Սարգիս Մելքոնյանի բոլոր հրապարակումները

Sargis մելքօնյան

Առաջին հազար դրամը

Ընդամենը մեկ տարի առաջ էր: Ամառ, շոգ, կիզիչ արև, անտանելի դատարկություն… Բոլորս էլ գիտենք ամառային +40 աստիճանի հասնող եղանակային խաղերի արդյունքները: Ընդամենը մեկ տարի առաջ էր, որ սկսվեց մեր տան նոր մասնաշենքի շինարարությունը: Բոլորս շահագրգռված էինք նոր տուն ունենալու գաղափարով, և ամեն ինչ անում էինք, ամեն կերպ օգնում վարպետներին: Ոգևորությունն այնքան մեծ էր, որ բոլորս մոռացել էինք, որ առջևում նոր ուսումնական տարին է: Երբ գալիս է սեպտեմբերը… Բոլորիս է հայտնի, թե ինչ ծախսեր է բերում այդ սեպտեմբերը:

Երևի օգոստոսի երեքն էր: Երեկոյան, երբ պառկեցի քնելու, սկսեցի մտածել սեպտեմբերի մեկի՝ գիտելիքի օրվա մասին: Ինքս ինձ հետ մոտ քառասուն րոպե խոսում էի:

«Սեպտեմբերի մեկի հագուստ ունեմ՝ անցած տարվանից դեռ մնացել է, բայց կոշիկ, սպորտային հագուստ չունեմ: Հարկավոր է մի բան մտածել, սակայն ի՞նչ… Ծնողներիս չեմ կարող դիմել, քանի որ այդ շինարարությունը, այդ ծախսերը, ամեն ինչ խանգարում է, նաև իմ այս միտքը… Ոչ ոք պարտավոր չէ կատարել իմ քմահաճույքները, և եթե ես կոշիկ եմ ուզում, պետք է ինքս գնեմ իմ գումարով:

Մինչ այս երբեք չէի մտածել խնայելու մասին: Դե իհարկե, փափուկ բամբակի մեջ մեծացած տղան ինչո՞ւ պիտի մտածեր մի բանի մասին, որ երբևիցե պետք չի եկել իրեն, որովհետև ծնողները ամեն ինչով ապահովել են:

Առավոտյան, երբ արթնացա, իջա այգի: Նայեցի հասուն եգիպտացորեններին, ու ահա գաղափարը: Ամեն ինչ մեր կողքին է, սակայն մենք չենք կարողանում տեսնել ապագա փողը:

Գնացի հորս ու մորս հետ զրուցելու: Պատմեցի իմ մեջ հանկարծակի առաջացած գաղափարի մասին: Սկզբում կարծես թե համաձայն չէին, սակայն հետո մտքերը փոխվեցին: Երբ սենյակից դուրս եկա, լսեցի նրանց շշուկները, որ ինձնից հետո մնացին:

-Մեր տղան կարծես թե մեծացել է…

Հաջորդ օրը մեկ կաթսա խաշած եգիպտացորեն տարա մայրուղի, որտեղ գյուղատնտեսական ապրանքների վաճառքով զբաղվում էին մեր համագյուղացիները: (Մեր գյուղը գտնվում է Երևան- Գյումրի մայրուղու հարևանությամբ): Մեկ ժամ էր, ինչ կանգնած էի, սակայն ոչ մի առևտուր: Մարդիկ գալիս էին, գնում, սակայն ոչ մի առևտուր…

Ես հուսահատվել էի: Ես վաճառում էի խաշած եգիպտացորեն, սակայն ոչ ոք չգիտեր դրա մասին բացի ինձնից, ծնողներիցս ու իմ հարևանությամբ առևտուր անողներից: Հարկավոր էր տեղեկացնել մարդկանց, բայց ինչպե՞ս: Ամեն ինչ իմ ձեռքերում էր: Ես պիտի ինքս գովազդեի իմ վաճառած ապրանքը:

Հանկարծ մի սև մեքենա եկավ ու կանգնեց: Ըստ երևույթին, նրան Օֆելյա տատիկի սուջուխից էր պետք, որովհետև նրա սուջուխներն ամենահամեղն են: Նրանք գնեցին իրենց անհրաժեշտը և երբ ուզում էին հեռանալ, ամոթխածությունս հաղթահարելով կամաց ասացի.

-Խաշած, համեղ, էկոլոգիապես մաքուր եգիպտացորեն չե՞ք ցանկանա:

Նա կամաց շրջվեց դեպի ինձ, և ամեն ակնթարթի հետ ես ավելի էի հույսով լցվում:

-Կցանկանամ:

-Իրո՞ք:

-Այո՛, իրո՛ք…

Իմ ուրախությանը չափ ու սահման չկար:

-Իսկ քանի՞ հատ:

-Հինգ:

Ես հինգ եգիպտացորեն հանեցի կաթսայի միջից: Համեմեցի աղով ու տվեցի պարոնին:

- Շնորհակալություն, – ասաց նա և տվեց ինձ հազար դրամ, ճիշտ այնքան, որքան պայմանավորվել էինք:

Այսպես ամեն օր ես սկսեցի գալ մայրուղի և եգիպտացորեն վաճառել, բայց լինում էին օրեր, երբ ամեն բան այսպես հարթ չէր ընթանում: Ես ստիպված դրանք բերում էի տուն, հավաքվում էինք թաղի երեխեքով, նստում- ուտում…

Օգոստոսի վերջին ես գնեցի կոշիկներն իմ գումարով, գնեցի նաև սպորտային համազգեստը: Հաճույքով ու մեծ հպարտությամբ եմ կրում դրանք:

Այժմ ես խնայում եմ: Իմ դրամատուփը ամեն օր մի քիչ լցվում է: Ես չեմ ծախսել իմ առաջին հազար դրամը, առաջին ԻՄ վաստակած գումարը: Այժմ այն խնամքով դրված է դրամատուփիս ամենաներքևում, իբրև հիմքն իմ առաջին ինքնուրույն քայլերի…

Հիմա նորից ամառ է, և իմ հասակակիցներն էլ, փոխանակ ծնողներից գումար պահանջելու, կարող են արձակուրդներին աշխատել: Հավատացնում եմ. Եթե ցանկություն ունենաք, աշխատանք կգտնվի:

Եվրոպայի օր. Եվրոպան` տարբեր ծրագրերի միջոցով

Հունիսի երեքին զանգահարեցին «Մանանա» կենտրոնից և տեղեկացրին, որ կենտրոնը հունիսի 5-ին ևս ներկա է լինելու Հյուսիսային պողոտայում տեղի ունեցող միջոցառումներին, իսկ մենք՝ պատանի թղթակիցներս, պիտի գնայինք հարցազրույցներ վերցնելու տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներից, լուսանկարեինք անցուդարձը և տեսանկարահանեինք ողջ օրվա ընթացքը:

