անել, որոնում են պատճառներ։ Նրանք, ովքեր ցանկանում են ինչ-որ բան անել, որոնում են ուղիներ․․․»։

sargismelknyan12

«Արմաթ» տեխնոլոգիական ճամբարը մեկնարկեց

Հատվածներ «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարի ջոկատավարի օրագրից

Իջնում ենք փոխադրամիջոցից՝ իրերը թողնելով ներսում, երկու շարք ենք կազմում ու քայլում դեպի Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմական վարժարան։ Մեքենան արդեն այնտեղ էր, հասնում ենք, վերցնում իրերը, մտնում ներս ու տեղավորվում սենյակներում։ Մեր երկհարկանի սենյակում իմ ջոկատի տղաներն են։ Ծանոթանում ենք։ Երեխեքը ոգևորված պատմում են ՏՏ ոլորտի իրենց փորձառության մասին, ու ես մտածում եմ, թե ինչ ֆանտաստիկ են իրենք, թե ինչքան նախաձեռնող ու պրպտող են։ Ասում են՝ SERob-ով հեռաչափ տվիչն (սենսոր) ու լեդ լույսերը իրար հետ համադրել ենք, որ երբ խոչընդոտ հանդիպի ռոբոտի դիմաց, վրան լույս վառվի։ 10-11 տարեկան երեխեքն ինձ ասում են դա, երբ ես այդ ամենը սովորել եմ ընդամենը մի քանի ամիս առաջ։

Հետո հավաքվում ենք, ծանոթանում միմյանց հետ, մյուս ջոկատների ու ջոկատավարների հետ ու գնում Arduino սովորելու։ Ի՞նչ է դա․․․ Մի ֆանտաստիկ բան՝ կասեմ ես։ Դրա միջոցով մենք ինժեներություն ու ծրագրավորում ենք ուսումնասիրում։ Նախ պատրաստում ենք մեր ռոբոտը, ապա ծրագրավորում այն մեր ուզած խնդիրներն իրականացնելու համար։ Դրանով լիքը հետաքրքիր սարքեր կարելի է պատրաստել՝ եռաչափ տպիչ, խելացի տուն ու լիքը տարբեր ռոբոտներ։

Այսօրվա հանձնարարությունը լուսացույց ստեղծելն էր։ Երեխաները հաղորդիչ տախտակի վրա հավաքեցին իրենց լուսացույցը, ապա C++ լեզվով ծրագրավորեցին այն։ Հետո ստեղծեցին լուսային անցումով լամպեր։ Վերջացնելուց հետո ստացան «Արմաթ» բրենդային շապիկներն ու գլխարկները։

Օրակարգով նախատեսված էր նաև ազգային խաղերի ժամ․ մենք պարանի ձգում խաղացինք, փայտերով խաղ, երբ երկու հոգի նստում են գետնի վրա դեմ դիմաց, բռնում են փայտը ու ամեն մեկը ձգում է այն իր կողմը, իսկ հետո շրջեցինք ճամբարի տարածքով։ Քնելուց առաջ ազգային պարեր պարեցինք։

Վաղը մեզ ֆանտաստիկ օր է սպասվում, ինչպես ամեն օրը «Արմաթ» տեխնոլոգիական ճամբարում։

Դեղինից դեղինն Աշտարակում

Հունիսի 2-ին Աշտարակի ավագ դպրոցի հարակից տարածքում տեղի ունեցավ 100 մետր երկարությամբ դեղինից դեղին Color Transition Wall-ի բացման պաշտոնական արարողությունը: Ժամանակակից քաղաքային արվեստով պատը գեղեցկացնելը աշտարակցի երիտասարդ Արման Ստեփանյանի մտահաղացումն է:

5 տարի առաջ, երբ Արմանը դեռ ուսանող էր, միտք առաջացավ ավելի գրավիչ դարձնել պարիսպը:

