Շուշաննա Հակոբյանի բոլոր հրապարակումները

shushanhakobyan

Իմ սիրելի գրողը

Էդգար Կոստանդյանը ժամանակակից հայ գրող է, ով իր յուրահատուկ գրելաոճով կարողացել է իր շուրջը հավաքել բավականին մեծ լսարան: Իր գրվածքներում մշտապես ներկայացնում ու բարձրացնում է ժամանակի տարբեր ու բազմաբնույթ խնդիրներ:

«… Նրան սահմանին չէին կրակել՝ հայրենիքը պաշտպանելու ժամանակ, սեփական հրամանատարն էր ծեծելով անդամահատել Գուգոյին: Անդոն նրան տեղափոխեց Գերմանիա՝ բուժվելու, բայց ոչինչ դուրս չեկավ… Գուգոն ամբողջ կյանքում պիտի գամված մնար էդ գրողի տարած սայլակին»։

Գրել է պատմվածքներ, վեպեր, վերջերս լույս տեսավ նրա հերթական գիրքը՝ «Միլոշը»: Գրվածքներից առավել հայտնի ու կարդացված են «Որբանոցը», «Կուկու»-ն, «Ձմռան վերջին օրը», ինչպես նաև «Դիետա» պատմվածքը, որը թեպետ գրվել է տարիներ առաջ, բայց այսօր էլ արդիական է։

«Սամոն խրոնիկ ցուցարար է: Նրա համար միևնույն է՝ ինչի մասին է բռունցքը վերև պարզում, կարևորը՝ ժամանակին տեղում լինի: Որտեղ միտինգ՝ էնտեղ Սամոն կա»:

Էդգար Կոստանդյանը ոգևորել ու ոգեշնչման աղբյուր է դարձել շատ պատանիների ու երիտասարդների համար: Իր հարցազրույցներից մեկում նշել է, որ դպրոցում ամենացածր գնահատականները ունեցել է հենց գրականություն առարկայից, թեպետ դեռ փոքր տարիքից ծանոթ է եղել այնպիսի հանճարների, ինչպիսին է, օրինակ, Մարկեսը:

«…Հիմա նստած էս վեպն եմ խզբզում, հետո ջնջում եմ էն, ինչ ջնջելիք է ու միայն իմ կարդալունը»։

Լավ, վերջացնեմ փոքրիկ նյութս սիրելի գրողի մասին, իսկ նրան նվիրված հաջորդ նյութս կլինի «Միլոշը» գնելուց, կարդալ-վերջացնելուց հետո:

shushannaHakobyan

Ժամ սպանողները

10:49 է: Էն պահը, որ դեռ դասը չի սկսվել, բայց ուսուցիչը գոռալով մտնում է դասարան ու ասում, իբր մեր ձայնը աշխարհ է կապած: Բա ոնց չասեմ՝ այ ցավդ տանեմ, դասամիջոց ա, գնա, քո դասին կգաս… Ու էդպես հարամվեց դասամիջոցս: Լավ, ինչևէ, անցանք առաջ:

Ես չեմ հասկանում, թե ինչի համար է պետք իմանալ, որ Ջոնաթանը գնում է Լատինական թաղամաս, որ էդ անտեր թաղամասը 1789 թվականին հաստատվել է էդ անունով, բայց հիմա՝ չէ… Ու գիտե՞ք՝ ամենավատը որն է, էն, որ մենակ ես եմ կարդում, թարգմանում, բայց դե հասցնում եմ գրել էլ։ Դե, հա, ես ունիվերսալ եմ:

Վա՜յ, հերթը հասավ Շուշանին: Է՜, չի կարողանում թարգմանել: Լավ, ես գնամ օգնության: Bye…

Կիրակոսյան Քրիստինե

11:09։ Ֆրանսերեն:

Հոգնած եմ, գիշերը լավ չեմ քնել: Մտածում եմ ՝ կարո՞ղ է հարմարացնեմ ու մի քիչ աչք կպցնեմ: Բայց չէ, ո՞նց կլինի: Միշտ մի բան պետք է խանգարի, չէ՞: Էս անգամ էլ խանգարողը մեր դասարանի Գևորգի ձայնն էր։ Բա հիմա չգնա՞մ ձայնալարերը կտրեմ:

Ու էդպես մի քանի րոպե անջատված նստած եմ, մեկ էլ․

-Chouchanna, lit le texte et traduis (կարդա տեքստը և թարգմանիր)։

Պահո՜, էս էր պակաս: Լավ, էլի՜, ընկեր Մակարյան ջան, թողեք քնեմ: Բայց էս ամենը՝ մտքի մեջ, որովհետև ուսուցիչների հետ էդպես չեն խոսում, չէ՞:

Կարդում եմ դասը, բայց բան չեմ հասկանում, ո՞նց թարգմանեմ: Լավ ա՝ Քրիստն էլ կողքս ա, թե չէ ընկեր Մակարյանը երևի չէր հասկանա, որ գիշերը Բիլի Միլիգանի մասին մտածելով՝ չեմ քնել, ու հիմա, մեղմ ասած, ուշքս վրես չի:

Հ.Գ. Բայց իրականում ամեն օր չի, որ էս վիճակն է մեր դասարանում: Ուղղակի մեկ-մեկ ամեն ինչը դառնում է չափից դուրս ձանձրալի, ու ասեմ, որ էս վերջերս դպրոցում էդ շատ հաճախ է պատահում: Համամիտ չե՞ք:

shushannaHakobyan

Ամեն դեպքում՝ անծանոթներ

Երկար ժամանակ է՝ չէր երևացել մեր շենքերում: Լավ է, որ եկավ: Էնպես չի, որ շատ էի ուզում նրան տեսնել, բայց, համենայնդեպս, նրա բացակայությունը նկատելի էր դարձել:

Նույն թափթփված մազերը, նույն փայլող աչքերը, նույն քայլվածքը… Միայն մի բան է փոխվել՝ ժպիտը։ Առաջ հազվադեպ էի նրան ժպտալիս «բռնացնում», իսկ հիմա երջանիկ է երևում: Տեսնես՝ ո՞ւր էր այսքան ժամանակ, կամ ինչո՞ւ է այսքան ուրախ: Լավ, է՜, դա իմ գործը չէ։ Նույնիսկ նրա անունը չգիտեմ, ուր մնաց թե մոտենամ ու խոսեմ հետը…

Նրա մասին գրեթե մոռացած քայլում եմ ու այգու առաջին պատահած ազատ նստարանին տեղավորվում: Նայում եմ դիմացս նստած հավանաբար իմ տարիքի աղջկան: Մի պահ աչքս գցում եմ նրա վրա. դեմքի հոգնած ու դատարկ արտահայտություն, կիսափակ ու ոչինչ չասող աչքեր:

Փորձում եմ դեմքիս ժպիտ խաղացնել, որ իմ աչքերն էլ նրա աչքերին չնմանվեն: Չի ստացվում:

Ուզում եմ վեր կենալ, գնալ, հարցնել, թե ինչն է նրան խանգարում ուղղակի ժպտալ, բայց մենք անծանոթներ ենք, չէ՞: Ես ինչ գործ ունեմ. իր կյանքն է, ինչ ուզում է՝ թող անի։

Վեր եմ կենում ու անշտապ քայլերով գնում տուն: Տուն գնալիս ես ու ականջակալներս հիանալի զույգ ենք: Ականջակալներումս մի աղջիկ անընդհատ հարցնում է. «What’s keeping me up at night?»։ Մտածում եմ, մտքումս ինքս ինձ պատասխանում. «Էն մարդիկ, որ միշտ հանդիպում են ճանապարհիս, բայց մեկ է՝ մնում են ուղղակի կողքովս քայլող ու անցնողներ: Էն մտքերը, որ էդ մարդիկ թողնում են իրենց անցնել-գնալուց հետո: Էն ձայները, որոնց տերերին այդպես էլ չտեսա…»։

Ինչ եմ, է՜, մտածում, 21-րդ դարն է շուրջը։ Ամեն մեկը իր գործին, յուրաքանչյուրն իր կյանքով։