Հունիսի հինգին ժամը երկուսին Հյուսիսային պողոտայում էինք: Ստանալով մեր հանձնարարությունները, վերցրեցինք լուսանկարչական ապարատները, տեսանկարահանող սարքերն ու անցանք գործի:

Շրջում էինք տաղավարներով, վերցնում կարճ հարցազրույցներ տարբեր ծրագրերի մասին, որոնք իրականացվում են Եվրոպական միության աջակցությամբ:

Այժմ դուրս եմ գալիս «Մանանայի» տաղավարից՝ լուսանկարչական ապարատը ձեռքիս: Մեր հարևանությամբ գտնվում էր եվրոպական տարբեր երկրների ճաշատեսակներով հարուստ տաղավար: Բայց քանի որ այն բազմամարդ է, ինձ ոչ մի կերպ չի հաջողվում  հարցազրույց վերցնել այդտեղի ներկայացուցիչներից: Ուստի քայլեցի առաջ՝ նոր հարցազրույցներ վերցնելու հույսով: Հասա Dasaran կրթական ծրագրի տաղավար:

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը՝ Սարգիս Մելքոնյանի

-Բարև Ձեզ: Ես ներկայացնում եմ «Մանանա» կենտրոնը, Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի անդամ եմ, կցանկանայի Ձեզ մի քանի հարց տալ Dasaran կրթական ծրագրի վերաբերյալ:

-Սիրով:

-Շնորհակալություն: Եվ այսպես, ի՞նչ է Dasaran-ը, և երբվանից է այն գործում Հայաստանում:

-Dasaran-ը կրթական ծրագիր է, որը մեր երկրում գործում է 2010 թվականից: Մեր առաքելությունը հանրակրթական դպրոցների արդիականացման և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման միջոցով կրթության նոր որակ ստեղծելն է:

-Իսկ որո՞նք են Ձեր նպատակները:

-Մեր նպատակները բազմաթիվ են՝

Ապահովել որակյալ կրթություն Հայաստանի Հանրապետությունում, բարձրացնել դպրոցների գործունեության և կառավարման արդյունավետությունն ու թափանցիկությունը տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և անհրաժեշտ կարողությունների ստեղծման միջոցով, նպաստել ՀՀ դպրոցներում էլեկտրոնային կառավարման կարողությունների ստեղծմանը, նպաստել ՀՀ դպրոցների ուսուցիչների և աշակերտների համակարգչային գիտելիքների զարգացմանը և ամրապնդմանը, նպաստել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքային և մարզային դպրոցների հավասար զարգացմանը, մասնավորապես, օժանդակել տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ գիտելիքների ձեռքբերմանը ՀՀ մարզային դպրոցներում, օժանդակել ՀՀ մարզային դպրոցների ուսուցիչների համակարգչային գիտելիքների ամրապնդմանը` վերապատրաստման միջոցառումներ կազմակերպելու միջոցով, օժանդակել ՀՀ մարզային դպրոցներում էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը, նպաստել աշակերտների առաջադիմությանը, գեղագիտական ճաշակի զարգացմանը, ֆիզիկական պատրաստությանը ներդպրոցական, միջդպրոցական և համահայկական ինտելեկտուալ, մշակութային և մարզական միջոցառումների (մրցույթներ, խաղեր, վիկտորինաներ) միջոցով, տարաբնույթ միջոցառումների օգնությամբ բացահայտել դպրոցականների առանձին ընդունակություններն ու հակումները և նպաստավոր պայմաններ ստեղծել դրանց հետագա զարգացման ուղղությամբ, ձևավորել աշակերտների, ծնողների և ուսուցիչների հաղորդակցման ժամանակակից և արդյունավետ համակարգ՝ նպաստելով ուսուցիչ-ծնող կազմակերպությունների ձևավորմանը` որպես քաղաքացիական հասարակության կարևոր հիմնասյուն:

-Շնորհակալություն: Իսկ ի՞նչ խաղերով է ներկա Dasaran կրթական ծրագիրն այս տաղավարում:

-Dasaran կրթական ծրագիրը այսօր ներկա է իր «Բացահայտիր Եվրոպան» խաղով, որի շրջանակներում մասնակիցները կմրցեն իրար հետ, իսկ հաղթողը հնարավորություն կունենա պտտելու պտտանիվը, որից հետո էլ կպարզվի, թե ինչ մրցանակի է արժանացել: Մրցանակները տարբեր են՝ տետր, նոթատետր, քանոն, էջանիշ, գրիչ, շոկոլադ և այլն:

Ես շարժվում եմ առաջ: Գերմանիայի դրոշն եմ տեսնում: Մոտենամ ու պարզեմ, թե ո՞ր կազմակերպությունն է:

Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի

Լուսանկարը՝ Նարե Շարմազանովայի

-Կարո՞ղ եմ մի քանի հարց տալ Ձեր կազմակերպության վերաբերյալ: Կներկայացնե՞ք Ձեր կազմակերպությունը:

-Շատ լավ: Մեր կազմակերպությունը Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերությունն է (GIZ):

-Ի՞նչ գործունեություն եք ծավալում մեր երկրում:

-ԳՄՀԸ-ն օժանդակում է զարգացող, անցումային և կայացած  արդյունաբերություն ունեցող երկրների ժողովրդին և հասարակությանը սեփական ապագան ստեղծելու և կյանքի պայմանները բարելավելու գործում:

-Իսկ երբ է ստեղծվել ԳՄՀԸ- ն:

-ԳՄՀԸ-ն հիմնադրվել է  2011 թ. հունվարի 1-ին: Այն մեկ հարկի տակ է միավորել Գերմանիայի զարգացման ծառայություններ ընկերության  (Deutscher Entwicklungsdienst (DED) GmbH), Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (Deutsche Gesellschaft für Technische Zusammenarbeit (GTZ) GmbH) և Կարողությունների զարգացման գերմանական միջազգային կազմակերպության (Inwent) բազմամյա փորձը: ԳՄՀԸ-ն ԳԴՀ դաշնային գործակալություն է: Այն սատարում է Գերմանիայի կառավարությանը՝ կայուն զարգացմանն ուղղված միջազգային գործակցության շրջանակում սահմանած նպատակներին հասնելու հարցում: Այն նաև ընդգրկված է համաշխարհային կրթական գործունեության մեջ:

Այսքանը իմ լրագրողական հետաքննության արդյունքներից: Հա, մի բան էլ մոռացա ասել: Նշված բոլոր կազմակերպություններն ունեին ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից: Հարցազրույցներից հետո իբրև սովորական այցելու մասնակցեցի ԳՄՀԸ-ի կողմից կազմակերպած վիկտորինային և հաղթեցի՝ ստանալով պայուսակ, բաժակ և օրացույց:

Իսկ ինչի մասին չպատմեցի ես, կպատմեն մեր մյուս պատանի թղթակիցները:

Սարգիս Մելքոնյան, Արագածոտնի մարզ, գ. Ագարակ

Ուռա, հաղթել եմ…

Ապրիլի վերջն էր: Մեր դպրոցի տնտեսագետների ակումբի անդամներով մասնակցում էինք Brain Ring ֆինանսատնտեսագիտական խաղ-մրցույթին, որտեղ, ի դեպ, մեր` Ագարակի թիմը, արժանացավ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հատուկ մրցանակներին: 

Մրցույթից հետո զանգահարեց ընկեր Անտոնյանը և տեղեկացրեց մեկ այլ մրցույթի մասին, այնքան էլ ցանկություն չկար մասնակցելու, շատ էինք հոգնել: Սակայն դպրոցի տնօրեն ընկեր Մարգարյանը հորդորեց մասնակցել: Ասաց նաև, որ վերջնաժամկետը ապրիլի 29-ն է, պետք է շտապել:

Հոգնած մտա  տուն ու պառկեցի քնելու: Արթնանալուն պես համացանցում կարդացի մրցույթի հայտարարությունը, խնդիրներն ու նպատակները:  «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ինժեներական մասնագիտացումներում» պաստառների մրցույթ: Սկսեցի գործի դնել տրամաբանելու կարողությունս: Պատրաստեցի պաստառն ու առավոտյան տարա դպրոց, տվեցի դասղեկիս: Մի քանի օր առաջ տեղեկացա, որ հաղթել եմ մրցույթում: Գնացինք Հ. Իգիթյանի անվան գեղագիտական դաստիարակության կենտրոն ու ստացանք նվերը՝ նոթբուքը, անձամբ վարչապետից: Չե՞ք հավատում, ահա և նկարը:Շնորհակալ եմ կազմակերպիչներից նման պատվի արժանացնելու համար:

Մոռացա ձեզ աշխատանքս ցույց տալ, ահա. «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումն ինժեներական մասնագիտացումներում » (ՏՏ Աշխարհ),  Սարգիս Մելքոնյան Արագածոտնի մարզի Ագարակի Տաճատ Թերլեմեզյանի անվան միջնակարգ դպրոց: 

Փոքրիկ գյուղի մասնատումը

Լուսանկարը` Անահիտ Նազարյանի

Լուսանկարը` Անահիտ Նազարյանի

Առաջ, երբ մեր գյուղում մի փոքրիկ քամի էր լինում, լույսերը անջատվում էին, մեր թաղը հոսանքազրկվում էր: Հարևանները միշտ ասում էին.

-Աաա՜ա, էլի էս Դանդռաշենի լույսերը տարան…

Խնդրեցի ծնողներիս, որ բացատրեն, թե ինչո՞ւ են միշտ այդպես ասում: Մայրս պատմեց, որ փոքր ժամանակ մեր փոքրիկ գյուղը՝ Ագարակը, բաժանել են մասերի, և երբ վիճում էին երեխաներով, մեկը մեկին կծելու համար ասում էին.

-Այ գետաշենցի, դու էիր մնում պակաս…

-Թե չէ դու, դու, այ անշունչ մեռլաշենցի…

Ասում էր, որ վեց մասի էին բաժանել գյուղը: Գյուղի վերին մասում գտնվում էին գերեզմանները: Դրա համար այն անվանել են Մեռլաշեն: Գյուղի արևմտյան մասն ընկած է Ամբերդ գետի ափին, ուստի այն անվանել են Գետաշեն: Գյուղի կենտրոնական և հարավային մասում լավ դանդուռ է աճել, դրա համար անվանել են Դանդռաշեն: Հյուսիս-արևելքում քարի հանքեր կան: Երկրակեղևի սալային շերտերից հանել են կարմիր տուֆը: Այս հատվածն էլ անվանել են Սալաշեն: Գյուղի արևելքը համեմատաբար նոր կառուցվող թաղամաս է: Այն անվանել են Բանգլադեշ: Իսկ գյուղում կար մի թաղամաս, որ անձրևներից հետո միշտ ցեխի մեջ կորում էր, դա Ճմճմաշենն էր:

-Հաճույքով ապրում ենք, էլի…

Sargis մելքօնյան

Ինչո՞ւ…

Մանկությանս հուշերում կնիքի պես դրոշմվել են այնպիսի իրադարձություններ, որոնք դեռ փոքր տարիքից կոփում են մարդուն՝ նախապատրաստելով ապագայի դժվարություններին ու կյանքին: Ես սիրում եմ դպրոցն ու ուսուցիչներին, և դա իր հիմնավոր պատճառն ունի: Գուցե հարցնեք` ինչո՞ւ… Փորձեմ պատասխանել:

Մեծացել եմ մանկավարժների ընտանիքում: Մայրս՝ Ոսկեհատը, ավագ հորաքույրս՝ Սուսաննան, և կրտսեր հորաքույրս՝ Անահիտը, մանկավարժներ են: Ամռան օրերին, երբ հորաքույրներս (ունեմ 3 հորաքույր՝ Սուսաննա, Հայկանուշ, Անահիտ) գյուղ էին գալիս, հավաքվում էինք մեր այգու ամենամեծ տանձենու ստվերում և գրական երեկոներ էինք կազմակերպում: Ի դեպ, տանձենին տնկել է Մելիք պապս` 60 տարի առաջ: Ծառը մոտ 15 մետր բարձրություն ունի:

Ահա այդ երեկոներից մեկն էլ տպավորվել է իմ հուշերում, և գուցե այդտեղ է թաքնված նաև իմ հարցի պատասխանը:

Ամառ էր: Ես հինգ տարեկան էի: Այդ երեկո Հայկանուշ հորաքրոջս նախաձեռնությամբ (նա բուժքույր է) վերցրինք ծածկոցներ, բարձեր, քաղցրավենիք, հյութեր և իջանք այգի` մեզ հետ տանելով նաև Հովհաննես Թումանյանի բանաստեղծությունների ժողովածուն: Տեղավորվելով մեր հարազատ տանձենու տակ, սկսեցինք գրական երեկոն: Բացումը կատարեց Սուսաննա հորաքույրը.