-Նորայր Սիսակյանի դպրոցի ճակատային հատվածում, որը բաժանում է դպրոցը բնակելի շենքեր տանող ճանապարհից, 100 մետր երկարությամբ պարիսպ կա,- ասում է Արմանը,- արահետով անընդհատ մարդիկ էին գնում-գալիս, բայց ճանապարհը լքված ու անմխիթար տեսք ուներ: Մտածեցի ինչ-որ կերպ բարելավել տարածքի վիճակը:

2016 թվականին Արմանը գույնզգույն խցաններից Գևորգ Չաուշի դիմանկարն էր պատրաստել պատի վրա՝ հենց այն հատվածում, որտեղ վերջանում էր բնակելի շենքեր տանող արահետը: Իսկ ահա այս տարի Արմանը կարողացավ իրականություն դարձնել նաև այս գաղափարը՝ շնորհիվ Աշտարակի քաղաքապետարանի և Awesome Foundation Yerevan-ի:

Նախագիծը տվյալ տարածքի 3 կարևոր խնդիրներ է լուծում:

1-ինը` սոցիալական խնդիր, քանի որ տարածքում բացակայում էր լուսավորությունը, և մեծ դժվարություններ էր առաջացնում գիշերային ժամերին տեղաշարժվելիս:

2-րդը՝ բնապահպանական խնդիր, քանի որ տարածքը բավականին աղտոտված էր:

3-րդը՝ գեղագիտական խնդիր, քանի որ պատը մոխրագույն էր և լքված պարիսպ էր հիշեցնում:

-Եթե այս 3 խնդիրները, համապատասխանաբար, կարմիր, կապույտ և դեղին գույներով տեղադրենք սկավառակի վրա և այն պտտենք, կստանանք գույների բոլոր երանգները, ինչը և իմ նախագծի լուծումն է,- ասում է Արմանը:

modern art5

100 մետր երկարությամբ և 2 մետր բարձրությամբ բետոնե պատը ամիսների տքնաջան աշխատանքի արդյունքում ներկվել է դեղինից դեղին գունային անցումով, որն առաջին անգամ կիրառվել է դիզայնի առաջին դպրոցում՝ Բաուհաուսում (Գերմանիա):

Այնուհետև պատը լուսավորելու համար օգտագործվել է 100 լուսադիոդ՝ պատի ամբողջ երկայնքով, որոնք եռակցել է Արմանի հայրը:

Բնապահպանական խնդիրը լուծելու համար էլ հավաքվեցին շենքի բնակիչները, փոքրիկ կամավորները, ինչպես նաև Հայկական Կարմիր Խաչի ընկերության Արագածոտնի մարզային մասնաճյուղի անդամները, ովքեր տարածքը մաքրեցին խոտից, մետաղի ու պլաստիկի թափոններից:

Հիմա երեկոյան երեխաները բաց տարածքում տարբեր խաղեր են խաղում, իսկ մարդիկ հաճույքով են գնում-գալիս արահետով: Տարածքն էլ հրաշալի վայր է լուսանկարվելու համար, ու եթե ֆեյսբուքյան ու ինստագրամյան պրոֆիլների սիրուն նկարներ են պետք, եկեք Աշտարակ, գտեք ձեր սիրելի գույնն ու նկարվեք:

Լուսանկարը` Զարա Ղազարյանի

Մեր մանկությունից

Ես Մոսկվայում եմ ծնվել, մի շատ ցուրտ ձմռան ամենաերկար գիշերվա օրը։ Ես, իհարկե, ոչինչ չեմ հիշում, բայց հորաքույրս պատմում է, թե ինչպես էր քույրս սառույցների վրա թռվռալով գնում հիվանդանոց, որ ինձ տեսնի։ Ասում են՝ երբեք այդպես չէր շողացել։ Քույրս էլ 4,5 տարեկան էր այդ ժամանակ, բայց անհամբեր սպասում էր իմ ծնվելուն։ Հետո պատմում են, որ շատ ուրախացել էր, որ աղջիկ եմ, ոչ թե տղա։ Մեր տանն էլ, որ ինչ-որ բարեկամներից լսել է, թե ափսոս, որ տղա չեմ, սկսել է տղաներին զզվանքով նայել։ Մի ուրիշ բարեկամի տղա երեխայի էլ, որ դարակներն է քանդել, շորից բռնել է ու ասել. «Սրանի՞ց էիք ուզում»։

Բայց ես դրա մասին չէի ուզում պատմել, ու ոչ էլ ինչ-որ զվարճալի պատմության։ Ես զվարճալի պատմություններ չունեմ էլ, որովհետև ամենաանհամ ու անհետաքրքիր երեխան եմ եղել, որին դուք կարող եք պատկերացնել։ Դե, եթե իհարկե, քույրս չպատմի։ Իրեն որ լսեք՝ հրաշք եմ եղել։

Ուզում եմ պատմել մի նկարի մասին, որը արվել է ինձ հիվանդանոցից տուն բերելուց հետո։ Մահճակալի վրա քույրս է՝ թուշիկներով սիրուն երեխա, երջանիկ հայացքով նայում է իր կողքին ինչ-որ հետքի։ Այդ ինչ-որ հետքը ես եմ։ Սև, ուռած դեմքով, գլուխս 90 աստիճան թեքած, որ կարծես վրայիցս պոկած՝ կողքի դրած լինի, ձեռքերը վերև ինչ-որ արարած է։ Ու Հասմիկը էնպես է նայում էդ հետքին, կասես մի հրաշք է տեսել։ Հիմա ինչքան էլ փնտրեմ այդ նկարը, չեմ գտնի, երևի գյուղում է մնացել, բայց հիշողությանս մեջ շատ վառ է։ Առաջին անգամ շատ էի ծիծաղել դա տեսնելիս։ Քույրս էլ միշտ շուրջս է պտտվել, ասում են՝ նույնիսկ ինքն է ինձ քնացրել միշտ։ Առաջին անգամ էլ, որ գրկել է, ուղիղ գլխիս վրա գցել է ներքև։ Ասում են՝ դրա համար եմ մի քիչ խփնված, դրա համար էլ եմ Հասմիկին շնորհակալ։ Կատակ են անում։ Դե, երևի։

Ուզում եմ, որ բոլոր երեխաները լինեն իրենց ընտանիքներում կամ գոնե քույր-եղբայրների համար այնքան սպասված ու սիրելի, ինչքան ես էի Հասմիկի համար։

Թող բոլոր երեխաները ունենան իրենց կյանքում մեկին, ով կնայի իրենց այնպես, ինչպես 4,5 տարեկան Հասմիկը իր կողքի անճոռնի գորշ հետքին։

Մարիամ Նալբանդյան

***

Մերոնց պատմություններն իմ մասին միշտ աչքի են ընկել ինչ-որ հրաշալի հնչեղությամբ։ Ես մի «հերոս» էի` որից սարսափում էին բոլորը։ Ոչ, ես ամենևին էլ հրեշ չէի, ուղղակի սիրում էի ամեն բան ջարդուփշուր անել` տեսնելու համար, թե ինչ կա ներսում։

Մերոնք պատմում էին, որ մի անգամ չեչաքարով խազել եմ մորեղբորս նոր գնած մեքենան, որ տեսնեմ, թե ինչ գույն կա մոխրագույն ներկի տակ։

Մի անգամ էլ ծնունդիս օրը նվիրած խաղալիք մեքենան էի կոտրել, որ հասկանամ, թե ինչպես է շարժվում, ու թե ինչ փոքրիկ կանաչ բան կա դրա ներսում։