-Կանաչ, վիթխարի այս տանձենու տակ…

-Իրենց հասակի կարգով ծալպատակ,- շարունակեց Հայկանուշը։

-Միասին բազմած, մի շրջան կազմած,- հեռվից լսվեց մայրիկիս ձայնը,- քեֆ են անում և ուրախանում,
Իմ լավ տալերն ու բալաները, սիրելիները…

Մեր գրական երեկոն դեռ երկար կշարունակվեր, եթե չլինեի ես: Արևի տակ երկար մնալուց քթիցս արյուն եկավ: Լավ է, որ ներկա էր բուժքույր հորաքույրս, և արագ օգնության հասավ:

Դրանից հետո, իհարկե, շատ այսպիսի երեկոներ են եղել, որոնց ընթացքում ծնողներս, հորաքույրներս, տատիկներս ոչ միայն ասմունքում, այլ նաև պատմում էին հայ գրականության կարկառուն դեմքերի մասին: Մենք՝ ես, քույրերս, եղբայրս, հորաքույրներիս երեխաները, հաճույքով էինք լսում այդ պատմությունները:Մեր մեծերն այնպիսի ոգևորությամբ ու սիրով էին ներկայացնում այդ ամենը, որ չլսելն ուղղակի անհնար էր: Երևի այդ օրերից էլ ես սիրեցի մանկավարժներին և դպրոցը:

Ահա և « ինչու»-ի պատասխանը:

Ի դեպ, ես էլ եմ ցանկանում ուսուցիչ դառնալ, բայց `բոլորս գիտենք, թե մեր երկրում ինչպիսի կարգավիճակ ունի ուսուցիչը: Այդ աշխատանքով անհնարին կլինի ընտանիք պահել , ուստի կսահմանափակվեմ` դպրոցին սիրահարված մնալով…

Sargis մելքօնյան

Այն, ինչ երեկ զենք էր, այսօր ուտելիք է…

Բոլորովին վերջերս, երբ նկատեցի, որ  ծառերի վրայից արդեն  թափվել են բողբոջները, ու հայտնվել են ցոգոլները, ակամայից հիշեցի հինգ-վեց տարեկան ժամանակներս, երբ թաղի երեխեքով դուրս էինք գալիս փողոց ու «խաղում»: Ինչու «խաղում», որովհետև խաղալիս միշտ աղմկում էինք ուրախությունից և ազդում հարևանների նյարդերի վրա՝ անկախ այն փաստից, որ իրենց երեխան էլ էր խաղում: Խաղում էինք ամեն  տեսակի խաղեր՝ գործնագործ, ֆուտբոլ, վոլեյբոլ, իննուկ, տասնուկ, ռեզին, պարան, հալա-մուլա, պահմտոցի, յոթ քար,  քսանհինգ, խոզուկ… Ու կռիվ-կռիվ՝ հատկապես ապրիլ-մայիս ամիսներին: Կռիվ-կռիվ խաղում էին բոլորը՝ անկախ սեռից, տարիքից ու ժամանակի առկայությունից: Խաղում էինք հատուկ  ձևով: Բաժանվում էինք երկու խմբի: Հավաքում էինք  «զենք-զինամթերք»՝  ինչքան շատ, այնքան լավ, ու թաքնվում էինք պատերի արանքներում (մի զարմացեք, գյուղում կան տներ, որոնց հիմնական պատերը իրարից երեսուն- երեսունհինգ սանտիմետր են հեռու), մեծ ծառերի հետևում, ծառերի ճյուղերի, տանիքների վրա, գոմերի մեջ: Հետո թիմերից մեկի հրամանատարը ազդարարում էր խաղի սկիզբը երգելով ու ասելով .

-Առաջ, առաջ, առաջ մարտի՜:

Տեսնենք,  թե ո՞վ կհաղթի…

Դրանից հետո դուրս էին գալիս հետախույզները՝ ընդ որում, երկու թիմերից էլ, ու մնացած թաքնվածները պետք է հավաքած «զենք-զինամթերքով» (ցոգոլներով) հարվածեին հետախույզներին, մինչև գերի վերցնելը: Այնուհետև սկսում էին ծավալվել հիմնական գործողությունները՝ դուրս էին գալիս հանդիպակած մարտի: Ու այստեղ սկսվում էր ցոգոլների անձրևը՝ վա՜յ, գլուխս… Ա՜խ, ձեռքս… Ա՜, ա՜, ա՜, վա՜յ, մամա ջան… Իսկ շատ փոքրերը՝ իմ նման՝ ը՜հ, ը՜հ, ը՜հ, ա՜… Լացում էին անդադար…

Երեկոյան փողոցը կանաչ էր, ծառերը՝ մերկ, աչքերը՝ կապույտ և արցունքոտ: Տրամադրությունը՞… Տրամադրությունը՝ բարձր, չնայած վնասվածքներին… Ախ, մեծերի՜նը…  Այլևս փողոց չթողնելու…

Մի երկու տարի առաջ էլի հիշել էինք մանկությունը: Ափսոս, ամառ էր, թե չէ, էլի ցոգոլակռիվ կխաղայինք: Բայց դե ոչինչ չէր կարող կանգնեցնել մեզ… Խաղացինք հասած,  կարմիր բալերով: Օրվա վերջում շորերը ու ամեն ինչ փողոցում կարմրել էին… Դրանից հետո իրոք մեզ մի քանի օր փողոց չթողեցին: Մենք էինք անում լվացքը, արդուկը ու ողջ բերքահավաքը՝ որպես պատիժ…  Այն, ինչ երեկ զենք էր, այսօր հաճույքով ուտում ենք՝ հիշելով ցոգոլային պատերազմն ու դրա հետևանքները …

Sargis մելքօնյան

Մայրիկ, ես չեմ ուշանա…

Չալոն ամբողջ գիշեր ոռնում էր: Ոռնում էր արտասովոր ձայնով, արտասովոր ուժգնությամբ, արտասովոր տխրությամբ: Չալոյի ձայնից չափազանց վաղ արթնացավ այրին: Արթնացավ վատ տրամադրությամբ, իջավ փոքրիկ առվակի մոտ, որ երազը ջրին պատմի: Աչքերը հառեց երկնքին. ըստ երևույթին, նա Տիրոջ հետ էր ուզում զրուցել, բայց ամեն բան փոխվեց, երբ երկնքում տեսավ այդ ամպերը: Եվ խոսքերը սառեցին բերանում:

-Աստվա’ծ իմ, կրկին այս ամպերը: Ես ատում եմ կարմիր արշալույսները, այնքան արյունոտ են դրանք…

Նախախնամություն, թե՞… Սրտնեղած, տխուր, մտախոհ ու մտամոլոր գնաց ամուսնու հետ կիսվելու: Կանգնեց հերոս ամուսնու նկարի առաջ ու սկսեց աչքի առաջով անցկացնել իր կյանքի մաշված ժապավենը:

-Բարև, Արամ: Ինչպե՞ս ես: Ե՞ս… Ես տխուր եմ առանց քեզ, տխուր, բայց հպարտ, կոտրված սրտով, բայց ապրելու նոր հույսով, որ ինձ ու մեր դեռ չծնված որդուն տվեցիր Արցախ գնալուց առաջ: Գիտե՞ս, մինչև հիմա ականջներումս են քո վերջին խոսքերը` «Գնամ, հաղթենք գամ, չանհանգստանաս արևս, տղուս լավ կնայես, շուտ կգամ, շո՜ւտ…»: Ինչքա՜ն հավատով էիր դու ասում այդ խոսքերը, ինչքա՜ն հույս, պայքարի ցանկություն կար դրանց մեջ: Ու ինչքան հայրենասիրություն, խաղաղ երկնքի տակ հայրենիք կերտելու ձգտում, ինչքա՜ն պարզություն ու մաքրություն  կար քո կապույտ աչքերում: Բայց այդ արյունոտ արշալույսները, այդ գույժը, քո խոշտանգված դին… Քո, չէ՛, մե՛ր հայրենիքը…