Ես քիչ բան եմ հիշում իմ մանկությունից, ինչն էլ հիշում եմ` մերոնց պատմածի մտավոր վերապատկերումն է։ Բարեկամներս պատմում են, որ մի անգամ, երբ շատ էին բարկացել ինձ վրա, կորել էի։ Այդ օրն էլ սաստիկ քամի ու անձրև էր եղել, ու բոլորը դուրս էին եկել ինձ փնտրելու։ Իսկ ես գիտե՞ք, թե որտեղ էի… Ես խնձոր էի ուտում գազի բալոնի հետևում նստած։

Այ, այդպիսի «հերոսական սխրանքներ եմ գործել»։

Սարգիս Մելքոնյան

Ինչ հրաշալի են մարդիկ, երբ օգնում են իրար

Ամենօրյա գործերից հոգնած, երբ քայլում ես քեզ հարազատ դարձած քաղաքով, փոփոխություն ես ուզում: Փոփոխություն ես ուզում, որովհետև հոգնել ես քեզ շրջապատող միօրինակությունից…

Իսկ դու տեսե՞լ ես, թե ինչպես է սկսվում փոփոխությունը, թե ինչպես է սկսում շողալ արևը, և թե ինչպես են ծնվում բարությունն ու կարեկցանքը, օգնությունն ու մարդասիրությունը:

Դու տեսե՞լ  ես, թե ինչպես են սկսում համախմբվել մարդիկ լավ բանի համար, թե ինչպես է ձևավորվում թիմը, ու թե ինչպես կարող են մարդիկ գնալ անծանոթ մեկի գաղափարի հետևից ու օգնել նրան դրա իրականացման գործում: 

Հավատա, որ այդ ամենը տեսնելը, իսկապես, հաճելի զգացողություն է, իսկ այդ ամենի մասնիկը դառնալը` աշխարհի ամենաերանելի բաներից մեկը:

Էս ամենին մենք ականատես եղանք երեկ, երբ Հայկական Կարմիր Խաչի Ընկերության Արագածոտնի մարզային մասնաճյուղի կամավորներով գնացինք օգնելու այդ հոյակապ թիմին: 11:15 էր, երբ հասանք նախապես սահմանված վայրը, որտեղ մեզ սպասում էին Արմանը` էս ամենի կազմակերպիչն ու հեղինակը, մի խումբ երեխաներ, և խոտը հնձող մարդիկ: Գնացինք, կապեցինք գոգնոցները, դրեցինք ձեռնոցները ու միանգամից սկսեցինք աշխաատել: 

Ամիսներ առաջ Աշտարակի քաղաքապետարանի աջակցությամբ Արմանը լուսային դիոդներով լուսավորել էր Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի դիմացի 100 մետր երկարությամբ պատը, իսկ Awesome Foundation-ի տրամադրած գումարով` ձեռք բերել ներկեր, ու ներկել պատը դեղինից դեղին գունային անցումներով: Ու հիմա, երբ Արմանը Աշտարակ ֆանտաստիկ գույներ ու փոփոխություն է բերել ու իրականություն է դարձրել էս հրաշալի նախագիծը, էդ տարածքը մի փոքր մաքրել ու կարգի բերել էր պետք, որպեսզի պաշտոնական բացումը տեղի ունենա: Էս ամենն, ի վերջո, նաև մտածելակերպային փոփոխության սկիզբ է, որովհետև գաղափարն ու մոտեցումը շատ բաներ են փոխելու մարդկանց մոտ: Արդեն սկսել են փոխել… 

Հնձելու գործիքների ձայնն էր լսվում, երեխեքի ծիծաղը: Հետո շենքերից մարդիկ են դուրս գալիս, իջնում ներքև` օգնելու: Երեխեքը քարերն են հավաքում, մեծահասակները` խոտերը փոցխում: Հետո պուճուրները չգիտես որտեղից, սայլակ են բերում, լցնում քարերը մեջն ու տեղափոխում ենք էդ ամենը: Կարմիր Խաչի կամավորներն էլ են օգնում, ու ուշադիր հետևում են երեխեքին, որ հանկարծ չվնասեն իրենց: Ուրիշներն են տեսնում էս ամենը ու միանում, գալիս, սուրճ ու պաղպաղակ բերում, մյուսները` սառը ջուր, ուրիշներն էլ` թան, հյութ, կարկանդակներ…

Ես նայում եմ Արմանի դեմքին, որն ինչ-որ հպարտության կամ գոհունակության արտահայտություն ուներ: Նայում եմ ու պատկերացնում, թե ինչ հոյակապ է աշխարհը, երբ մարդիկ համախմբված են հանուն հրաշալի գաղափարների, եւ թե ինչ հրաշալի են մարդիկ, երբ կարողանում են օգնել իրար:

Կիսախարխուլ պատերից անդին

Կիսախարխուլ պատերից ու ապակիներից անդին սպասումն է։ Սպասումն է հեռուներում թողած պատմությունների ու մարդկանց։ Օդում խելագարության հասցնող հիվանդություն է կախված։ Դա ճակատագրերի տարբերությունն է։ Դա մենակությունն է, որ չգիտես՝ ինչու, բաժին է ընկել նրանց:

Նրանք այն ուժեղներն են, ովքեր կարողանում են ամեն բան հաղթահարել միայնակ։ Նրանք մարդիկ են, ովքեր ապրում են մեր կողքին։ Մենք երբեմն չենք տեսնում նրանց (երբեմն ամաչում ենք, երբեմն չենք ցանկանում), դրանից ոչինչ չի փոխվում։ Նրանք շարունակում են ապրել։ Մենք էլ․․․

Կիսախարխուլ պատերից ու ապակիներից անդին սպասումն է ջերմության։ Հայացքներում կարոտն է զրույցի։ Իսկ աչքերում (որոնք վաղուց դադարել են տեսնել լավ)` անցած-գնացած պատմություններ են։ Աչքերում փնտրտուք է մարդկանց, ովքեր կլսեն այդ պատմությունները։ Մարդկանց, ովքեր կհարցնեն՝ ինչպե՞ս ես․․․ Մարդկանց, որոնց իսկապես կհետաքրքրի դա։

Հայկական Կարմիր Խաչի ընկերության Արագածոտնի մարզային մասնաճյուղի կողմից «Սննդի օգնություն միայնակ տարեցներին» ծրագրի շրջանակներում մենք՝ կամավորներս,ամեն ամիս այցելում ենք Աշտարակում միայնակ ապրող տարեց  մարդկանց, զրուցում նրանց հետ, հանձնում սննդի օգնության փաթեթները, օգնում տնային գործերում։ Մենք ինչ-որ կերպ փորձում ենք մեղմել կարոտի ու միայնության այդ անտանելի զգացումը։

Երբեմն մենք նրանց համար ինչ-որ միջոցառումներ ենք կազմակերպում, որը կհամախմբի նրանց, կզրուցեն իրար հետ ու հետաքրքիր ժամանակ կանցկացնեն։ Բոլորովին վերջերս Աշտարակի Հայորդաց տան սաները համերգ էին կազմակերպել մեր տատիկ-պապիկների համար։ Իսկ Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ավարտական կուրսի ուսանողները իրենց «Տիտանիկ» ներկայացմանն էին հրավիրել մեր տատիկներին։ Տոմսերը մեզ էր տրամադրել Վլադ Սուքիասյանը։

Ամենավերջում՝ ժպիտ ու բավարարվածության զգացում։ Դա այն էր, ինչը մենք ցանկանում էինք տեսնել այսքան երկար ժամանակ։ Ինչը իսկապես անհրաժեշտ է յուրաքանչյուրիս։ Դրանք այն վայրկյաններն էին, որոնց մենք միասին սպասում էինք այսքան երկար ժամանակ, ու որոնց հասանք միասին՝ հենց ձեր շնորհիվ։ Որովհետև մենք օգնում ենք ձեր օգնությամբ։