Արցունքներով փակվեցին աչքերը: Հուզմունքից կտրվեց այրու ձայնը: Իսկ այդ ամպերը, գուժող ամպերը փակեցին կնոջ դեմքի ուրախ գծերը: Կինը դուրս վազեց տանից, իջավ այգի՝ մի կերպ լացը խեղդելով: Առվակի ջուրն արդեն կարմիր էր: Կակաչներն արդեն բացվել էին, բոլորը կարմիր: Ծառի բողբոջների վրա հավաքվել էին ժրաջան մեղուները: Ամեն բան պատվել էր առավոտյան ցողով, և նրա աչքերին ամեն ինչ արցունքոտ էր թվում: Ամեն ինչի պատճառն այդ ամպերն էին: Այդպիսի ամպեր էին երկնքում, երբ ամուսնու կորստի մասին լուրը ստացավ: Միայն թե նույնը չկրկնվեր որդու հետ, ով ևս հայրենիքի կանչով մեկնեց Արցախ մի քանի օր առաջ: Դարպասի դուռը թակեցին: Արցունքները զսպելով գնաց, որ դուռը բացի: Որդին էր եկել… Եկե՞լ… Բերել էին նրան… Մայրը գրկեց ու համբուրեց որդու խոշտանգված մարմինը: Մոր ականջներում զնգում  էին վերջին խոսքերը. «Մայրիկ, չեմ ուշանա… Մայրիկ, շուտ կգամ…»:  Մոր աչքերից վարար գետի նման թափվեցին արցունքները որդու արյունոտ ու մաշված  զինվորական հագուստի վրա … Եվ արցունքի միջից դուրս եկան լացակումած խոսքերը… «Տղես, ողջ արի…»

Ինչքան անարդար է երբեմն կյանքը: Մի՞թե որդին պիտի մահանար ռազմաճակատում… Որքան նման են ճակատագրերն իրար… Որքան հաճախ է կրկնվում պատմությունը… Որքան հայրենասեր են մեր տղերքը… Որքան ճշտապահ… Բայց մի՞թե խոստումը այսպես պիտի կատարվեր… «Տղե՜ս, ողջ արի…»:

Sargis մելքօնյան

Պատասխան՝ խաղում ենք դրսում…

Երեկ երբ մտա 17.am , տեսա, որ նոր հոդվածներ են տեղադրվել: Անհամբերությամբ կարդացի հասակակիցներիս մտքերը և ասեմ, որ Հռիփսիմե Բալոյանի «Ո՞ւր են նրանք» հոդվածում շարադրված մտքերի հետ համաձայն չեմ:

Մեր գյուղում ևս կար այս խնդիրը: Դասամիջոցներին բոլորը խոսում էին «ջիթյաների, մայնքրաֆթների, սթրանդիդ դիփերի, քալ օֆ դյութիների, մեդալ օֆ հոներների, պեսերի»  ու այլ խաղերի մասին: Աղջիկներն էլ՝ «Վա՜յ, Սիայի վերջին երգը լսե՞լ ես…», «Էն Նոնան հարսանիքի  ժամանակ տեսա՞ր ինչ շոր էր հագել…»: Մի խոսքով, շատ ահավոր իրավիճակ էր ստեղծվել:  Համակարգչի դիմացից այն կողմ չէի կարողանում գնալ, որովհետև բակում մարդ չկար: Ու միայն հիշում էի, թե փոքր ժամանակ ինչպես էինք վազվզում փողոցով մեկ, գոռում թաղից թաղ: Թե ձմռանը սահնակներով ինչպես էինք մրցույթներ կազմակերպում, ու ինչպես էին մեզնից մեծերը թթվասերի ամանների մեջ պայթուցիկներ գցում ու դնում առուն… Էնքա՜ն լավ ժամանակներ էին: Ու այդ ամենը կազմակերպում էին մեր տարիքի երեխաները` 14-15 տարեկան:  Հիմա էդ երեխեքը՝ տղերքը, բանակում են, աղջիկները՝ համալսարանում, մնացինք մենք: Մենք՝ այստեղ ենք…

Մեզ մոտ խնդիրը որոշ չափով արդեն լուծում է գտել: Օրինակ, անցած տարի ամռանը թաղի երեխեքով ճամբար էինք կազմակերպել: Թելերի վրա կոնֆետի թղթեր էինք անցկացրել, կապել էինք ծառերից: Բանաստեղծություններ էինք սովորել: Հրավիրել էինք մեծերին, որ գան, լսեն մեզ: Նաև բեմադրել էինք Հովհաննես Թումանյանի  «Թագավորն ու չարչին»: Շատ լավ անցավ, մեծերն էլ շատ գոհ էին: Ասեմ, որ երեխեքն էլ հաճույքով մասնակցում էին:

Մի օր դասարանում դասի ժամանակ բարձր ձայնով ասացի.

-Էրեխե՛ք, էսօր ո՞վ ա գալիս` գնանք ֆուտբոլի դաշտ ֆուտբոլ խաղանք…

Պատկերացնո՞ւմ եք, բոլորը համաձայն էին ու եկան մի մարդու պես: Ու խաղալիս էլ անկեղծացան, որ ուզեցել են գան, առաջարկեն, բայց մտածել են, որ ոչ մեկը չի ուզենա կտրվել իր խաղից…

Խնդիրն ունի լուծում:  Առաջ երեխաները իրենք էին կազմակերպում, իսկ հիմա հույսը դնում են ուրիշի վրա: Անհրաժեշտ է կազմակերպել խաղեր, իրազեկել բոլորին դրա մասին, ու խնդիրն իրոք  լուծում կգտնի… Իսկ միգուցե հենց ի՞նքդ անես առաջին քայլը, ի՞նքդ մի բան կազմակերպես:

Կյանքս` պարով, պարս կյանքով է լեցուն

Հարցազրույց Ագարակ համայնքի գյուղապետի տեղակալ, «Տոնացույց» ազգագրական երգի-պարի խմբի անդամ Ռուբեն Կարապետյանի հետ

-Պարոն Կարապետյան, մի փոքր պատմեք ձեր մասին:

-Նախ ասեմ, որ մեր գյուղը հիմնադրվել է 1918 թ.: Գյուղի հիմնադիրները եկել են Վան-Վասպուրականից: Ժողովուրդը Անդրանիկի խմբի անդամների ուղեկցությամբ փախել է Էրգրից եկել-լարել է այստեղի թուրքերին ու հիմնել Ագարակը, բայց գյուղը բազմիցս հիշատակվել է պատմության մեջ: Առավել մասսայական հիշատակումները սկսվել են 5-6 րդ դարերից, երբ Արշակունի արքաները սկսեցին այստեղ հաստատվել ու կառուցեցին ՍԲ Ստեփանոս եկեղեցին:

Իսկ ինչ վերաբերում է ինձ, ես այս գյուղի առաջին սերունդներից եմ: Ծնվել եմ 1942 թվականին, երբ Խորհրդային երկիրը խիստ պատերազմական վիճակում էր: Շատ ծանր տարիներ էին, բայց ժողովուրդը միահամուռ աշխատում էր թիկունքում, որ հաց ու հագուստ հասցներ զինվորին: 1949 թվականին ընդունվել եմ Ագարակի յոթնամյա դպրոցը: Յոթերորդ դասարանն ավարտելուց հետո՝1956 թվականին, ընդունվել եմ Ձորափի միջնակարգ դպրոցը: Սովորել եմ միջին, միջինից մի փոքր ավելի: Տասներորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել եմ շինարարական տեխնիկում: Այնուհետև Աղաջանյանի անվան մեխանիզացիայի տեխնիկում: Երկու տեխնիկում եմ ավարտել՝միջին մասնագիտական կրթություն ստացել, և՛ որպես մեխանիզացիայի, և՛ տնտեսագետ-նորմավորողի մասնագիտությամբ: Ծառայել եմ սովետական բանակում: Եղել եմ տանկիստ: Եկել ու աշխատել եմ Արզնի Շամիրամ ջրանցքի տեխնիկական ապահովման կետում տասնհինգ տարի: Երեսուն տարի աշխատել եմ արհմիության ղեկավար ու հիմա էլ այդպիսի գրանցում ունեմ: Բնակարաններ եմ բաժանել, ավտոմեքենաներ եմ բաժանել… Շատ հետաքրքիր է եղել իմ աշխատանքը: 1997 թվականից աշխատում եմ գյուղապետարանում՝ որպես գյուղապետի տեղակալ:

-Այսքան տարի աշխատում եք գյուղապետարանում. Ինչո՞վ կառանձնացնեք Ագարակը հարևան գյուղերից:

-Տարիներ առաջ Ագարակ և Ոսկեվազ գյուղերի միջև մրցույթ էր: Ագարակը պիտի բնութագրեր Ոսկեվազին, Ոսկեվազը՝ Ագարակին: Մենք ներկայացրեցինք ոսկեվազցիներին որպես աշխատասեր, փառահեղ ժողովուրդ, ելակ աճեցնող, խաղաղասեր… Նրանք մեզ ներկայացրեցին մազապուրծ անհագուստ տկլոր փախած եկած վայրի ժողովուրդ, որ չգիտեն ինչը ինչից է… Խոսքն առողջ դատողության մասին է: Մենք մեր հարևանների հետ միշտ համերաշխ ենք եղել: Չնայած այսպիսի բնութագրին, այսօրվա Ագարակը շեն է ու ծաղկուն, և մենք հպարտ ենք, որ այդ մազապուրծ ու անհագուստ ժողովրդից այսպիսի առողջ ու մտածող սերունդ է ծնվել:

Այսօր Ագարակը հպարտ է իր արժանավոր զավակներով, ովքեր ջանք, եռանդ ու միջոցներ չեն խնայել իրենց ծննդավայրը հնարավորինս բարեկեցիկ դարձնելու համար: Այսօր մենք ունենք գործող եկեղեցի, որտեղ ամեն կիրակի Պատարագ է մատուցվում, ունենք հուշարձան-կոթող, որը հավերժացնում է Եղեռնի, Մեծ Հայրենականի և Արցախում ընկածների հիշատակը: Ունենք խաղահրապարակ, սպորտդահլիճ, կանգառ: Եվ այս ամենն իրականություն է դարձրել Ագարակի պատվավոր համագյուղացի, բարերար Հրաչյա Պողոսյանը: Ագարակն առաջինն էր, որ մեծարեց լեգենդար «Արարատի» ֆուտբոլային թիմի հաղթանակի քառասնամյակը, և հենց Հրաչյայի օգնությամբ էլ գյուղի կենտրոնում վեր խոյացավ քարե հուշակոթողը:

-Մենք գիտենք նաև, որ դուք զբաղվում եք պարարվեստով: 

-Պարել սովորել եմ իմ պապերից, ովքեր գաղթել են: Հարսանիքների ժամանակ փոքր հասակում տեսել եմ ու հետաքրքրվել եմ: Պապիկս է ինձ սովորեցրել պարել, քանի որ այն ժամանակ պարի խմբեր չկային: Պարի խմբեր սկսել են գործել 1956-1957 թթ.: Ագարակը պարի խումբ ուներ, մենք պարում էինք, իսկ 1961 թվականին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Ազգային Ակադեմիական թատրոնում մեր պարի խմբով ելույթ ունեցանք: Փառատոնի ընթացքում հաղթող ճանաչվեց մեր գյուղը: Ընդհանուր առմամբ, պարում էինք ազգային պարեր՝ քոչարի, լուրկե, քերծի, զինվորական պարեր, ասքյարի, մայրոկե, մայրոնե… Հետագայում, բոլորովին վերջերս, ստեղծվեց ազգագրական «Տոնացույց» խումբը Հասմիկ Բաղրամյանի ղեկավարությամբ, ընդգրկվեցինք այդ խմբի մեջ: Ոչ ոք ինձ չի ասել էս ոտքը այստեղ դիր… Ես ինչպես սովորել եմ իմ պապերի, պարում եմ այդպես: Իսկ «Տոնացույցի» երեխաներին ես եմ սովորեցրել, թե որ ոտքը ինչպես պիտի դնեն: Հիմա նրանք պարում են իմ գլխավորությամբ:

-Ինչո՞ւ որոշեցիք պարել: 

-Նախ պարը արվեստ է, երիտասարդ և առողջ է պահում մարդուն: Պարելիս հոգին ամուր է լինում, մարդն իրեն համարձակ ու զգաստ է զգում: Հետո ես որոշել եմ պարել, քանի որ այդ կերպ կարող եմ սերունդներին փոխանցել իմ պապերի ու ժողովրդի էությունն ու ազգային առանձնահատկությունը: Իմ կողմից սխալ քայլ կլիներ չպարելը, քանի որ մեր պապերը փախել-եկել են, որ փրկեն հայ մշակույթը, իսկ ես, որ հայ եմ, ոչ մի քայլ չձեռնարկե՞մ հայի էության պահպանման ու հաջորդ սերունդներին փոխանցելու համար: Գյուղի մշակույթի տանը բացարձակ անվճար դասընթացներ եմ կազմակերպել երեխաների համար, եկել են, սովորել են… Հիմա, ինչպես ասացի, «Տոնացույցում» եմ պարում ու սովորեցնում երեխաներին:

-Իսկ հե՞շտ է երեխաների հետ աշխատանքը:

-Երեխաների հետ աշխատանքը իհարկե դժվար է, բայց ինչքան էլ դժվար լինի, շատ հաճելի է: Ամեն մի երեխա մի մոլորակ է. շփվելով նրա հետ, դու բացահայտում ես իր էության մեջ մի այնպիսի որակ, որ քեզ կզարմացնի, ու հաստատ կցանկանաս, որ դու էլ այդպիսին լինես: Երեխաներն օժտված են առողջ դատողությամբ: Ես դա եմ սովորում երեխաներից:

-Ինչպիսի՞ն պիտի լինի հայը, որ աշխարհին օրինակ ծառայի:

-Ոչ թե պիտի լինի, այլ կա: Մենք օրինակ ենք ծառայում ցանկացած ժողովրդի: Ես շրջել եմ ողջ Եվրոպայով: Եղել եմ Իտալիայում, Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում, Չեխիայում… Ամեն տեղ հայ կա, ու այդ հայն ինչ որ բանով տարբերվում է մյուսներից: Ես Ղազախստանում եմ եղել 70-ականներին: Այնտեղ շինբրիգադի վարպետ կար, հայ էր: Ամբողջ շրջանը իր անունով էր երդվում: Մենք պիտի լինենք ուշադիր, ունենանք առողջ դատողություն և խոնարհ լինենք:

-Ասացիք, որ շրջել եք Եվրոպայով: Պարե՞լ եք այնտեղ: Ինչպե՞ս են ընդունել եվրոպացիները հայ մշակույթը:

-Պարել եմ Ռուսաստանում, Լատվիայում, Իտալիայում… Իտալիան մեր պարն ընդունեց հաճույքով: Հաճույքով ասելը քիչ է, ընդունեց մեծ սիրով, զարմանքով, որ մեր մեջ կա այսպիսի ձգտում, շարժ: 2013թ. Պարի մրցույթի ժամանակ հայկական պարը հաղթեց եվրոպականին, ու դիպլոմը շահեցինք մենք: Մրցույթի ժամանակ նաև ազգային ճաշատեսակներ էին պատրաստում: Մենք ձեռնամուխ եղանք տոլմա պատրաստելու գործին: Մենք տոլմա փաթաթեցինք ու մրցանակ շահեցինք: Բոլոր ժողովուրդներն էլ զարմանքով են ընդունել հայկական պարը:

-Ինչպիսի՞ն պիտի լինի մարդը: 

-Համար առաջին պայմանը ազնվությունն է՝ անկախ ամեն ինչից:

-Ի՞նչ տարբերություն եք տեսնում նոր և ավագ սերնդի միջև: 

-Սերուդը փոխվել է՝ լավ ուղղությամբ: Նոր սերունդն ավելի զարգացած է, գրագետ, բանիմաց: Նոր սերունդը գիտի` երբ ամուսնանա, ում հետ: Մեր ժամանակ հայրն ուզում էր, որ աղջիկը էս մարդու հետ ամուսնանա: «Մամ, դու ուզում ես, պապ, դու ուզում ես, ուրեմն ես էլ եմ ուզում»: Գտնում եմ, որ ժամանակակից սերունդն ավելի զարգացած է:

-Ի՞նչ ունենք սովորելու աշխարհից:

-Իտալիայի Նորմա քաղաքում մենք դուրս էինք եկել հեծանիվ քշելու: Մի տասնչորսամյա աղջիկ մեր հետևից էր գալիս հեծանիվով: Գալիս է հեծանիվով, կանգնում է, իջնում, ասֆալտի վրայից մի բան է վերցնում, գցում աղբամանը: Իջնում էր, մի ապակու կտոր վերցնում, գցում աղբամանը: Ես կցանկանամ, որ իմ երկրում էլ այդպես լինի, որ երեխաները մտածեն, որ եթե այս բանը իրեն չի վնասում, ուրիշ մեկին կարող է վնաս տալ: Մենք աշխարհից մաքրասիրություն ունենք սովորելու:

-Ի՞նչ հետաքրքիր դեպքով կկիսվեք:

-Ես եղել եմ Հնդկաստանում: Սուրճ եփելու սարք՝ էլեկտրական սրճեփ էինք տարել վաճառելու: Բոմբեյ (այժմ` Մումբայի) քաղաքում մի դարբնոց մտանք: Մտել ենք այնտեղ: Հնդիկ դարբինները շատ էին սուրճ խմում: Հիմա նրանց բացատրում ենք, որ ջուրը լցնում ես մեջը, եռում է, սուրճ ես ավելացնում, խառնում, սուրճը պատրաստ է: Նայում են բոլորը զարմացած. էս ի՞նչ է: Հնդկաստանում, Բոմբեյի պես վայրում է՞լ մարդ չիմանա` ինչ է էլեկտրական սրճեփը: Ըստ երևույթին, Անգլիան նրանց հետամնաց է պահել: 2-րդ համաշխարհային պատերազմից հետո, երբ Ագարակում գերիներ կային, նրանք ձեռքով, մուրճով քարերը կոտրում էին, որ ասֆալտ պատրաստեին: Դրանից մի քանի տարի հետո մեր մոտ ասֆալտի գործարան բացվեց: Իսկ 2002 թվականին, երբ ես Հնդկաստան գնացի, այնտեղ դեռ մուրճով էին ասֆալտ պատրաստում: Ինձ զարմացրել է, հաճելի է թվացել նաև այս:

Չեխոսլովակիայի գյուղերում, ամեն տուն ուներ իր ծաղկանոցը, ու այդ ծաղկանոցը միայն կանայք էին մշակում: Ինձ սա ևս շատ հետաքրքիր թվաց:

-Ի՞նչ կմաղթեք:

-Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն: Միայն խաղաղության ժամանակ մենք կարող ենք լավ պետություն ու ժողովուրդ ունենալ: Առողջություն մեր հայերին ու բոլորին…

 

Հարցազրույցը վարեցին` Դիանա Հովսեփյանը, Սարգիս Մելքոնյանը, Լենա Խաչատրյանը, Անահիտ Նազարյանը, Տաթև Հակոբյանը

Sargis մելքօնյան

Հին կյանքի նոր պատմությունը…

Հարցազրույց տատիկիս՝ Լենա Մելքոնյանի հետ

-Տատիկ ջան, խնդրում եմ պատմիր քո մանկության մասին:

-Ես ծնվել եմ Արագածոտնի մարզի (էն ժամանակ` Աշտարակի շրջան էր կոչվում) Օրգով գյուղում: Լեռնային գյուղ է՝ Բյուրականից հյուսիս- արևմուտք, Աղձքից հյուսիս: Ես էլ քո պես երեխա եմ եղել: Իմ մանկությունը անցել է պատերազմական շրջանում: Այն ժամանակ Սովետական Միության վրա հարձակվել էր ֆաշիստական Գերմանիան: Մեր ծնողները լացում էին: Մենք չէինք հասկանում, թե ինչի էին լացում: Դե փոքր էինք, շատ էինք փոքր: Նայում էինք իրանց, մենք էլ էինք լացում: Իսկ երբ արդեն պատերազմը վերջացավ, բոլորս իսկապես ուրախ էինք ու աշխատում էինք կոլտնտեսությունում:  Յոթ-ութ տարեկանից սկսել եմ աշխատել: Իմ հասակակիցները, բոլորը աշխատում էին: Օգնում էինք կոլտնտեսությանը: Ոչ թե ծանր աշխատանք էինք անում, այլ օգնում էինք մեծերին: Մենք կոլխոզի աշխատանքից բացի հարկ էինք մուծում: Ձու պիտի տայինք պետությանը, յուղ, ցորեն, ամեն ինչ, որ մեր պետությունը բարգավաճեր:  Մենք չունենալով կոշիկ, գուլպա էինք գործում ու տալիս որբ մանուկներին: Մենք ուրախ էինք անում այդ ամենը: Կար մեծ մարդասիրություն:

-Որտեղի՞ց էին քո ծնողները, ինչպե՞ս էիք ապրում:

-Մայրիկս Արևմտյան Հայաստանի Մշո գավառից է՝  Արտամերտ գյուղից: Էնտեղ լավ խնձոր է աճել: Հայրս Վասպուրականից է՝  Մոկսից: Նրանք հանդիպել են Արևելյան Հայաստանում գաղթելուց հետո,  1924  թվականին ու ամուսնացել են: Ծնվել ենք 7 երեխա: Բոլորս աշխատել ենք, սովորել ենք: Մեր գյուղի դպրոցը յոթնամյա էր: Էն ժամանակ չկար լուսավորություն, մոմի լույսի տակ էինք սովորում: Երբեմն նավթով լամպ էինք վառում: Լամպի լույսի տակ մեր ծնողներն ամեն ինչ անում էին, մենք էլ սովորելով նրանցից, ամեն ինչի ընդունակ դարձանք: Բոլորս աշխատում էինք, որ մեր պետությունը վերականգնվեր: Երիտասարդները մեկնել էին ռազմաճակատ, օգնում էինք նրանց ծնողներին, փորձում էինք վիճակը մեղմել:

-Իսկ ի՞նչ խաղեր էիք խաղում…

-Մենք խաղալու ժամանակ չունեինք, գնում էինք երեխեքով կոլտնտեսություն: Էն ժամանակ կամով էին ցորենը մանրացնում: Մենք օգնում էինք ցորենը լցնել պարկերի մեջ: Կոլխոզում մի մեծ կալ կար. երկու տարբեր բրիգադներ մրցույթ էինք անում, թե ով շուտ կավլի, կմաքրի հատակը: Օգնում էինք դաշտից ոլոռը, սիսեռը, լոբին բերողներին:

-Ի՞նչ արտառոց դեպք է եղել քո կյանքում…

-Արտառոց դեպքեր իմ կյանքում շատ են եղել: Մի անգամ, երբ երեխաներով դաշտ էինք դուրս եկել մեր ծնողներին օգնելու, մի ցնցում եղավ: Մենք չէինք հասկանում, թե ինչ բան էր երկրաշարժը: (Մեր ճանապարհներն անանցանելի էին: Գյուղացի կանայք ու տղամարդիկ էին հարթեցնում հողը, որ սայլերով դաշտից ռայոն մի բան տանեին կամ բերեին):  Մենք շատ զարմացանք ու շատ վախեցանք երկրաշարժի ժամանակ, մանավանդ որ մեծ-մեծ մեքենաներ եկան մեր գյուղ: Բերեցին զինվորական վրաններ ու խփեցին հողամասերում, որ գիշերեինք այդտեղ: Երկու- երեք օր վրանի տակ անցկացրինք, որ հետցնցումներից ոչ ոք չտուժի:

-Ի՞նչ արեցիր յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո…

-Յոթնամյա դպրոցն ավարտելուց հետո ավագ դպրոցի համար վարձ էինք մուծում՝ 150 ռուբլի՝ 75 ռուբլի առաջին կիսամյակում, 75 ռուբլի՝ երկրորդում: Ութերորդ, իններորդ, տասներորդ դասարանները սովորել եմ Բյուրականում: Տեղերից, Օրգովից, Անտառուտից (չորս- հինգ հոգի), մասամբ Ագարակից  ( Օշականում էլ ավագ դպրոց կար, ավագը ո՞րն ա, բարձր դասարանները, էլի: Հա, կեսը  այնտեղ էին գնում, կեսը՝ Բյուրական: Աղձքից, Բյուրականից ձորերի միջով ոտաբոբիկ գնում էինք, որ կրթություն ստանայինք: Բավականին աշակերտներ կային: Ութերորդ դասարանը «ա, բ, գ, դ» ուներ, երեսուն հոգի ամեն դասարանում: Սովորեցինք, ավարտեցինք տասներորդ դասարանը և մեզանից շատ քչերը կարողացան բարձրագույն կրթություն ստանալ: Ես գնացել եմ, բայց թերի մնաց, ես չկարողացա շարունակել, որովհետև մայրիկս վնասվել էր պատահարից՝ քաղաքում ավտովթարից գլխուղեղի ցնցում էր ստացել: Ես մնացի մայրիկիս խնամելու: Երեք օր եմ գնացել ինստիտուտ…

-Ինչպե՞ս եղավ որ ամուսնացար…

-Շատ դժվար ա ինձ համար էդ մասին պատմելը, որովհետև ես, լինելով միջին խավից, ամուսնացել եմ ծայրահեղ աղքատ ընտանիքի տղայի հետ: Ու փառք Աստծո, կարողացել ենք իրար թև ու թիկունք լինել ու դարձել ենք գյուղի միջինից բարձր խավի ընտանիք: Ունեցել ենք  5 երեխա՝ 4 աղջիկ, 1 տղա: Ես չեմ հասել իմ նպատակին, չեմ ստացել բարձրագույն կրթություն, բայց Աստծու հաջողությամբ, իմ մուրազը կատարեցին  իմ երեխաները՝ ստացան բարձրագույն կրթություն: Մեծ աղջիկս՝ Սուսաննան, սովորեց համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Արմենս՝ իրավագիտական, Ռուզաննաս՝ լուսահոգի՝ բժշկական… Իմ թոռնիկներն էլ հիմա բարձրագույն կրթություն են ստանում պետպատվերի համակարգում՝ Մարիաս, Նելլիս, Ջուլիետաս… Ինձ հետ ապրող թոռներս գերազանցիկ են, ու ես հպարտ եմ դրանով:

-Ի՞նչ կմաղթես բոլորին:

-Ցանկանում եմ, որ ամեն մարդ արժանի  լինի «մարդ» կոչմանը: Խաղաղություն եմ մաղթում մեր ժողովրդին ու մեծ ուժ, կորով ու առողջություն դիրքերի տղերքին…

Հարցազրույցը վարեց` Սարգիս Մելքոնյանը